Բարձրագույն խումբ. Հայացք 27-րդ տուրի հանդիպումներին

«Վիվառո նյուզն» ամփոփել է բարձրագույն խմբի 27-րդ տուրը, որում վերջապես իր հանգուցալուծումը գտավ չեմպիոնի տիտղոսի համար մղված անզիջում պայքարը: «Ալաշկերտն» իր կարճատև կենսագրությունում հասավ ամենամեծ հաջողությանը՝ արժանիորեն հայտնվելով  չեմպիոնական բարձունքում, իսկ առաջնության գարնանային հատվածում իրենց գերազանց դրսևորած շիրակցիները 7-րդ անգամ արժանացան արծաթե մեդալների:

«Ալաշկերտն» իրեն արժանի չեմպիոնական բարձունքում

Նախորդ երկու հանդիպումներում կրած պարտությունների պատճառով «Ալաշկերտը» հետաձգել էր իր չեմպիոնության գրանցումը՝ էլ ավելի հետաքրքիր դարձնելով առաջնության վերջաբանը: Եվ ահա «Միկայի» հետ մրցավեճում ֆուտբոլասերներն ալաշկերտցիների կատարմամբ կրկին ականատես եղան գեղեցիկ ու արդյունավետ խաղի, որի շնորհիվ հաղթական վերջակետ դրեցին առաջնությանը՝ արժանիորեն նվաճելով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

Խաղասկզբում ալաշկերտցիները մի փոքր զգույշ էին գործում՝ մեծ ուժեր կենտրոնացնելով դաշտի կենտրոնական հատվածում, ուշադիր գործելով պաշտպանությունում: Վնասվածքից ապաքինվելուց հետո առջևի գծում կրկին տեղ էր զբաղեցրել Միհրան Մանասյանը: Եվ հենց նրան էլ հաջողվեց բացել հաշիվը աջ եզրով Հեբեր Արաուխոյի հիանալի անցումից ու փոխանցումից հետո: Այդ գոլի շնորհիվ Միհրանը լավագույն ռմբարկուի տիտղոսի համար մղվող պայքարում մեկ գնդակով շրջանցեց իր բրազիլացի խաղընկերոջը:

Սակայն 2-րդ խաղակեսում իր ակտիվ գործողություններով աչքի ընկած Հեբերը ևս գոլի հեղինակ դարձավ: Նրա սլացիկ անցումը ստիպված էր կանոնների խախտմամբ կասեցնել «Միկայի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որի համար հեռացվեց խաղադաշտից, իսկ թիմը պատժվեց 11մ հարվածով:

Հասնելով շոշափելի առավելության, ալաշկերտցիներն ավելի համարձակ ու անկաշկանդ սկսեցին գործել: Եվ եթե նրանք մի փոքր խնամքով օգտագործեին ստեղծած գոլային պահերը, ապա խոշոր հաշվով հաղթանակ կտոնեին: Մասնավորապես Հեբերը կարող էր միանձնյա գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Սակայն այդ խաղում ալաշկերտցիների համար ամենակարևորը խաղը հաղթական ավարտի հասցնելն էր, որից հետո հենց խաղադաշտում նշեցին իրենց աննախադեպ մեծ հաջողությունը: Իրոք որ «Ալաշկերտն» արժանի էր նման արդյունքի:

Ինչ վերաբերում է «Միկային», ապա ողջ խաղի ընթացքում թեև ֆուտբոլիստները շատ աշխատեցին ու ջանքեր ներդրեցին, սակայն այդպես էլ չկարողացան լրջորեն սպառնալ Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասին: «Միկան» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց և եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Երկու ցուցանիշներն էլ ակումբի պատմության մեջ վատագույնն են:

«Շիրակն» առաջնության գարնանային հատվածի չեմպիոն

Առաջնության գարնանային հատվածում իրենց հիանալի դրսևորող շիրակցիներն «Արարատի» հետ մրցավեճում էլ աչքի ընկան ագրեսիվ խաղով ու հաղթանակի հասնելու վճռականությամբ: Նրանց բնավ էլ չընկճեց Բենիկ Հովհաննիսյանի հիանալի հարվածով խփած գոլը, որը շատ բանով նման էր Գյումրիում առաջնության 2-րդ շրջանում վերջինիս խփած գոլին:

Այն ժամանակ այդ միակ գոլը վճռել էր հանդիպման ելքը: Իսկ այս անգամ գյումրեցիներից ընդամենը 2 րոպե պահանջվեց հավասարակշռությունը վերականգնելու համար: Աչքի ընկավ «Շիրակի» պաշտպան Արման Հովհաննիսյանը: Եվս 7 րոպե անց «Շիրակն» արդեն հաշվի մեջ առջևում էր: Ռումյան Հովսեփյանի խփած գոլը կամային հաղթանակ պարգևեց «Շիրակին»:

Իրոք որ այս տարվա գարնանը շիրակցիների ցուցադրած խաղը հաճելի տպավորություն թողեց, ինչը չի կարելի ասել արարատցիների մասին, որոնք զգալիորեն զիջեցին իրենց դիրքերը: «Շիրակն» առաջնության գարնանային հատվածում մյուս թիմերից առավել հաջող հանդես եկավ՝ ցույց տալով լավագույն արդյունքը: Անցկացրած 11 հանդիպումներում գյումրեցիները 6 հաղթանակ տոնեցին, 4 խաղ ավարտեցին ոչ-ոքի և միայն մեկ անգամ խաղադաշտից պարտված հեռացան՝ վաստակելով 22 միավոր:

«Բանանցը» հեռացավ վերջին հորիզոնականից

Մարզական առումով Կապանում կայացած հանդիպման ելքը կարևոր էր միայն «Բանանցի» համար, որը ձգտում էր հեռանալ մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականից: Երևի հենց դրանով էլ պետք է պայմանավորել այն փաստը, որ հյուրերը խաղադաշտ էին դուրս եկել մարտական կազմով:

Իսկ ահա գանձասարցիների գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն իր խոստմանը հավատարիվ կազմում որոշ փոփոխություններ էր կատարել՝ մասնավորապես դարպասի պաշտպանությունը վստահելով խաղային մեծ փորձ չունեցող Գոռ Մարտիրոսյանին:

Աշխույժ մրցապայքարում անցած խաղում երկու թիմերն էլ գոլային բազում պահեր ստեղծեցին, նույնիսկ երկու անգամ մրցակիցների հարվածներից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, սակայն այդպես էլ գոլ չգրանցվեց: Գանձասարցիներին չօգնեց նաև այն, որ երկրորդ խաղակեսում թվային առավելություն ունեին: Գոլազուրկ ոչ-ոքին հնարավորություն տվեց «Բանանցին» շրջանցելու «Միկային»՝ հետնապահի տեղը զիջելով վերջինիս:

Մրցաշարային աղյուսակ

2016-05-23 13_48_00-vbet

8 փաստ  27-րդ տուրի մասին

  • Առաջնության ավարտական տուրում խփվեց 5 գոլ: Առաջնությունում կայացած 99 հանդիպումներում գրանցվել է 233 գոլ: Միջին արդյունավետությունը կազմեց 2,35 գոլ: 37 խաղում հաղթեցին դաշտի տերերը, 30-ում հաջողությունն ուղեկցեց հյուրերին, 32-ում գրանցվեց ոչ-ոքի:
  • «Ալաշկերտը» դարձավ առաջնության ամենաարդյունավետ թիմը՝ անցկացրած 26 հանդիպումներում խփելով 44 գնդակ: Դա ալաշկերտցիների համար թիմային նոր ռեկորդ է: Մինչ այդ «Ալաշկերտն» առավել արդյունավետ էր գործել 2013/14թթ. առաջնությունում՝ 28 խաղում խփելով 38 գնդակ:
  • Ընթացիկ մրցաշրջանում «Միկային» այդպես էլ չհաջողվեց գեթ մեկ միավոր վաստակել «Ալաշկերտի» հետ հանդիպումներում: «Միկան» շարունակեց տխուր ավանդույթը՝ սեփական հարկի տակ ալաշկերտցիների հետ անցկացրած առաջնության 6 հանդիպումներում կրելով 3-րդ պարտությունը (մնացած 3 խաղերում գրանցվել է ոչ-ոքի):
  • «Շիրակը» 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ առաջնության վերջին 10 հանդիպումներում մնալով անպարտելի: Դա լավագույն արդյունքն է առաջնության մասնակիցների մեջ:
  • Առաջնության վերջին 9 հանդիպումներում գանձասարցիներն անպարտելի են: Այդ խաղերից 5-ում գրանցվել է ոչ-ոքի, որից 4-ն ավարտվել է 0:0 հաշվով: «Գանձասար Կապանը» «Բանանցի» հետ ոչ-ոքիների քանակով (12) առաջնության ռեկորդակիրն է:
  • Միհրան Մանասյանն ու Հեբեր Արաուխոն իրենց 16-րդ գոլերը խփելով, ճանաչվեցին 24-րդ առաջնության լավագույն ռմբարկուներ: Միհրանը 2-րդ անգամ է արժանանում «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին: 2013/14թթ. առաջնությունում նա «Ալաշկերտի» կազմում 17 գոլի հեղինակ էր դարձել:
  • 2-րդ անընդմեջ խաղում «Միկայի» ֆուտբոլիստը հեռացվեց խաղադաշտից: «Փյունիկի» հետ նախորդ խաղում կարմիր քարտ էր ստացել Վարդան Մովսիսյանը, «Ալաշկերտի» հետ մրցավեճում էլ խաղադաշտից հեռացվեց դարպասապահ Արսեն Բեգլարյանը: Ընդհանուր առմամբ առաջնությունում «Միկայի» ֆուտբոլիստները 3 անգամ են պատժվել կարմիր քարտով:
  • «Շիրակի» կազմում իր առաջին գոլը խփեց Արման Հովհաննիսյանը, ով ՀՀ առաջնություններում գոլերի հաշիվը բացել էր նախորդ մրցաշրջանում «Ալաշկերտում»:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ