Դավիթ Հակոբյան. «Անհամբեր սպասում էի հավաքականի հրավերին. ուրախ եմ, որ ստացա այն»

Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլիստ Դավիթ Հակոբյանը հայտնվել է այն ֆուտբոլիստների թվում, որոնց Վարուժան Սուքիասյանը հրավիրել է ազգային հավաքական՝ Բելառուսի հետ ընկերական խաղին մասնակցելու համար։ Ռուսաստանի հետ երկու տարի առաջ կայացած ընկերական խաղից հետո սա առաջին անգամն է, ինչ ֆուտբոլիստը հրավիրվել է հավաքական։ Այդ կապակցությամբ Vivaro News-ը հարցազրույց է ունեցել «Շիրակի» ֆուտբոլիստի հետ։

— Նախ և առաջ շնորհավորում ենք Հայաստանի հավաքական հրավիրվելու կապակցությամբ։ Առաջին անգամ եք հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական Ռուսաստանի հետ ընկերական խաղից հետո։ Ինչպիսի՞ զգացումներ ունեք։
— Շնորհակալ եմ, երկու տարի առաջ էլ էի հրավիրվել, ու հիմա էլ շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ հայտացուցակում, և ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ սպասելիքները։

— Մարզչի փոփոխությունից հետո Վարուժան Սուքիասյանը նշեց, որ «Շիրակից» հավաքականի թեկնածուներ կան։ Սպասու՞մ էիք, որ հենց Դուք կլինեք այն թեկնածուն, ով ի վերջո կհրավիրվի հավաքական։
— Ճիշտն ասած սպասում էի, որ կսստանամ ազգային հավաքականի հրավերը։ Շատ ուրախ եմ, որ սպասելիքներս արդարացան, ու մարզիչը որոշեց հրավիրել ինձ։

— Ի՞նչ կարող է տալ Դավիթ Հակոբյան ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականին, ու ի՞նչ կտա ազգային հավաքականը Դավիթ Հակոբյանին։
— Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ օգուտ տամ ազգային հավաքականին։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կտա ինձ հավաքականը, կարծում եմ, որ ամենից առաջ նոր դռներ կբացվեն իմ առաջ։

— «Շիրակի» կազմում խաղացել եք տարբեր դիրքերում՝ թե՛ եզրերում, թե՛ ենթահարձակվողի դիրքում։ Ո՞րն է Ձեր համար իդեալական դիրքը, որում և կուզեիք խաղալ հավաքականի կազմում։
— Ես ավելի շատ սիրում եմ խաղալ ենթահարձակվողի դիրքում, բայց եզրերում խաղալուն էլ դեմ չեմ, այնպես որ կխաղամ այնտեղ, որտեղ անհրաժեշտ լինի թիմին։

— Ի՞նչ է պետք անել ազգային հավաքականից հրավեր ստանալու համար։
— Կարծում եմ, որ ամենակարևորը ակումբային մակարդակում աչքի ընկնելն է ու ստաբիլ խաղային պրակտիկա ունենալը։ Այս գործոնները շատ մեծ դեր են խաղում։

— «Շիրակը» ընթացիկ մրցաշրջանի երկրոդ հատվածը սկսեց պարտությամբ, ու ընդհանրապես, թիմի խաղն այս մրցաշրջանում այնքան էլ չի գոհացնում։ Ի՞նչն է պակասում թիմին։
— Մենք շատ լավ խաղացինք «Միկայի» դեմ, ու կարծում եմ՝ արժանի չէինք պարտության, բայց ֆուտբոլում շատ են պատահում այդպիսի բաներ, ու մենք փորձում ենք ամեն ինչ անել յուրաքանչյուր խաղում հաղթանակ տանելու համար։

— Եվ վերջում, ի՞նչ նպատակ եք դրել Ձեր առաջ թիմային ու անհատական մակարդակներով ընթացիկ մրցաշրջանում։
— Ցանկանում եմ լավ հանդես գալ ու օգուտ տալ իմ թիմին ինչքան հնարավոր է շատ։

Զրուցեց Գևորգ Լոռեցյանը

Լուսանկարները՝ ֆուտբոլիստի անձնական արխիվից

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ