Բարձրագույն խումբ. 26-րդ տուրին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» «ԱՐԱՐԱՏ»    

11 խաղ, +3=44, 9:16
14 մայիսի, ժ.17:00, Երևան, «Ալաշկերտ»  մարզադաշտ

alashkert - ararat-min

Իր կարճատև կենսագրության ընթացքում լավագույն մրցաշրջանն անցկացնող «Ալաշկերտն» այս խաղում պետք է որ վերջապես պաշտոնապես գրանցի իր չեմպիոնությունը: Դրա համար ալաշկերտցիներին այս խաղում բավարարում է նույնիսկ ոչ-ոքին: Իսկ եթե «Շիրակին» չհաջողվի հաղթել «Բանանցին», ապա նույնիսկ «Արարատին» պարտվելու դեպքում «Ալաշկերտը» կհռչակվի Հայաստանի չեմպիոն:

Սակայն կարծում ենք, որ իրադարձությունների նման ընթացքը բնավ էլ չի գոհացնի ալաշկերտցիներին, որոնք ձգտելու են հաղթանակով նշանավորելու չեմպիոնական տիտղոսի նվաճումը:

«Արարատը» նախորդ տուրում զիջելով «Բանանցին», վերջնականապես զրկվեց մրցանակային տեղերի համար պայքարելու հնարավորությունից: Այժմ արարատցիները պետք է ձգտեն գոնե պահպանելու տեղը 5-րդ հորիզոնականում:

Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցներն արդեն 6-րդ անգամ են հանդիպելու: Խաղերից երկուսը կայացել են Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում, որոնցում հաղթել է «Ալաշկերտը»՝ 1:0, 4:0:

Առաջնության հանդիպումներում էլ արարատցիներին առայժմ չի հաջողվել առավելության հասնել առաջատարի նկատմամբ: Առաջին շրջանի խաղում «Ալաշկերտն» օգտվելով մրցակցի պաշտպանների կոպիտ սխալներից, 2:1 հաշվով կամային հաղթանակ է տոնել: Հաշիվը բացել էր արարատցի Զավեն Բուլուտը, սակայն հետագայում Միհրան Մանասյանը վերականգնել էր հավասարակշռությունը, իսկ Հեբեր Արաուխոն 11մ հարվածով խփել էր հաղթական գնդակը:

2-րդ շրջանի խաղն էլ ընթացավ գրեթե նույն սցենարով, սակայն այս անգամ գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1: Կրկին հաշիվը բացեցին արարատցիները: Աչքի ընկավ Գևորգ Նռանյանը: Շուտով «Ալաշկերտը» հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն ստացավ, սակայն Հեբերի 11մ հարվածը հետ մղեց Գևորգ Պրազյանը: Այնուամենայնիվ, 2 րոպե անց Մանասյանը վերականգնեց հավասարակշռությունը: Իսկ 3-րդ շրջանի խաղում դարպասները մնացին անառիկ:

Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 հանդիպումներում «Ալաշկերտը» 2 հաղթանակ է տոնել, 3 անգամ էլ գրանցվել է  ոչ-ոքի: Վերջին անգամ «Արարատն» «Ալաշկերտին» հաղթել է 2014թ. սեպտեմբերի 28-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 2:1 հաշվով:

Թիմերի մրցավեճում արդյունավետ խաղով աչքի է  ընկել «Արարատի» նախկին ավագ Ալեքսանդր Ռակիչը` դառնալով 6 գոլի հեղինակ: «Ալաշկերտից» 3 գոլ է խփել Միհրան Մանասյանը:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի ալաշկերտցի Արտակ Գրիգորյանը: Արարատցի Ումարու Կաինան էլ կբացակայի 7-րդ զգուշացման պատճառով:

Բարձրագույն խմբի հանդիպումների ուղիղ հեռարձակման պաշտոնական բացառիկ հովանավորը Վիվառո ընկերությունն է:

1 2 3
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ