«Դինամո» Թբիլիսի. Ամեն ինչ «Ալաշկերտի» առաջիկա մրցակցի մասին

Պատմություն

Թբիլիսիի «Դինամոն» Անդրկովկասի առաջին թիմն է, որ մասնակցել է որևէ եվրոգավաթի խմբային փուլին: Ուղիղ 10 տարի առաջ՝ 2004-05 մրցաշրջանում թբիլիսյան ակումբն առաջին և առայժմ միակ անգամ հանդես եկավ ՈՒԵՖԱ-ի գավաթի խմբային փուլում: Այստեղ թիմը պարտվեց իր բոլոր չորս խաղերում: Հաջորդող տարիներին մասնակցությունը եվրոգավաթներին մնաց թիմի գլխավոր նպատակներից մեկը, քանի որ «Դինամոյի» երկրպագուները տարիներ առաջ համտեսել են եվրոպական մեծ հաղթանակ, և ցանկանում են կրկին վերապրել նույն զգացողությունները:

Վրաստանում ամեն տարի մայիսի 13-ին հեռուստատեսությամբ ցուցադրում են Գավաթակիրների գավաթի 1981թ. խաղարկության եզրափակիչը: Այդ խաղում Թբիլիսիի «Դինամոն» հաղթեց գերմանական «Կառլ Ցեյսին» և Գավաթակիրների գավաթը բերեց Թբիլիսի: «Դինամոն» ընդամենը երկրորդ ակումբն էր Կիևի «Դինամոյից» հետո, որ կարողացավ նվաճել այս գավաթը ԽՍՀՄ համար: Թիմը նաև երկու անգամ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում և հանդիսանում է ռեկորդակիր նվաճած բրոնզե մեդալների թվով:

Թերևս, հենց այս հարուստ պատմությունն էր, որ թույլ չտվեց կորցնել թիմի «Դինամո» անվանումը:  Անկախացումից հետո «Դինամոն» վերանվանեցին «Իբերիա», սակայն որոշ ժամանակ անց կրկին վերադարձրեցին նույն անունը: Ակումբը 1991-99թթ. Անընդմեջ նվաճեց Վրաստանի չեմպիոնի տիտղոսը, դրան գումարելով ևս 5 չեմպիոնական տիտղոս 21-րդ դարում:

Ելույթները եվրոգավաթներում

Ինչպես նշեցինք, 2004/05թթ. «Դինամոն» մասնակցել է ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը: Հաջորդող տարիներին ակումբի ելույթներն ավելի համեստ էին: 2011/12 մրցաշրջանում ակումբը կրկին շատ մոտ էր Եվրոպա լիգայում հայտնվելուն, սակայն փլեյ-օֆֆում երկու խաղի արդյունքում զիջեց հունական ԱԵԿ-ին (1-1, 1-0): 2013/14 մրցաշրջանում էլ ակումբը, սկսելով Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլից, հաղթահարել է Ֆարերյան կղզիները ներկայացնող «Ստրեյմուրի» արգելքը, սակայն որակավորման երրորդ փուլում զիջել է ռումինական «Ստեաուային»` ոչ-ոքի խաղալով տանը 1-1 հաշվով և պարտվելով Բուխարեստում 0-2 հաշվով: Եվրոպա լիգայի խաղարկությանը հասնելու համար մնում էր միայն մեկ փուլ, սակայն մրցակիցն անչափ ահեղ էր` անգլիական «Տոտենհեմը», որը երկու խաղում 8 անպատասխան գնդակ է ուղարկել թբիլիսցիների դարպասը: 2014/15 և 2015/16 մրցաշրջաններում «Դինամոն» եվրոգավաթներում պայքարը լքել է իր մասնակցած հենց առաջին փուլերից` համապատասխանաբար զիջելով «Ակտոբեին» Չեմպիոնների լիգայում և «Գաբալային» Եվրոպա լիգայում:

Առաջնություն

Վրաստանի ավարտված առաջնությունում «Դինամոն» 30 խաղից վաստակած 76 միավորով դեռ ապրիլին արդեն ապահովել էր առաջին տեղը` մոտակա հետապնդող «Սամտրեդիային» գերազանցելով 13 միավորով: «Դինամոն» ընդամենը 4 պարտություն է կրել, սակայն, ուրախ լուր հայ երկրպագուների համար, չեմպիոնը երկու անգամ պարտվել է «Դիլային», որին օրեր Գյումրիի «Շիրակը» դուրս թողեց Եվրոպա լիգայում հետագա պայքարից: Հետաքրքիր է նաև, որ «Դինամոն» միայն մեկ անգամ է ոչ-ոքի խաղացել: Ընդհանուր առմամբ մայրաքաղաքային թիմը 74 գնդակ է խփել` ամենաշատը Վրաստանի առաջնությունում, իսկ ընդունել է 29` գրանցելով +45 գոլերի տարբերություն:

Մարզադաշտ

«Դինամոն» իր ելույթներն անցկացնում է «Դինամո Արենա» մարզադաշտում, որն այժմ կրում է վրացի նախկին ֆուտբոլիստ Բորիս Պայչաձեի անունը: Մարզադաշտը կառուցվել է հեռավոր 1936-ին, մի քանի անգամ վերակառուցվել: 2006թ. կատարված վերանորոգումից հետո մարզադաշտն ունակ է տեղավորելու 55000 հանդիսական:dinamaa

Ժամանակին այս մարզադաշտում հանդիպումներ է անցկացրել նույնիսկ ԽՍՀՄ հավաքականը, իսկ անկախացումից հետո մարզադաշտը հաճախակի ընդդունում է Վրաստանի հավաքականի խաղերը: Իհարկե, այստեղ տեղի ունեցած ամենամեծ ֆուտբոլային իրադարձությունը նախորդ տարվա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն էր` «Բարսելոնայի» և «Սևիլիայի» միջև, որին, վստահաբար, ներկա են գտնվել նաև մեր ընթերցողներից շատերը:

Կազմը

Թբիլիսիի «Դինամոն» համալրված է ինչպես վրացի, այնպես էլ օտարազգի ֆուտբոլիստներով։ Այնուամենայնիվ, թիմի կորիզը կազմում են տեղացի խաղացողները։

Դարպասապահի դիրքում թիմն ունի երկու հսկաներ, որոնք կարող են դաշտ դուրս գալ։ Նախորդ մրցաշրջանի հիմնական դարպասապահ սլովակ Լիբոր Հրդլիչկային (1.91 մ) միացել է «Մոնպելյեի» ու «Այաչոյի» նախկին ֆուտբոլիստ, ֆրանսիացի Անտոնի Սկրիբեն։

Պաշտպանությունում հիմնականում խաղում են վրացի ֆուտբոլիստներ։ Նախորդ մրցաշրջանում առավել շատ հանդիպումներ են անցկացրել Գիորգի Գվելեսիանին, Օտար Կակաբաձեն, Զազա Տչելիձեն ու բրազիլացի Ռենեն։

Կիսապաշտանությունում խաղում են Լաշա Պարունաշվիլին ու Ջամբուլ Ջիղաուրին, ովքեր նախորդ մրցաշրջանում ամենից շատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստներն են թիմի կազմում։ Բացի այդ, մշտական խաղաժամանակ են ստանում նաև Օտար Կիտեիշվիլին ու Վախթանգ Տչանտուրիշվիլին։ Թիմի միակ լեգիոնական կիսապաշտպանը Միկել Ալվարոն է Իսպանիայից, սակայն նա թիմի մեկնարկային կազմում հազվադեպ է դաշտ դուրս գալիս։

Հարձակման հիմնական զենքը Գիորգի Կվիլիտայան է։ Հսկա այս հարձակվողը 1.91 սմ հասակ ունի ու նախորդ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուն էր խփած 24 գոլով։ Ի հակադրումն երիտասարդ Գիորգիի, թիմում խաղում է նաև 38-ամյա Ալեքսանդրե Իաշվիլին, ում հասակն ընդամենը 175 սմ է։ Ընդհանուր առմամբ, «Դինամոյի» կազմի ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 7.65 միլիոն եվրո, իսկ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Կվիլիտայան է (600.000 եվրո)։ Համեմատության համար նշենք, որ «Ալաշկերտի» ընդհանուր արժեքը կազմում է 4.75 միլիոն եվրո, իսկ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Արթուր Եդիգարյանն է 400.000 եվրո տրանսֆերային արժեքով։

Մարզիչ

«Դինամոն» բավականին քմահաճ ակումբ է մարզիչներ նշանակելու հարցում: 2011-15 թվականներին ակումբում աշխատել են 10 գլխավոր մարզիչներ, սկսած վրացի մասնագետներից մինչև «Բարսելոնայի» ակադեմիայի մարզիչներ և Չեխիայի հավաքականի նախկին մարզիչ Միխալ Բիլեկը: 2016 թվականից թիմը գլխավորում է սլովակ մասնագետ Յուրայ Յարաչեկը: Վերջինս հարուստ մարզչական անցյալ չունի, մարզչական կարիերան սկսել է 2008թ., 2009-13թթ. կարողացել է Սլովակիայի «Զլատե» թիմին կարողացել է բարձրացնել երկրի գլխավոր առաջնություն ու պահել այնտեղ մի քանի մրցաշրջան, ապա մարզել է Տրնավայի «Սպարտակը»:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ