Բարձրագույն խումբ. 14-րդ տուրին ընդառաջ

«ԲԱՆԱՆՑ»  – «ԳԱՆՁԱՍԱՐ  ԿԱՊԱՆ»

Բանանց - Գանձասար-Կապան

44 խաղ, +15=12-17, 57:48

19 նոյեմբերի, ժ.15:00, Երևան, «Բանանց-1»  մարզադաշտ

«Բանանցը» շարունակում է անհաջող ելույթներն ընթացիկ առաջնությունում: Նույնիսկ թիմում տեղի ունեցած մարզչական փոփոխությունն առայժմ ոչ մի կերպ չի անդրադարձել իրավիճակի շտկման վրա:

Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ անցկացրած առաջնության վերջին 5 հանդիպումներում «Բանանցն» ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը բացահայտ հետնապահ «Արարատի» հետ: Իսկ նախորդ տուրում Արթուր Ոսկանյանի սաները 1:4 հաշվով պարտվեցին երկրի չեմպիոն «Ալաշկերտին»՝ կրելով ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 4-րդ պարտությունը:

«Բանանցն» աստիճանաբար հրաժարվում է իր լեգեոնականներից: Օրերս թիմից հեռացել է մակեդոնացի պաշտպան Յասմին Մեցինովիչը, ով վնասվածքի պատճառով վիրահատության էր ենթարկվել, որի հետևանքով ընթացիկ առաջնությունում դեռևս խաղադաշտ դուրս չէր եկել: Ընդհանրապես ակումբի ղեկավարությունը մտադիր է ձմռանն ամբողջությամբ հրաժարվել լեգեոնականներից ու գարնանը հանդես գալ սեփական կադրերով:

«Գանձասար Կապանը» բավական հաջող է հանդես գալիս առաջնությունում՝ 20 միավորով ընթանալով 4-րդ տեղում: Վերջին երեք հանդիպումներում գանձասարցիները սեփական դարպասն անառիկ են պահել՝ վաստակելով 7 միավոր:

Վերջին 4 մրցաշրջաններում «Բանանցը» շատ անհաջող է խաղացել «Գանձասար Կապանի» հետ՝  անցկացրած 24 հանդիպումներից շահելով միայն 4-ը, կրելով 12 պարտություն: Այդ հաղթանակներից վերջինը «Բանանցն» առայժմ տոնել է առաջին շրջանի երևանյան խաղում՝ 4:1: «Բանանցից» գոլերի հեղինակներ դարձան Զավեն Բադոյանը, Վարդգես Սաթումյանը, Լաերսիոն ու Ացամազ Բուրաևը, գանձասարցիներից աչքի ընկավ Լուբամբո Մուսոնդան:

Մրցակիցների երկրորդ շրջանի հանդիպմանը «Բանանցը» նախապատրաստվել էր նոր գլխավոր մարզչի՝ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ: Նրա նորամուտը շատ անհաջող ստացվեց: Կապանում դաշտի տերերը 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Գրիգոր Մակարյանի պաշտպանած դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան թիմի լեգեոնականները՝ Կլաուդիր Մարինին, Դամիր Մեմովիչը, Գոգիտա Գոգատիշվիլին և Գարսիա Վալմերսոնը:

«Բանանցից» «Գանձասար Կապանի» դարպասն առավել հաճախակի` 9 անգամ գրավել է Սամվել Մելքոնյանը, ով կապանցիների կազմում հանդես գալիս 2 գոլ էլ խփել է իր նախկին թիմի դարպասը: «Գանձասար Կապանից» 3-ական գոլ են խփել Արսեն Ավետիսյանը, Հայրապետ Ավագյանն ու Նարեկ Բեգլարյանը:

1 2 3
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ