Բարձրագույն խումբ. Հայացք 24-րդ տուրի հանդիպումներին

«Վիվառո նյուզն» ամփոփել է բարձրագույն խմբի 24-րդ տուրը, որում «Ալաշկերտը» ևս մեկ հաստատուն քայլ կատարեց դեպի չեմպիոնական բարձունքը, իսկ գավաթի եզրափակչի մասնակիցները հանդես եկան ոչ մարտական կազմերով՝ դարպասի պաշտպանությունը վստահելով բարձրագույն խմբում նորամուտը նշած դարպասապահներին:

Ստուգարք քննությունից առաջ

Ինչպես և սպասվում էր, «Ալաշկերտի» հետ հանդիպմանը Տիտո Ռամալյոն ասպարեզ էր դուրս բերել ոչ մարտական կազմը՝ լրացուցիչ հանգիստ տրամադրելով թիմի առանցքային խաղացողներ Ստեփան Ղազարյանին, Վլատկո Դրոբարովին, Սոսլան Կազմազովին, Լաերսիոյին, Զավեն Բադոյանին, Կլաուդիո Տորրեխոնին և Միգել Լոպեսին, ով անհատական ծրագրով է նախապատրաստվում գավաթի եզրափակչին:

«Ալաշկերտի» կազմում կրկին բացակայում էր Միհրան Մանասյանը, որին այս անգամ փոխարինել էր Արսեն Բալաբեկյանն՝ ընթացիկ առաջնությունում առաջին անգամ ընդգրկվելով թիմի մեկնարկային կազմում:

Հանդիպումն անցավ բավական հետաքրքիր պայքարում, որում 2 թիմերն էլ ձգտում էին հաջողության հասնել: Առաջինը դա հաջողվեց «Ալաշկերտին», որն արդեն 16-րդ րոպեին Հեբեր Արաուխոյի անհատական բարձր վարպետության շնորհիվ բացեց հաշիվը:

Գոլը բնավ էլ չընկճեց հյուրերին, որոնք 2-րդ խաղակեսի սկզբում Վահագն Այվազյանի ջանքերով վերականգնեցին հավասարակշռությունը: Սակայն առաջատարին հաջողվեց կրկին հաշվի մեջ առաջ անցնել ու հերթական հաղթանակը տոնելով, ևս մեկ քայլ կատարել չեմպիոնական մրցավազքում: Շատ տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Կարեն Մուրադյանը՝ բացելով գոլերի հաշիվն «Ալաշկերտում»:

Յուրանի դիվանագիտական քայլը չարդարացրեց իրեն

Խաղից մի քանի օր առաջ «Վիվառո նյուզի» թղթակցի հետ զրույցում «Միկայի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը հավաստիացրել էր, որ «Շիրակի» դեմ ասպարեզ է դուրս բերելու թիմի մարտական կազմը, քանի որ թիմը պայքարելու է հաղթանակի համար՝ տեսականորեն դեռևս հավակնելով մրցանակային տեղին: Դժվար է ասել, թե դա մրցակցին մոլորեցնելու դիվանագիտական քա՞յլ էր, թե Յուրանը մտքափոխվեց, բայց փաստն այն է, որ «Միկան» խաղադաշտ դուրս եկավ ոչ մարտական կազմով:

Յուրանը պահեստայինների նստարանին էր նստեցրել նույնիսկ թիմի հիմնական դարպասապահ Արսեն Բեգլարյանին, ով ընթացիկ առաջնությունում բավական հուսալի է գործում, իսկ վերջին 3 հանդիպումներում դարպասն անառիկ էր պահել: Նրան փոխարինած երիտասարդ Հենրի Ավագյանն այնքան էլ վստահ հանդես չեկավ, բացի այդ էլ հատկապես առաջին խաղակեսում շատ վատ էր գործում «Միկայի» պաշտպանության աջ թևը:

Վերջին հանդիպումներում կրկին իրենց խաղը վերագտած և վերելքով հանդես եկող գյումրեցիները հմտորեն օգտվեցին մրցակցի դարպասապահի և պաշտպանության անվստահ խաղից և արդեն առաջին խաղակեսում վճռեցին հանդիպման ելքը: Ընդ որում Կոնան Օդիլոն Կուակուն գեղեցիկ հարվածով հաշիվը բացեց արդեն 19-րդ վայրկյանին՝ տպավորիչ գոլի հեղինակ դառնալով:

Շիրակցիները գրոհները հիմնականում կազմակերպում էին ձախ եզրով՝ հաջողությամբ ճեղքելով մրցակցի պաշտպանությունը: Եվ հենց նման սրընթաց ու գեղեցիկ կոմբինացիաներից հետո էլ «Միկայի» դարպասը գրավեցին Նեմանյա Ստոշկովիչն ու «Շիրակի» ավագ Կարեն Ալեքսանյանը՝ հաշիվը դարձնելով 3:0:

«Միկան» այս խաղում անկազմակերպ էր գործում պաշտպանությունում, իսկ առջևի գծում այդպես էլ չկարողացավ լուրջ սպառնալիքներ ստեղծել մրցակցի դարպասին: Թերևս ամենավտանգավոր պահը հյուրերը ստեղծեցին խաղասկզբում, երբ Էդգար Մկրտչյանը փորձեց գնդակն ուղարկել դարպասի վերին անկյունը, սակայն դարպասից դուրս եկած Արմեն Խաչատրյանը վերջին պահին հասցրեց գնդակը հանել անկյունային:

«Միկայի» խփած միակ գոլն էլ ավելի շատ պատահականության արդյունք էր: Տարիկ Չմայչանինի տուգանային ոչ այնքան հաջող հարվածից հետո գնդակը դիպավ «Շիրակի» կառուցած պատին և փոխեց ուղղությունը՝ ապակողմնորոշելով Արմեն Խաչատրյանին:

2-րդ խաղակեսում շիրակցիներն առանձնակի ջանքեր չներդրեցին հաշիվն ավելացնելու համար, թեև ունեցան գոլային մի քանի պահեր, որոնցից միայն մեկն օգտագործեց Ռումյան Հովսեփյանը՝ ապահովելով իր թիմի խոշոր հաշվով հաղթանակը: Այդ հաջողության շնորհիվ «Շիրակը» շրջանցեց «Փյունիկին»՝ տեղափոխվելով 2-րդ հորիզոնական ու կրկին հետաձգեց «Ալաշկերտի» չեմպիոնության պաշտոնական գրանցումը:

Չկա գոլ, չկա հաղթանակ

24-րդ տուրի ավարտական խաղում ասպարեզ դուրս եկան առաջնության գարնանային հատվածում անհաջող հանդես եկող «Փյունիկն» ու «Արարատը»: 2 թիմերին էլ հաղթանակն օդ ու ջրի պես անհրաժեշտ էր. «Փյունիկին»՝ առաջատար եռյակում տեղն ամրապնդելու, «Արարատին»՝ մրցանակային 3-րդ տեղի համար անզիջում պայքարը շարունակելու:

Սակայն այն խաղով, որ ներկայումս ցուցադրում են «Արարատն» ու «Փյունիկը», շատ դժվար է հաղթանակի հասնել: Դրա համար նախևառաջ անհրաժեշտ է գոլեր խփել, իսկ դա 2 թիմերին էլ շատ դժվարությամբ է տրվում: Փյունիկցիներն առաջնության նախորդ 4 հանդիպումներում ընդամենը մեկ գոլ էին խփել՝ վաստակելով 2 միավոր: Արարատցիներն էլ նույն ժամանակահատվածում ընդամենը մեկ անգամ էին գրավել մրցակցի դարպասը՝ վաստակելով 3 միավոր, ընդ որում վերջին 3 հանդիպումներում դաշտից հեռացել էին առանց գոլ խփելու:

Ընդհանրապես արարատցիների գործողություններին հետևելիս այնպիսի տպավորություն ես ստանում, կարծես նրանց հիմնական մտահոգությունը սեփական դարպասն անառիկ պահելն է, իսկ գոլ խփելը՝ ինչպես կստացվի:

«Փյունիկի» հետ խաղում էլ արարատցիներն առջևի գծում աչքի չընկան գրոհների բազմազանությամբ և ընդամենը մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին: Փոխարենը «Արարատը» հուսալի գործեց պաշտպանությունում և նույնիսկ մնալով 10 խաղացողով, կարողացավ դարպասն անառիկ պահել: Ճիշտ է, վերջին 4 հանդիպումներում գրանցված գոլազուրկ 3-րդ ոչ-ոքին արարատցիներին գործնականում զրկեց Եվրոպա լիգայի ուղեգրի համար պայքարելու վերջին հնարավորությունից:

Իսկ «Փյունիկի» համար 2 միավորի կորուստը կարող է ճակատագրական լինել, քանի որ թիմին դժվարին հանդիպումներ են սպասվում մրցանակային տեղերի համար պայքարում իր հիմնական մրցակիցների՝ «Շիրակի» և «Գանձասար Կապանի» հետ:

Մրցաշարային աղյուսակ

stand

8 փաստ  24-րդ տուրի մասին

  • Դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին: Խփվեց 8 գոլ, որից 4-ն իրենց օգտին գրանցեցին լեգեոնականները: Առաջնության 87 խաղում 207 գոլ է խփվել, միջին արդյունավետությունը կազմում է 2,37:
  • «Բանանցին» այս անգամ էլ չհաջողվեց հյուրընկալվելիս հաղթել «Ալաշկերտին»: Վերջինս սեփական հարկի տակ «Բանանցի» հետ անցկացրած առաջնության 6 խաղերից 3-ում հաղթել է, 3-ն ավարտել է ոչ-ոքի:
  • «Արարատի» գոլային երաշտը շարունակվեց՝ հասնելով 371 րոպեի: Առաջնության վերջին 4 հանդիպումներում արարատցիները չեն կարողանում գտնել մրցակցի դարպասի բանալին: Ճիշտ է, այդ խաղերից 3-ում «Արարատը» դարպասն անառիկ է պահել:
  • «Շիրակն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով անդրանիկ հաղթանակը տոնեց: Գյումրեցիներն առաջնության վերջին 6 հանդիպումներում անպարտելի են՝  վաստակելով 12 միավոր:
  • Շիրակցի Կոնան Օդիլոն Կուակուն դարձավ ընթացիկ առաջնության ամենաարագ գոլի հեղինակը՝ 19-րդ վայրկյանին գրավելով «Միկայի» դարպասը: Այդ գոլը նաև ընթացիկ առաջնության հոբելյանական՝ 200-րդ գնդակն էր: Կուակուն 6 գնդակով գլխավորեց «Շիրակի» լավագույն ռմբարկուների ցանկը:
  • Առաջնության լավագույն ռմբարկուների պայքարում երկիշխանություն հաստատվեց: Բրազիլացի Հեբեր Արաուխոն 15-րդ գնդակը խփելով՝ հավասարվեց Միհրան Մանասյանին:
  • «Միկայի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցվեց 1100-րդ գոլը, որի հեղինակը շիրակցի Ռումյան Հովսեփյանն էր: Այդ գոլերից 432-ը խփվել են «Միկայի» դարպասը:
  • Արարատցի Րաֆֆի Քրիս Կայան դարձավ ընթացիկ առաջնությունում կարմիր քարտի արժանացած 10-րդ ֆուտբոլիստը:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ