Բարձրագույն խումբ. 10 փաստ 13-րդ տուրի հանդիպումներից

Տուրն անցավ  դաշտի տերերի առավելությամբ, որոնք տարան 2 հաղթանակ, մեկն ավարտեցին ոչ-ոքի: Հյուրերից միակ միավորը վաստակեց «Գանձասար Կապանը»: Առաջնությունում 5-րդ անգամ տուրում հյուրերին չհաջողվեց հաղթանակ տոնել: Առաջնության 39 հանդիպումներում դաշտի տերերը տոնել են 16 հաղթանակ, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 15 անգամ, 8 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Ինչպես նախորդ տուրում, այս անգամ էլ խփվեց 7 գոլ: Առաջնության մեկնարկից 81 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,07 գոլ մեկ խաղում:

«Շիրակն» ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ հաղթեց «Արարատին», որին առայժմ չի հաջողվել գրավել գյումրեցիների դարպասը: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 հանդիպումներում շիրակցիները 4 անընդմեջ հաղթանակ են տոնել, մեկն ավարտել են ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Շիրակի» նկատմամբ արարատցիները տոնել են անցյալ տարվա նոյեմբերի 8-ին Գյումրիում՝ 1:0:

Շիրակ - Արարատ

«Փյունիկի» 4 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց: Ընթացիկ առաջնությունում փյունիկցիները 4-րդ խաղն ավարտեցին գոլազուրկ ոչ-ոքի, ինչը յուրօրինակ ռեկորդ է: Ընդհանուր առմամբ ընթացիկ առաջնության 6 հանդիպումներում հաշիվը չի բացվել:

«Ալաշկերտը» Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ առաջնությունում անդրանիկ հաղթանակը տոնեց, այն էլ՝ խոշոր հաշվով: Դա չեմպիոնի խոշոր հաշվով 3-րդ հաղթանակն էր: Հետաքրքիր է, որ դրանք գրանցվել են «Բանանցի» հետ մրցախաղերում: Հիշեցնենք, որ առաջնության առաջին և երկրորդ շրջաններում ալաշկերտցիները «Բանանցի» դարպասը 3 անպատասխան գնդակ էին խփել: Այս անգամ էլ ավանդույթը չխախտվեց և սեփական հարկի տակ «Ալաշկերտը» 4-րդ անգամ հաղթեց «Բանանցին»: Մնացած 3 խաղերում «Ալաշկերտ» մարզադաշտում գրանցվել է ոչ-ոքի:

Ալաշկերտ - Բանանց

Շիրակցի Վիուլեն Այվազյանը երկրորդ խաղն անընդմեջ դառնալով գոլի հեղինակ, 5 գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Նա կրկնեց թիմի կազմում իր անցյալ տարվա ցուցանիշը, որին հասել էր առաջնությունում անցկացրած 16 հանդիպումներում: Այս ցուցանիշը բավական ցածր է: Նախորդ առաջնության 13-րդ տուրից հետո 12 գնդակով լավագույն ռմբարկուն ալաշկերտցի Միհրան Մանասյանն էր, որին 9 գոլով հետապնդում էր նրա թիմակից Հեբեր Արաուխոն:

«Բանանցի» հետ խաղում դառնալով դուբլի հեղինակ, Արտակ Եդիգարյանը 4 գնդակով հավասարվեց եղբորը՝ Արթուրին: ՀՀ առաջնություններում նրանք առաջին անգամ են հայտնվել առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում: Արթուրի համար այս արդյունքն արդյունավետության անձնական ռեկորդի կրկնությունն է: Նախկինում նա մեկ մրցաշրջանում առավելագույն քանակի՝ 4-ական գոլ էր խփել 2009 («Փյունիկում») և 2011թթ. («Բանանցում») առաջնություններում: Իսկ Արտակի համար առայժմ ամենաարդյունավետը եղել է 2010թ. առաջնությունը, որում նա «Փյունիկի» կազմում 6 գոլի հեղինակ էր դարձել: ՀՀ առաջնություններում վերջին անգամ հարազատ եղբայրները լավագույն ռմբարկուների ցանկում են գտնվել 2003թ.: Խոսքը «Բանանցում» հանդես եկած Արա և Արամ Հակոբյանների մասին է:

Եդիգարյան

Ղուկաս Պողոսյանը բացեց գոլերի հաշիվը «Շիրակում», Խորեն Վերանյանն էլ առաջին գոլը խփեց «Ալաշկերտում»: Նա ընդգրկվեց «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: «Բանանցի» դարպասը Վերանյանը գրավեց 31 տարեկան 62 օրականում:

Գանձասարցի Արմեն Պետրոսյանը «Փյունիկի» հետ խաղում պաշտոնական մրցումներում 350-րդ հանդիպումն անցկացրեց: Մինչ օրս միայն 24 ֆուտբոլիստների է հաջողվել հատել 350 խաղի սահմանագիծը: Պաշտոնական մրցումներում անցկացրած խաղերի քանակով յուրօրինակ ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է՝  605:

«Բանանցի» պաշտպան Վլատկո Դրոբարովը բարձրագույն խմբում 36-րդ խաղն անցկացրեց ու ընդգրկվեց թիմի կազմում ամենաշատ հանդիպումների մասնակցած լեգեոնականների լավագույն տասնյակում: Այդ ցանկը գլխավորում է Նոա Կասուլեն, ով «Բանանցում» 79 խաղ է անցկացրել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ