Բարձրագույն խումբ. Հայացք 25-րդ տուրի հանդիպումներին

«Վիվառո նյուզն» ամփոփել է բարձրագույն խմբի 25-րդ տուրը, որի հանդիպումներից հետո չեմպիոնական մրցավազքի ելքը վերջնականապես հանգուցալուծվեց, իսկ ահա արծաթե և բրոնզե մեդալների ու Եվրոպա լիգայի ուղեգրերի համար պայքարը հասավ իր գագաթնակետին:

Ոչ-ոքի, որ ձեռնտու չէր երկու թիմերին էլ

Գյումրիում կայացած տուրի կենտրոնական հանդիպման ելքը չափազանց կարևոր էր մրցանակային տեղերին և Եվրոպա լիգայի ուղեգրերին հավակնող 2 թիմերի համար էլ: Գուցե հենց այդ հանգամանքն էլ իր կնիքն էր թողել ֆուտբոլիստների գործողություններում, որոնք հատկապես առաջին խաղակեսում զգույշ էին գործում, խաղի տեմպն էլ բավական ցածր էր: Դա ավելի ձեռնտու էր փյունիկցիներին, որոնք խաղասկզբում մեծ ուժերով հետ էին քաշվել՝ ապավինելով հակագրոհներին:

Ի տարբերություն նախորդ հանդիպումների, այս անգամ շիրակցիներն առաջին խաղակեսում աչքի չընկան ագրեսիվությամբ: Նրանք գրոհները դանդաղ էին կազմակերպում, ինչի արդյունքում հյուրերին հաջողվում էր առանց մեծ ջանքերի խափանել դրանք:

Մինչև ընդմիջման գնալը մրցակիցներն ընդամենը մեկական վտանգավոր պահ ստեղծեցին: Փյունիկցի Ռոբերտ Մինասյանի և շիրակցի Ռումյան Հովսեփյանի հարվածներից հետո հաջող խաղացին դարպասապահները՝ չեզոքացնելով վտանգը:

Ընդմիջումից հետո խաղի տեմպը զգալիորեն աճեց, խաղն էլ ավելի դիտարժան դարձավ: Վերջապես շիրակցիներին հաջողվեց բացել հաշիվը: Անհատական վարպետությամբ աչքի ընկավ Դրիսսա Դիարասուբան՝ մրցակցի 3 պաշտպանների ուղեկցությամբ ներխուժելով տուգանային հրապարակ և դիպուկ հարվածով գրավելով Այվազովի պաշտպանած դարպասը: Քիչ անց նա կարող էր 2-րդ գոլը խփել ու վճռել հանդիպման ելքը, սակայն նպաստավոր դիրքից մի փոքր շեղ հարվածեց:

Եվ այստեղ գործեց ֆուտբոլում չգրված օրենքն ու երկարատև ընդմիջումից հետո կրկին խաղադաշտ դուրս եկած Վարդան Պողոսյանը «Փյունիկին» փրկեց պարտությունից:

Այսպիսով, ընթացիկ առաջնությունում շիրակցիներին այդպես էլ չհաջողվեց հաղթել «Փյունիկին»՝ կրելով 2 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Կարծում ենք, որ ոչ-ոքին ձեռնտու չէր կողմերից ոչ մեկին: «Շիրակը» թեև պահպանեց «Փյունիկից» ունեցած 2 միավորի տարբերությունը, սակայն փյունիկցիներն ավելի նպաստավոր պայմաններում են, քանի որ 3 միավոր են ստանալու 27-րդ տուրում «Ուլիսի» հետ նախանշված խաղում:

«Փյունիկի» համար էլ 2 միավորի կորուստը կարող է ճակատագրական լինել, քանի որ «Գանձասար Կապանն» ընդհուպ մոտեցել է չեմպիոնին, իսկ հաջորդ տուրում թիմերը մրցելու են միմյանց հետ: Եվ եթե գանձասարցիներին հաջողվի հաղթել «Փյունիկին», ապա վերջինիս շատ դժվար կլինի պահպանել տեղը մրցանակային եռյակում: Այնպես որ առաջնության վերջնագծում չափազանց լարված ու հետաքրքիր պայքար է սպասվում արծաթե և բրոնզե մեդալների ու Եվրոպա լիգայի ուղեգրերի համար:

Գանձասարցիների հավակնություններն աճեցին

Հանդիպման ելքը չափազանց կարևոր նշանակություն ուներ գանձասարցիների համար, որոնք միայն հաղթանակի դեպքում կարող էին հավակնել մրցանակային տեղին և Եվրոպա լիգայի ուղեգրին: Դաշտի տերերի խնդիրը բարդանում էր նրանով, որ որակազրկման պատճառով բացակայում էին թիմի առանցքային ֆուտբոլիստներ Դամիր Մեմովիչն ու Տիգրան Բարսեղյանը: Վերջինիս հարձակման գծում փոխարինել էր Գեղամ Հարությունյանը, ում մարզիչները սովորաբար խաղադաշտ են դուրս բերում 2-րդ խաղակեսում: Եվ Գեղամը հիանալի օգտագործեց իրեն ընձեռված հնարավորությունը՝ դառնալով հանդիպման հերոսը: Հենց նրա դուբլն էլ որոշիչ եղավ «Միկայի» նկատմամբ տոնած հաղթանակում:

«Միկան» թեև 4 օր առաջ ծանր մրցախաղ էր անցկացրել գավաթի եզրափակչում, սակայն կրկին թիմի ղեկը ստանձնած Արմեն Շահգելդյանի գլխավորությամբ բավական ակտիվ էր գործում և ընդհանուր առմամբ լավ տպավորություն թողեց: Հյուրերին նույնիսկ հաջողվեց հավասարեցնել հաշիվը, երբ գլխի հարվածով դարպասը գրավեց Աշոտ Կարապետյանը: Եվ մինչև խաղի վերջին վայրկյանները «Միկան» փորձում էր խուսափել պարտությունից: Նույնիսկ դարպասապահ Արսեն Բեգլարյանն էր հայտնվել մրցակցի տուգանային հրապարակում, երբ ավելացված ժամանակում «Միկան» իրացնում էր ստանդարտը: Համարձակ այդ քայլը չարդարացրեց իրեն և նպաստեց դաշտի տերերի 3-րդ գոլը խփելուն, որն իր օգտին գրանցեց Ալեքսանդր Ռակիչը:

Այս հաղթանակի շնորհիվ գանձասարցիներն ավելի սրեցին ինտրիգը մրցանակային տեղերի և Եվրոպա լիգայի ուղեգրերի համար:

Գևորգ Պրազյանի նվերները «Բանանցին»

«Արարատի» համար «Բանանցի» հետ մրցավեճը վերջին հնարավորությունն էր դեռևս տեսականորեն պայքարը շարունակելու մրցանակային տեղերի համար: Ի տարբերություն նախորդ հանդիպումների, այս անգամ արարատցիները բավական կազմակերպված էին գործում առջևի գծում և կարողացան սպառնալ մրցակցի դարպասին: Իսկ Նվաբուեզեի խփած տպավորիչ գոլը դարձավ հանդիպման զարդը:

Սակայն արարատցիներին այս խաղում էլ վիճակված չէր վերջապես վայելելու հաղթանակի բերկրանքը: Առջևի գծի խաղացողների ջանքերն իրենց անհամաձայնեցված գործողություններով և թույլ տված սխալներով ի չիք դարձրին «Արարատի» պաշտպաններն ու դարպասապահ Գևորգ Պրազյանը, ով ազգային հավաքականի թեկնածու է: Դրանից հմտորեն օգտվեցին «Բանանցի» ֆուտբոլիստները, որոնք Նաիրի Մինասյանի և Ացամազ Բուրաևի խփած գոլերի շնորհիվ հաղթեցին:

Այսպիսով, «Արարատը» զրկվեց մրցանակային տեղերի համար պայքարելու վերջին հնարավորությունից: Առաջնության գարնանային հատվածում թիմի խաղում զգալի անկում տեղի ունեցավ, ձմռանը կատարված կազմի համալրումներն էլ անարդյունավետ էին:

Իսկ «Բանանցը», որ գավաթի նվաճմամբ լուծել է մրցաշրջանի իր հիմնական խնդիրը, հնարավորություն ստացավ շարունակելու պայքարը աղյուսակի վերջին հորիզոնականից հեռանալու համար:

Մրցաշարային աղյուսակ

2016-05-09 15_27_55-vivaro

8 փաստ  25-րդ տուրի մասին

  • Դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին, մեկ խաղ էլ ավարտվեց ոչ-ոքի: Գրանցվեց 9 գոլ: Առաջնության 90 խաղում 216 գոլ է խփվել, միջինը մեկ խաղում՝ 2,4 գնդակ:
  • «Արարատը» շարունակեց առաջնության գարնանային հատվածում առանց հաղթանակների 9 խաղերի տխուր շարքը (3 պարտություն, 6 ոչ-ոքի): Դա առաջնության ներկայիս մասնակիցներից «Բանանցի» վատագույն արդյունքի կրկնությունն է: Վերջինս չէր հաղթել 5-13-րդ տուրերում (4 պարտություն, 5 ոչ-ոքի):
  • «Բանանցն» ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ հաղթեց «Արարատին»: ՀՀ առաջնությունների վերջին 14 հանդիպումներում դա արարատցիների նկատմամբ «Բանանցի» տարած 7-րդ հաղթանակն էր: Նույնքան խաղում էլ գրանցվել էր ոչ-ոքի:
  • «Փյունիկը» բարձրագույն խմբում հոբելյանական՝ 600-րդ հանդիպումն անցկացրեց՝ 103-րդ անգամ խաղն ավարտելով ոչ-ոքի: Ավելի շատ հանդիպումներ բարձրագույն խմբում անցկացրել է միայն «Շիրակը»՝ 645:
  • Արմեն Շահգելդյանը դարձավ ընթացիկ առաջնությունում «Միկայի» ղեկը ստանձնած 3-րդ գլխավոր մարզիչը՝ հնգամյա ընդմիջումից հետո իր վերադարձը թիմ նշելով «Գանձասար Կապանից» կրած պարտությամբ:
  • Գեղամ Հարությունյանի դուբլը ոչ միայն ապահովեց գանձասարցիների հաղթանակը «Միկայի» նկատմամբ, այլև հնարավորություն տվեց ֆուտբոլիստին 10 գնդակով ընդգրկվելու «Գանձասար Կապանի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուների տասնյակում:
  • Արարատցի Կիրիան Նվաբուեզեն բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում: Այդ գոլի շնորհիվ «Արարատին» հաջողվեց վերջապես ընդհատել 420 րոպե տևած գոլային երաշտը:
  • «Միկայի» պաշտպան Աշոտ Կարապետյանն առաջին գոլը խփեց բարձրագույն խմբում:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ