Բարձրագույն խումբ. 10 փաստ 15-րդ տուրի հանդիպումներից

Առաջնության 3-րդ շրջանի ավարտական տուրն անցավ  դաշտի տերերի առավելությամբ, որոնք տարան 2 հաղթանակ, մեկն ավարտեցին ոչ-ոքի: Հյուրերից միակ միավորը վաստակեց «Բանանցը»: Առաջնությունում 6-րդ անգամ տուրում հյուրերին չհաջողվեց հաղթանակ տոնել: Նախկինում նման բան տեղի էր ունեցել 1-ին, 3-րդ, 4-րդ, 9-րդ և 13-րդ տուրերում: Առաջնության 45 հանդիպումներում դաշտի տերերը տոնել են 18 հաղթանակ, 11 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 16 անգամ հաջողության են հասել հյուրերը:

Տուրում խփվեց 8 գոլ: Առաջնության մեկնարկից 94 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,08 գոլ մեկ խաղում: 3-րդ շրջանի 15 հանդիպումներում գրանցվեց 32 գոլ, ինչը 5-ով գերազանցում է 2-րդ շրջանի ցուցանիշը: Իսկ առավել արդյունավետ էր առաջնության առաջին շրջանը, որում խփվել էր 35 գնդակ:

Ընթացիկ առաջնությունում «Շիրակը» մրցակցի հարկի տակ առաջին պարտությունը կրեց: Մինչ Կապանում անհաջողության մատնվելը, գյումրեցիները հյուրընկալվելիս անցկացրած  6 հանդիպումներից 4-ը շահել էին, 2-ն ավարտել էին ոչ-ոքի: «Շիրակը» միակ թիմն էր, որը մրցակցի հարկի տակ դեռ չէր պարտվել: Ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ գյումրեցիները 2 խաղ անընդմեջ չեն կարողանում գրավել մրցակիցների դարպասը: Առաջին անգամ դա պատահել էր 6-7-րդ տուրերում «Փյունիկի» (0:0) և «Բանանցի» (0:1) հետ հանդիպումներում:

Գեղամ Հարությունյան

«Գանձասար Կապանի» ֆուտբոլիստներին վերջապես հաջողվեց ընդհատել անհաջողությունների շարքը «Շիրակի» հետ հանդիպումներում՝ տոնելով առաջին հաղթանակը: Իսկ մինչ այդ մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 12 հանդիպումներից 7-ում հաղթել էին շիրակցիները, 5-ն ավարտվել էր ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Շիրակի» նկատմամբ գանձասարցիները տոնել էին 2013թ. հոկտեմբերի 30-ին՝ Կապանում առավելության հասնելով 2:0 հաշվով: Առաջնության վերջին 5 հանդիպումներում գանձասարցիներն անպարտելի են:

Ընթացիկ առաջնությունում «Փյունիկի» հետ մրցավեճում «Բանանցին» վերջապես հաջողվեց առաջին միավորը վաստակել: Վերջին 8 հանդիպումներում «Բանանցը» հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր:

«Ալաշկերտն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 4-րդ հաղթանակը տոնեց: Դրանցից 3-ը չեմպիոնը տարել էր «Բանանցի» նկատմամբ: Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ սա չեմպիոնի խոշոր հաշվով երկրորդ հաղթանակն էր: Առաջինը գրանցվել էր 13-րդ տուրում նույնպիսի 4:1 հաշվով «Բանանցի» հետ մրցավեճում: Չեմպիոնը 11մ երկրորդ հարվածն էլ անվրեպ իրացրեց: Առաջինը հաջող էր իրացրել Նորայր Գյոզալյանը «Շիրակի» հետ 9-րդ տուրում կայացած խաղում:

«Արարատը» խոշոր հաշվով 2-րդ պարտությունը կրեց: Առաջինը գրանցվել էր 9-րդ տուրում «Փյունիկի» հետ մրցավեճում՝ 0:4: Արարատցիների դարպասին 11մ 4-րդ հարվածը նշանակվեց, որն անվրեպ իրացրեց Միհրան Մանասյանը: Մինչ այդ միայն գանձասարցի Արա Խաչատրյանին էր հաջողվել 11մ հարվածով խոցել Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը: Վերջինս դրանից հետո հաղթող էր դուրս եկել շիրակցի Դավիթ Հակոբյանի և փյունիկցի Վարդան Պողոսյանի հետ մենամարտերում:

Գանձասարցի Գեղամ Հարությունյանն առաջնությունում 6-րդ գոլը խփելով, կրկնեց 2014/15թթ. մրցաշրջանում ցույց տված իր լավագույն արդյունքը: Այդ գոլերից 4-ը նա խփել է փոխարինման դուրս գալիս: Վերջին 5 հանդիպումներում Գեղամը նույնքան գոլի հեղինակ է դարձել: Այդ խաղերում միայն «Փյունիկին» է հաջողվել վնասազերծել գանձասարցիների ագրեսիվ հարձակվողին:

«Բանանցի» 19-ամյա ֆուտբոլիստ Հովհաննես Իլանգյոզյանը բացեց գոլերի հաշիվը բարձրագույն խմբում: Ընթացիկ առաջնությունում նա ընդամենը 2-րդ անգամ հանդես եկավ թիմի հիմնական կազմում: Ընթացիկ առաջնությունում «Բանանցի» կազմում արդեն ասպարեզ են դուրս եկել 29 ֆուտբոլիստներ:

Դարպասապահներից միայն գանձասարցի Գրիգոր Մելիքսեթյանին հաջողվեց տուրում դարպասն անառիկ պահել: Ընթացիկ առաջնության 15 հանդիպումներից 9-ում նա գոլ բաց չի թողել: Դա լավագույն ցուցանիշն է դարպասապահների մեջ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ