Բարձրագույն խումբ. Հայացք 26-րդ տուրի հանդիպումներին

«Վիվառո նյուզն» ամփոփել է բարձրագույն խմբի 26-րդ տուրը, որում «Ալաշկերտին» չհաջողվեց ժամկետից շուտ գրանցել իր չեմպիոնությունը, իսկ «Շիրակը», «Փյունիկն» ու «Գանձասար Կապանը» շարունակեցին պայքարը մրցանակային տեղերի և Եվրոպա լիգայի ուղեգրերի համար:

Հանդիսությունը հետաձգվեց, շամպայնի շշերն էլ  չբացվեցին

Սպասվում էր, որ «Արարատի» հետ մրցավեճում «Ալաշկերտը» վերջապես պաշտոնապես կգրանցի իր չեմպիոնությունը: Դրա համար բավական նախադրյալներ կային: Նախ, «Ալաշկերտին» նույնիսկ ոչ-ոքին անհասանելի կդարձներ մրցակիցների համար: Բացի այդ, արարատցիներն առաջնության գարնանային հատվածում աչքի չէին ընկնում արդյունավետ խաղով և այս տարի դեռ չէին ճաշակել հաղթանակի բերկրանքը: Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցների միջև կայացած պաշտոնական 5 հանդիպումներում էլ բացահայտ առավելությունն «Ալաշկերտի» կողմն էր, որը տոնել էր 3 հաղթանակ, 2 խաղ ավարտել էր ոչ-ոքի:

«Ալաշկերտի» ղեկավարությունն էլ հոգացել էր չեմպիոնության գրանցումը նշելու մասին: Սակայն արարատցիները խառնեցին բոլոր խաղաքարտերը ու շամպայնի շշերն այդպես էլ չբացվեցին:

«Արարատը», որ նախորդ տուրում «Բանանցին» զիջելուց հետո վերջնականապես զրկվել էր մրցանակային տեղերի համար պայքարելու հնարավորությունից, այս անգամ կերպարանափոխվել էր և իր խաղով հաճելիորեն զարմացրեց: Վարուժան Սուքիասյանին հաջողվել էր գտնել մրցակցի հակախաղը: Արարատցիները խիստ հսկողության տակ էին առել մրցակցի խաղացողներին՝  զրկելով նրանց ազատ գործելու հնարավորությունից, իսկ առջևի գծում բավական ակտիվ էին գործում:

Ի տարբերություն նախորդ հանդիպումների, այս անգամ «Արարատի» պաշտպանությունը հստակ գործեց՝ չխախտելով խաղային կարգապահությունը, իսկ Գևորգ Պրազյանին փոխարինած երիտասարդ դարպասապահ Արման Մելիքսեթյանն իրեն պարզապես գերազանց դրսևորեց՝ հետ մղելով Նորայր Գյոզալյանի, Հեբեր Արաուխոյի և Արթուր Եդիգարյանի չափազանց վտանգավոր հարվածները:

Ի դեպ, խաղից հետո Վարուժան Սուքիասյանը գովեստի խոսքեր հղելով Մելիքսեթյանի հասցեին, խոստովանեց, որ սխալվել է՝  չվստահելով հեռանկարային դարպասապահին: Իսկ խաղի հայտացուցակից բացակայող Պրազյանի վերաբերյալ մարզիչը որոշում է կայացրել, որ իր թիմում նա այլևս չպետ է հանդես գա: Ըստ Սուքիասյանի, Պրազյանի սխալների պատճառով թիմը 12-13 միավոր է կորցրել:

Ինչպես երևում է, մոտալուտ չեմպիոնության փաստը հոգեբանորեն իր կնիքն էր թողել ալաշկերտցիների գործողություններում, որոնք դեմ չէին գոլազուրկ ոչ-ոքիին և առանձնակի ջանքեր չէին գործադրում հաջողության հասնելու համար: Աբրահամ Խաշմանյանն էլ 2-րդ խաղակեսի միջնամասում փոխարինեց Մանասյանի փոխարեն Հեբերի հետ հարձակողական երկյակ կազմած Նորայր Գյոզալյանին՝ ամրապնդելով կիսապաշտպանական օղակը:

Սակայն խաղավարտից 9 րոպե առաջ հեռահար հարվածով Սուլեյման Կոնեի խփած անսպասելի գոլը խառնեց «Ալաշկերտի» ծրագրերը: Խաշմանյանն անմիջապես խաղադաշտ դուրս բերեց 2-րդ հարձակվողին՝ Արսեն Բալաբեկյանին: Սակայն մեծ ուժերով ալաշկերտցիների հուսահատ գրոհներին արարատցիները հաջողությամբ դիմագրավեցին՝ արժանի հաղթանակ տոնելով առաջատարի նկատմամբ ու հետաձգելով «Ալաշկերտի» չեմպիոնության գրանցումը:

Այժմ «Ալաշկերտին» չափազանց ծանր խաղ է սպասվում «Շիրակի» հետ մայիսի 18-ին կայանալիք նախավերջին տուրում:

«Շիրակը»  պահպանեց չեմպիոնական մրցավազքի ինտրիգը

Առաջնության գարնանային հատվածում ագրեսիվ ու արդյունավետ խաղ ցուցադրող շիրակցիների համար ներկայումս յուրաքանչյուր հանդիպում վճռորոշ նշանակություն ունի մրցանակային տեղերի և Եվրոպա լիգայի ուղեգրի համար մղվող պայքարում:

«Բանանցը» թեև գավաթի նվաճմամբ լուծել է մրցաշրջանի իր հիմնական խնդիրը, սակայն առաջնության մնացած հանդիպումներին էլ լրջորեն է վերաբերվում՝ ձգտելով հեռանալ վերջին հորիզոնականից:

Նշված հանգամանքներն էլ նպաստեցին խաղադաշտում թեժ մրցակցության ծավալմանը: Շիրակցիների կազմում որակազրկման պատճառով բացակայում էր Կոնան Օդիլոն Կուակուն, ինչը մեծ կորուստ էր գյումրեցիների համար: Նրա փոխարեն առջևի գծում բավական ակտիվ էր սերբ Նեմանյա Ստոշկովիչը, որն էլ իր մեծ ներդրումն ունեցավ «Շիրակի» համար անչափ կարևոր հաղթանակի ձեռքբերման գործում: Հենց նրա հարվածից հետո Ալեքսանդր Օգանիսյանը փորձեց փակել գնդակի ճանապարհը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ:

Իսկ հաշիվը կարող էր բացել «Բանանցը», սակայն Լաերսիոյի հարվածից հետո Արմեն Խաչատրյանը փրկեց դրությունը: «Բանանցի» դրությունը բարդացավ նաև նրանով, որ 62-րդ րոպեին դաշտից հեռացվեց Սոսլան Կաչմազովը: Խաղավերջում «Շիրակը» կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն նպաստավոր դիրքից Ռոբերտ Դարբինյանը վրիպեց: Այս հաղթանակի շնորհիվ «Շիրակը» ոչ միայն ավելի իրատեսական դարձրեց արծաթե մեդալների նվաճման խնդիրը, այլև պահպանեց չեմպիոնական մրցավազքի ինտրիգը:

Գեղամ Հարությունյանը կրկին կարող էր հերոսանալ

«Փյունիկի» և «Գանձասար Կապանի» միջև կայացած տուրի ավարտական խաղում հաղթանակի գինը չափազանց բարձր էր, ուստի երկու թիմերն էլ հաջողության հասնելու համար մեծ ջանքեր գործադրեցին՝ աչքի ընկնելով ագրեսիվ գործողություններով: Խաղադաշտում թեժ ու բավականին դիտարժան մրցակցություն ծավալվեց, որն ուղեկցվեց վտանգավոր մի շարք պահերով: Սակայն հուսալի գործեցին դարպասապահները՝ չեզոքացնելով վտանգը:

Խաղի վերջին 10 րոպեներին փյունիկցիները խաղադաշտում պայքարում էին 10 հոգով և ավելի շատ մտահոգված էին սեփական դարպասի պաշտպանությամբ: Գանձասարցիներն ավելացված ժամանակում կարող էին կորզել այնքան ցանկալի հաղթանակը, սակայն տուգանային հրապարակում ստանալով Ռակիչի ճշգրիտ փոխանցումը, Գեղամ Հարությունյանը չկարողացավ գրավել դարպասն ու ինչպես «Միկայի» հետ նախորդ խաղում, կրկին դառնալ հանդիպման հերոսը:

Գրանցված ոչ-ոքին ավելի ձեռնտու էր «Փյունիկին», որն ավարտական տուրում 3 միավոր է ստանալու «Ուլիսի» հետ խաղացանկով նախատեսված խաղից: Այնպես որ, եթե հաջորդ խաղում «Փյունիկը» հաղթի «Միկային», ապա կապահովի իր տեղն առաջատար եռյակում և Եվրոպա լիգայի ուղեգիր կնվաճի: Իսկ մրցանակակիր դառնալու գանձասարցիների խնդիրը բավականին բարդացավ: Նրանք ոչ միայն պետք է հաղթեն «Արարատին» և «Բանանցին», այլև հուսան, որ «Շիրակը» կամ «Փյունիկը» վերջնագծում «կսայթաքեն», ինչն այնքան էլ իրատեսական չի թվում: Ավելի հավանական է, որ մայիսի 18-ին կայանալիք առաջնության նախավերջին տուրում մրցանակային տեղերի համար պայքարը հանգուցալուծվի:

Մրցաշարային աղյուսակ

2016-05-16 14_50_49-vivaro

8 փաստ  26-րդ տուրի մասին

  • Դաշտի տերերն անհաջող հանդես եկան՝  կրելով 2 պարտություն, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Ֆուտբոլիստներն էլ աչքի չընկան արդյունավետ խաղով՝ խփելով ընդամենը 2 գոլ, ինչն ամենացածր արդյունքն է ընթացիկ առաջնությունում:
  • «Արարատն» առաջնության գարնանային հատվածում առաջին հաղթանակը տոնեց՝ ընդհատելով առանց հաղթանակների 9 խաղերի շարքը:
  • «Գանձասար Կապանը» վերջին 5 հանդիպումներում իր օգտին 3-րդ գոլազուրկ ոչ-ոքին գրանցեց: Վերջին 7 խաղերում գանձասարցիներն անպարտելի են:
  • Արարատցի Սուլեյման Կոնեն առաջին գոլը խփեց ՀՀ առաջնություններում:
  • Սոսլան Կաչմազովն ընթացիկ առաջնությունում «Բանանցի» կազմում կարմիր քարտի արժանացած 3-րդ ֆուտբոլիստն է Արամ Շահնազարյանից ու Վահագն Այվազյանից հետո, ընդ որում վերջինս 2 անգամ է հեռացվել խաղադաշտից:
  • Վարազդատ Հարոյանն էլ դարձավ ընթացիկ առաջնությունում դաշտից հեռացված «Փյունիկի» 3-րդ ֆուտբոլիստը: Մինչ այդ կարմիր քարտի էին արժանացել Դավիթ Մանոյանն ու Վարդան Պողոսյանը:
  • Գրանցվեց ընթացիկ առաջնության 6-րդ ինքնագոլը, որի հեղինակը «Բանանցի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Օգանիսյանն էր:
  • 6 թիմերից 4-ի դարպասապահները՝ արարատցի Արման Մելիքսեթյանը, շիրակցի Արմեն Խաչատրյանը, փյունիկցի Անատոլի Այվազովն ու գանձասարցի Գրիգոր Մելիքսեթյանը դարպասն անառիկ պահեցին:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ