Բարձրագույն խումբ. 15-րդ տուրին ընդառաջ

«ՓՅՈՒՆԻԿ» – «ԲԱՆԱՆՑ» 

Փյունիկ - Բանանց

66 խաղ,  +36=15-15, 123:73

22 նոյեմբերի, ժ.16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի  մարզադաշտ

Նախորդ տուրում «Փյունիկը» չափազանց դժվարին պայքարում ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին կորզեց հաղթանակն «Արարատի» հետ մրցավեճում և կրճատեց առաջատար «Շիրակից» միավորների տարբերությունը՝ հասցնելով 3-ի:

Իսկ «Բանանցն» Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ անցկացրած 6-րդ խաղում 2-րդ միավորը վաստակեց՝ սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալով «Գանձասար Կապանի» հետ: Այդ խաղին հայտավորված չէին Զավեն Բադոյանը, Ացամազ Բուրաևը և Սոսլան Կաչմազովը, որոնք օրեր առաջ փոխադարձ համաձայնությամբ խզել էին պայմանագրերն ակումբի հետ:

Տիտո Ռամալյոյի հեռանալուց հետո արդեն «Բանանցի» հետ պայմանագրերը խզել են 5 ֆուտբոլիստներ: Վերջին հանդիպումներում ավելի հաճախակի են խաղադաշտ դուրս գալիս թիմի երիտասարդ ֆուտբոլիստներ Հակոբ Համբարձումյանը, Գրիգոր Աղեկյանը, Արամ Քոչարյանը, Էմիլ Եղիազարյանը և Օրբելի Համբարձումյանը:

Հետաքրքիր է, որ մրցակիցների միջև կայանալիք 10-րդ տուրի հանդիպումից առաջ «Բանանցն» ու «Փյունիկը» մրցաշարային աղյուսակում հարևաններ էին՝ իրենց ակտիվում գրանցելով 12-ական միավոր:

Իսկ ահա 3-րդ շրջանի մրցավեճից առաջ թիմերի միջև արդեն 11 միավորի տարբերություն կա, որն առաջացել է  փյունիկցիների հաջող մրցելույթների շնորհիվ: Վերջին 5 հանդիպումներում «Փյունիկը» 13 միավոր է վաստակել, մինչդեռ «Բանանցն» իր օգտին ընդամենը 2 միավոր գրանցեց:

Ընթացիկ առաջնության երկու հանդիպումներն էլ ավարտվել են փյունիկցիների հաղթանակով: Մրցակիցների առաջին շրջանի խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ հաղթեց 2:1 հաշվով: Ընդ որում փյունիկցիները հաղթանակը կորզեցին ավելացված ժամանակում Էրիկ Պետրոսյանի խփած գոլի շնորհիվ: Իսկ մինչ այդ առաջին խաղակեսում հաշիվը բացել էր Վարդան Պողոսյանը, ընդմիջումից հետո «Բանանցը» Վլատկո Դրոբարովի խփած գոլի շնորհիվ վերականգնել էր հավասարակշռությունը:

Ի դեպ, հենց այդ խաղում Արտակ Օսեյանն իր սաների գործողությունները ղեկավարեց որպես թիմի գլխավոր մարզիչ: Մինչ այդ նա այդ պարտականությունները կատարում էր որպես գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար:

2-րդ շրջանի խաղում էլ «Փյունիկին» հաղթանակ պարգևեց «Բանանցի» նախկին պաշտպան Արամ Շահնազարյանի խփած միակ գոլը:

«Բանանցի» դարպասը բոլորից հաճախ` 8 անգամ գրավել է Գևորգ Ղազարյանը: «Փյունիկին»  առավել մեծ տհաճություն են պատճառել Արամ Հակոբյանն ու Սամվել Մելքոնյանը, որոնք խփել են 6-ական գոլ:

1 2 3
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ