Բարձրագույն խումբ. 23-րդ տուրին ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐ  ԿԱՊԱՆ» «ԱԼԱՇԿԵՐՏ»  

11 խաղ, +3=26, 18:18
23 ապրիլի, ժ.17:00, Կապան, «Գանձասար»  մարզադաշտ

gandzasar - alashkert-min

Տուրի կենտրոնական հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում, որի ելքը չափազանց կարևոր նշանակություն ունի մեդալների համար մղվող պայքարում: Ստացվել է այնպես, որ գանձասարցիներն արդեն առաջնության 5-րդ անընդմեջ խաղն են անցկացնելու սեփական հարկի տակ: Նախորդ 4 խաղերում «Գանձասար Կապանը» 8 միավոր է վաստակել, ընդ որում վերջին 3 հանդիպումներում դարպասն անառիկ է պահել: Ճիշտ է, վերջին 2 խաղերում գանձասարցիներին էլ չի հաջողվել գտնել մրցակիցների դարպասի բանալին:

Գերազանց մրցաշրջան անցկացնող «Ալաշկերտը» նախորդ տուրում իրեն հիանալի դրսևորեց՝ անչափ կարևոր հաղթանակ տոնելով «Փյունիկի» նկատմամբ: Այդ հաղթանակով ալաշկերտցիները գործնականում լուծեցին չեմպիոնության հարցը: Մնում է, որ առաջնության մնացած հանդիպումներում թիմը ևս հաջող հանդես գա ու արդեն պաշտոնապես, ժամկետից շուտ գրանցի իր պատմության մեջ ամենամեծ նվաճումը:

Ընթացիկ առաջնությունում «Գանձասար Կապանին» դեռ չի հաջողվել հաղթել «Ալաշկերտին»: Առաջին շրջանի երևանյան խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Կապանում ևս մրցակիցները մեկական միավոր վաստակեցին՝ միմյանց դարպասները գրավելով 2-ական անգամ:

Հաշիվը բացեց ալաշկերտցի Դուշկո Դուկիչը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Քիչ անց ընդամենը 2 րոպեի ընթացքում Միհրան Մանասյանն ու Հեբեր Արաուխոն հաշվի մեջ առաջ մղեցին «Ալաշկերտին»:

 64-րդ րոպեին դաշտի տերերը հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն ստացան, սակայն Ացամազ Բուրաևը չկարողացավ 11մ հարվածով խոցել Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը: Այնուամենայնիվ, խաղավարտից 12 րոպե առաջ Բուրաևը քավեց մեղքը և թիմին փրկեց պարտությունից:

Առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրում «Ալաշկերտը» սեփական դաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Հեբեր Արաուխոն դարձավ դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Միհրան Մանասյանը: Ի դեպ, վերջինս վնասվածքի պատճառով «Փյունիկի» հետ խաղում լքել էր խաղադաշտը: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէր, սակայն մարզիչները որոշել են ռիսկի չդիմել և Մանասյանը Կապանում հայտավորված կլինի պահեստայինների թվում ու խաղադաշտ դուրս կգա միայն անհրաժեշտության դեպքում:

Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 6 հանդիպումներից 4-ում հաղթել է «Ալաշկերտը», 2 խաղում գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակն ալաշկերտցիների նկատմամբ գանձասարցիները տոնել են 2014թ. օգոստոսի 24-ին՝ Կապանում 3 միավոր վաստակելով Սամվել Մելքոնյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ:

Ալաշկերտցի Միհրան Մանասյանը 7 գնդակով մրցակիցների մրցավեճի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է: Գանձասարցիներից Նարեկ Բեգլարյանը 5 գոլի հեղինակ է դարձել:

Որակազրկման պատճառով հանդիպմանը չեն մասնակցի գանձասարցիներ Դամիր Մեմովիչն ու Արա Խաչատրյանը և ալաշկերտցի Կարեն Մուրադյանը:

Բարձրագույն խմբի հանդիպումների ուղիղ հեռարձակման պաշտոնական բացառիկ հովանավորը Վիվառո ընկերությունն է:

1 2 3
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ