Բարձրագույն խումբ. Հայացք 5-րդ տուրի հանդիպումներին

«Վիվառո նյուզն» ամփոփել է բարձրագույն խմբի 5-րդ տուրը, որում «Շիրակը» հերթական հաղթանակը տոնելով, ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքն ու դարձավ առաջին շրջանի հաղթող, իսկ «Արարատին» վերջապես հաջողվեց բացել գոլերի հաշիվն ու անդրանիկ հաղթանակը տոնել՝  առաջինը պարտության մատնելով երկրի չեմպիոն «Ալաշկերտին»:

«Արարատի»  առաջին հաղթանակն ու գոլային երաշտի ավարտը

«Ալաշկերտի» և «Արարատի» մրցավեճով վերսկսվեց առաջնությունը, որն ընդմիջվել էր ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականների ելույթների պատճառով: Ինչպես ցույց տվեց հանդիպումը, արարատցիները բավական արդյունավետ էին օգտագործել հարաբերական հանգիստը: Փորձառու մասնագետ Արկադի Անդրեասյանին հաջողվել էր շտկել նախապատրաստական շրջանում իր սաների բացթողումները, որոնք չեմպիոնի հետ մրցավեճում իրենց գերազանց դրսևորեցին:

Արարատցիները ոչ միայն հստակ գործեցին պաշտպանությունում, այլև չափազանց ագրեսիվ էին առջևի գծում՝ սուր ու արդյունավետ հակագրոհներ կազմակերպելիս: Թիմի նիգերիացի հարձակվող Կիրիան Նվաբուեզեն, ով աչքի է ընկնում իր ֆիզիկական լավ տվյալներով ու արագաշարժությամբ, աստիճանաբար վերածվում է «Արարատի» հարձակման առաջատարի: Չեմպիոնի հետ մրցավեճում նա դարձավ հանդիպման հերոսը՝ մեծ ներդրում ունենալով թիմի հաղթանակում:

Արդեն 6-րդ րոպեին շրջանցելով մրցակցի պաշտպանին ու ընդառաջ դուրս եկած Գևորգ Կասպարովին, Նվաբուեզեն բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում նա նույնությամբ կրկնեց խաղային այդ դրվագը ու կրկին հաշվի մեջ առաջ մղեց «Արարատին»: Մինչ այդ ալաշկերտցիներից Արթուր Եդիգարյանին հաջողվել էր վերականգնել հավասարակշռությունը: Իսկ հանդիպման վերջակետը տպավորիչ հարվածով դրեց Արոն Կպեհիան, ով մինչ այդ վրիպել էր չափազանց նպաստավոր դիրքից:

«Ալաշկերտ» 1-3 «Արարատ» հանդիպումը լուսանկարներով (ֆոտոշարք)

«Ալաշկերտն» այս խաղում ոչնչով աչքի չընկավ: Թիմի գրոհները հախուռն էին և սրություն չէին պարունակում: Զգացնել տվեց վնասվածքի պատճառով հանդիպմանը չմասնակցած Միհրան Մանասյանի բացակայությունը, որին փոխարինած Յուրի Ֆոմենկոն ընդամենը երկու հարված կատարեց դարպասին, որոնք հետ մղվեցին դարպասապահ Արամ Հայրապետյանի կողմից:

«Ալաշկերտի» պաշտպանությունում էլ որոշ փոփոխություններ էին կատարվել: Վնասվածքից ապաքինվելուց հետո ընթացիկ առաջնությունում առաջին անգամ խաղադաշտ էին դուրս եկել թիմի ավագ Արարատ Առաքելյանն ու Դմիտրի Խովբոշան, իսկ Մարատ Բուտուևը նորամուտը նշեց «Ալաշկերտում»: Այս անգամ անվստահ գործեց նաև փորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովը, ով իր անցկացրած նախորդ երկու հանդիպումներում էլ դարպասն անառիկ էր պահել:

Եվ այսպես, «Արարատն» առաջնությունում անդրանիկ հաղթանակը տոնեց, իսկ չեմպիոնն առաջին անգամ խաղադաշտից պարտված հեռացավ:

«Շիրակը»  3-րդ անգամ հաջողության հասավ խաղավերջում

Կապանում գանձասարցիների և շիրակցիների մրցավեճը մեծ հետաքրքրությամբ էր սպասվում: «Շիրակը» հաջող մեկնարկի շնորհիվ վստահորեն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Նախօրեին «Ալաշկերտի» կրած պարտությունից հետո գյումրեցիները լավ հնարավորություն էին ստացել ավելի ամրապնդելու առաջատարի իրենց դիրքն ու դառնալու առաջին շրջանի հաղթող:

Իսկ ահա «Գանձասար Կապանը» նախորդ երկու հանդիպումներում էլ պարտվել էր խոշոր հաշվով և անպայման ձգտելու էր սեփական հարկի տակ շտկելու դրությունը:

Երկու թիմերի մարզիչներն էլ մեկնարկային կազմում ընդգրկել էին վերջերս ակումբները համալրած ֆուտբոլիստներին: Գանձասարցիների կազմում նորամուտը նշեց բրազիլացի կիսապաշտպան Վալմերսոն Գարսիա Պրայան, իսկ շիրակցիների կազմում խաղադաշտ դուրս եկավ նախկին արարատցի Բրայան Դե լա Ֆուենտեն:

Համառ պայքարում անցած մրցակցության ելքը վճռվեց խաղավերջում, երբ Արամ Մուրադյանը գրավեց Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը ու չափազանց կարևոր հաղթանակ պարգևեց «Շիրակին»: Հարկ է նշել, որ ընթացիկ առաջնությունում գյումրեցիներն արդեն 3-րդ անգամ են հաղթանակ կորզում խաղավերջում:

Հիշեցնենք, որ «Բանանցի» հետ 2-րդ տուրի խաղում Դավիթ Հակոբյանը միակ գոլը խփել էր ավելացված ժամանակում, իսկ հաջորդ տուրում «Արարատի» հետ մրցավեճում Վահան Բիչախչյանն աչքի էր ընկել խաղավարտից 4 րոպե առաջ: Սա վկայում է մինչև վերջ պայքարելու ու հաղթանակ տոնելու շիրակցիների վճռականության մասին:

Իսկ «Գանձասար Կապանը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Հերթական անգամ գանձասարցիներին չհաջողվեց առավելության հասնել շիրակցիների նկատմամբ: Մրցակիցների միջև կայացած ՀՀ առաջնությունների վերջին 11 հանդիպումներից 6-ում հաղթել է «Շիրակը», 5 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Էրիկ Պետրոսյանի հաղթական գոլը

Տուրը եզրափակած «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումն անցավ բավական աշխույժ մրցապայքարում: Երկու թիմերն էլ մեծ ջանքեր գործադրեցին հաղթանակի հասնելու համար: Խաղասկզբում ավելի ակտիվ էին «Բանանցի» ֆուտբոլիստները, սակայն միայն մեկ անգամ նրանք լրջորեն սպառնացին մրցակցի դարպասին: Բայց Զավեն Բադոյանի հարվածից հետո Գոռ Մանուկյանը գնդակը հանեց անկյունային:

Աստիճանաբար փյունիկցիները հավասարեցրին խաղը: Նրանց գրոհներն ավելի վտանգավոր էին, որոնցից մեկն էլ դիպուկ հարվածով եզրափակեց Վարդան Պողոսյանը:

Ընդմիջումից հետո «Բանանցը» զգալիորեն ակտիվացրեց հարձակողական գործողությունները, որի արդյունքում Վլատկո Դրոբարովին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Թվում էր, թե մրցակիցները խաղադաշտից կհեռանան մեկական միավոր վաստակած, սակայն ավելացված ժամանակում «Փյունիկը» կորզեց հաղթանակը:

Աջից Ռազմիկ Հակոբյանի անցումից ու ճշգրիտ փոխանցումից հետո հետևեց փոխարինման մտած Էրիկ Պետրոսյանի դիպուկ հարվածը: Ստեփան Ղազարյանն անկարող էր փրկել դրությունը: Մինչ այդ էլ Էրիկ Պետրոսյանի վտանգավոր փոխանցումը կանխելիս քիչ էր մնացել սեփական դարպասը գրավեր Ասլան Կալմանովը:

Մրցաշարային աղյուսակ

Բարձրագույն խումբ - Մրցաշարային աղյուսակ

10 փաստ 5-րդ  տուրի մասին

  • 5-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց առաջնության առաջին շրջանը: Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք հաղթեցին երկու խաղում, մեկում պարտվեցին: Դաշտի տերերից հաջողությունն ուղեկցեց միայն «Փյունիկին»: Առաջին շրջանի 15 հանդիպումներից 8-ում հաղթել են դաշտի տերերը, 4-ում հաջողության են հասել հյուրերը, 3 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
  • 3 խաղում խփվեց 8 գոլ: Արդյունավետությամբ 5-րդ տուրը զիջում է միայն նախորդ տուրին, որում մեկ գնդակ ավելի էր խփվել: Առաջնության մեկնարկից 35 գոլ է գրանցվել, միջին արդյունավետությունը կազմում է 2,33 գոլ մեկ խաղում:
  • «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել 397 րոպե տևած գոլային երաշտը և առաջնությունում անդրանիկ հաղթանակը տոնել: ՀՀ առաջնությունների վերջին 4 հանդիպումներում արարատցիները շատ հաջող են խաղացել ալաշկերտցիների հետ՝ տոնելով 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Արարատի» նկատմամբ «Ալաշկերտը» տոնել է անցյալ տարվա օգոստոսի 29-ին՝ 2:1:
  • «Ալաշկերտն» ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունը կրեց: Նախորդ մրցաշրջանի մեկնարկային 5 հանդիպումներում ալաշկերտցիները 11 միավոր էին վաստակել՝ մնալով անպարտելի: Ընդ որում, հենց 5-րդ տուրից հետո «Ալաշկերտն» իր պատմության մեջ առաջին անգամ գլխավորեց մրցաշարային աղյուսակը և մինչև առաջնության ավարտը ոչ մեկին չզիջեց առաջատարի դիրքը:
  • Կիրիան Նվաբուեզեն դարձավ առաջնությունում գրանցված 3-րդ դուբլի հեղինակը: Մինչ այդ դա հաջողվել էր շիրակցի Վիուլեն Այվազյանին և փյունիկցի Ալիկ Առաքելյանին: Նվաբուեզեն «Արարատում» գոլերի հաշիվը բացել էր նախորդ առաջնությունում՝ գրավելով իր նախկին թիմի՝ «Բանանցի» դարպասը: 3 գոլով նիգերիացի հարձակվողն ընդգրկվեց «Արարատի» ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում:
  • 29-ամյա Արթուր Եդիգարյանն ընթացիկ առաջնությունում 2-րդ գոլը խփելով, տարիքային նոր ռեկորդ սահմանեց «Ալաշկերտի» ֆուտբոլիստների մեջ:
  • Արոն Կպեհիան բացեց գոլերի հաշիվն «Արարատում»՝ ընդգրկվելով թիմի կազմում գոլ խփած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում: «Ալաշկերտի» հետ խաղի օրը նա 19 տարեկան 265 օրական էր: Հետաքրքիր է, որ ՀՀ առաջնություններում էլ իվուարցի ֆուտբոլիստն իր առաջին գոլը խփել էր «Ալաշկերտի» դարպասը՝ ապրիլի 2-ին աչքի ընկնելով «Միկայի» կազմում:
  • Վլատկո Դրոբարովը բացեց գոլերի հաշիվը Հայաստանի առաջնություններում:
  • Դմիտրի Խովբոշան և Մարատ Բուտուևը նորամուտը նշեցին «Ալաշկերտի» կազմում: Խովբոշան ընդգրկվեց «Ալաշկերտի» ամենատարեց լեգեոնականների տասնյակում: Առաջին շրջանում Աբրահամ Խաշմանյանն արդեն ասպարեզ է հանել 23 ֆուտբոլիստի:
  • Շիրակցի Անատոլի Այվազովն առաջին շրջանում հանդես եկած դարպասապահներից ամենահուսալին է: Անցկացրած 5 խաղերից 3-ում նա դարպասն անառիկ է պահել՝ բաց թողնելով ընդամենը 3 գոլ:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ