Բարձրագույն խումբ. 7-րդ տուրին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ» – «ԳԱՆՁԱՍԱՐ  ԿԱՊԱՆ»                

39 խաղ, +13=5-21, 40:55

25 սեպտեմբերի, ժ.18:00, Երևան, «Հանրապետական»  մարզադաշտ

«Ալաշկերտին» հաղթելուց հետո թվում էր, թե «Արարատը» վերջապես կարգավորել է խաղը, լուծել առկա խնդիրները ու բռնելու է վերելքի ուղին: Սակայն ցավոք դա միայն դիպված էր, եզակի հաջողություն: Դրանից հետո «Բանանցի» հետ կայացած առաջնության և գավաթի հանդիպումներում արարատցիները կրկին դժգույն խաղ ցուցադրեցին, չկարողացան լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին, փոխարենն արդեն խաղասկզբում արագ գոլ բաց թողեցին ու խաղադաշտից հեռացան պարտված:

Ի տարբերություն «Արարատի», առաջնության մյուս հետնապահը հաջող էր սկսել մրցաշարը, սակայն հետագայում 4 անընդմեջ պարտություն կրեց: Գանձասարցիներն ու արարատցիները ներկայումս միևնույն ցուցանիշներն ունեն, բացառությամբ բաց թողած գնդակների քանակի: Եվ թեև «Գանձասար Կապանը» 3 գոլ ավելի է բաց թողել, քան «Արարատը», սակայն ի հաշիվ առաջին շրջանում արարատցիների նկատմամբ տարած հաղթանակի, աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Օգոստոսի 13-ին Կապանում կայացած խաղում գանձասարցիներին հաղթանակ պարգևեցին դեռևս առաջին խաղակեսում Կլաուդիր Մարինի Ջունիորի և Գեղամ Հարությունյանի խփած 2 անպատասխան գոլերը: Ի դեպ, բրազիլացի հարձակվողն այդ օրը նորամուտն էր նշում կապանցիների կազմում:

Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 հանդիպումներից 3-ում հաղթել են գանձասարցիները, 2-ում գրանցվել է ոչ-ոքի: Ընդ որում արդեն 3 խաղ «Արարատին» չի հաջողվում գրավել «Գանձասար Կապանի» դարպասը: Վերջին հաղթանակը գանձասարցիների նկատմամբ արարատցիները տոնել են 2015թ. մայիսի 30-ին Կապանում՝ 3:0:

Մրցակիցների մրցավեճում արդյունավետ խաղով աչքի են ընկել գանձասարցի Արսեն Ավետիսյանը, ով բոլոր  գնդակներն էլ արարատցիների դարպասը խփել է Կապանում, և արարատցի Գևորգ Նռանյանը, որոնք  5-ական գոլի հեղինակ են  դարձել:

1 2 3
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ