Բարձրագույն խումբ. Հայացք 6-րդ տուրի հանդիպումներին

VivaroNews.am-ն ամփոփել է բարձրագույն խմբի 6-րդ տուրը, որով տրվեց առաջնության 2-րդ շրջանի մեկնարկը: «Շիրակը» շարունակեց անպարտելի խաղերի շարքը, իսկ «Գանձասար Կապանը» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց:

«Արարատը»  նման չէր չեմպիոնին հաղթած թիմին

Տուրի մեկնարկային խաղում «Արարատի» երկրպագուներն իրենց սիրելիներից «Ալաշկերտի» հետ մրցավեճի շարունակությունն էին ակնկալում՝ թիմի նոր հաղթանակը տոնելու հույսով տեղ զբաղեցնելով տրիբունաներում: Սակայն այդ ակնկալիքները չարդարացան: «Բանանցի» հետ խաղում «Արարատը» նման չէր այն թիմին, որը նախորդ տուրում վստահ հաղթանակ էր տոնել չեմպիոնի նկատմամբ:

Արարատցիներն այս խաղում ոչնչով աչքի չընկան՝ չկարողանալով դրսևորել խաղային իրենց որակները ու լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Թիմի գրոհներն անկազմակերպ էին ու իրենցից առանձնակի վտանգ չէին պարունակում: Շատ պասիվ էր Կիրիան Նվաբուեզեն, որին մրցակցի պաշտպանները վնասազերծել էին: Դրան գումարվեց պաշտպանների անվստահ խաղը, որի հետևանքով «Բանանցը» վտանգավոր մի շարք պահեր ստեղծեց «Արարատի» դարպասին:

Եվ եթե իր բարձրության վրա չգտնվեր դարպասապահ Արամ Հայրապետյանը, ապա արարատցիները խոշոր հաշվով կպարտվեին: Մասնավորապես նա երեք անգամ հետ մղեց Ացամազ Բուրաևի հարվածները, ինչպես նաև վստահ գործեց Լաերսիոյի տուգանային հարվածից հետո:

«Բանանցն» այս խաղում բավական ակտիվ էր ու տիրում էր նախաձեռնությանը: Եվ արդեն 3-րդ րոպեին օգտվելով մրցակցի պաշտպանների անվստահ խաղից, Զավեն Բադոյանը բացեց հաշիվը: Արարատցիները կարող էին անմիջապես վերականգնել հավասարակշռությունը, սակայն Արամ Լոռեցյանը նպաստավոր դիրքից վրիպեց: Դա «Արարատի» ստեղծած ամենավտանգավոր պահն էր այդ խաղում: Հիշարժան էր նաև առաջին խաղակեսի ավարտին Գեղամ Թումբարյանի վտանգավոր հարվածը, որը չեզոքացրեց Ստեփան Ղազարյանը:

Իսկ «Բանանցը» շարունակելով հարձակողական ակտիվ գործողությունները, ընդմիջումից հետո Ալեքսանդր Օգանիսյանի դիպուկ հարվածի շնորհիվ կրկնապատկեց հաշիվը՝ վճռելով հանդիպման ելքը:

Ֆոմենկոյի վճռորոշ հարվածներն ու դարպասապահի ինքնագոլը

Ինչպես մրցաշարային վիճակի, այնպես էլ հոգեբանական առումով Կապանում կայացած հանդիպումը շատ կարևոր էր մրցող թիմերի, հատկապես «Գանձասար Կապանի» համար, որը նախորդ 3 խաղերում խաղադաշտից պարտված էր հեռացել: Չեմպիոնն էլ պետք է ապացուցեր, որ «Արարատից» կրած պարտությունից հետո բնավ էլ չի ընկճվել ու ճիշտ հետևություններ է արել:

Նախորդ խաղի համեմատ Աբրահամ Խաշմանյանը թիմի մեկնարկային կազմում միանգամից 5 փոփոխություն էր կատարել: Բացի այդ, ընթացիկ առաջնությունում առաջին անգամ «Ալաշկերտը» խաղը սկսեց երկու հարձակվողով: Վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած Միհրան Մանասյանի հետ հարձակողական երկյակ էր կազմել Յուրի Ֆոմենկոն, ով աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում: Եվ հենց նա էլ դարձավ հանդիպման հերոսը:

Արդեն 13-րդ րոպեին «Ալաշկերտը» բացեց հաշիվը: Ալաշկերտցիները երկար փոխանցումով գնդակն ուղարկեցին կապանցիների կիսադաշտ՝ փորձելով այն հասցեագրել դեպի դարպասը սուրացող Միհրան Մանասյանին: Կապանցիների դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը տուգանային հրապարակից դուրս գալով, գլխով հեռացրեց գնդակը: Այն հայտնվեց Յուրի Ֆոմենկոյի մոտ, ով դարպասապահի գլխավերևով փորձեց գնդակն ուղարկել անպաշտպան դարպասը: Մելիքսեթյանը փորձեց բռունցքով հեռացնել գնդակը, սակայն նրա հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասում: Խաղի արձանագրությունում այդ գոլը գրանցվեց Մելիքսեթյանի անվան դիմաց որպես ինքնագոլ:

31-րդ րոպեին էլ Ֆոմենկոն հաղթող դուրս գալով օդային մենամարտում, գլխի հարվածով երկրորդ անգամ ստիպեց Մելիքսեթյանին գնդակը հանել ցանցից: Այդ դրվագում էլ կապանցիների դարպասապահը վստահ չգործեց: Ի դեպ, խաղից հետո Աշոտ Բարսեղյանն իր դժգոհությունը հայտնեց դարպասապահի գործողություններից:

Եվ այսպես, «Գանձասար Կապանը» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց ու ավելի վատթարացրեց մրցաշարային իր անմխիթար վիճակը, իսկ «Ալաշկերտը» 2-ով կրճատեց միավորների տարբերությունն առաջատարից: Գանձասարցիների հետ առաջնության վերջին 9 հանդիպումներում «Ալաշկերտը» 5-րդ հաղթանակը տոնեց, մնացած 4 խաղերն ավարտվել են ոչ-ոքի: Արդեն 2 տարի է, ինչ «Գանձասար Կապանը» չի կարողանում հաղթել «Ալաշկերտին»:

«Շիրակին»  այս անգամ չհաջողվեց խաղավերջում հաղթանակ կորզել

Տուրի կենտրոնական հանդիպումը մեծ հետաքրքրությամբ էր սպասվում: «Փյունիկն» անհաջող մեկնարկից հետո զգալիորեն բարելավել է իր խաղը՝ աչքի ընկնելով գրագետ գործողություններով: Իսկ «Շիրակը» գերազանց է մեկնարկել՝ վստահորեն գլխավորելով մրցաշարային աղյուսակը:

Խաղն անցավ փյունիկցիների զգալի առավելությամբ, որոնք մի քանի անգամ լրջորեն սպառնացին շիրակցիների դարպասին ու ավելի մոտ էին հաղթանակին: Սակայն հստակ գործեց «Շիրակի» երիտասարդ դարպասապահ Անատոլի Այվազովը՝ չեզոքացնելով իր նախկին թիմակիցների սպառնալիքները: Մասնավորապես նա հետ մղեց Ռազմիկ Հակոբյանի, Վարդան Պողոսյանի և Հովհաննես Պողոսյանի վտանգավոր հարվածները:

«Շիրակն» այս խաղում աչքի չընկավ հարձակողական ակտիվ գործողություններով՝ հիմնականում մտահոգվելով սեփական դարպասի պաշտպանությամբ: Առջևի գծում հանդես եկող Վիուլեն Այվազյանն ու Բրայան Դե լա Ֆուենտեն Դավիթ Հակոբյանի հետ միասին չկարողացան լրջորեն անհանգստացնել Գոռ Մանուկյանին: Բավական է նշել, որ առաջին վտանգավոր հարվածը «Փյունիկի»  դարպասին շիրակցիները կատարեցին միայն առաջին խաղակեսի ավարտին: Ֆուենտեի հարվածից հետո Մանուկյանը գնդակը հանեց անկյունային:

Վարդան Բիչախչյանը փորձեց փոխարինումների միջոցով ակտիվացնել թիմի հարձակողական գործողությունները: Դա որոշ չափով նրան հաջողվեց: Հատկապես ակտիվորեն խաղի մեջ ներգրավվեց Արամ Մուրադյանը, ով նախորդ խաղի նման խաղավերջում կարող էր հաղթանակ պարգևել իր թիմին, սակայն վստահ գործեց Գոռ Մանուկյանը: Թեև խաղավերջում գյումրեցիները զգալիորեն ակտիվացան, սակայն այս անգամ հաղթանակ կորզել նրանց չհաջողվեց: Գրանցվեց առաջնության 3-րդ գոլազուրկ ոչ-ոքին:

Խաղից հետո Վարդան Բիչախչյանն իրավացիորեն դժգոհեց իր թիմի ցուցադրած խաղից՝ առանձնացնելով դարպասապահ Անատոլի Այվազովին, որի վստահ գործողությունների շնորհիվ «Շիրակը» շարունակեց անպարտելի խաղերի շարքը: Իսկ Արտակ Օսեյանն ընդհանուր առմամբ գոհ էր իր սաներից՝ ափսոսանք հայտնելով, որ չկարողացան իրացնել գոլային պահերը:

Մրցաշարային աղյուսակ

2016-09-19 12_54_17-Վիճակագրություն @ Vivarobet բուքմեյքերական ընկերություն - Օնլայն խաղադրույքներ,

10 փաստ 6-րդ  տուրի մասին

  • Առաջնության երկրորդ շրջանի մեկնարկային տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք հաղթեցին երկու խաղում, մեկն ավարտեցին ոչ-ոքի: Դաշտի տերերից միակ միավորը վաստակեց «Փյունիկը»: Առաջին անգամ դաշտի տերերին չհաջողվեց տուրում հաղթանակ տոնել: Առաջնության 18 հանդիպումներից 8-ում հաղթել են դաշտի տերերը, 6-ում հաջողության են հասել հյուրերը, 4 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
  • 6-րդ տուրն ամենասակավագոլն էր. 3 խաղում խփվեց ընդամենը 4 գոլ: Առաջին անգամ ընթացիկ առաջնությունում դաշտի տերերին չհաջողվեց տուրում գոլ խփել: Առաջնության մեկնարկից 39 գոլ է գրանցվել, միջին արդյունավետությունը կազմում է 2,16 գոլ մեկ խաղում:
  • «Գանձասար Կապանը» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Վերջին երկու հանդիպումներում գանձասարցիներին չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասը:
  • «Արարատին» այս անգամ էլ չհաջողվեց հաղթել «Բանանցին»: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 16 հանդիպումներում «Բանանցը» 9 հաղթանակ է տոնել, 7 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
  • Վերջին 4 հանդիպումներում «Փյունիկը» հաջող է խաղում՝ վաստակելով 8 միավոր, տոնելով 2 հաղթանակ, 2 խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Իսկ ահա «Շիրակի» հետ առաջնության վերջին 4 հանդիպումներում փյունիկցիներին չի հաջողվել հաղթել՝ կրելով մեկ պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի:
  • Ալեքսանդր Օգանիսյանը բացեց գոլերի հաշիվը բարձրագույն խմբում:
  • Մարատ Դաուդովը նորամուտը նշեց «Արարատում»: Վերջին հանդիպումը Հայաստանի առաջնությունում նա անցկացրել էր գանձասարցիների կազմում 2014թ. նոյեմբերի 29-ին՝ մասնակցելով «Միկայի» հետ խաղին:
  • Անատոլի Այվազովն ընթացիկ առաջնությունում 4-րդ անգամ դարպասն անառիկ պահեց, ինչը լավագույն արդյունքն է դարպասապահների մեջ: Անցկացրած 6 հանդիպումներում «Շիրակի» դարպասապահն ընդամենը 3 գոլ է բաց թողել, միջինը մեկ խաղում՝ 0,5 գնդակ: Այս ցուցանիշով Այվազովն առաջնության ամենահուսալի դարպասապահն է:
  • Արսեն Բեգլարյանը 3-րդ խաղն անցկացնելով «Ալաշկերտում», առաջին անգամ դարպասն անառիկ պահեց: Պաշտոնական մրցումներում դա Բեգլարյանի 51-րդ «չոր» խաղն էր: Գործող դարպասապահներից նա այդ ցուցանիշով զիջում է միայն իր թիմակից Գևորգ Կասպարովին (140 խաղ) և «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանին (71):
  •  «Գանձասար Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը դարձավ ընթացիկ առաջնությունում գրանցված 3-րդ ինքնագոլի հեղինակը: Մինչ այդ 4-րդ տուրում կայացած «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղում սեփական դարպասը գրավել էին ալաշկերտցի Գագիկ Դաղբաշյանն ու շիրակցի Արտյոմ Միքայելյանը:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ