Բարձրագույն խումբ. 10 փաստ 12-րդ տուրի հանդիպումներից

Տուրն անցավ  դաշտի տերերի առավելությամբ, որոնք տարան 2 հաղթանակ, մեկում պարտվեցին: Հյուրերից հաջողությունն ուղեկցեց միայն «Շիրակին»: Առաջնությունում 7-րդ անգամ տուրում ոչ-ոքի արդյունք չգրանցվեց: Առաջնության 36 հանդիպումներում դաշտի տերերը տոնել են 14 հաղթանակ, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 15 անգամ, 7 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Տուրում խփվեց 7 գոլ: Առաջնության մեկնարկից 74 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,05 գոլ մեկ խաղում:

«Փյունիկը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ ռևանշի հասնելով «Ալաշկերտի» նկատմամբ առաջին շրջանում նույնպիսի հաշվով կրած պարտության դիմաց: Այդ խաղում 11մ հարվածով Վարդան Պողոսյանի խփած գնդակը «Փյունիկի» և «Ալաշկերտի» միջև անցկացված առաջնության 15 հանդիպումներում գրանցված 50-րդ գոլն էր:

«Շիրակը» շարունակեց առաջնության արտագնա հանդիպումներում իր անպարտելի խաղերի շարքը: Գյումրեցիներն ընթացիկ առաջնությունում հյուրընկալվելիս անցկացրած 6 հանդիպումներում 4-րդ հաղթանակը տոնեցին, ընդ որում 2-րդ անգամ պարտության մատնեցին «Բանանցին»:

«Բանանցին» վերջապես հաջողվեց ընդհատել 420 րոպե տևած գոլային երաշտը: Հետաքրքիր է, որ մինչ այդ վերջին գոլը «Բանանցի» ֆուտբոլիստները խփել էին հենց «Շիրակի» դարպասը սեպտեմբերի 27-ին Գյումրիում կայացած երկրորդ շրջանի խաղում: 51-րդ րոպեին Նաիրի Մինասյանի խփած միակ գոլը հաղթանակ էր պարգևել «Բանանցին»:

«Արարատն» ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ պարտվեց «Գանձասար Կապանին»: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 7 հանդիպումներից 5-ում հաղթել են գանձասարցիները, 2-ում գրանցվել է ոչ-ոքի: Ընդ որում արդեն 5 խաղ «Արարատին» չի հաջողվում գրավել «Գանձասար Կապանի» դարպասը՝ կրելով 4 անընդմեջ պարտություն:

Գեղամ Հարությունյանը բարձրագույն խմբում հոբելյանական՝ 100-րդ խաղը նշեց «Արարատի» դարպասը խփած հաղթական գոլով: Վերջին երկու հանդիպումներում խփելով 3 գոլ, «Գանձասար Կապանի» հարձակվողն ալաշկերտցի Արթուր Եդիգարյանի, շիրակցի Վիուլեն Այվազյանի և փյունիկցի Վարդան Պողոսյանի հետ 4 գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Այս ցուցանիշը բավականին ցածր է: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության 12-րդ տուրից հետո 11 գնդակով լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորում էր ալաշկերտցի Միհրան Մանասյանը, ով ընթացիկ առաջնությունում ընդամենը 3 գոլի հեղինակ է դարձել:

Տուրում նշանակված 11մ երկու հարվածներն էլ դիպուկ իրացրին շիրակցի Վիուլեն Այվազյանը և փյունիկցի Վարդան Պողոսյանը: Այվազյանի գոլը բարձրագույն խմբում «Շիրակի» խփած 1250-րդ գնդակն էր: «Շիրակն» առաջնությունում 2-րդ անգամ 11մ հարվածի իրավունք ստացավ: Թիմի օգտին առաջին նման հարվածը նշանակվել էր 8-րդ տուրում «Արարատի» հետ խաղում, սակայն Դավիթ Հակոբյանին չէր հաջողվել խոցել Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը:

«Բանանցի» հարձակվող Գրիգոր Աղեկյանը և շիրակցի Մուհամեդ Կաբան բացեցին գոլերի հաշիվը բարձրագույն խմբում:

Ալեքսանդր Պետրոսյանը «Գանձասար Կապանի» կազմում հոբելյանական՝ 100-րդ հանդիպումն անցկացրեց: Նա դարձավ գանձասարցիների կազմում 100 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 6-րդ ֆուտբոլիստը: Թիմի կազմում բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրն Արա Խաչատրյանն է՝  201:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ