Բարձրագույն խումբ. Հայացք մեկնարկային տուրի հանդիպումներին

«Վիվառո նյուզն» ամփոփել է բարձրագույն խմբի մեկնարկային տուրը, որում «Շիրակն» ու «Բանանցն» առաջնությունը սկսեցին հաղթանակով, իսկ երկրի չեմպիոն «Ալաշկերտը» բավարարվեց գոլազուրկ ոչ-ոքիով:

«Շիրակում»  հարձակողական նոր եռյակ է ձևավորվում

«Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հոբելյանական՝  25-րդ առաջնությունը: Եվ հենց այս խաղում գրանցվեցին առաջնության առաջին գոլն ու դեղին և կարմիր քարտերը, նշանակվեց 11մ առաջին հարվածը:

Վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ «Շիրակի» հարձակման գծում մեկնարկային կազմում բացակայում էին սևամորթ ֆուտբոլիստները: Սակայն դա բնավ էլ չազդեց գյումրեցիների գործողությունների արդյունավետության վրա: Նրանց փոխարինած տեղացի ֆուտբոլիստներն իրենց լավագույնս դրսևորեցին:

Հարձակման գծում Օդիլոն Կուակուին փոխարինած Վիուլեն Այվազյանը հիանալի օգտագործեց իրեն ընձեռված հնարավորությունը՝ դառնալով հանդիպման հերոսը: Ռմբարկուի հատկանիշներով օժտված երիտասարդ ֆուտբոլիստը, ով նախորդ առաջնությունում անցկացրած 16 հանդիպումներից միայն 4-ում էր ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում, ճիշտ կողմնորոշվելով խաղային իրադրություններում, արդեն առաջին խաղակեսում երկու անգամ գրավեց «Փյունիկի» դարպասը:

Նշենք, որ Վիուլեն Այվազյանը ֆուտբոլային կարիերան սկսել է «Փյունիկում», որտեղ դեռ պատանի տարիքում աչքի էր ընկնում արդյունավետ խաղով: 2012/13թթ. առաջնությունում 18-ամյա ֆուտբոլիստը 12 գնդակով դարձել էր թիմի լավագույն ռմբարկուն: Սակայն «Փյունիկի» մի խումբ հեռանկարային ֆուտբոլիստների պես Վիուլենն էլ հետագայում դուրս մնաց թիմի մարզիչների ուշադրությունից:

2015թ.-ից հանդես գալով «Շիրակում», Այվազյանն աստիճանաբար վերականգնեց իր խաղային նախկին լավագույն որակները և ներկայումս կարող է դառնալ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը:

«Փյունիկի» հետ խաղում առջևի գծում շատ ակտիվ էին և իրենց օգտակար գործողություններով հաղթանակում մեծ ներդրում ունեցան նաև Ռումյան Հովսեփյանն ու Դավիթ Հակոբյանը: Այս խաղի տպավորություններով, կարծես թե «Շիրակում» ձևավորվում է Հակոբյան-Այվազյան-Հովսեփյան հարձակողական եռյակը:

Ինչ վերաբերում է «Փյունիկին», ապա թիմը հանդիպմանը ներկայացավ գրեթե լիովին փոփոխված պաշտպանական գծով՝ ներառելով նաև առաջին անգամ թիմի դարպասը պաշտպանած դարպասապահ Վալերի Ոսկանյանին: Պաշտպանական քառյակից նախորդ առաջնության հանդիպումներում թիմի մեկնարկային կազմում տեղ էր զբաղեցնում միայն Արմեն Մանուչարյանը: Ուստի պատահական չէ, որ «Փյունիկի» երիտասարդ պաշտպաններն այնքան էլ վստահ չգործեցին:

Առջևի գծում էլ փյունիկցիներն առանձնապես լուրջ հիմնախնդիրներ չստեղծեցին մրցակցի համար՝ միակ գոլը խփելով 11մ հարվածով, որը հստակ իրացրեց «Փյունիկի» ավագ Դավիթ Մանոյանը: Կարող էր աչքի ընկնել նաև թիմի նորեկ Պետրոս Ավետիսյանը, սակայն նրա վտանգավոր հարվածը հետ մղեց Անատոլի Այվազովը:

Նույնիսկ վերջին 10 րոպեներն անցկացնելով 10 հոգով (2-րդ դեղին քարտի պատճառով ասպարեզը թողել էր Աղվան Դավոյանը), «Շիրակն» ավելացված ժամանակում Արամ Մուրադյանի ջանքերով 3-րդ գոլը խփեց: Գյումրեցիները կարող էին նաև խոշոր հաշվով հաղթել, եթե Ռումյան Հովսեփյանը չվրիպեր չափազանց նպաստավոր դիրքից: Ամեն դեպքում «Շիրակն» արժանի հաղթանակ տոնեց:

«Արարատն»  առայժմ օպտիմալ կազմի փնտրտուքի մեջ է

«Բանանցի» և «Արարատի» հանդիպումն աչքի չընկավ դիտարժանությամբ և գոլային պահերի առատությամբ: Եթե արարատցիների անարդյունավետ գործողությունները կարելի է ինչ որ չափով վերագրել թիմի կազմում տեղ գտած զգալի փոփոխություններին, ապա «Բանանցի» ոչ տպավորիչ խաղը զարմացրեց: Հանդիպման ելքը վճռած Լաերսիոյի խփած միակ գոլն էլ ավելի շատ «Արարատի» պաշտպանների թողտվության արդյունք էր, որոնք այդ պահին կարծես «քնել» էին:

Բաց թողած գոլից հետո արարատցիները զգալիորեն ակտիվացան, Գևորգ Նռանյանի խաղադաշտ դուրս գալով սկսեցին գործել երկու հարձակվողով: Սակայն ադպես էլ հյուրերին չհաջողվեց խուսափել պարտությունից: Ինչպես նախորդ մրցաշրջանում, այս անգամ էլ արարատցիների գրոհները հախուռն էին, հիմնականում բարձրից տուգանային հրապարակ կատարվող փոխանցումներն իրենցից առանձնակի վտանգ չէին ներկայացնում: «Արարատին» պարտությունից կարող էր փրկել թիմի նորեկ Ռաֆայել Ղազարյանը, սակայն նպաստավոր դիրքից աններելիորեն վրիպեց:

Հետաքրքիր է, որ երկու թիմերի մարզիչներն էլ ընդհանուր առմամբ գոհ էին իրենց սաների ցուցադրած խաղից: «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը նշել էր, որ ներկայումս թիմում փորձարկումներ են ընթանում հիմնական կազմը որոշելու համար: Կարծում ենք, որ փորձառու ու բանիմաց մասնագետին կհաջողվի կարճ ժամանակահատվածում լուծելու այդ խնդիրն ու մարտունակ կոլեկտիվ կազմավորելու, որն ունակ կլինի պայքարելու մրցանակային տեղերի համար ի հեճուկս որոշ լրագրողների, որոնք դեռ առաջնությունը չմեկնարկած, «Արարատի» համար արդեն ամրագրել են հետնապահի դերը:

Գոլազուրկ ոչ-ոքին տրամաբանական էր

Տուրի ավարտական խաղում գրանցվեց առաջնության առաջին գոլազուրկ ոչ-ոքին: Երկու թիմերն էլ բավական ակտիվ խաղ ցուցադրեցին՝ չմոռանալով հոգ տանել սեփական դարպասի պաշտպանության մասին: «Ալաշկերտն» ավելի շատ էր տիրում գնդակին և մեծ ուժերով հարձակվում էր, սակայն գանձասարցիները բավական հաջող պրեսինգ էին կիրառում մրցակցի ֆուտբոլիստների նկատմամբ՝ զրկելով նրանց ազատ գործելու հնարավորությունից:

Հյուրերն իրենց վատ չդրսևորեցին նաև գրոհներ կազմակերպելիս: Հատկապես վտանգավոր էին արագաշարժ Լուբամբո Մուսոնդայի սուր ճեղքումները: Առջևի գծում ակտիվ էր նաև գանձասարցիների նորեկ Արտակ Ալեքսանյանը:

Քամու ուղեկցությամբ ընթացած խաղում թեև ֆուտբոլիստներին դժվար էր գրագետ գործողություններով ու գեղեցիկ կոմբինացիաներով աչքի ընկնելը, սակայն երկու թիմերն էլ ունեցան դարպասը գրավելու հիանալի պահեր: Բայց այդ դրվագներում իրենց բարձրության վրա գտնվեցին փորձառու դարպասապահներ Գևորգ Կասպարովն ու Գրիգոր Մելիքսեթյանը՝ իրենց հուսալի գործողություններով չեզոքացնելով վտանգը: Գրանցված ոչ-ոքին իրոք խաղի տրամաբանական արդյունքն էր:

13909245_606105639568245_6188616133992416637_o

10 փաստ մեկնարկային տուրի մասին

  • Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Հյուրընկալվելիս միակ միավորը վաստակեց «Գանձասար Կապանը»:
  • 3 խաղում խփվեց  5 գոլ, որից 4-ը գրանցվեց «Շիրակի» և «Փյունիկի» մրցավեճում: Առաջնության անդրանիկ գոլի հեղինակ դարձավ շիրակցի Վիուլեն Այվազյանը՝ ով 2 գնդակով գլխավորեց լավագույն ռմբարկուների ցանկը:
  • «Շիրակը» 3-րդ տարին անընդմեջ հաղթանակով մեկնարկեց: 2014/15թթ. առաջնության մեկնարկային խաղում գյումրեցիները հյուրընկալվելիս առավելության էին հասել «Արարատի» նկատմամբ (2:0), իսկ հաջորդ տարի սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության էին մատնել «Գանձասար Կապանին»:
  • Երկամյա ընդմիջումից հետո «Շիրակին» վերջապես հաջողվեց հաղթել «Փյունիկին», որի հետ անցկացրած առաջնության նախորդ 9 հանդիպումներից 6-ում պարտություն էր կրել, 3 խաղ ավարտել էր  ոչ-ոքի:
  • «Արարատն» այս անգամ էլ անհաջող խաղաց «Բանանցի» մարզադաշտում, որտեղ անցկացրած առաջնության վերջին 23 հանդիպումներից 16-ում պարտվել է, 7-ն ավարտել ոչ-ոքի:
  • «Բանանցը» կրկին հաստատեց «Արարատի» համար անհարմար մրցակից լինելու փաստը՝ առաջնության վերջին 15 հանդիպումներում 8-րդ անգամ հաղթելով արարատցիներին, մնացած 7 խաղերն ավարտելով ոչ-ոքի:
  • 2-րդ տարին անընդմեջ «Փյունիկն» առաջնությունը սկսեց պարտությամբ: Անցած մրցաշրջանում փյունիկցիները մեկնարկում 1:2 հաշվով զիջել էին «Ալաշկերտին»:
  • Աբրահամ Խաշմանյանը փոքրիկ հոբելյան նշեց՝  50-րդ անգամ «Ալաշկերտին» ասպարեզ դուրս բերելով առաջնության հանդիպմանը: Նրա գլխավորությամբ ալաշկերտցիները 23 հաղթանակ են տոնել, 15 խաղ ավարտել են ոչ-ոքի, 12-ում պարտվել են, խփել են 73 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 52 գոլ:
  • Մեկնարկած առաջնությունում նշանակված 11մ առաջին հարվածն անվրեպ իրացրեց փյունիկցի Դավիթ Մանոյանը:
  • Խաղադաշտից հեռացված առաջին ֆուտբոլիստը շիրակցի Աղվան Դավոյանն է, ով «Փյունիկի» հետ մրցախաղում 2 դեղին քարտի էր արժանացել:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ