Ձեռքբերումներ և կորուստներ. հայկական ակումբների տրանսֆերային նորությունները

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հոբելյանական՝  25-րդ առաջնության մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Առաջնության մասնակից 6 թիմերը շարունակում են նախապատրաստվել մրցաշարին, որն այս անգամ անցկացվելու է 6 շրջանով: Ավանդույթի համաձայն «Վիվառո Նյուզն» անդրադառնում է թիմերի նախապատրաստական աշխատանքների ընթացքին՝  ներկայացնելով նաև տրանսֆերային նորությունները:

«Ալաշկերտ»

Հայաստանի չեմպիոնը տրանսֆերային շուկայում առաջնության մասնակից թիմերից ամենաակտիվն է: Եվ դա բնական է, քանի որ թիմը մասնակցում է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Առաջնության ավարտից հետո «Ալաշկերտից» հեռացան Սեկու Մամադու Ֆոֆանան, Արամ Լոռեցյանը և Հեբեր Արաուխոն: Վերջինիս բացակայությունը մեծ կորուստ էր «Ալաշկերտի» համար, ինչը զգացվեց Չեմպիոնների լիգայի մրցախաղերում:

Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ «Ալաշկերտը» բավական լավ համալրում ստացավ հանձինս Արտակ Դաշյանի, Ալեքսանդր Տասիչի, Դմիտրի Խովբոշայի և Անտոն Սավինի: Նախապատրաստվելով մրցաշարին, ալաշկերտցիները ստուգողական 2 հանդիպում անցկացրին «Շիրակի» (2:2) և «Փյունիկի» (2:1) հետ:

Հաջողությամբ հաղթահարելով Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» արգելքը, «Ալաշկերտը» Թբիլիսիի «Դինամոյի» հետ կայանալիք հանդիպումից առաջ Չեմպիոնների լիգայի մրցաշարում հայտավորեց ևս 3 նոր ֆուտբոլիստների՝ դարպասապահ Արսեն Բեգլարյանին, կիսապաշտպաններ Իրակլի Կվեկվեսկիրիին ու Սամվել Մելքոնյանին: Վերջինս դինամոյականների հետ մրցավեճում նորամուտը նշեց «Ալաշկերտում»: Ակումբը պայմանագիր կնքեց նաև ուկրաինացի Մարատ Դաուդովի հետ, ով ժամանակին հանդես է եկել «Գանձասար Կապանում»:

Վերջին օրերին «Ալաշկերտը» երկկողմ համաձայնությամբ խզեց պայմանագրերը Միհրան Մանասյանի, Գագիկ Պողոսյանի և Արթուր Ավագյանի հետ: Մանասյանն իր ելույթները կշարունակի Արաբական Միացյալ Էմիրությունների թիմերից մեկում: Նա արդեն մեկնել է Հայաստանից: Փաստորեն ՀՀ չեմպիոնը զրկվեց առաջնության երկու լավագույն ռմբարկուներից: Ներկայումս թիմի առջևի գծում հարձակողական նոր երկյակ է ձևավորվում հանձինս Նորայր Գյոզալյանի և Արտակ Դաշյանի: Աբրահամ Խաշմանյանի կարծիքով թիմի հարձակողական ներուժը պետք է հզորացնի նաև փորձառու Սամվել Մելքոնյանը, երբ լավ մարզավիճակում կգտնվի:

arsen-beglaryan-alashkert

1 2 3 4 5 6 7
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ