Բարձրագույն խումբ. Հայացք 4-րդ տուրի հանդիպումներին

«Վիվառո նյուզն» ամփոփել է բարձրագույն խմբի 4-րդ տուրը, որում երկրի չեմպիոն «Ալաշկերտին» հաջողվեց ընդհատել «Շիրակի» հաղթարշավը, «Արարատն» առաջնությունում առաջին միավորը վաստակեց, իսկ «Գանձասար Կապանը» կրկին խաղադաշտը թողեց խոշոր հաշվով պարտված:

Մարտական ոչ-ոքի չեմպիոնի և փոխչեմպիոնի մրցավեճում

Գյումրիում ՀՀ չեմպիոնի և փոխչեմպիոնի միջև կայացած տուրի կենտրոնական հանդիպումն անցավ տոնական մթնոլորտում: Խաղից առաջ մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերները բուռն ծափահարություններով ու բացականչություններով դիմավորեցին Ռիոյի օլիմպիադայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին և արծաթե մրցանակակիր, ծանրորդ Գոռ Մինասյանին, որոնց նրանց անվամբ «Շիրակի» մարզաշապիկներ նվիրեց թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Օլիմպիադայի մեր հերոսները հանդիպման խարհրդանշական առաջին հարվածը կատարեցին, որից հետո խաղադաշտում ծավալվեց չափազանց հետաքրքիր մրցավեճ:

Երկու թիմերն էլ ակտիվ գործողություններով մինչև հանդիպման ավարտը հաճելի լարվածության մեջ պահեցին ֆուտբոլասերներին՝ հրամցնելով բավական դիտարժան ու գոլառատ ֆուտբոլ:

«Շիրակն» այս անգամ սեփական հարկի տակ ընտրել էր հակագրոհների տակտիկա: Եվ թեև ալաշկերտցիներն ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն ավելի վտանգավոր էին շիրակցիների հակագրոհները: Կրկին իրենց տարերքի մեջ էին գյումրեցիների առջևի գծի խաղացողներ Վիուլեն Այվազյանն ու Դավիթ Հակոբյանը, իսկ Ռումյան Հովսեփյանը հաջողությամբ էր կատարում թիմի դիսպետչերի պարտականությունները:

Հենց նրանց անմիջական ջանքերի շնորհիվ էլ դեռևս առաջին խաղակեսում շիրակցիները 2 անգամ գրավեցին Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը: Երկու դեպքում էլ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դավիթ Հակոբյանը, ով աստիճանաբար վերածվում է թիմի հարձակման գծի իսկական առաջատարի:

Առաջին դրվագում ձախ թևից Հակոբյանի հիանալի անցումից ու փոխանցումից հետո ալաշկերտցի Գագիկ Դաղբաշյանը փորձելով կանխել վտանգը, գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Երկրորդ դրվագում Դավիթը ճշգրիտ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Վիուլեն Այվազյանին, ով ձեռքից բաց չթողեց հաշիվը կրկնապատկելու հիանալի հնարավորությունը:

Թվում էր, թե «Շիրակին» կհաջողվի պահպանել հաղթական հաշիվն ու հերթական հաղթանակը տոնելով, ավելի կամրապնդի առաջատարի իր դիրքը: Սակայն ինչպես նախկինում էր պատահել, շիրակցիները 2-րդ խաղակեսում մրցակցին թույլ տվեցին խուսափել պարտությունից: «Ալաշկերտի» կազմում բավական ակտիվ խաղի մեջ ներգրավվեց Արթուր Եդիգարյանը՝ զգալի ներդրում ունենալով խաղը փրկելու թիմակիցների ներդրած ընդհանուր ջանքերում:

ՀՀ չեմպիոնին հաջողվեց խուսափել պարտությունից: Նախ հեռահար հիանալի հարվածով աչքի ընկավ «Ալաշկերտի» նորեկ Իրակլի Կվեկվեսկիրին, ապա «Շիրակի» դարպասի մոտ ստեղծված խառը իրավիճակում Անդրանիկ Ոսկանյանի հարվածից հետո ինքնագոլ գրանցվեց Արտյոմ Միքայելյանի հաշվին:

Գրանցված մարտական ոչ-ոքին պահպանեց առաջատարների դիրքերը մրցաշարային աղյուսակում՝ միաժամանակ թույլ տալով «Բանանցին» կրճատելու միավորների տարբերությունը նրանցից:

«Արարատն» առաջին միավորը վաստակեց, իսկ գոլ խփել կրկին չկարողացավ

«Արարատն» ու «Փյունիկը» գրեթե նույն կերպ էին մեկնարկել՝ առաջնությունը սկսելով 2 անընդմեջ պարտությամբ: Սակայն եթե «Փյունիկը» հաջորդ տուրում անդրանիկ հաղթանակն էր տոնել՝ խոշոր հաշվով հաղթելով գանձասարցիներին, ապա արարատցիները կրկին պարտվել էին:

Ընթացիկ առաջնությունում սեփական հարկի տակ անցկացրած առաջին խաղում արարատցիները փորձեցին վերջապես միավոր վաստակել ու բացել իրենց գոլերի հաշիվը: Առաջինը նրանց հաջողվեց, իսկ ահա գոլ խփելն արարատցիների համար իսկապես դժվարին խնդիր է դարձել: Թիմի մարզիչներին ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել խաղն առջևի գծում, որում դեռևս նախորդ մրցաշրջանում լուրջ խնդիրներ կային:

«Արարատ» - «Փյունիկ»

«Արարատի» հարձակվող Կիրիան Նվաբուեզեն մեն-մենակ է դուրս եկել դարպասապահ Գոռ Մանուկյանի դիմաց: /Լուսանկարը՝ «Արարատ» ՖԱ մամուլի ծառայության

«Փյունիկի» հետ խաղում էլ արարատցիներին չհաջողվեց գոլային լուրջ սպառնալիքներ ստեղծել մրցակցի դարպասին: Թերևս կարելի է հիշատակել Արոն Կպեհիայի հարվածը, որը որսաց դարպասապահը, իսկ խաղավերջում էլ կարող էր աչքի ընկնել Գեղամ Թումբարյանը, սակայն նրա հարվածից հետո «Փյունիկին» փրկեց Գոռ Մանուկյանը:

Փյունիկցիներն էլ առանձնապես ակտիվությամբ աչքի չընկան: Նրանք էլ ընդամենը երկու վտանգավոր պահ ստեղծեցին: Մի դեպքում Ալիկ Առաքելյանի հարվածից հետո «Արարատին» օգնության հասավ դարպասաձողը, մյուս դրվագում Պետրոս Ավետիսյանի հարվածը հետ մղեց Արամ Հայրապետյանը: Այնպես որ գրանցված գոլազուրկ ոչ-ոքին տրամաբանական էր:

«Բանանցը» վերհիշել էր  իրեն բնորոշ խաղը

Տուրը եզրափակած «Բանանց»-«Գանձասար Կապան» հանդիպումն աչքի ընկավ գոլերի առատությամբ: Ընթացիկ առաջնությունում առաջին անգամ «Բանանցին» վերջապես հաջողվեց ցուցադրել իրեն բնորոշ կրքոտ խաղը՝ աչքի ընկնելով հարձակողական սուր գործողություններով, որոնց արդյունքում թիմը 4:1 հաշվով արժանի հաղթանակ տոնեց:

Իսկ ահա գանձասարցիների խաղը հիասթափեցրեց: Այդ մասին խաղից հետո նշեց նաև «Գանձասար Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը, որին շատ էին վրդովեցրել ֆուտբոլիստների թույլ տված սխալները, որոնք էլ խոշոր հաշվով կրած պարտության հիմնական պատճառ դարձան:

Հյուրերի դրությունն ավելի վատթարացավ, երբ դեպի դարպասն ընթացող գնդակի ճանապարհը ձեռքով փակելու համար 58-րդ րոպեին դաշտից հեռացվեց Ալեքսանդր Պետրոսյանը: Հստակ իրացնելով 11մ հարվածը, Լաերսիոն փաստորեն վճռեց հանդիպման ելքը, քանի որ դեռևս առաջին խաղակեսում Զավեն Բադոյանն ու Վարդգես Սաթումյանը երկու անգամ գրավել էին Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը:

Մինչև խաղավարտ թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: Գոլերի հեղինակներ դարձան գանձասարցի Լուբամբո Մուսոնդան և «Բանանցի» հարձակվող Ացամազ Բուրաևը:

Մրցաշարային աղյուսակ

2016-08-29 16_40_34-vivaro

10 փաստ 4-րդ  տուրի մասին

  • Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք հաղթեցին մեկ խաղում, երկուսն ավարտեցին ոչ-ոքի: Կայացած 4 տուրերից 3-ում առավելության են հասել դաշտի տերերը, որոնք հաղթել են առաջնության 12 հանդիպումներից 7-ում, պարտվել են 2-ում, 3 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
  • 4-րդ տուրն ամենաարդյունավետն էր. 3 խաղում խփվեց 9 գոլ: Առաջնության մեկնարկից 27 գոլ է գրանցվել, միջին արդյունավետությունը կազմում է 2,25 գոլ մեկ խաղում:
  • «Շիրակի» 3 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց: Չեմպիոնի հետ մրցավեճում առջևում լինելով 2:0 հաշվով, գյումրեցիները բավարարվեցին արդյունավետ ոչ-ոքիով: Հետաքրքիր է, որ նախորդ առաջնության 4–րդ տուրում էլ ընդհատվել էր «Շիրակի» 3 անընդմեջ հաղթանակների շարքը. գյումրեցիները Երևանում 0:3 հաշվով պարտվել էին «Փյունիկին»:
  • «Գանձասար Կապանը» 2-րդ անընդմեջ խաղում խոշոր հաշվով պարտվեց՝ երկու խաղում բաց թողնելով 7 գնդակ: Մինչդեռ մեկնարկային 2 հանդիպումներում գանձասարցիների դարպասն անառիկ էր մնացել:
  • Վիուլեն Այվազյանն ընթացիկ առաջնությունում 3-րդ գնդակը խփեց և փյունիկցի Ալիկ Առաքելյանի հետ գլխավորեց լավագույն ռմբարկուների ցանկը: Նրա խփած գնդակը բարձրագույն խմբում «Ալաշկերտի» հանդիպումներում գրանցված հոբելյանական՝  250-րդ գնդակն էր: Հիշեցնենք, որ նախորդ առաջնության 4-րդ տուրից հետո 4 գնդակով լավագույն ռմբարկուների մրցավազքում առջևից էր ընթանում «Բանանցի» հարձակվող Ջերեմիա Ջոնը:
  • Իրակլի Կվեկվեսկիրին բացեց գոլերի հաշիվն «Ալաշկերտում»՝ ընդգրկվելով թիմի կազմում գոլի հեղինակ դարձած ամենատարեց լեգեոնականների ցանկում: «Շիրակի» դարպասը նա գրավեց 26 տարեկան 168 օրականում: ՀՀ առաջնություններում դա Կվեկվեսկիրիի խփած 2-րդ գնդակն էր, որի շնորհիվ նա ընդգրկվեց գոլ խփած վրացի լեգեոնականների տասնյակում:
  • Լուբամբո Մուսոնդան առաջին գոլը խփեց «Գանձասար Կապանում»՝ ընդգրկվելով թիմի կազմում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ լեգեոնականների ցանկում: «Բանանցի» հետ խաղի օրը զամբիացի հարձակվողը 21 տարեկան 180 օրական էր:
  • Վարդգես Սաթումյանն էլ վայելեց «Բանանցում» խփած առաջին գոլի հաճույքը՝ խփելով ՀՀ առաջնություններում  25-րդ գնդակը:
  • Արամ Բարեղամյանը հոբելյանական՝  100-րդ հանդիպումն անցկացրեց «Բանանցի» կազմում: Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը 6-ամյա ընդմիջումից հետո վերադարձել է իր հարազատ ակումբ:
  • «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղում 2 ինքնագոլ գրանցվեց: «Աչքի» ընկան ալաշկերտցի Գագիկ Դաղբաշյանն ու շիրակցի Արտյոմ Միքայելյանը:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ