Բարձրագույն խումբ. Հայացք 8-րդ տուրի հանդիպումներին

VivaroNews.am-ն ամփոփել է բարձրագույն խմբի 8-րդ տուրը, որում «Ալաշկերտը» կրկին խոշոր հաշվով հաղթեց «Բանանցին», իսկ «Գանձասար Կապանը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնելով, ընդհատեց «Փյունիկի» 5 անպարտելի խաղերի շարքը:

«Փյունիկի» 5 անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց

Տուրը սկսվեց Կապանում կայացած մրցավեճով: Նախորդ տուրում «Գանձասար Կապանին» վերջապես հաջողվել էր ընդհատել 4 անընդմեջ պարտությունների շարքն ու հաղթանակ տոնել «Արարատի» նկատմամբ, ինչը գանձասարցիներին վստահություն էր հաղորդել: «Փյունիկն» էլ անհաջող մեկնարկից հետո կարգավորելով խաղը, առաջնությունում հաջող ելույթներ էր ունեցել՝  5 խաղ մնալով անպարտելի:

Սովորաբար գանձասարցիները շատ ագրեսիվ են գործում Կապանում: Այս անգամ էլ սեփական հարկի տակ նրանք ամեն ջանք գործադրեցին հաջողությունը շարունակելու համար: Եվ դա կապանցիներին հաջողվեց: Արդեն 12-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո դաշտի տերերը բացեցին հաշիվը: Աչքի ընկավ Հայկ Իշխանյանը՝ գլխի հարվածով գրավելով Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը: Ինչպես պարզվեց հետագայում, այդ գոլը միակն էր, որն էլ վճռեց հանդիպման ելքը:

Արամ Հայրապետյանն «Արարատին» փրկեց խոշոր հաշվով պարտվելուց

Առաջնության առաջատարի հետ հանդիպմանն «Արարատը» կրկին ներկայացավ փոփոխված կազմով: Արկադի Անդրեասյանին առայժմ չի հաջողվում գտնել մեկնարկային կազմի լավագույն տարբերակը, կարգավորել թիմի խաղը թե պաշտպանությունում, թե հատկապես հարձակման գծում: «Շիրակի» հետ խաղում էլ արարատցիները չկարողացան լրջորեն դիմադրել առաջատարին: Եվ եթե չլիներ դարպասապահ Արամ Հայրապետյանի վստահ խաղը, ապա արարատցիները խոշոր հաշվով կպարտվեին:

Առաջին խաղակեսն անցավ հիմնականում հավասար պայքարում, գոլային լուրջ պահեր էլ չստեղծվեցին: Հիմնական իրադարձությունները ծավալվեցին ընդմիջումից հետո: Դեռ նոր էր սկսվել 2-րդ խաղակեսը, երբ Ռումյան Հովսեփյանը բացեց հաշիվը: Շիրակցիները ոգևորված հաջողությունից, շարունակեցին ակտիվ գործողությունները՝ նոր սպառնալիքներ ստեղծելով «Արարատի» դարպասին: Հաշիվը կրկնապատկելու լավ հնարավորությունը ձեռքից բաց թողեց Ռումյան Հովսեփյանը, ով վրիպեց նպաստավոր դիրքից:

Երկու անգամ էլ գոլ խփելու հիանալի հնարավորություն ուներ Դավիթ Հակոբյանը: Առաջին դրվագում նրա հուժկու հարվածը ցնցեց դարպասի հորիզոնական ձողը, իսկ 76–րդ րոպեին նա չկարողացավ իրացնել 11մ հարվածը, որը նշանակվել էր Սուլեյման Կոնեի ձեռքով խաղի համար: Իրեն հիանալի դրսևորեց Արամ Հայրապետյանը՝ հետ մղելով հարվածը:

Այդ դրվագից անմիջապես հետո կարող էր գործել ֆուտբոլում չգրված օրենքը, սակայն արարատցիները չկարողացան իրացնել հանդիպման ընթացքում ստեղծած գոլային ամենաիրական պահը: Արամ Լոռեցյանի անհատական անցումից հետո հետևեց Կիրիան Նվաբուեզեի հարվածը, որը հետ մղեց Անատոլի Այվազովը: Գնդակը հայտնվեց երիտասարդ Սարգիս Մեթոյանի մոտ, ով անակնկալի գալով, մոտ տարածությունից բարձր հարվածեց:

Տարօրինակ էր, որ նույնիսկ խաղավերջում արարատցիներն առանձնակի ակտիվություն չդրսևորեցին պարտությունից խուսափելու համար ու ավելի շատ զբաղված էին շիրակցիների գրոհները դիմագրավելով: Նման խաղով իհարկե դժվար է հաջողություն ակնկալել:

 «Շիրակը» հերթական հաղթանակը տոնելով, շարունակում է գլխավորել աղյուսակը: Միայն ափսոս, որ այս խաղում ձեռքը կոտրեց «Շիրակի» փորձառու պաշտպան Գևորգ Հովհաննիսյանը, ով հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական:

Արթուր Եդիգարյանի «կրակոցները» վճռեցին հանդիպման ելքը

Բավական հետաքրքիր ու աշխույժ մրցապայքարում անցավ երկրի չեմպիոնի և գավաթակրի նոր հանդիպումը, որոնք ընդամենը 8 օր առաջ էին ավարտել իրենց մրցավեճը Սուպերգավաթի համար: Երկու թիմերն էլ աչքի ընկան ագրեսիվ գործողություններով, սակայն գոլային պահերի իրացման հարցում ավելի հաջողակ գտնվեցին ալաշկերտցիները:

Չեմպիոնը հանդիպման ելքը վճռեց արդեն առաջին խաղակեսում: Դրա համար «Ալաշկերտը» պետք է շնորհակալ լինի Արթուր Եդիգարյանին, ով ընթացիկ առաջնությունում ընդամենը 2-րդ անգամ հայտնվելով մեկնարկային կազմում, հեռահար երկու ուժգին հարվածների շնորհիվ խոցեց «Բանանցի» դարպասը:

Երկու դեպքում էլ այնքան էլ վստահ չգործեց դարպասապահ Ստեփան Ղազարյանը, ով ի դեպ ընդմիջումից հետո փոխարինվեց՝ տեղը զիջելով իր երիտասարդ գործընկեր Գրիգոր Մակարյանին:

Ճիշտ է, խաղից հետո Տիտո Ռամալյոն նշել էր, որ Ղազարյանը վնասվածքով էր խաղադաշտ դուրս եկել, ինչն էլ նրան խանգարել էր հետ մղելու Եդիգարյանի հարվածները: Իսկ վերջինս ֆուտբոլային իր կարիերայի ընթացքում առաջին անգամ գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

Ընդմիջումից հետո էլ խաղադաշտում ավելի ակտիվ էին «Ալաշկերտի» ֆուտբոլիստները, որոնց շուտով հաջողվեց նաև 3-րդ գնդակը խփել և ինչպես առաջին շրջանում, կրկին հաղթել 3:0 հաշվով: Աչքի ընկավ նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը, ով առայժմ չի դրսևորում նախկին արդյունավետությունը՝ խփելով ընդամենը 2-րդ գնդակը:

«Բանանցի» ֆուտբոլիստները փորձում էին բեկել մրցակցության ընթացքը, սակայն դա նրանց չէր հաջողվում: Ճիշտ է, նրանք մի քանի դրվագում սպառնացին մրցակցի դարպասին, սակայն վստահ գործեց դարպասապահ Արսեն Բեգլարյանը:

Մրցաշարային աղյուսակ

BX table

10 փաստ 8-րդ  տուրի մասին

  • Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք հաղթեցին երկու խաղում, պարտվեցին մեկում: Դաշտի տերերից հաջողությունն ուղեկցեց միայն «Գանձասար Կապանին»: Վերջին 4 տուրերն ավարտվել են հյուրերի առավելությամբ: Առաջնության 24 հանդիպումներում  դաշտի տերերը տոնել են 9 հաղթանակ, հյուրերը հաջողության են հասել 10 անգամ, 5 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
  • 8-րդ տուրում խփվեց 5 գոլ, որոնց հեղինակները միայն հաղթած թիմերի ֆուտբոլիստներն էին: Առաջնության մեկնարկից 47 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը գնալով նվազում է՝ կազմելով 1,95 գոլ մեկ խաղում:
  • «Ալաշկերտն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը տոնեց՝ կրկին 3:0 հաշվով առավելության հասնելով «Բանանցի» նկատմամբ: Դա ընթացիկ առաջնությունում գրանցված խոշոր հաշվով 4-րդ հաղթանակն էր: Նման կարգի մեկական հաղթանակ են տոնել «Փյունիկն» ու «Բանանցը»:
  • «Արարատը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Արարատցիների մոտ կրկին գոլային երաշտ է սկսվել: Նրանք արդեն 284 րոպե մրցակցի դարպասի բանալին չեն գտել:
  • Արթուր Եդիգարյանը դառնալով դուբլի հեղինակ, 4 գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Նախորդ մրցաշրջանում 8 տուրից հետո բոլորից արդյունավետը Միհրան Մանասյանն էր, ով 6 գոլի հեղինակ էր դարձել:
  • «Շիրակի» ավագ Կարեն Ալեքսանյանը պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 450-րդ խաղն անցկացրեց: Դրանցից 323-ը նա անցկացրել Է ՀՀ առաջնություններում: Գործող ֆուտբոլիստների մեջ Ալեքսանյանի արդյունքը լավագույնն է, իսկ «300-ի ակումբում» նրա ցուցանիշը 5-րդն է: Հիշեցնենք, որ պաշտոնական մրցումներում բոլորից շատ խաղի է մասնակցել «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը՝ 605: Ալեքսանյանը նաև ընթացիկ առաջնության ամենատարեց ֆուտբոլիստն է: «Արարատի» հետ մրցախաղում նա 36 տարեկան 106 օրական էր:
  • Արարատցի Վահե Մարտիրոսյանը թիմի կազմում բարձրագույն խմբում 114-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց «Արարատի» ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում, որը 247 խաղով գլխավորում է Արթուր Մինասյանը: Մարտիրոսյանը ցուցակից դուրս մղեց Էդգար Սաֆարյանին, ով «Արարատում» մասնակցել էր 113 խաղի:
  • «Արարատի» մեկ այլ ֆուտբոլիստ՝  28-ամյա Գորիկ Խաչատրյանը թիմի կազմում 131-րդ խաղն անցկացնելով, տարիքային նոր ռեկորդ սահմանեց: Այդ տարիքում «Արարատի» կազմում բոլորից շատ՝ 130 խաղի էր մասնակցել Տիգրան Գսպեյանը:
  • Արսեն Բեգլարյանն առաջնության 3-րդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահեց: Նա արդեն 316 րոպե շարունակ գոլ բաց չի թողել:
  • Տուրում նշանակված միակ 11մ հարվածը չիրացրեց շիրակցի Դավիթ Հակոբյանը, ով չկարողացավ հաղթող դուրս գալ «Արարատի» դարպասապահ Արամ Հայրապետյանի հետ մենամարտում:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ