Բարձրագույն խումբ. Հայացք 2-րդ տուրի հանդիպումներին

«Վիվառո նյուզն» ամփոփել է բարձրագույն խմբի 2-րդ տուրը, որում «Շիրակը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնելով, միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Փյունիկն» ու «Արարատը» երկրորդ խաղում էլ պարտվելով, ստանձնեցին հետնապահի դերը:

«Արարատում» փորձարկումներն առայժմ արդյունք չեն տալիս

Առաջնության 2-րդ տուրը մեկնարկեց Կապանում կայացած «Գանձասար Կապանի» և «Արարատի» մրցավեճով: Երկու թիմերն էլ դեռ չէին բացել իրենց գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում: Սակայն եթե գանձասարցիները գոլազուրկ ոչ-ոքիի էին խաղացել չեմպիոնի հետ, ապա արարատցիները պարտվել էին «Բանանցին»:

Ինչպես սպասվում էր, Արկադի Անդրեասյանը նախորդ խաղի համեմատ որոշ փոփոխություններ էր կատարել թիմի մեկնարկային կազմում: Պաշտպանությունում Գորիկ Խաչատրյանի փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել Վահե Մարտիրոսյանը, կիսապաշտպանությունում Արամ Լոռեցյանին և Օշի Պոլ Ասուին փոխարինել էին Ռաֆայել Ղազարյանն ու թիմի նորեկ Հեփի Սիմելելան, իսկ հարձակման գծում Կիրիան Նվաբուեզեի փոխարեն խաղում էր Գևորգ Նռանյանը:

Գանձասարցիների կազմում նորամուտը նշեց բրազիլացի հարձակվող Մարինի Կլաուդիր Ժունիորը, ով դեռևս առաջին խաղակեսում տուգանայինի մատույցներից հիանալի հարվածով բացեց հաշիվը: Առաջին խաղակեսում մեծ առավելություն ունեցող դաշտի տերերին շուտով հաջողվեց նաև 2-րդ գնդակը խփել՝ փաստորեն վճռելով հանդիպման ելքը: Գոլի հեղինակ դարձավ Գեղամ Հարությունյանը:

Թեև ընդմիջումից հետո արարատցիներին հաջողվեց հավասարեցնել խաղը, սակայն այդպես էլ նրանք չգտան մրցակցի դարպասի բանալին: Միայն մեկ անգամ էին արարատցիները մոտ հաջողությանը, սակայն դաշտի տերերին օգնության եկավ դարպասի հորիզոնական ձողը:

Իսկ ահա գանձասարցիները կարող էին հաղթել նույնիսկ խոշոր հաշվով, եթե խաղային մի քանի դրվագներում իր թիմին գոլերից չփրկեր դարպասապահ Արամ Հայրապետյանը:

Բնականաբար Աշոտ Բարսեղյանը գոհ էր իր թիմի ցուցադրած խաղից՝ գովեստի խոսքեր հղելով նաև բրազիլացի հարձակվողի հասցեին, ով ըստ մարզչի, ֆունկցիոնալ վիճակը բարելավելու դեպքում հարձակողական հզոր ուժ կդառնա գանձասարցիների համար: Իսկ Արկադի Անդրեասյանն առայժմ թիմի հիմնական կազմի փնտրտուքների մեջ է՝ չբացառելով, որ որոշ ֆուտբոլիստներից հարկ կլինի հրաժարվել:

Չեմպիոնի խաղը տպավորություն չթողեց

Թվում էր, թե երկրի չեմպիոն «Ալաշկերտն» առանձնակի դժվարությունների չի հանդիպի կազմի զգալի կորուստներ կրած «Փյունիկի» նկատմամբ հաղթանակի հասնելու հարցում, որն օրեր առաջ զրկվել էր նաև Կիպրոս մեկնած իր ավագից՝ Դավիթ Մանոյանից: Սակայն հանդիպումն այլ սցենարով ընթացավ ու ալաշկերտցիներից բավական ջանքեր պահանջվեցին առաջնությունում անդրանիկ հաղթանակը տոնելու համար:

«Փյունիկի» խաղն այս անգամ հաճելի տպավորություն թողեց: Երիտասարդ փյունիկցիները բավական ակտիվ խաղ ցուցադրեցին՝ զգալի բարդություններ ստեղծելով մրցակցի դարպասն առաջին անգամ պաշտպանող Արսեն Բեգլարյանի համար, ում հավաքականի շահերից ելնելով խաղալու հնարավորություն էր ընձեռել Աբրահամ Խաշմանյանը՝ պահեստայինների նստարանին թողնելով փորձառու Գևորգ Կասպարովին:

«Փյունիկը» 3 անգամ գրավեց Բեգլարյանի դարպասը, սակայն դրանցից երկուսը խփվեցին «խաղից դուրս» իրավիճակից: Ուստի գրանցվեց միայն Ալիկ Առաքելյանի խփած գոլը, որով փյունիկցիները հավասարեցրին հաշիվը: Այն բացվել էր Արտակ Եդիգարյանի դիպուկ հարվածի շնորհիվ:

Ի վերջո «Ալաշկերտն» իր փորձառության և Միհրան Մանասյանի անհատական վարպետության շնորհիվ հաղթանակ տարավ, սակայն չեմպիոնի խաղն այս անգամ տպավորություն չթողեց: Ալաշկերտցիները խաղադաշտում մի տեսակ կաշկանդված էին գործում, սակավաթիվ էին մտածված կոմբինացիաները, որի հետևանքով նրանք չկարողացան լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին:

Նման խաղն իհարկե չէր կարող գոհացնել ոչ ֆուտբոլասերներին, ոչ էլ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, ով խիստ դժգոհ էր իր սաների գործողություններից՝ հույս հայտնելով, որ առաջիկա հանդիպումներում ամեն ինչ կշտկվի:

«Շիրակը» կորզեց հաղթանակը

Տուրը եզրափակած առաջնության երկու առաջատարների հանդիպումը մեծ հետաքրքրությամբ էր սպասվում: Այդ խաղում հաղթանակի գինը բարձր էր, քանի որ հաջողության հասած թիմը միանձնյա կգլխավորեր մրցաշարային աղյուսակը: Այս հանգամանքն իր կնիքն էր թողել ֆուտբոլիստների գործողություններում:

Երկու թիմերն էլ առաջին հերթին մտահոգվել էին թիկունքի ամրապնդման մասին: Պաշտպանությունում «Շիրակը» կազմի հետ կապված որոշ խնդիրներ ուներ, քանի որ Աղվան Դավոյանը որակազրկված էր, իսկ Ռոբերտ Դարբինյանը վնասվածքի պատճառով հանդիպմանը չէր կարող մասնակցել: Սակայն նրանց փոխարինած ֆուտբոլիստները, որոնցից մեկը «Շիրակում» նորամուտը նշած ուկրաինացի Կոնստանտին Շուլցն էր, վստահ հանդես եկան:

Հանդիպումը հարուստ չէր գոլային պահերով, հարկ եղած դեպքում էլ խաղին միջամտում էին դարպասապահներ Ստեփան Ղազարյանն ու Անատոլի Այվազովը՝ չեզոքացնելով սպառնալիքները:

Խաղի սցենարն այնպիսին էր, որ մեկ գոլը կարող էր վճռորոշ լինել: Այս առումով մարզական բախտը ժպտաց «Շիրակին», որն ավելացված ժամանակում Դավիթ Հակոբյանի խփած գոլի շնորհիվ կորզեց հաղթանակն ու ստանձնեց առաջնության առաջատարի դերը:

Գյումրեցիները հավատարիմ մնացին վերջին երկու մրցաշրջաններում «Բանանցի» հետ հանդիպումներում ձևավորված ավանդույթին՝ առաջնության վերջին 9 հանդիպումներում տոնելով 5-րդ հաղթանակը (մնացած 4 խաղերն ավարտվել են ոչ-ոքի): Ավելորդ չէ հիշեցնել, որ նախորդ առաջնությունում էլ «Շիրակը» մեկնարկում 2 հաղթանակ էր տոնել և «Արարատի» հետ գլխավորում էր աղյուսակը:

Մրցաշարային աղյուսակ

2016-08-15 12_59_34-2016-2017

10 փաստ 2-րդ  տուրի մասին

  • Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, պարտվեցին մեկ խաղում: Դաշտի տերերից միակ հաղթանակը տոնեց «Գանձասար Կապանը», որը մեկնարկային տուրում հյուրերից միակն էր, որ միավոր էր վաստակել:
  • 3 խաղում խփվեց  6 գոլ՝ մեկով ավելի, քան մեկնարկային տուրում էր: Դաշտի տերերն ու հյուրերը 3-ական գնդակ խփեցին: Առաջնությունում կայացած  6 հանդիպումներում 11 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունն առայժմ ցածր է՝ 1,83:
  • «Շիրակը» բարձրագույն խմբում հոբելյանական՝  650-րդ խաղն անցկացրեց՝ տոնելով ՀՀ առաջնություններում 327-րդ հաղթանակը: Մնացած հանդիպումներից 128-ում գրանցվել է ոչ-ոքի, 195-ում շիրակցիները պարտվել են: «Շիրակը» մրցակիցների դարպասը խփել է 1242 գոլ, սեփականը բաց է թողել 767 գնդակ:
  • «Արարատը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և առայժմ միակ թիմն է, որ չի բացել գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնությունում արարատցիները Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ գերազանց էին մեկնարկել՝  «չոր» հաշվով հաղթելով «Ուլիսին» և «Միկային»:
  • Միհրան Մանասյանը բացեց գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում՝  «Փյունիկի» հետ հանդիպումներում խփելով 10-րդ գոլը:
  • Արտակ Եդիգարյանն «Ալաշկերտի» կազմում 3-րդ գոլը խփեց և ընդգրկվեց թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուների տասնյակում, որը 43 գնդակով գլխավորում է Միհրան Մանասյանը: Եդիգարյանն «Ալաշկերտում» գոլերի հաշիվը բացել էր անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Գյումրիում «Շիրակի» հետ կայացած խաղում:
  • Արսեն Բեգլարյանը նորամուտը նշեց «Ալաշկերտում», որը ՀՀ առաջնություններում 23-ամյա դարպասապահի արդեն 4-րդ ակումբն է: Մինչ այդ նա պաշտպանել էր «Գանձասար Կապանի», «Ուլիսի» և «Միկայի» դարպասները:
  • Գրիգոր Մելիքսեթյանը երկրորդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահեց: Նախորդ առաջնության վերջին 2 հանդիպումներում էլ նա գոլ բաց չէր թողել: Այնպես որ Մելիքսեթյանը ՀՀ առաջնություններում արդեն 427 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել:
  • Դավիթ Հակոբյանի խփած գոլը ոչ միայն հաղթանակ պարգևեց «Շիրակին», այլև դարձավ ՀՀ առաջնություններում «Բանանցի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 1600-րդ գնդակը: Այդ գոլերից 1036-ը խփել են «Բանանցի» ֆուտբոլիստները, 564-ը գրանցվել է թիմի մրցակիցների օգտին:
  • Բրազիլացի Կլաուդիր Մարինի Ջունիորը գոլով նշեց նորամուտը «Գանձասար Կապանում»՝ դառնալով նոր մրցաշրջանում գանձասարցիների խփած առաջին գոլի հեղինակը:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ