ՀՀ առաջնությունների 10 ամենաերկարակյաց ֆուտբոլիստները

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունների անցկացման 24-ամյա պատմության ընթացքում քիչ չեն այն ֆուտբոլիստները, ովքեր երկար տարիներ հանդես են եկել բարձրագույն խմբում: «Վիվառո Նյուզը» ներկայացնում է 10 ամենաերկարակյաց ֆուտբոլիստներին:

1.Հովհաննես Թահմազյան               20 մրցաշրջան (1992-2011թթ.), 461 խաղ:

hovhannes tamazyan

«Շիրակի» նախկին ավագը ֆուտբոլային երկարակեցության յուրօրինակ ռեկորդի հեղինակ է: Նա միակն է, ով անփոփոխ մասնակցել է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջին 20 առաջնություններին: Թահմազյանը նաև բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրն է: Նա «Շիրակի» և «Միկայի» կազմում ընդհանուր առմամբ 461 խաղ է անցկացրել:

Ֆուտբոլային հարուստ կարիերայի ընթացքում Թահմազյանն արժանացել է հայկական ֆուտբոլում խաղարկվող բոլոր մրցանակներին՝ ընդհանուր առմամբ նվաճելով 19 տիտղոս: «Շիրակի» կազմում անվանի վետերանը դարձել է ՀՀ եռակի չեմպիոն, 5 անգամ արժանացել է արծաթե, 2 անգամ՝ բրոնզե մեդալների, 3 անգամ նվաճել է Հայաստանի Սուպերգավաթը:

2004թ.-ից մինչև 2007թ. առաջին շրջանը հանդես գալով «Միկայի» կազմում, Հովհաննես Թահմազյանը 2 անգամ վայելել է Հայաստանի գավաթի նվաճման բերկրանքը, ինչը նրան չէր հաջողվել «Շիրակում»: Բացի այդ, նա ևս մեկ անգամ դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր, 2 անգամ արժանացել է արծաթե, մեկ անգամ՝ բրոնզե մեդալների:

Հովհաննես Թահմազյանն իր ֆուտբոլային հարուստ կարիերայի վերջին հանդիպումն անցկացրել է 2011թ. օգոստոսի 6-ին Կապանում, տեղի  «Գանձասարի» հետ մրցավեճում: Այդ օրը հայկական ֆուտբոլի անվանի վետերանը 41 տարեկան 207 օրական էր:

2.Արարատ Հարությունյան     18 մրցաշրջան (1995-2012/13թթ. ), 336 խաղ

ararat-harutyunyan

Գյումրեցի ֆուտբոլիստն իր թիմակիցներից շատերի նման աչքի է ընկել կայուն մրցելույթներով ու ֆուտբոլային երկարակեցությամբ: Ֆուտբոլային կարիերան սկսելով Գյումրիի «Արագածում», Արարատ Հարությունյանը 1995/96թթ. առաջնության 2-րդ շրջանից հանդես է եկել «Շիրակում», որի կազմում դարձել է ՀՀ չեմպիոն և գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, 4 անգամ արժանացել է արծաթե, 2 անգամ՝ բրոնզե մեդալների:

Ճակատագրի քմահաճույքով Արարատ Հարությունյանը 3 տարի (2004-2006թթ.) բացակայեց «Շիրակից»՝ մեկական մրցաշրջան անցկացնելով «Բանանցում», «Էսթեղլալ-Կոտայքում» և «Ուլիսում», որից հետո կրկին վերադարձավ հարազատ ակումբ:

3.Արթուր Քոչարյան      17 մրցաշրջան (1992-96/97, 1999-2003, 2006-2012/13թթ.), 357 խաղ

ARTUR KOCHARYAN

Դեռ 18 տարին չլրացած, Քոչարյանը նորամուտն է նշել Հայաստանի անդրանիկ առաջնությունում՝ 23 գնդակով դառնալով «Մալաթիայի» լավագույն ռմբարկուն: Արմեն Սարգսյանի հրավերով մրցաշրջանի ավարտից հետո նա տեղափոխվեց «Արարատ», որի կազմում հասավ նշանակալի հաջողությունների՝ դառնալով ՀՀ չեմպիոն ու քառակի գավաթակիր, մեկական անգամ արժանանալով նաև արծաթե և բրոնզե մեդալների:

Հետագա տարիներին Քոչարյանը կրել է հայկական ևս 7 ակումբների՝ «Զվարթնոցի», «Միկայի», «Փյունիկի», «Սպարտակի», «Կոտայքի», «Գանձասարի» և «Ուլիսի» մարզաշապիկները, ինչպես նաև հանդես է եկել Լիբանանում և Իրանում:

2001թ. «Փյունիկի» կազմում Քոչարյանը 2-րդ անգամ նվաճեց ՀՀ չեմպիոնի տիտղոսը, իսկ «Ուլիսում» և «Գանձասարում» խաղալիս մեկական անգամ արժանացավ բրոնզե պարգևի: 2009թ. նա «Ուլիսում» 15 գնդակով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու: Իսկ «Գանձասարում» անցկացրած 4 մրցաշրջանների ընթացքում Արթուրը  34 գոլ է խփել ու մինչ օրս թիմի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է:       

4.Տիգրան Հովհաննիսյան       17 մրցաշրջան (1992-2008թթ.),  305 խաղ

1992թ. ՀՀ անդրանիկ առաջնության մասնակիցներից մեկը 17 տարեկանում է նորամուտը նշել բարձրագույն խմբում՝ հանդես գալով «Մալաթիայում»: Տիգրան Հովհաննիսյանը ՀՀ առաջնությունների մասնակից այն եզակի ֆուտբոլիստներից է, ով ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել բարձրագույն խմբի 10 ակումբներում: Նա իր լավագույն տարիներն անցկացրել է Արարատի «Ցեմենտում» (1993-2000թթ.), որի կազմում 2 անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները, մեկական անգամ դարձել է սուպերգավաթակիր և արծաթե մրցանակակիր:

Հետագա տարիներին Հովհաննիսյանը հաջորդաբար հանդես է եկել «Սպարտակում», «Լեռնագործում», «Միկայում», «Լեռնային Արցախում», «Արարատում», «Գանձասարում», իսկ կարիերան ավարտել է «Ուլիսում»՝ մասնակցելով միայն 2008թ. առաջնության մեկնարկային հանդիպմանը: «Սպարտակում» և «Միկայում» Տիգրան Հովհաննիսյանը դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր:

5.Գևորգ Կասպարով     17 մրցաշրջան (1997-2002, 2004-2006, 2008-2015/16թթ.), 277 խաղ

kasparov

 

«Ալաշկերտի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահն արդեն 20 տարի մեծ ֆուտբոլում է, որից 17 մրցաշրջան հանդես է եկել հայկական ակումբներում: 2003, 2007 և 2013թթ. նա ընդհանրապես բացակայել է Հայաստանից՝ հանդես գալով Իրանում, իսկ 2008-2010թթ. իրանյան ելույթները զուգակցել է  հայկական ակումբներում օգոստոսից մինչև նոյեմբեր հանդես գալով:

Կասպարովը նորամուտը նշել է 17 տարեկանում՝ պաշտպանելով Արտաշատի «Դվինի» դարպասը, որի լուծարումից հետո 1999թ. հանդես է եկել «Ղարաբաղում»: Հաջորդ 3 տարիներին երիտասարդ դարպասապահը պաշտպանում էր Երևանի «Զվարթնոցի» դարպասը, որի կազմում 2002թ. արժանացավ իր առաջին պարգևին՝ արծաթե մեդալի: Մրցաշրջանի ավարտից հետո թիմը լուծարվեց, իսկ Կասպարովը մեկնեց Իրան: Հաջորդ մրցաշրջանում արդեն զգալի փորձ ունեցող դարպասպահը պաշտպանեց «Միկայի» դարպասը՝ ստանալով իր 2-րդ արծաթե մեդալը:

Կասպարովն իր կարիերայի բարձրակետին հասավ «Փյունիկում» 2005-2006թթ. հանդես գալով՝ դառնալով ՀՀ կրկնակի չեմպիոն, մեկ անգամ էլ թիմի հետ նվաճելով Սուպերգավաթը: 2008-2009թթ. Իրանից կարճ ժամանակով վերադառնալով Հայաստան, Կասպարովը հանդես եկավ «Ուլիսում», որի կազմում 2009թ. արժանացավ բրոնզե մեդալի:

Հաջորդ մրցաշրջանում փորձառու դարպասապահը վերադարձավ «Միկա»՝ մինչև 2014/15թթ. հուսալիորեն պաշտպանելով իրեն արդեն հարազատ դարձած թիմի դարպասը: «Միկայի» կազմում Կասպարովն այդ տարիներին դարձավ Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր, մեկական անգամ էլ արժանացավ արծաթե և բրոնզե մեդալների:

Բարձրագույն խմբում 17-րդ մրցաշրջանը Կասպարովն անցկացնում է «Ալաշկերտում»՝ իր հուսալի խաղով նպաստելով թիմի հաջող ելույթներին: Առաջնության աշնանային հատվածում անցկացրած 15 հանդիպումներից 8-ում նա դարպասն անառիկ պահեց, որի շնորհիվ գլխավորեց Սերգեյ Զատիկյանի անվան դարպասապահների խորհրդանշական ակումբը: Գարնանային հատվածի մեկնարկային խաղում էլ փորձառու դարպասապահն առաջնությունում 9-րդ անգամ գոլ բաց չթողեց:

6.Տիգրան Դավթյան                16 մրցաշրջան (1999-2014/15 թթ.)    , 409 խաղ

tigran_davtyan_davit_marikyan_shirak_banants

Ընթացիկ առաջնության մեկնարկից առաջ ֆուտբոլային կարիերան ավարտած 37-ամյա Տիգրան Դավթյանը Թահմազյանից հետո 400 խաղի սահմանագիծը հատած միակ ֆուտբոլիստն է: Նա այդ հոբելյանը նշել է անցյալ տարվա մարտի 1-ին «Արարատի» հետ կայացած խաղում:

Բարձրագույն խմբում «Գյումրիի» կազմում ֆուտբոլային կարիերան սկսած Դավթյանը հաջորդ մրցաշրջանում արդեն հանդես էր գալիս «Շիրակում»: Տարիների ընթացքում նա դարձավ թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը: Թիմի կազմում Տիգրան Դավթյանը դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր, 2 անգամ արժանացել է արծաթե, 3 անգամ՝ բրոնզե մեդալների:

Հանգամանքների բերումով Դավթյանն էլ իր մի քանի թիմակիցների պես որոշ ժամանակով հեռացել է «Շիրակից» ու կրկին վերադարձել հարազատ ակումբ: 2005-2007թթ. նա հանդես է եկել «Միկայում», որի կազմում 2 անգամ պատվո շրջան է կատարել Հայաստանի գավաթով, դարձել է առաջնության արծաթե, 2 անգամ էլ՝ բրոնզե մրցանակակիր: Հաջորդ մրցաշրջանում փորձառու ֆուտբոլիստը կրել է «Ուլիսի» մարզաշապիկը, որից հետո վերադարձել է «Շիրակ»:

Վերջին 2 մրցաշրջաններում Տիգրան Դավթյանն առաջնության ամենատարեց և ամենափորձառու ֆուտբոլիստն էր, ով ֆուտբոլային հարուստ կարիերայի վերջին խաղն անցկացրեց անցյալ տարվա հուլիսի 23-ին՝ մասնակցելով շվեդական ԱԻԿ-ի հետ Գյումրիում կայացած Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպմանը: Այդ օրը «Շիրակի» ավագը 37 տարեկան 16 օրական էր:

7.Անդրանիկ Բարիկյան            16 մրցաշրջան (1998, 2001-2015/16թթ.),  291 խաղ

andranik barikyan

Ձմռանը մեծ ֆուտբոլին հրաժեշտ տված Անդրանիկ Բարիկյանը կարիերան սկսել է 1998թ. բարձրագույն խմբում նորամուտը նշած «Շիրակ-2-ում»: Հայկական բանակում ծառայելուց հետո նա ընդգրկվեց Գյումրու գլխավոր թիմում և մինչև կարիերայի ավարտը հավատարիմ մնաց հարազատ ակումբին: Անցյալ տարվա

նոյեմբերի 8-ին Գյումրիում «Արարատի» հետ կայացած խաղում «Շիրակի» 35-ամյա վետերանը հարազատ թիմի մարզաշապիկով ֆուտբոլային կարիերայում վերջին անգամ խաղադաշտ մտավ:

Այդ հանդիպումն անհաջող դասավորվեց Բարիկյանի համար: 29-րդ րոպեին նա չկարողացավ դիպուկ իրացնել 11մ հարվածը, իսկ 4 րոպե անց վնասվածք ստացավ ու լքեց խաղադաշտը: Բարիկյանի վրիպումը թանկ նստեց «Շիրակի» վրա, որն այդ օրը 0:1 հաշվով պարտություն կրեց:

Ֆուտբոլային հարուստ կարիերայի ընթացքում Անդրանիկ Բարիկյանն արժանացել է հայկական ֆուտբոլում խաղարկված բոլոր մրցանակներին: Նա Հայաստանի չեմպիոն է (2012/13թթ.), կրկնակի արծաթե (2002, 2013/14թթ.), բրոնզե (2003, 2014/15թթ.) մրցանակակիր ու սուպերգավաթակիր (2003, 2013թթ.), 2012թ. Հայաստանի գավաթակիր:

8.Ռայմոնդ Զադուրյան  16 մրցաշրջան (1992-2004, 2006-2008 թթ.),  264 խաղ

«Շիրակի» նախկին դարպասապահը բարձրագույն խմբում մինչև վերջ հավատարիմ է մնացել հարազատ ակումբին՝ 16 մրցաշրջան հուսալիորեն պաշտպանելով թիմի դարպասը: Ընդ որում Զադուրյանն իր հիմնական պարտականությունը՝ դարպասի պաշտպանությունն իրականացրել է 261 խաղում, իսկ 3 անգամ խաղադաշտ է դուրս եկել որպես դաշտային խաղացող:

Միայն մեկ մրցաշրջան նա բացակայեց թիմից՝ 2005թ. հանդես գալով առաջին խմբի նորեկ «Երևան Յունայթեդի» կազմում: Շիրակցիների կազմում Ռայմոնդ Զադուրյանը դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն ու կրկնակի սուպերգավաթակիր, 5 անգամ արժանացել է արծաթե մեդալների, 2 անգամ դարձել է բրոնզե մրցանակակիր:

Զադուրյանը երկար տարիներ դարպասապահների մեջ ռեկորդակիրն էր ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով: Եվ միայն ընթացիկ առաջնության մեկնարկային տուրում «Ալաշկերտի» դարպասապահ Գևորգ Կասպարովին հաջողվեց գերազանցել Ռայմոնդ Զադուրյանի ռեկորդային ցուցանիշը:

9.Ռաֆայել Նազարյան   16 մրցաշրջան (1993-2008թթ. ), 260 խաղ

nazaryan

Ռաֆայել Նազարյանը մեկն է այն ֆուտբոլիստներից, ով ֆուտբոլային կարիերան սկսել է «Արարատում» և դեռևս երիտասարդ տարիքում արժանացել է մի շարք տիտղոսների: 1993-1997թթ. հանդես գալով արարատցիների կազմում, Նազարյանը դարձել է ՀՀ չեմպիոն և քառակի գավաթակիր, արժանացել է արծաթե մեդալի:

Էլ ավելի նշանակալից են նրա հաջողությունները «Փյունիկում», որտեղ նա 6 անգամ թիմակիցների հետ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր: Գավաթի նվաճման բերկրանքը Նազարյանը մեկ անգամ էլ վայելել է «Ցեմենտում», որի կազմում դարձել է նաև բրոնզե մեդալակիր: Այդ հարգի մեդալ նա նվաճել է նաև «Բանանցի» կազմում: Այսքանով նրա մրցանակների հարուստ հավաքածուն ավարտվում է, քանի որ «Էրեբունիում», «Զվարթնոցում» և «Ուլիսում» խաղալիս նա ոչ մի պարգևի չի արժանացել:

10.Էդիկ Երիցյան 16 մրցաշրջան (1992-2007թթ.), 248 խաղ  

Ֆուտբոլային ողջ կարիերան միայն Հայաստանում անցկացրած փորձառու դարպասապահը հանդես է եկել 9 ակումբներում: Սակայն ոչ մի թիմում Երիցյանին բախտ չի վիճակվել որևէ տիտղոսի արժանանալ: Ազգային անդրանիկ առաջնությունը նա դիմավորեց ՀՄՄ-ՖԻՄԱ-ում, իսկ հաջորդ մրցաշրջանում արդեն պաշտպանում էր Աբովյանի «Կոտայքի» դարպասը: Հենց վերջինիս կազմում էլ Երիցյանն առավել երկար է խաղացել: Հետագայում նա կրել է «Փյունիկի», «Զվարթնոցի», «Բանանցի», «Սպարտակի», «Դինամոյի», «Արարատի» և «Գանձասարի» մարզաշապիկները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ