Բարձրագույն խումբ. 6-րդ տուրին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ»  – «ԲԱՆԱՆՑ»

Արարատ - Բանանց

53 խաղ, +12=16-25, 56:83
17 սեպտեմբերի, ժ.18:00, Երևան, «Հանրապետական»  մարզադաշտ

Խաղացանկի քմահաճույքով մրցակիցներն ընդամենը 5 օրում երկու անգամ մրցավեճի կբռնվեն՝  նախ անցկացնելով առաջնության 6-րդ տուրի խաղը, ապա ՀՀ գավաթի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը:

Առաջնությունում հայտարարված ընդմիջումից հետո կայացած 5-րդ տուրի հանդիպումները տարբեր կերպ դասավորվեցին մրցակիցների համար: «Արարատն» արդյունավետ օգտագործելով ընդմիջումը, չեմպիոնի հետ մրցավեճում իրեն լավագույն կողմերով դրսևորեց: Արարատցիները ֆուտբոլասերներին ներկայացան խաղային նոր որակներով, իրենց երկրպագուներին ուրախացրին գրագետ գործողություններով ու արդյունավետ խաղով՝ վերջապես բացելով գոլերի հաշիվն ու տոնելով առաջին հաղթանակը:

Այժմ «Բանանցի» հետ խաղում «Արարատը» պետք է փորձի զարգացնել հաջողությունը՝ ապացուցելով, որ չեմպիոնի նկատմամբ տոնած հաղթանակը բնավ էլ պատահական չէր:

«Բանանցը» «Փյունիկի» հետ մրցավեճում ոչ միայն չկարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ, այլև մեկ միավորը ձեռքից բաց թողեց՝ ավելացված ժամանակում գոլ բաց թողնելով սեփական դարպասը: Իր կազմում ունենալով տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ, «Բանանցն» առայժմ աչքի չի ընկնում թիմային կայուն խաղով, ինչն էլ իր արտացոլումն է գտել թիմի գրանցած արդյունքներում:

Առաջնության մեկնարկային տուրում «Բանանցի» մարզադաշտում մրցակիցների միջև կայացած խաղում հաջողությունն ուղեկցել էր դաշտի տերերին, որոնց հաղթանակ էր պարգևել Լաերսիոյի խփած միակ գնդակը: Դա հյուրընկալվելիս «Բանանցի» հետ անցկացրած առաջնության վերջին 23 հանդիպումներում արարատցիների կրած 16-րդ պարտությունն էր: Մնացած 7 խաղերում գրանցվել էր ոչ-ոքի:

Ընդհանրապես վերջին 3 մրցաշրջաններում «Բանանցն» անհարմար մրցակից է դարձել «Արարատի» համար: Բավական է նշել, որ վերջին հաղթանակը «Բանանցի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2012թ. հոկտեմբերի 27-ին Ավետիք Կիրակոսյանի խփած միակ գոլի շնորհիվ: Իսկ դրանից հետո մրցակիցների միջև կայացած առաջնության 15 հանդիպումներում «Բանանցը» 8 հաղթանակ է տոնել, 7 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Նախորդ մրցաշրջանում էլ արարատցիներն անհաջող խաղացին «Բանանցի» հետ՝ կրելով 2 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի:

Արարատցիներից բոլորից արդյունավետ է գործել թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկու Վահե Յաղմուրյանը` խփելով 5 գնդակ: «Բանանցի» կազմում էլ նույնպիսի արդյունքի են հասել Սամվել Մելքոնյանն ու Արսեն Բալաբեկյանը:

1 2 3
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ