Բարձրագույն խումբ. Հայացք 28-րդ տուրի հանդիպումներին

«Վիվառո նյուզն» ամփոփել է բարձրագույն խմբի 28-րդ տուրը, որում «Ալաշկերտին» կրկին չհաջողվեց ժամկետից շուտ գրանցել իր չեմպիոնությունը: Փոխարենը հայտնի դարձան Եվրոպա լիգայի մրցաշարում Հայաստանը ներկայացնող մյուս երկու ակումբները. «Շիրակը» դեռևս պահպանելով «ոսկե» խաղին մասնակցելու հնարավորությունը, նվազագույնն իր համար ապահովեց արծաթե մեդալները, իսկ չեմպիոնի լիազորությունները վայր դրած «Փյունիկը»  դարձավ բրոնզե մրցանակակիր:

«Ալաշկերտից»  մարզական բախտը երե՞ս է թեքել

Դեռևս մի քանի տուր առաջ դժվար թե որևէ մեկի մտքով անցներ, որ առաջնության ավարտից մեկ տուր առաջ ոսկե մեդալների համար պայքարն այնքան կսրվի, որ չեմպիոնին որոշելու համար նույնիսկ կարող է լրացուցիչ խաղի անցկացման կարիք զգացվել: Նման իրավիճակի գլխավոր մեղավորն իհարկե «Ալաշկերտն» է, որին առաջնության գարնանային հատվածում միավորներն այնքան էլ հեշտությամբ չեն տրվում, իսկ վերջին 2 խաղերում առաջատարն այդպես էլ չկարողացավ իրեն անհրաժեշտ մեկ միավորը վաստակել:

Այս իրավիճակի մյուս «մեղավորը» գարնանային հատվածում կարծես երկրորդ շնչառությունը բացած գյումրեցիներն են, որոնք աչքի են ընկնում իրենց ագրեսիվ ու արդյունավետ խաղով: «Ալաշկերտի» հետ խաղում էլ շիրակցիներն իրենց լավագույն կողմերով դրսևորեցին և չափազանց լարված ու դրամատիկ պայքարում, բառացիորեն վերջին վայրկյաններին կորզեցին հաղթանակը՝ կրկին ստիպելով ալաշկերտցիներին գլխիկոր հեռանալու խաղադաշտից և դարձյալ հետաձգելու չեմպիոնի տիտղոսի նվաճման առիթով նախատեսված հանդիսությունը:

Շատերը հակված էին այն մտքին, որ ոչ-ոքին երկու թիմերին էլ ձեռնտու է, ուստի մրցակիցներն ավելորդ ռիսկի չեն դիմի հաղթանակի հասնելու համար: Սակայն խաղը ցույց տվեց, որ գյումրեցիներն այլ մտադրությամբ են խաղադաշտ դուրս եկել ու պատրաստ են մինչև վերջ պայքար մղելու չեմպիոնի տիտղոսի համար, քանի դեռ դրա հնարավորությունը կա:

Շիրակցիների կազմում կրկին շատ ակտիվ էր լավ մարզավիճակում գտնվող Դրիսսա Դիարասուբան, որը ոչ միայն բացեց հաշիվը, այլև ստիպեց Վահագն Մինասյանին գնդակն ուղարկելու սեփական դարպասը: Ի պատիվ ալաշկերտցիների, նրանց երկու անգամ հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը. աչքի ընկան Արթուր Ավագյանն ու Վահագն Մինասյանը:

Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ ինչ-որ տեղ մարզական բախտը երես էր թեքել «Ալաշկերտից», որը խաղավերջում կարող էր նույնիսկ հաղթական գոլը խփել, սակայն սուր անկյան տակ Արթուր Եդիգարյանի հուժկու հարվածն իր վրա ընդունեց դարպասի հորիզոնական ձողը: Իսկ գյումրեցիներն ավելի հաջողակ գտնվեցին, երբ ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին Վիուլեն Այվազյանը գրավեց Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը:

Այժմ չեմպիոնի հարցը պետք է վճռվի ավարտական տուրում կայանալիք «Միկա»-«Ալաշկերտ» և «Շիրակ»-«Արարատ» հանդիպումներում: Ալաշկերտցիներին կրկին մեկ միավոր է անհրաժեշտ իրենց երազանքը վերջապես իրականության վերածելու համար, իսկ գյումրեցիները պետք է ձգտեն անպայման հաղթել՝ միաժամանակ հույսը դնելով «Միկայի» հաջողության վրա: Ով գիտե, գուցե մեզ վիճակված է նաև «ոսկե» խաղի ականատե՞սը դառնալու:

Սաթումյանը «Փյունիկին» Եվրոպա լիգայի ուղեգիր պարգևեց

«Միկայի» հետ մրցավեճով «Փյունիկն» ավարտեց իր ելույթներն ընթացիկ առաջնությունում, քանի որ վերջին տուրում մրցակիցն «Ուլիսն» է: Առաջատար եռյակում տեղն ապահովելու և Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելու համար փյունիկցիներին այս խաղում հաղթանակ էր անհրաժեշտ:

Առաջնության գարնանային հատվածում այնքան էլ հաջող հանդես չեկող «Փյունիկն» այս անգամ բավականին ակտիվ խաղ ցուցադրեց ու կարողացավ իր խաղային առավելությունը վերածել գոլերի: Աչքի ընկավ Վարդգես Սաթումյանը, ով 2 անգամ գրավեց իր նախկին թիմակիցների դարպասը:

«Միկային» թեև հաջողվեց Սերգեյ Շումիլինի հարվածի շնորհիվ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն պարտությունից խուսափել չկարողացավ: Վերջին 15 րոպեները «Միկան» խաղադաշտում անցկացրեց 10 հոգով, քանի որ կարմիր քարտ էր ստացել Վարդան Մովսիսյանը:

Գանձասարցիները մնացին ձեռնունայն

«Արարատի» և «Գանձասար Կապանի» մրցավեճում երկու թիմերին էլ հաղթանակ էր անհրաժեշտ: Արարատցիները պայքարում էին գանձասարցիներին շրջանցելու և 4-րդ հորիզոնականը զբաղեցնելու համար: Իսկ գանձասարցիներին հաղթանակն անհրաժեշտ էր մրցանակային տեղերին հավակնելու համար, թեև շատ բան կախված էր նրանից, թե զուգահեռաբար ընթացող մյուս երկու հանդիպումներում ինչպես հանդես կգան կապանցիների գլխավոր հակառակորդներ «Շիրակն» ու «Փյունիկը»:

Աշխույժ մրցապայքարում անցած մրցախաղում գանձասարցիներին ի վերջո հաջողվեց Տիգրան Բարսեղյանի և Գեղամ Հարությունյանի խփած գոլերի շնորհիվ հաղթանակ տոնել: Բայց ինչպես պարզվեց, այդ հաղթանակը բավարար չէր մրցանակային տեղ զբաղեցնելու և Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելու համար: «Գանձասար Կապանը» ստիպված է բավարարվել 4-րդ տեղով և ևս մեկ տարով հետաձգել եվրոպական մրցասպարեզ դուրս գալու իր հավակնությունները:

Իսկ արարատցիները, որ վերջին անգամ մրցանակակիր դառնալու բերկրանքը վայելել են 2008թ., ի դեպ հենց Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ, առաջնությունը կավարտեն 5-րդ հորիզոնականում: Սակայն ավարտական տուրում նրանք կարող են իրենց դերակատարությունն ունենալ ոսկե մեդալների բաշխման հարցում:

Մրցաշարային աղյուսակ

2016-05-19 15_24_50-2015-2016

8 փաստ  28-րդ տուրի մասին

  • Ինչպես նախորդ տուրում, այս անգամ էլ առավելության հասան հյուրերը՝ տոնելով 2 հաղթանակ: Փոխարենը 28-րդ տուրն առանձնացավ բարձր արդյունավետությամբ. խփվեց 10 գոլ: Առաջնության 96 խաղում 228 գոլ է խփվել, միջինը՝ 2,37 գնդակ:
  • Առաջնության գարնանային հատվածում «Շիրակը» 2-րդ անգամ հաղթեց «Ալաշկերտին» և իր համար նվազագույնն ապահովեց արծաթե մեդալները: Վերջին 9 խաղերում գյումրեցիներն անպարտելի են: Շիրակցիները գարնանը բոլորից հաջող են հանդես գալիս՝ 10 խաղում վաստակելով 19 միավոր:
  • Առաջնության վերջին 9 հանդիպումներում «Փյունիկին» վերջապես հաջողվեց առաջին հաղթանակը տոնել, որը թիմին բրոնզե մրցանակակիր դարձրեց:
  • «Գանձասարն» ընթացիկ առաջնությունում հաջող խաղաց «Արարատի» դեմ՝ տոնելով 2-րդ հաղթանակը: Արարատցիների հետ երևանյան վերջին 5 հանդիպումներում կապանցիները 3-րդ հաղթանակը տոնեցին, 2 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
  • Արթուր Ավագյանը բացեց գոլերի հաշիվն «Ալաշկերտում»: Նա ընթացիկ առաջնությունում թիմի կազմում գոլի հեղինակ դարձած 12-րդ ֆուտբոլիստն է:
  • Դուշկո Դուկիչից հետո Վահագն Մինասյանը դարձավ ընթացիկ առաջնությունում սեփական դարպասը գրաված 2-րդ ալաշկերտցին: Ընդհանուր առմամբ ինքնագոլի հեղինակ են դարձել 7 ֆուտբոլիստներ:
  • «Միկայի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը ՀՀ առաջնություններում հոբելյանական՝ 100-րդ հանդիպումն անցկացրեց: Նա դարձավ 100 խաղի սահմանագիծը հատած 19-րդ դարպասապահը: Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրն «Ալաշկերտի» դարպասապահ Գևորգ Կասպարովն է՝ 286:
  • Վիուլեն Այվազյանը փոխարինման դուրս գալիս 3-րդ գոլը խփեց, որն ընթացիկ առաջնությունում նրա 5-րդ գնդակն էր:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ