ԲԽ. Հայացք 19-րդ տուրի հանդիպումներին

Մարտի 26-ից հետաձգված 19-րդ տուրի հանդիպումները սկսվեցին Արցախում տեղի ունեցած մարտերում զոհվածների հիշատակին նվիրված լռության րոպեով: Այնուհետև խաղադաշտում ծավալվեց թեժ մրցապայքար:

Օրինաչափ արդյունք

«Արարատի» մարզչական կազմը լավ էր նախապատրաստել իր ֆուտբոլիստներին «Ալաշկերտի» հետ հանդիպմանը, որոնք նախորդ խաղերի համեմատ իրենց լավագույն կողմերով դրսևորեցին ու կարողացան դիմագրավել առաջատարին: Վարուժան Սուքիասյանը թիմի մեկնարկային կազմում ընդգրկել էր պաշտպանողական ոճի 6 ֆուտբոլիստների, որոնք այս անգամ ամուր պատնեշ էին ստեղծել թիկունքում, խիստ հսկողության տակ էին առել մրցակցի խաղացողներին՝ զրկելով նրանց ազատ գործելու հնարավորությունից: Նման պայմաններում ալաշկերտցիներին չհաջողվեց լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Պատահական չէ, որ հանդիպման ընթացքում «Ալաշկերտի» ռմբարկուներ Միհրան Մանասյանն ու Հեբեր Արաուխոն փոխարինվեցին:

Mihran Manasyan vs Ararat

«Արարատը» մեծ ուժերով էր պաշտպանվում՝ առջևի գծում թողնելով միայն Կիրիան Նվաբուեզեին: Սակայն ի տարբերություն նախորդ հանդիպումների, արարատցիներն այս անգամ բավականին ակտիվ հակագրոհներ էին կազմակերպում՝ դրանց մասնակից դարձնելով մեծ թվով ֆուտբոլիստների: Ճիշտ է, արարատցիներին էլ չհաջողվեց գոլային իրական պահեր ստեղծել: Այնպես որ գրանցված գոլազուրկ ոչ-ոքին օրինաչափ էր:

Գանձասարցիները վերջապես խախտեցին տխուր ավանդույթը

Տևական ընդմիջումից հետո «Գանձասար Կապանին» վերջապես հաջողվեց առաջնությունում հաղթել «Փյունիկին»: Հիշեցնենք, որ վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ գանձասարցիները տոնել էին 2012թ. նոյեմբերի 7-ին՝ Կապանում առավելության հասնելով 1:0 հաշվով: Իսկ դրանից հետո կայացած առաջնության 12 հանդիպումներից 6-ն ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով, 6-ում գրանցվել էր ոչ-ոքի:

12961518_965592613547647_6707003760377646748_n

Չեմպիոնը 15 օր զրկված էր խաղային պրակտիկայից, իսկ գանձասարցիներն ընդամենը 3 օր առաջ դրամատիկ ու ծանր մրցապայքարում հաղթել էին «Բանանցին»: Այս խաղում էլ կապանցիները առավելություն ունեին և ի վերջո կարողացան այն վերածել գոլի: Հանդիպման ելքը վճռեց թիմի գանացի պաշտպան Էդվարդ Կպոդոյի տուգանային հարվածով խփած տպավորիչ գոլը: Իսկ փյունիկցիները չկարողացան լուրջ սպառնալիքներ ստեղծել Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասին:

Հարկ է նշել, որ չեմպիոնի գործողությունները խաղադաշտում ղեկավարում էր Արթուր Մկրտչյանը, ով փոխարինել էր մարզչական ՊՐՈ դասընթացներին մասնակցող թիմի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանին:

«Փյունիկն» առաջնության գարնանային հատվածում 2-րդ պարտությունը կրեց: Գարնանն անցկացրած 4 հանդիպումներում չեմպիոնն ընդամենը նույնքան միավոր է վաստակել և արդեն 5 միավորով է հետ մնում առաջատար «Ալաշկերտից»: Իսկ «Գանձասար Կապանը» սեփական հարկի տակ 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով, ընդհուպ մոտեցավ առաջատար եռյակին:

Նեմանյա Ստոշկովիչի գեղեցիկ ժեստը

Վերջին տարիներին «Շիրակը» բավական հաջող է խաղում «Բանանցի» դեմ՝ առաջնության նախորդ 6 հանդիպումներում տոնելով 2 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի: Բացառություն չկազմեց նաև մրցակիցների հերթական հանդիպումը, որում շիրակցիները 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին:

Դեռևս առաջին խաղակեսում ակտիվ հարձակողական գործողությունների շնորհիվ Կոնան Օդիլոն Կուակուն և Նեմանյա Ստոշկովիչը գրավեցին Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը: Հատկապես տպավորիչ էին սերբ ֆուտբոլիստի խփած գոլն ու դրան հաջորդած գործողությունները: Ստոշկովիչն անմիջապես հանեց մարզաշապիկը և վազեց դեպի տրիբունա՝ ի ցույց դնելու 2-րդ շապիկի «Karabakh is Armenia» գրությունը: Այդ արարքի համար մրցավարը նրան պատժեց դեղին քարտով:

2016-04-06 16_47_54-FFA_VSPORT_Շիրակ - Բանանց _Shirak vs Banants_06.04.2016 - YouTube

«Բանանցին» հաջողվեց 2-րդ խաղակեսի սկզբում կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ թիմի երիտասարդ հարձակվող Պետրոս Ավետիսյանը: Խփած գոլը բավական ոգևորեց հյուրերին, որոնք ավելի մեծ ուժերով անցան վճռորոշ գործողությունների: Ճիշտ է, քիչ անց Կուակուն կարող էր կրկին «Շիրակի» առավելությունը վերածել 2 գնդակի, սակայն մեն մենակ հայտնվելով դարպասպահի դիմաց, վրիպեց:

Իսկ հյուրերը թեև 70-րդ րոպեին խաղադաշտում մնացին 10 հոգով, երբ հեռացվեց Վահագն Այվազյանը, սակայն կարող էին վերականգնել հավասարակշռությունը: Բայց Լաերսիոյի հարվածը դիպավ դարպասի հորիզոնական ձողին, իսկ Հակոբ Հակոբյանը նպաստավոր դիրքից վրիպեց: Իսկ ահա շիրակցիներն ավելացված ժամանակում Վիուլեն Այվազյանի շնորհիվ 3-րդ գոլը խփեցին՝ տոնելով առաջնության գարնանային հատվածում առաջին հաղթանակը:

Խաղից հետո էլ «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը նշել էր, որ այդ հաղթանակը նվիրում են բոլոր այն տղաներին, որոնք գտնվում են սահմանին, և իրենք խոնարհվում են նրանց առջև:

8 փաստ 19-րդ տուրի մասին

Արդեն 3-րդ տուրն անընդմեջ առաջնության հանդիպումներն անցնում են նույն սցենարով. հյուրերին չի հաջողվում գեթ մեկ հաղթանակ տոնել: Այս անգամ էլ 2 խաղում հաղթեցին դաշտի տերերը, մեկն ավարտվեց ոչ-ոքի: Հյուրընկալվելիս միակ միավորը վաստակեց «Ալաշկերտը»: Առաջնությունում արդեն 7-րդ անգամ հյուրերը տուրում չվայելեցին հաղթանակի բերկրանքը:
3 խաղում խփվեց 5 գոլ, որից 3-ի հեղինակը լեգեոնականներն են: Առաջնության գարնանային հատվածում 19-րդ տուրն ամենասակավագոլն էր: Առաջնությունում կայացած 75 խաղում 183 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,44 գոլ մեկ խաղում:
«Արարատը» միակ թիմն է, որն առաջնության գարնանային հատվածում դեռևս հաղթանակ չի տոնել: Արարատցիներն արդեն 3-րդ անընդմեջ խաղն են ոչ-ոքի ավարտում: Գարնանն անցկացրած 5 հանդիպումներից 4-ում արարատցիները խաղադաշտից հեռացել են մեկական միավոր վաստակած, իսկ մեկում պարտվել են:
Գևորգ Կասպարովը ՀՀ առաջնություններում նոր նվաճման հասավ՝ 100-րդ անգամ դարպասը պահելով անառիկ: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն Հարություն Աբրահամյանին, ով 103 խաղում գոլ բաց չի թողել: Ընթացիկ առաջնությունում Կասպարովը 10-րդ «չոր» խաղն անցկացրեց:
Սերբ Նեմանյա Ստոշկովիչը բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում: Նա դարձավ «Շիրակում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը: «Բանանցի» հետ խաղի օրը Ստոշկովիչը 26 տարեկան 45 օրական էր: Մինչ այդ «Շիրակում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը Լամին Լի Յորոն էր, ով իր վերջին գնդակը թիմի կազմում խփել էր 25 տարեկան 264 օրականում:
Գանացի Էդվարդ Կպոդոն իր առաջին գոլը խփեց «Գանձասար Կապանի» կազմում: ՀՀ առաջնություններում նա գոլերի հաշիվը բացել է «Ուլիսի» կազմում՝ 2014թ. սեպտեմբերի 13-ին գրավելով «Միկայի» դարպասը:
«Բանանցի» պաշտպան Վահագն Այվազյանը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ հեռացվեց խաղադաշտից: Առաջին անգամ նա կարմիր քարտի էր արժանացել անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին «Միկայի» հետ խաղում: Ընդհանուր առմամբ առաջնության հանդիպումներում մրցավարները 9 անգամ են կարմիր քարտի արժանացրել ֆուտբոլիստներին:
Արարատցի Պոլ Ասու Օշին ընթացիկ առաջնությունում «Արարատում» հանդես եկած 30-րդ ֆուտբոլիստն է: Նա ընդգրկվեց «Արարատի» ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում: «Ալաշկերտի» հետ խաղի օրը Պոլ Ասու Օշին 19 տարեկան 192 օրական էր: Թիմում հանդես եկած ամենաերիտասարդ լեգեոնականը Էլոկվու Էզուկամն է, ով 2002թ. «Արարատում» նորամուտը նշել է 17 տարեկան 174 օրականում:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ