Բարձրագույն խումբ. Հայացք 23-րդ տուրի հանդիպումներին

«Վիվառո նյուզն» ամփոփել է Բարձրագույն խմբի 23-րդ տուրը, որում գրանցված արդյունքները բոլորից շատ ձեռնտու էին Գյումրիի «Շիրակին», որն «Ուլիսի» հետ չկայացած խաղում իր օգտին հերթական 3 միավորը գրանցելով, միավորներով հավասարվեց 2-րդ տեղում ընթացող «Փյունիկին»՝ տեսականորեն դեռևս հավակնելով չեմպիոնի տիտղոսին:

«Ալաշկերտը» հրաշքով փրկվեց պարտությունից
Տուրի կենտրոնական խաղում հաղթանակը հատկապես անհրաժեշտ էր սեփական հարկի տակ 5-րդ անընդմեջ հանդիպումն անցկացնող գանձասարցիներին, որոնք համառ պայքար են մղում բրոնզե մեդալներին տիրելու և Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելու համար: Դաշտի տերերի համար կար հաջողության ձգտելու ևս մեկ հանգամանք. ընթացիկ առաջնությունում «Գանձասար Կապանին» դեռ չէր հաջողվել հաղթել «Ալաշկերտին»:

3
Երկու թիմերն էլ կազմի հետ կապված կորուստներ ունեին: Որակազրկման պատճառով գանձասարցիներից բացակայում էին պաշտպաններ Արա Խաչատրյանն ու Դամիր Մեմովիչը, իսկ «Ալաշկերտի» կազմում հանդիպմանը չմասնակցեց նախորդ խաղում թեթև վնասվածք ստացած Միհրան Մանասյանը, ով նույնիսկ պահեստայինների թվում հայտավորված չէր: Ինչպես ցույց տվեց խաղը, Մանասյանի բացակայությունը բացասաբար անդրադարձավ «Ալաշկերտի» հարձակողական գործողությունների արդյունավետության վրա:

Վերջին հանդիպումներում ակտիվ գործողություններով աչքի ընկնող գանձասարցիներն իրենց լավագույնս դրսևորեցին առաջատարի հետ մրցավեճում և Հայկ Իշխանյանի ու Տիգրան Բարսեղյանի խփած գոլերի շնորհիվ արդեն 2-րդ խաղակեսի սկզբում շատ մոտ էին հաղթանակին:

Ի պատիվ ալաշկերտցիների, նրանք պայքարեցին մինչև վերջ ու ավելացված ժամանակում Հեբեր Արաուխոյի և Ռաֆայել Ղազարյանի խփած գոլերի շնորհիվ հրաշքով փրկվեցին պարտությունից:

Առաջնության գարնանային հատվածում թեև ալաշկերտցիներին միավորները դժվարությամբ են տրվում, սակայն նրանք վստահ քայլերով ընթանում են դեպի չեմպիոնական բարձունքը: Իսկ ահա գանձասարցիներին 2 միավորի կորուստը կարող է շատ թանկ արժենալ մրցանակային 3-րդ տեղի համար մղվող պայքարում:

Ոսկանյանի անվայել արարքն ու մրցավարի ոչ համարժեք ռեակցիան
Երկու թիմերն էլ առաջնության նախորդ 4 հանդիպումներում հաղթանակ չէին տոնել և խաղադաշտ էին դուրս եկել վերջապես իրենց երկրպագուներին ուրախացնելու մտադրությամբ: Մրցաշարային աղյուսակի տեսանկյունից հանդիպման արդյունքն առավել կարևոր էր մրցանակային տեղերի համար պայքարող փյունիկցիների համար, որոնք նախորդ 3 հանդիպումներում չէին կարողացել գեթ մեկ գոլ խփել:

5
Հավասար պայքարում ընթացած խաղում հիմնական իրադարձությունները ծավալվեցին 2-րդ խաղակեսում: «Փյունիկին» վերջապես հաջողվեց ընդհատել գոլային երաշտը, երբ փոխարինման դուրս գալուց 2 րոպե անց Էրիկ Պետրոսյանն անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գրավեց դարպասը: Սակայն չեմպիոնին այս խաղում էլ վիճակված չէր հաղթանակ տոնելու: Անհատական վարպետությամբ աչքի ընկավ Զավեն Բադոյանը՝ վերականգնելով հավասարակշռությունը: Հատկանշական է, որ այդ գոլում էլ իր ներդրումն ունեցավ փոխարինման մտած ֆուտբոլիստը՝ Պետրոս Ավետիսյանը:

Խաղավարտին ֆուտբոլիստին ոչ վայել արարքով աչքի ընկավ «Փյունիկի» փորձառու պաշտպան Տարոն Ոսկանյանը, ով գնդակը թողած անսպասելիորեն հարձակվեց Լաերսիոյի վրա ու նրան հարվածելով, գետին տապալեց: Էլ ավելի անսպասելի ու զարմանալի էր հանդիպման գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանի ոչ համարժեք ռեակցիան, ով բավարարվեց միայն դեղին քարտով:

Փյունիկցիների նկատմամբ մրցավարների նման հանդուրժողականությունը ցավոք արդեն սովորական երևույթ է և ոչ մեկին չի զարմացնում: Կարծում ենք, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեն իր առաջիկա նիստում պետք է քննարկի այդ միջադեպը և խստորեն պատժի կարգազանց ֆուտբոլիստին:

Կոմբինացիոն խաղ ընդդեմ պարզունակ գործողությունների
Թվում էր, թե տուրի ավարտական խաղում հաղթանակի ձգտումը պետք է ավելի շատ գերակշռեր բրոնզե մեդալների համար պայքարող և առաջնության գարնանային հատվածում առայժմ իրենց երկրպագուներին ոչնչով չուրախացնող արարատցիների մոտ: Սակայն «Միկայի» հետ մրցավեճում դա չզգացվեց: Փոխարենը Վարուժան Սուքիասյանի բացակայության պայմաններում արարատցիները շատ անկազմակերպ ու դժգույն խաղ ցուցադրեցին, պաշտպանությունում էլ սխալներ թույլ տվեցին և խաղադաշտից հեռացան 0:4 խոշոր հաշվով կրած պարտությամբ, ինչը գործնականում նրանց զրկեց 3-րդ տեղի համար պայքարելու հնարավորությունից:

8
Ինչպես նախորդ 2 հանդիպումներում, այս անգամ էլ «Արարատը» չգտավ մրցակցի դարպասի բանալին: Արարատցիները կրկին միօրինակ էին գրոհում՝ գնդակը բարձրից փոխանցելով մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ օդային պայքարում հիմնականում հաղթող էին դուրս գալիս «Միկայի» ֆուտբոլիստները: Իսկ դարպասին միջին և հեռու տարածություններից հարվածները բացակայում էին: Արարատցիներին չէր հաջողվում ճեղքել մրցակցի պաշտպանությունն ու ներխուժել տուգանային հրապարակ: Դրա հետևանքով էլ դաշտի տերերին այդպես էլ չհաջողվեց լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին:

Իսկ ահա «Միկան» աչքի ընկավ գրագետ ու կոմբինացիոն խաղով: Կարճ փոխանցումներով հյուրերը արագորեն տեղափոխվում էին մրցակցի կիսադաշտ ու գեղեցիկ կոմբինացիաներ էին կազմակերպում՝ վտանգավոր պահեր ստեղծելով «Արարատի» դարպասին: Նրանց հաջողվեց հմտորեն օգտագործել մրցակցի պաշտպանությունում առաջացած ճեղքերը և Միխայիլ Գորելիշվիլու, Նիկիտա Չիչերինի, Ալեքսեյ Կիսելյովի ու Հայկ Ոսկանյանի դիպուկ հարվածների շնորհիվ արժանի հաղթանակ տոնել:

Հարգանքի է արժանի Սերգեյ Յուրանի վերաբերմունքն առաջնությունում «Միկայի» ելույթների հանդեպ: Խաղից հետո նա նշել էր, որ դեռ չեն մտածում գավաթի եզրափակչի մասին, այլ անհրաժեշտ է առաջնության մնացած հանդիպումներում էլ պայքարել հաղթանակի համար, քանի որ նույնիսկ 3-րդ տեղում հայտնվելու հնարավորություն կարող է ստեղծվել: Իհարկե, մրցանակային տեղ զբաղեցնելն այնքան էլ իրատեսական չէ, սակայն զարմանալի չի լինի, եթե «Միկային» հաջողվի շրջանցել «Արարատին» ու «Գանձասար Կապանին»: Ավելորդ չէ հիշեցնել, որ «Միկան» առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս առաջնության գարնանային հատվածում՝ անցկացրած 7 հանդիպումներում վաստակելով 12 միավոր:

8 փաստ 23-րդ տուրի մասին

7
Տևական ընդմիջումից հետո հյուրերը վերջապես հաղթեցին, ինչը նրանց չէր հաջողվել նախորդ 5 տուրերում: Հյուրերից հաջողությունն ուղեկցեց «Միկային», իսկ մյուս 2 խաղերում գրանցվեց ոչ-ոքի: 84 հանդիպումներում հյուրերը 23 հաղթանակ են տարել, դաշտի տերերին հաջողությունն ուղեկցել է 33 անգամ:

«Գանձասար Կապանը» սեփական հարկի տակ անցկացրած առաջնության 11 հանդիպումներում անպարտելի է: Առաջնության վերջին 5 խաղերը գանձասարցիներն անցկացրին Կապանում՝ վաստակելով 9 միավոր:
Ընթացիկ առաջնությունում «Միկան» առաջին անգամ պարտության մատնեց «Արարատին», այն էլ խոշոր հաշվով, որը թիմի համար նման կարգի առաջին հաղթանակն էր այս մրցաշրջանում:

«Արարատը» շարունակեց առանց հաղթանակների խաղերի շարքը՝ այն հասցնելով 7-ի: Արարատցիները միակն են, որ առաջնության գարնանային հատվածում չեն վայելել հաղթանակի բերկրանքը:

«Բանանցն» առաջնությունում յուրօրինակ ռեկորդակիր է ոչ-ոքիների քանակով: Հերթական ոչ-ոքին 11-րդն էր: Վերջին 5 խաղերում թիմը հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր:

Փյունիկցի Էրիկ Պետրոսյանը բացելով գոլերի հաշիվը բարձրագույն խմբում, ընդհատեց 339 րոպե տևած թիմի գոլային երաշտը:
«Միկայի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը վերջին 3 հանդիպումներում գոլ բաց չի թողել՝ դարպասն անառիկ պահելով 348 րոպե շարունակ:

«Արարատի» ավագ Նորայր Գրիգորյանը թիմի կազմում առաջնության հանդիպումներում առաջին անգամ փոխարինվեց: Մինչ այդ նա արարատցիների կազմում առանց փոխարինման մասնակցել էր առաջնության 54 խաղի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ