Բարձրագույն խումբ. 9-րդ տուրին ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐ  ԿԱՊԱՆ» – «ԲԱՆԱՆՑ»

Գանձասար-Կապան - Բանանց

43 խաղ, +16=12-15, 44:57
15 հոկտեմբերի, ժ.14:00, Կապան, «Գանձասար»  մարզադաշտ

Վերջին երկու հանդիպումներում «Արարատի» և «Փյունիկի» նկատմամբ տարած հաղթանակների շնորհիվ «Գանձասար Կապանը» զգալիորեն բարելավեց իր մրցաշարային վիճակը՝  8 տուրից հետո վաստակած 10 միավորով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Գանձասարցիները ներկայումս ընդամենը 2 միավորով են հետ մնում «Բանանցից», ուստի մրցակիցների մրցավեճը սկզբունքային նշանակություն ունի:

«Բանանցն» այս հանդիպմանը նախապատրաստվել է նոր գլխավոր մարզչի՝ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ, ով վերջերս է փոխարինել թիմից հեռացած իսպանացի Տիտո Ռամալյոյին: Վերջինիս հետ «Բանանցին» հրաժեշտ են տվել նաև նրա իսպանացի օգնականներն ու Արամ Ոսկանյանը, ով մինչև Ռամալյոյի Երևան ժամանելը «Բանանցի» գլխավոր մարզիչն էր: Թիմից հեռացել է նաև պաշտպան Ասլան Կալմանովը:

Փաստորեն, Ռամալյոն ընդամենը մեկ տարի աշխատեց «Բանանցում»՝ թիմին արժանացնելով Հայաստանի գավաթակրի տիտղոսին: Հետաքրքիր է, որ Ռամալյոն նորամուտը նշել էր անցյալ տարվա հոկտեմբերի 18-ին «Ալաշկերտի» հետ կայացած նախորդ առաջնության խաղում, որում «Բանանցը» պարտվել էր 0:3 հաշվով: Նույն «Ալաշկերտի» հետ այս տարվա հոկտեմբերի 2-ին կայացած խաղը, որում «Բանանցը» կրկին 3 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը, դարձավ Ռամալյոյի հրաժեշտի խաղը:

Մրցակիցների միջև առաջին շրջանի երևանյան հանդիպումն առայժմ լավագույնն էր «Բանանցի» համար ընթացիկ մրցաշրջանում: «Բանանցը» 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց: «Բանանցից» գոլերի հեղինակներ դարձան Զավեն Բադոյանը, Վարդգես Սաթումյանը, Լաերսիոն ու Ացամազ Բուրաևը, գանձասարցիներից աչքի ընկավ Լուբամբո Մուսոնդան:

Դա գանձասարցիների հետ առաջնության վերջին 5 հանդիպումներում «Բանանցի» տարած առաջին հաղթանակն էր: Ընդհանրապես վերջին 4 մրցաշրջաններում «Բանանցը» շատ անհաջող է խաղացել «Գանձասար Կապանի» հետ՝  անցկացրած 23 հանդիպումներից շահելով միայն 4-ը, կրելով 11 պարտություն:

«Բանանցից» «Գանձասար Կապանի» դարպասն առավել հաճախակի` 9 անգամ գրավել է Սամվել Մելքոնյանը, ով կապանցիների կազմում հանդես գալիս 2 գոլ է խփել իր նախկին թիմի դարպասը: «Գանձասար Կապանից» 3-ական գոլ են խփել Արսեն Ավետիսյանը, Հայրապետ Ավագյանն ու Նարեկ Բեգլարյանը:

Գանձասարցիներից խաղը բաց կթողնի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Համլետ Ասոյանը:

1 2 3
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ