Բարձրագույն խումբ. 19-րդ տուրին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»    

10 խաղ, +4=33, 16:9
6 ապրիլի, ժ.14:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

ararat - alashkert-min

«Արարատին» առաջնության գարնանային հատվածում առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակ տոնել: Նախորդ խաղը ոչ-ոքի ավարտելով «Շիրակի» հետ, արարատցիները 28 միավորով նահանջեցին 5-րդ հորիզոնական՝ իրենցից առաջ թողնելով նույնքան միավոր վաստակած «Գանձասար Կապանին»: Իսկ «Ալաշկերտը» «Միկայի» նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ շարունակում է վստահորեն գլխավորել աղյուսակը՝ պահպանելով «Փյունիկից» 4 միավորի տարբերությունը:

Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցներն արդեն 5-րդ անգամ են հանդիպելու: Խաղերից երկուսը կայացել են Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում, որոնցում հաղթել է «Ալաշկերտը»՝ 1:0, 4:0:

Առաջնության հանդիպումներում էլ արարատցիներին առայժմ չի հաջողվել առավելության հասնել առաջատարի նկատմամբ: Առաջին շրջանի խաղում «Ալաշկերտն» օգտվելով մրցակցի պաշտպանների կոպիտ սխալներից, 2:1 հաշվով կամային հաղթանակ է տոնել: Հաշիվը բացել էր արարատցի Զավեն Բուլուտը, սակայն հետագայում Միհրան Մանասյանը վերականգնել էր հավասարակշռությունը, իսկ Հեբեր Արաուխոն 11մ հարվածով խփել էր հաղթական գնդակը:

2-րդ շրջանի խաղն էլ ընթացավ գրեթե նույն սցենարով, սակայն այս անգամ գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1: Կրկին հաշիվը բացեցին արարատցիները: Աչքի ընկավ Գևորգ Նռանյանը: Շուտով «Ալաշկերտը» հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն ստացավ, սակայն Հեբերի 11մ հարվածը հետ մղեց Գևորգ Պրազյանը: Այնուամենայնիվ, 2 րոպե անց Մանասյանը վերականգնեց հավասարակշռությունը:

Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 4 հանդիպումներում «Ալաշկերտը» 2 հաղթանակ է տոնել, նույնքան անգամ էլ գրանցվել է  ոչ-ոքի: Վերջին անգամ «Արարատն» «Ալաշկերտին» հաղթել է 2014թ. սեպտեմբերի 28-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 2:1 հաշվով:

Թիմերի մրցավեճում արդյունավետ խաղով աչքի է  ընկել «Արարատի» նախկին ավագ Ալեքսանդր Ռակիչը` դառնալով 6 գոլի հեղինակ: «Ալաշկերտից» 3 գոլ է խփել Միհրան Մանասյանը:

«Արարատի» համար մեծ կորուստ կլինի Գևորգ Նռանյանի բացակայությունը, ով 4-րդ զգուշացումն է ստացել: Նույն պատճառով խաղին չի մասնակցի ալաշկերտցի Արտակ Եդիգարյանը:

Բարձրագույն խմբի հանդիպումների ուղիղ հեռարձակումն ապահովվում է «Վիվառո» ընկերության բացառիկ հովանավորչությամբ:

1 2 3
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ