Չեմպիոնական մրցավազքի 5 ամենալարված վերջաբանով առաջնությունները

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 24-րդ առաջնության վերջնագծում տեղի ունեցած անսպասելի իրադարձությունները մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ գագաթնակետին հասցրին չեմպիոնի տիտղոսի համար մղվող պայքարի լարվածությունը: Նույնիսկ չի բացառվում առաջնության հաղթողին որոշելու համար լրացուցիչ՝ «ոսկե» խաղի անցկացման հնարավորությունը: Մինչդեռ մի քանի տուր առաջ թվում էր, թե հիանալի մրցաշրջան անցկացնող «Ալաշկերտը» ժամկետից շուտ կնվաճի չեմպիոնական բարձունքը:

Առաջնության ավարտական տուրից առաջ «Վիվառո Նյուզն» իր ընթերցողներին է ներկայացնում ոսկե մեդալների համար պայքարի լարվածությամբ  ու անկանխատեսելիությամբ աչքի ընկած 5 առաջնությունների վերջնագծում տեղի ունեցած առավել հետաքրքիր, անսպասելի և արտառոց իրադարձությունները:

Երկու չեմպիոն անդրանիկ առաջնությունում

Հայաստանի ազգային անդրանիկ առաջնությունում չեմպիոնի տիտղոսի համար անզիջում պայքար էր ծավալվել Գյումրու «Շիրակի» և նորաստեղծ թիմերի՝ ՀՄԸՄ-ի ու «Բանանցի» միջև: Առաջնության ավարտից 2 տուր առաջ մրցաշարային աղյուսակը 34 միավորով գլխավորում էր «Բանանցը», որը մարզում էր Վարուժան Սուքիասյանը: Առաջատարին մեկ միավորով զիջում էին  Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ հանդես եկող «Շիրակն» ու ՀՄԸՄ-ն, որում գլխավոր մարզչի և թիմի դիսպետչերի պարտականությունները հիանալի էր համատեղում Խորեն Հովհաննիսյանը:

Ոսկե մեդալների համար մրցավեճում չափազանց կարևոր նշանակություն ունեցավ նախավերջին տուրում Գյումրիում կայացած «Շիրակ»-«Բանանց» հանդիպումը: Երբ 30-րդ րոպեին շիրակցի Հրաչյա Ավետիսյանը բացեց հաշիվը, «Բանանցի» ֆուտբոլիստները մրցավարից պահանջեցին արձանագրել «խաղից դուրս» վիճակ: Փոխարենը մրցավար Արարատ Ճաղարյանը դաշտից հեռացրեց «Բանանցի» պաշտպան Գևորգ Քամալյանին: Խաղադաշտում կրքերը բորբոքվեցին, իսկ հանդիսականների մի մասը ներխուժեց խաղադաշտ, որի պատճառով հանդիպումը 7 րոպեով դադարեցվեց, մինչև ոստիկանությանը հաջողվեց կարգուկանոն հաստատել:

Ընդմիջումից հետո Սարգիս Կարապետյանն ու Արթուր Պետրոսյանը գրավեցին Գարեգին Նաջարյանի պաշտպանած դարպասն ու «Շիրակին» անչափ կարևոր հաղթանակ պարգևեցին:

Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Շիրակը» ՀՄԸՄ-ի հետ 35 միավորով ստանձնեց առաջատարի դերը: Վերջինս 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տոնեց «Կանազի» նկատմամբ: Նոյեմբերի 5-ին կայացած ավարտական տուրում ևս առաջատարները հաղթեցին: «Շիրակը» Երևանում 5 անպատասխան գնդակ խփեց «Նաիրիի» դարպասը, իսկ ՀՄԸՄ-ն սեփական հարկի տակ  3:2 հաշվով առավելության հասավ Աբովյանի «Կոտայքի» նկատմամբ:

Այսպիսով, «Շիրակն» ու ՀՄԸՄ-ն վաստակեցին հավասար՝ 37-ական միավոր և մրցակարգի համաձայն պետք է նոյեմբերի 11-ին չեզոք դաշտում՝ Արմավիրում վիճարկեին Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Սակայն հանդիպումն այդպես էլ չկայացավ: Գյումրիում բողոքի հսկայական ալիք բարձրացավ: «Շիրակը» կտրականապես հրաժարվում էր Արարատյան դաշտավայրում հանդիպումն անցկացնելուց՝ առաջարկելով խաղալ Դիլիջանում, որին դեմ էր ՀՄԸՄ-ն:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված էր գործկոմի երկու նիստ անցկացնել ու քննարկել ստեղծված իրավիճակը: Սակայն լարված մթնոլորտում անցած նիստերի ժամանակ կողմերն այդպես էլ համաձայնության չեկան «ոսկե» խաղի անցկացման վայրի հարցում:

ՀՖՖ-ն ստիպված էր անսպասելի հանգուցալուծում տալ այդ հարցին և արտասովոր որոշում կայացնել՝ 2 թիմերին էլ հռչակելով Հայաստանի չեմպիոններ: Նաև որոշվեց, որ հաջորդ տարվա մայիսի 9-ին Աբովյանում ՀՄԸՄ-ն ու «Շիրակը» պետք է վիճարկեին Հայաստանին տրվելիք չեմպիոնների գավաթի խաղարկության միակ ուղեգիրը:

Բայց «Շիրակը» չներկայացավ հանդիպմանը, որի համար թիմի գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանն ու նրա օգնական Հայկ Ավետիսյանը պայմանականորեն որակազրկվեցին մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ «Շիրակը» տուգանվեց 100 հազար ռուբլով: Սակայն ՈՒՖԱ-ն 1993թ. մրցաշրջանում այդպես էլ Հայաստանին տեղ չհատկացրեց եվրոգավաթների մրցաշարում:

«Երևանի» կարճատև կենսագրության ոսկե  էջը

10 թիմերի մասնակցությամբ 2 շրջանով օգոստոսից-նոյեմբեր ընկած ժամանակահատվածում անցկացված 1997թ. առաջնության ոսկե մեդալների համար մրցավեճի հանգուցալուծումը տրվեց նոյեմբերի 16-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած ավարտական տուրի «Երևան»-«Փյունիկ» խաղում: «Երևանը» 40 միավորով առաջատարն էր՝  2-ով գերազանցելով «Շիրակին»: Իսկ նախորդ երկու առաջնությունների հաղթող փյունիկցիները 35 միավորով ընթանում էին 3-րդ հորիզոնականում:

Անհաշտ մրցակցությունում անցած հանդիպման առաջին խաղակեսում «Փյունիկը» կարող էր բացել հաշիվը, սակայն Արսեն Ավետիսյանի հարվածը դիպավ դարպասի հորիզոնական ձողին: Հանդիպման ելքը վճռվեց խաղավերջում: 83-րդ րոպեին փյունիկցի Արթուր Մկրտչյանը սեփական տուգանային հրապարակում վայր գցեց Տիգրան Եսայանին, որի համար մրցավար Սլավիկ Ղազարյանը նշանակեց 11մ հարված: Այն հստակ իրացնելով, Արմեն Կարապետյանը «Երևանին» չեմպիոնական բարձունքի հասցրեց: Իսկ «Փյունիկը», որին մարզում էր Խորեն Հովհաննիսյանը, մնաց առանց մեդալի:

Սամվել Դարբինյանի գլխավորությամբ «Երևանը» յուրօրինակ ռեկորդ սահմանեց՝ հաղթելով 2-րդ շրջանի բոլոր 9 հանդիպումներում էլ: Հատկանշական է, որ այդ տարի բարձրագույն խմբում հանդես եկած առաջին լեգեոնականներն ընդգրկված էին հենց «Երևանի» կազմում: Թիմի դարպասը հուսալիորեն պաշտպանեց 35-ամյա ֆրանսիացի դարպասապահ Պասկալ Ռուսոն՝ 16 խաղում բաց թողնելով ընդամենը  7 գոլ: Լավ տպավորություն թողեցին նաև իվուարցի պաշտպան Սերժ Անրի Գոգուան, Մալիի ազգային հավաքականի խաղացողներ, կիսապաշտպան Դեդե Թամբուրան և հարձակվող Նջիայ Մալալը, ով 8 գոլ խփեց:

Իրենց լավագույն կողմերով դրսևորեցին նաև թիմի առանցքային ֆուտբոլիստներ Արմեն Պետիկյանը, Կարեն Դոխոյանը, Երվանդ Կրբաշյանը, Ռազմիկ Գրիգորյանը, Աբրահամ Խաշմանյանը, Հակոբ Տեր-Պետրոսյանը, Արմեն Կարապետյանն ու 10 գնդակով թիմի լավագույն ռմբարկու ճանաչված Տիգրան Եսայանը:

«Ցեմենտի» նախագահի ջենթլմենական քայլը

1999թ. առաջնության վերջնագծում չափազանց լարված իրավիճակ էր ստեղծվել չեմպիոնական մրցավազքում: Առաջնության ավարտից 2 տուր առաջ 69-ական միավորով աղյուսակը գլխավորում էին «Արարատն» ու «Շիրակը», երկրի գործող չեմպիոն ու գավաթակիր «Ցեմենտը» վաստակել էր 67 միավոր: Ընդ որում «Ցեմենտը» նախավերջին տուրի խաղն անցկացնելու էր ավելի ուշ՝ դեկտեմբերի 4-ին Արարատում, որտեղ պետք է հյուրընկալեր «Շիրակին», որն այդ խաղով ավարտելու էր առաջնությունը:

Ոսկե մեդալների համար պայքարում գերադասելի էին թվում «Արարատի» հնարավորությունները, սակայն Արկադի Անդրեասյանի սաները նոյեմբերի 30-ին կայացած նախավերջին տուրում Արմավիրում անսպասելիորեն պարտվեցին «Զվարթնոցին»՝ 1:2: Իսկ «Շիրակն» այդ օրը 3:0 հաշվով հաղթելով «Կիլիկիային», 72 միավորով գլխավորեց աղյուսակը:

Դեկտեմբերի 4-ին Արարատում կայացած «Ցեմենտ»-«Շիրակ» հանդիպումը վճռորոշ էր լինելու չեմպիոնի տիտղոսի համար պայքարում: Դաշտի տերերին միայն հաղթանակ էր անհրաժեշտ, իսկ ահա գյումրեցիները նույնիսկ ոչ-ոքիի դեպքում չեմպիոն կհռչակվեին:

Շիրակցիներն այդ խաղում մեծ փորձությունների ենթարկվեցին: Դեռևս առաջին խաղակեսում մրցավար Սլավիկ Ղազարյանը դաշտից հեռացրեց շիրակցի Արարատ Հարությունյանին: 2-րդ խաղակեսում «Շիրակի» դարպասին 11մ հարված նշանակվեց, սակայն Տիգրան Հովհաննիսյանի հարվածը հետ մղեց դարպասապահ Արթուր Հովհաննիսյանը: Խաղը մոտենում էր ավարտին, սակայն դաշտի տերերին ոչ մի կերպ չէր հաջողվում գտնել մրցակցի դարպասի բանալին:

Եվ երբ ընթանում էր ավելացված ժամանակի 5-րդ րոպեն, գնդակը դիպավ շիրակցիներից մեկի ձեռքին ու մրցավարն անմիջապես ցույց տվեց 11մ նշակետը: Արամ Հակոբյանի հարվածն անվրեպ էր:

Այդ խաղով «Շիրակն» ավարտեց ելույթներն առաջնությունում՝ իր հաշվին ունենալով 72 միավոր: «Ցեմենտը» վաստակեց 70 միավոր և դեկտեմբերի 8-ին հյուրընկալվելիս առաջնության բացահայտ հետնապահ «Գյումրիին» հաղթելու դեպքում կպահպաներ չեմպիոնի իր տիտղոսը:

Սակայն մինչ այդ հանդիպումը ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստում քննարկվեց «Շիրակի» բողոքը «Ցեմենտի» հետ կայացած խաղում մրցավար Սլավիկ Ղազարյանի կողմնակալ մրցավարության առիթով: Գործկոմի անդամները դիտելով խաղի տեսագրությունը, համոզվեցին, որ իրոք մրցավարը կողմնակալություն է դրսևորել՝ նպաստելով «Ցեմենտի» հաղթանակին:

Ստեղծված իրավիճակից ելք գտավ «Ցեմենտի» նախագահ Աբրահամ Բաբայանը՝ առաջարկելով խաղը վերախաղարկել, թեև կանոնակարգով նման դեպքերում այդպիսի բան նախատեսված չէր: Ջենթլմենական այդ քայլն արժանացավ գործկոմի անդամների հավանությանը:

Խաղի վերախաղարկումը նշանակվեց դեկտեմբերի 13-ին: Իսկ մինչ այդ «Ցեմենտը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Գյումրիին» ու վաստակեց 70 միավոր:

«Ցեմենտի» և «Շիրակի» նոր մրցավեճում դարպասներն անառիկ մնացին, ինչը գյումրեցիներին չեմպիոնի տիտղոսին արժանացրեց: Իսկ «Ցեմենտի» ֆուտբոլիստները ստիպված էին բավարարվել բրոնզե մեդալներով, քանի որ «Արարատը» վերջին տուրում հաղթելով «Կիլիկիային», վաստակել էր 72 միավոր:

Հետաքրքիր է, որ վերախաղարկումից 5 օր անց «Հրազդանում» «Շիրակն» ու «Ցեմենտը» վիճարկեցին 1999թ. Սուպերգավաթը: Լրացուցիչ ժամանակում Արթուր Պետրոսյանի խփած գոլի շնորհիվ «Շիրակը» 2:1 հաշվով ռևանշի հասավ նախորդ տարի «Ցեմենտից» այդ մրցանակի խաղարկությունում կրած պարտության դիմաց:

Չեմպիոնը որոշվեց լրացուցիչ  խաղում

ՀՀ առաջնությունների 25-ամյա պատմության մեջ առայժմ միայն մեկ անգամ է չեմպիոնին որոշելու համար հարկ եղել լրացուցիչ՝ «ոսկե» խաղ անցկացնել: Դա 2008թ. առաջնությունում էր: Այդ տարի «Արարատը» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ գերազանց մեկնարկեց՝ շահելով բոլոր 7 հանդիպումները: Այդ պահին արարատցիները 7 միավորով գերազանցում էին «Փյունիկին»: «Արարատն» այդ ընթացքում նվաճեց նաև Հայաստանի գավաթը, հետագայում էլ դարձավ առաջին շրջանի հաղթող:

Թվում էր, թե  ոսկե մեդալները նվաճելու հարցում արարատցիները խոչընդոտների չեն հանդիպի: Սակայն հետագայում արարատցիները «Փյունիկին» զիջեցին առաջատարի իրենց դիրքերը՝  հայտնվելով հետապնդողի դերում:

Pyunik-2008-1

Խաղացանկի քմահաճույքով չեմպիոնի տիտղոսի հավակնորդներն առաջնության ավարտական խաղում մրցելու էին միմյանց հետ: Այդ պահին «Փյունիկը» 3 միավորով գերազանցում էր «Արարատին» և նույնիսկ ոչ-ոքիի դեպքում 8-րդ տարին անընդմեջ կնվաճեր չեմպիոնի տիտղոսը:

Սակայն «Փյունիկի» մարզադպրոցի խաղադաշտում կայացած այդ վճռորոշ խաղում արարատցիներին հաջողվեց  Ջուլիանո Հիմենեսի խփած միակ գոլի շնորհիվ հաղթանակ տոնել ու միավորներով հավասարվել մրցակցին:

Ցավոք, նոյեմբերի 19-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած «ոսկե խաղում» իր բարձրության վրա չգտնվեց հանդիպման գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանը, ով բացահայտորեն ամեն ջանք գործադրեց նպաստելու «Փյունիկի» հաղթանակին:

Հաշիվը 68-րդ րոպեին բացեց փյունիկցի Ալբերտ Թադևոսյանը, սակայն մեկ րոպե անց Վահագն Մինասյանը գլխի հարվածով վերականգնեց հավասարակշռությունը: Խաղավարտից 8 րոպե առաջ Ճաղարյանը 11մ հարված նշանակեց «Արարատի» դարպասին, սակայն Սարգիս Հովսեփյանի հարվածից հետո գնդակը դիպավ ձողին:

«Փյունիկին» միայն լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին հաջողվեց Ալբերտ Թադևոսյանի դիպուկ հարվածի շնորհիվ գրավել Գևորգ Պրազյանի պաշտպանած դարպասն ու կրկին արժանանալ ոսկե մեդալներին:

Կառլեն Մկրտչյանի ոսկե գոլը

2010թ. առաջնությունում ոսկե մեդալների համար բավականին թեժ պայքար էր ծավալվել երկրի բազմակի չեմպիոն «Փյունիկի» և «Բանանցի» միջև: Վերջինս իր պատմության մեջ առաջին անգամ շատ մոտ էր չեմպիոնությանը:

«Բանանցը» մակեդոնացի մարզիչ Ստևիցա Կուզմանոսկու գլխավորությամբ այդ տարի բարձրակարգ ֆուտբոլ էր ցուցադրում՝ աչքի ընկնելով արդյունավետ գործողություններով: Թիմը համալրված էր նաև լեգեոնականներով, որոնց մեջ հատկապես առանձնանում էին Դու Բալան, Բետոն և Դենիրան Օրտեգան: Ընդ որում բրազիլացի հարձակվող Դու Բալան մեկնարկային  11 հանդիպումներում 10 գոլի հեղինակ էր դարձել և վստահորեն գլխավորում էր առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Սակայն 12-րդ տուրում «Փյունիկի» դարպասը գրավելու ժամանակ նա ծանր վնասվածք ստացավ ու մինչև առաջնության ավարտն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:

bananc-pyunik 2010

Չնայած այդ կորստին, «Բանանցը» վստահորեն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Առաջնության ավարտից 2 տուր առաջ չեմպիոնի տիտղոսի հավակնորդները հանդիպեցին «Հանրապետականում»: Այդ պահին «Բանանցը» 2 միավորով գերազանցում էր «Փյունիկին»: Նույնիսկ ոչ-ոքին «Բանանցին» հիանալի հնարավորություն էր ընձեռում լրջորեն հավակնելու ոսկե մեդալներին: Սակայն մարզական բախտն այդ խաղում ժպտաց «Փյունիկին»:

Ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին Կառլեն Մկրտչյանը խփեց հանդիպման միակ գնդակն ու հաղթանակ պարգևեց իր թիմին, որի շնորհիվ «Փյունիկը» մեկ միավորով առաջ անցավ «Բանանցից»: Փաստորեն այդ հաղթանակն էլ վճռորոշ եղավ, քանի որ ավարտական 2 հանդիպումներում էլ «Փյունիկն» ու «Բանանցը» հաղթեցին մրցակիցներին: «Փյունիկը» չեմպիոնությունը գրանցեց միայն ավարտական խաղում` Մարկոսի 11մ հարվածով խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Կիլիկիային»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ