Այսօր աշխարհը կբաժանվի երկու թևի

Այսօր «Էլ կլասիկո» է: Երևանի ժամանակով 22:30-ին «Բարսելոնայի» «Կամպ Նոու» մարզադաշտում հերթական անգամ տեղի կունենա մարզական աշխարհի գլխավոր ու կարևորագույն իրադարձություններից մեկը՝ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» դարակազմիկ դիմակայությունը:

Կկարողանա՞ արդյոք «Բարսելոնան» սեփական դաշտում հաղթել «արքայական» ակումբին, թե՞ «Ռեալը» կապացուցի, որ միշտ պատրաստ է կանգնել կատալոնացիների հարթ թվացող ճանապարհին՝ պարզ կլինի ժամեր անց:

Այն, որ «Բարսելոնան» այժմ անհաղթահարելի է թվում, պարզ է շատերի համար, սակայն «արքայական» ակումբը հավատով լեցուն է, որ կարող է կանգնեցնել իր գլխավոր հակառակորդին:

Այս հանդիպմանը միանշանակ գնահատական տալ աշխարհում ոչ ոք չի կարող. սա պայքար է ոչ միայն խաղային հաղթանակի, այլև անձանց, մտածելակերպի, աշխարհայացքի ու… քաղաքական: Այսօր աշխարհը հերթական անգամ բաժանվելու է երկու թևի, հերթական անգամ ֆուտբոլային պատմության մեջ նոր էջ է թերթվելու, բայց հերթական անգամ սկզբունքների առումով ոչինչ չի փոխվելու. «Բարսելոնան» մնալու է «Բարսելոնա», իսկ «Ռեալը»՝ «Ռեալ», երկրպագուները՝ նույնպես:

hi-res-7ae09f77cdc14a9a38cd1af5da47967d_crop_north

Չնայած նրան, որ «Բարսելոնան» ուղիղ 10 միավոր առաջ է «Ռեալից», այս հանդիպումը կարևորության առումով ոչ մի պակաս կողմ չունի: Թիմերի միջև վերջին 5 հանդիպումներում կատալոնական ակումբը հաղթել է 3 անգամ, իսկ «Ռեալը»՝ 2: Ոչ-ոքի արդյունք չի գրանցվել: Հատկանշական է, որ վերջին 5 հանդիպումների ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել է «Բարսելոնան»՝ 0:4: Այդ մրցավեճը տեղի է ունեցել ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում, երբ «արքայական» ակումբը «Սանիագո Բեռնաբեուում» Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ ստիպված եղավ գլխիկոր հեռանալ սեփական մարզադաշտից: Իսկ թե այսօր Զինեդին Զիդանն ինչ է նախապատրաստել թե՛ «Բարսելոնայի», թե՛ «Ռեալի» ու երկու թիմերի երկրպագուների համար, բարդ է կանխագուշակել, և արդյոք «Բարսելոնան» թույլ կտա՞ «Ռեալին» ուրախանալ, թե՞ կստիպի նորից գլխիկոր հեռանալ մարզադաշտից, թե՞ ի վերջո Մադրիդի «Ռեալը» կստիպի «Բարսելոնային» չուրախանալ «կլասիկոյից» հետո, ևս բարդ է ասել: Սա հանդիպում է, որի մասին գրելն անգամ բարդ է, քանի որ բառերի ընտրությունն է նույնիսկ խնդրահարույց:

«Բարսելոնայի» հայտացուցակը.
Տեր Շտեգեն, Կլաուդիո Բրավո, Խերարդ Պիկե, Իվան Ռակիտիչ, Սերխիո Բուսկետս, Դանի Ալվեշ, Արդա Թուրան, Անդրես Ինյեստա, Լուիս Սուարես, Լիոնել Մեսի, Նեյմար, Ռաֆինյա, Մասկերանո, Բարտրա, Մունիր, Ալբա, Սերխի Ռոբերտո, Թոմաս Վերմալեն:

«Ռեալի» հայտացուցակը.
Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանյես, Պեպե, Ռամոս, Նաչո, Մարսելո, Կարվախալ, Դանիլո, Կրոս, Խամես, Բեյլ, Կազեմիրո, Մոդրիչ, Իսկո, Ռոնալդու, Բենզեմա, Լուկաս Վասկես, Խեսե:

Դե ինչ, ժամ առ ժամ կրքերն ավելի են թեժանում և ծայրաստիճան զարգացում են ունենալու երեկոյան, երբ կհնչի Ալեխանդրո Էրնանդեսի՝ այդքան սպասված սուլիչի ձայնը:

Գևորգ Մովսիսյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ