BleacherReport. Հենրիխ Մխիթարյանը՝ որպես Դորտմունդի «Բորուսիային» արժանի ֆուտբոլիստ

Հեղինակավոր BleacherReport.com կայքը ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի աճը «Բորուսիայում»՝ համեմելով այն ֆուտբոլիստի խոսքերով: Ներկայացնում ենք հայերեն թարգմանությունը.

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, միանալով Դորտմունդի «Բորուսիային», սկզբնական շրջանում չէր ցույց տալիս այնպիսի խաղ, որի շնորհիվ կհայտնվեր համաշխարհային լրատվամիջոցների առաջին շապիկներին։ Նա ակումբ ժամանեց ՉԼ եզրափակչին հաջորդած ամռանը, երբ դորտմունդցիները «Ուեմբլիում» կայացած խաղի ժամանակ պարտվեցին Մյունխենի «Բավարիային»։

Երկրպագուները նորեկի մասին համարյա ոչինչ չգիտեին, սակայն 27․5 միլիոն եվրոյի տրանսֆերը, որը հանդես էր գալու 10-րդ համարի մարզաշապիկով, միանգամայն խոստումնալից էր։

mkhitaryan-shot

Մխիթարյանը հայտնի էր Դոնեցկի «Շախտյորում» ունեցած իր հաջողությունների շնորհիվ։ Եվ իրոք, նախորդ մրցաշրջանում Ուկրաինայում 25 գոլի հեղինակ դարձած այս ֆուտբոլիստից ակնկալիքները շատ մեծ էին։

Սակայն Դորտմունդում կարիերայի առաջին երկու տարիները այնքան էլ հեշտ չընթացան, ինչի մասին փաստում է նաև ինքը՝ Հենրիխը․

«Ես շատ բան եմ սովորել իմ սխալներից»։

Միշտ այնպիսի տպավորություն էր, կարծես Մխիթարյանը այն ֆուտբոլիստը չէ, որի տրանսֆերի համար արժեր այդքան խոշոր գումար ծախսել, սակայն հետզհետե նա ապացուցեց, որ իր գինն, իրոք, շատ բարձր է։

«Բորուսիայի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպի ղեկավարման ընթացքում  թիմի խաղաոճն այլ էր, հակագրոհներն ավելի շատ էին , իսկ ճնշումը՝ մեծ։ Մխիթարյանի նման ֆուտբոլիստի համար, իսկապես, դժվար ժամանակներ էին, և նա անում էր հնարավոր ամեն բան հաջողության հասնելու համար։

Երբ «իշամեղուները» կարողացան վաստակել որոշ միավորներ և դուրս գալ ստեղծված իրավիճակից, նրանք սկսեցին ավելի շատ կենտրոնանալ խաղի վրա։ Եվ հենց այստեղ սկսեց շողալ 10-րդ համարը։

Իր երրորդ մրցաշրջանը Մխիթարյանը պետք է արդեն անցկացներ նոր մարզչի՝ Թոմաս Տուխելի ղեկավարման ներքո։ Տուխել – Մխիթարյան համագործակցությունը հրաշքներ գործեց։ Հենրիխի խոսքերով՝ նոր մարզիչը բարոյական մեծ աջակցություն սկսեց ցուցաբերել՝ հորդորելով չհանձնվել և հետևություն անել գործած սխալներից․

«Տուխելի՝ ակումբ ժամանելուն պես մենք սկսեցինք այլ ֆուտբոլ խաղալ։ Մենք փորձում էինք ավելի շատ մեզ մոտ պահել գնդակը և ավելի հաճախ  փոխանցումներ կատարել»,- ասում է Հենրիխը։

«Երբ Կլոպոն այստեղ էր», այսպես է կոչում նա «Լիվերպուլի» ներկայիս մարզչին, «մենք խաղում էինք այլ ֆուտբոլ՝ ավելի շատ էին հակահարձակումները, ավելի ուժեղ էինք, ավելի շատ էինք ճնշում»:

mkhitaryan-kloppo

Մխիթարյանը կարևոր դեր խաղաց մրցաշրջանի երկրորդ կեսում Դորտմունդի դիրքերի վերականգնման մեջ, որն ավարտվեց Գերմանիայի գավաթի եզրափակիչ դուրս գալով ու Բունդեսլիգայի 7-րդ տեղով: Այսինքն՝ ակումբը հանդես կգա Եվրոպայում նաև այս մրցաշրջանում:

Մարզիչների փոփոխությունը հրաշալի արդյունքներ ունեցավ Մխիթարյանի համար: «Երբ Տուխելը եկավ, մենք սկսեցինք խաղալ այլ տեսակի ֆուտբոլ: Աշխատում ենք ավելի շատ տիրել գնդակին, ավելի շատ փոխանցել ու ավելի ագրեսիվ խաղ դրսևորել», ասաց նա:

Երբ հարցրեցի, թե ինչու է այս տարի նախկինից այդքան լավ խաղում, ասաց. «Շնորհիվ փոփոխությունների ու ձեռք բերածս ինքնավստահության»:

Հայազգի ֆուտբոլիստը, թեպետ վերագրում է իր անհերքելի առաջընթացն իր թիմի խաղաոճի փոփոխություններին, առանձնակի հետաքրքրված չէ խաղի տեսական հարցերով: «Տակտիկան ֆուտբոլի միայն մի մասն է, քանի որ խաղացողներն են խաղում: Ամեն ինչ նրանք են որոշում, ո՛չ թե տակտիկան: Վերջինս տալիս է միայն գործելու տարբերակներ»:

«Սովորել պետք է ամեն օր», ասաց նա, երբ հարցրեցի՝ ինչ կարծիք ունի, երբ իրեն համարում են ինտելեկտուալ խաղացող: «Միշտ էլ կարևոր է կարդալ, այս աշխարհի մասին նոր բաներ սովորել: Ուստի ես աշխատում եմ ուսումնասիրել, իմանալ, տեսնել՝ լինի դա գիրք, հեռուստացույց, թե համացանց: Կարելի է սովորել ցանկացած մարզաձևից ու դա օգտագործել ֆուտբոլում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կանոնավոր կերպով դիտում է թենիսի ու բասկետբոլի խաղեր:

Որպես հայ՝ Մխիթարյանը նաև լավ շախմատ է խաղում: «Վատ չեմ խաղում: Չէի ասի՝ կատարյալ եմ, բայց ջանք եմ գործում, որ լավը լինեմ»:

Սակայն այն մարզաձևում, որով նա ապրուստ է վաստակում, իր արդյունքները միշտ եղել են ավելին քան լավը: Մխիթարյանը իրավամբ հավակնում է լինել Դորտմունդի  այս շրջանի լավագույն խաղացողը:

henrikh-mkhitaryan-gonzalo-castro-borussia-dortmund

32 խաղում նա խփել կամ աջակցել է 38 գոլի: Օգոստոսի սկզբին Եվրոպա Լիգայում ավստրիական «Վոլֆսբերգերին» հասցրած հեթ-տրիքից հետո Մխիթարյանը միայն վերև է բարձրացել: Պատահական չէ, որ նրա թիմը հաղթել միայն 2-ը այս մրցաշրջանի 7 խաղերից, որոնցում Մխիթարյանը գոլ չի խփել:

Ամսվա սկզբին նա Եվրոպայի բարձրագույն 5 լիգաների բոլոր խաղացողներից լավագույնն էր փոխանցումների թվով (17): Սակայն Մխիթարյանն ինքն ասես չգիտեր սա ու իմացավ, երբ ես նշեցի հարցազրույցի ընթացքում: Երբ հարցրեցի՝ փոխանցումները գոլերի չափ հաճելի են, թե ոչ, ծիծաղեց. «Իհարկե: Հպարտանում եմ, երբ փոխանցում եմ անում ու ուրախանում, որ օգնել եմ ընկերներիս: Գոլն էլ, փոխանցումն էլ կարևոր են ֆուտբոլում»:

Մխիթարյանի փոխանցումները ստացողներից մեկը Պիեր Էմերիկ Օբամեյանգն է, որին նա անվանեց «շատ լավ տղա» ու ավելացրեց. «Մեծ հաճույք է նրա հետ խաղալ: Մեկ հայացքով կարող ես հասկանալ՝ ինչ է ուզում անել: Ուղղակի գնդակն նրան տուր ու գոլն արդեն պատրաստ է»:

Ֆուտբոլասերների կարևորագույն հարցը վերաբերում է, իհարկե, այս արդյունավետ համագործակցության տևողությանը: Օբամեյանգն անցած ամառ երկարացրեց է իր պայմանագիրը մինչև 2020թ., սակայն Մխիթարյանը դեռ չի կայացրել նման որոշում:

Նրա պայմանագիրը ավարտվելու է 2017-ի հունիսին՝ համընկնելով թիմի ավագ Մաթս Հումելսի ու կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի համաձայնությունների ավարտի հետ:

Մխիթարյանը ուղիղ պատասխանեց: Երբ հարցեցի՝ որքան է դեռ մնալու Դորտմունդում, ասաց ուղղակի՝ չգիտեմ, դեռ չեմ կարող ասել:

Սակայն կարողացավ ասել, որ շատ շնորհակալ է այս մրցաշարում երկրպագույների օժանդակության համար: «Իհարկե, երջանիկ եմ [որ երկրպագույները կուզեին տեսնել նրան նոր պայմանագիր ստորագրելիս], ու երջանիկ եմ, որ հավատում են ինձ»:

Գևորգ Լոռեցյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ