Բարձրագույն խումբ. 10 փաստ 14-րդ տուրի հանդիպումներից

Տուրն անցավ  հյուրերի առավելությամբ, որոնք տարան մեկ հաղթանակ, երկուսն ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում 4-րդ անգամ տուրում դաշտի տերերին չհաջողվեց հաղթանակ տոնել: Նախկինում նման բան տեղի էր ունեցել 6-րդ, 7-րդ և 11-րդ տուրերում: Առաջնության 42 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը տոնել են 16-ական հաղթանակ, 10 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Տուրում խփվեց 5 գոլ: Առաջնության մեկնարկից 86 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,04 գոլ մեկ խաղում:

Ընթացիկ առաջնությունում «Շիրակն» ու «Ալաշկերտը» 3-րդ անգամ իրենց մրցավեճն ավարտեցին ոչ-ոքի: Նրանց միջև գրանցված գոլազուրկ ոչ-ոքին 7-րդն է ընթացիկ առաջնությունում: Այդ ցուցանիշով ռեկորդակիրը «Փյունիկն» է, որի մասնակցությամբ հանդիպումներից 4-ում հաշիվը չի բացվել: «Ալաշկերտը» միակ թիմն է, որին ընթացիկ առաջնությունում «Շիրակին» առայժմ չի հաջողվել հաղթել:

Շիրակ - Ալաշկերտ

«Արարատը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Վերջին 9 հանդիպումներում «Արարատն» ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Բանանցի» հետ, մրցակիցների դարպասը խփելով ընդամենը 2 գոլ, սեփականը բաց թողնելով 16 գնդակ: Արարատցիներն ընդհատեցին 385 րոպե տևած հերթական գոլային երաշտը: Ընթացիկ առաջնությունում «Արարատի» գոլային ամենաերկար երաշտը տևել է 437 րոպե:

Գանձասարցի Գեղամ Հարությունյանը 5-րդ գոլը խփեց և շիրակցի Վիուլեն Այվազյանի հետ գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Այդ գոլերից 4-ը նա խփել է վերջին 4 հանդիպումներում: Ռմբարկուների ցուցանիշները շարունակում են շատ ցածր մնալ: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության 14-րդ տուրից հետո 12 գնդակով լավագույն ռմբարկուն Միհրան Մանասյանն էր, որին 2 գոլով էր զիջում նրա թիմակից Հեբեր Արաուխոն:

Գեղամ Հարությունյան

«Բանանցի» հարձակվող Արամ Քոչարյանն ու արարատցի Սերգեյ Մկրտչյանը բացեցին գոլերի հաշիվը բարձրագույն խմբում:

Ալաշկերտցի Արտակ Գրիգորյանը բարձրագույն խմբում հոբելյանական՝  200-րդ խաղն անցկացրեց: Նա դարձավ ընթացիկ առաջնությունում 200-րդ խաղի հոբելյանը նշած 2-րդ ֆուտբոլիստը: Հետաքրքիր է, որ առաջինը նման արդյունքի հասած գանձասարցի Ալեքսանդր Պետրոսյանն այդ սահմանագիծը ևս հատել էր «Շիրակի» հետ հոկտեմբերի 22-ին կայացած խաղում: Ընդհանուր առմամբ ՀՀ առաջնություններում 200 և ավելի խաղ են անցկացրել  95 ֆուտբոլիստներ:

«Արարատի» դարպասին ընթացիկ առաջնությունում 3-րդ 11մ հարվածը նշանակվեց: Արամ Հայրապետյանը 2-րդ անգամ հետ մղեց 11մ հարվածը՝ հաղթող դուրս գալով փյունիկցի Վարդան Պողոսյանի հետ մենամարտում: Առաջին 11մ հարվածն Արամ Հայրապետյանը հետ էր մղել առաջնության 8-րդ տուրում «Շիրակի» հետ Երևանում կայացած խաղում: Նրա պաշտպանած դարպասը չէր կարողացել խոցել Դավիթ Հակոբյանը: Չնայած դարպասապահի գերազանց խաղին, երկու դեպքում էլ «Արարատը» պարտվել էր մրցակիցներին: Արամ Հայրապետյանի արդյունքը լավագույնն է դարպասապահների մեջ ընթացիկ առաջնությունում:

Արամ Հայրապետյան

Լուբամբո Մուսոնդան «Գանձասար Կապանի» կազմում  39-րդ խաղն անցկացնելով, ընդգրկվեց թիմի ամենափորձառու լեգեոնականների տասնյակում: Գանձասարցիների կազմում լեգեոնականներից բոլորից շատ՝ 92 խաղ է անցկացրել վրացի դարպասապահ Լևան Բուբուտեիշվիլին, ով թիմի դարպասը պաշտպանել է 2007-2011թթ.:

«Շիրակի» 20-ամյա դարպասապահ Անատոլի Այվազովը կրկնեց նախկին փյունիկցի Կարեն Բաբայանի անխոցելիության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում հանդես եկած դարպասապահներից բարձրագույն խմբում բոլորից հաճախ՝ 10 անգամ (1997թ.) դարպասն անառիկ էր պահել: Այվազովը 3 անգամ դարպասն անառիկ էր պահել «Փյունիկում» նախորդ առաջնության գարնանային հատվածում, 7 խաղում էլ գոլ բաց չի թողել ընթացիկ առաջնությունում: Այնպես որ այս տարվա ավարտական 3 հանդիպումներից թեկուզ մեկում դարպասն անառիկ պահելու դեպքում Այվազովը կդառնա ռեկորդակիր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ