Աշոտ Բարսեղյան. «Տիգրանը շատ մեծ պոտենցիալ ունի. նա իր հնարավորությունների դեռ շատ քիչ տոկոսն է օգտագործել»

Հայկական ֆուտբոլում շատ են ֆուտբոլային ընտանիքները: Այսինքն, երբ որդին գնացել է ֆուտբոլիստի հոր հետքերով: Դրա այս պահին լավագույն օրինակներից է Բարսեղյանների ընտանիքը, որտեղ հայրը՝ Աշոտ Բարսեղյանը, «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչն է, իսկ որդին՝ Տիգրանը, հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում և մակեդոնական «Վարդարում»:

23-ամյա ֆուտբոլիստը 2016 թվականին Մակեդոնիա տեղափոխվելուց հետո տևական ժամանակ բացակայել էր խաղադաշտից առողջական խնդիրների պատճառով, սակայն վերադարձը տպավորիչ էր: «Վարդարի» կազմում 2017 թվականին անցկացրած 9 հանդիպումներում Բարսեղյանը դարձել է 3 գոլի հեղինակ, թիմի երկրպագուների վարկածով ճանաչվել մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Նա մարտին հրավիրվել էր նաև Հայաստանի հավաքական և Գևորգ Ղազարյանի՝ արդեն առաջին րոպեին ստացած վնասվածքից հետո փոխարինման մտել Ղազախստանի ընտրանու հետ մրցավեճում:

Աշոտ Բարսեղյանը նույնպես որպես ֆուտբոլիստ երկար ճանապարհ է անցել և VivaroNews.am-ին տված հարցազրույցում հնարավորինս մի կողմ է դրել հայրական զգացողությունները՝ որպես մասնագետ գնահատելով որդու ելույթները.

-Փառք Աստծո, նրա առողջական խնդիրներն անցյալում են, և Տիգրանն իրեն շատ լավ է զգում: Բայց նա բավական ժամանակ խաղադաշտից դուրս էր, ինչը չէր կարող ազդեցություն չունենալ: Ես նրանից շատ սպասելիքներ ունեմ: Տիգրանը շատ մեծ պոտենցիալ ունի. նա իր հնարավորությունների դեռ շատ քիչ տոկոսն է օգտագործել: Նա 9 խաղում 3 գոլ է խփել, բայց նկատենք, որ խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում: Տիգրանն իր թիմին շատ ավելի մեծ օգուտ կտար ավելի հոգեհարազատ աջից կամ ենթահարձակվողի դիրքում խաղալիս: Բայց նա պրոֆեսիոնալ է. խաղում է այնտեղ, որտեղ ասում են մարզիչները:

Ճիշտ է, նա մի ֆանտաստիկ որակ ունի՝ կարողանում է հանպատրաստից շատ վտանգավոր հարված կատարել, բայց դեռ պետք է ձեռք բերի որակներ, որոնք տիպիկ են հարձակվողի համար: Ես խաղացել եմ հարձակման գծում, և դա շատ լավ գիտեմ: Նա պետք է կարողանա զգալ, թե ինչպես ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվի, ձերբազատվի պաշտպաններից, լավ կարդա խաղը: Բայց նա էլ ունի որակներ, որոնք ես չեմ ունեցել: Տիգրանն այժմ հարձակվողի դիրքում ֆիզիկապես լավ է պայքարում, երկրորդ հարկում պայքարում գրեթե միշտ հաղթում է, գոլեր է խփում, բայց իրեն հոգեհարազատ դիրքում նա շատ ավելի մեծ օգուտ կտա իր թիմին:

Տիգրանն իրեն հոգեբանական առումով լավ է զգում թիմում: Նա խելացի տղա է, մեծամիտ չէ: Դեռ շատ պետք է աշխատի և՛ զուտ ֆուտբոլային, և՛ հոգեբանական տեսանկյունից: Ես այդ շարժը զգում եմ, երբ խոսում եմ իր հետ: Նրա ամենամեծ քննադատը հենց ինքն է: Երբ լավ չի խաղում, իրեն ընկճված է զգում: «Վարդարի» մարզչական շտաբն ու ղեկավարությունը շատ գոհ է նրանից:

Վերջին շրջանում կային տեղեկություններ, որ Տիգրանի ծառայություններով հետաքրքրված են ավելի բարձրակարգ ակումբներ: Ըստ Ձեզ՝ ժամանա՞կն է մտածելու ակումբային գրանցումը փոխելու մասին: 

-Որքան ուժեղ թիմում հայտնվի, նա այնքան ավելի լավ կխաղա: Տիգրանն ավելի մեծ օգուտ կտա տեխնիկապես լավ պատրաստված թիմերին, երբ նրան էլ ճիշտ օգտագործեն: Նա այս պահին պետք է կենտրոնանա «Վարդարում» լավ ելույթների վրա, իսկ տեղափոխությունները կլինեն ժամանակի ընթացքում: Որ թիմի մարզաշապիկը հագնում ես, նրա պատիվն էլ պետք է պահես: Չպետք է մոռանանք, որ ամենակարևորն ազգային հավաքականն է: Տիգրանը պետք է շատ աշխատի, որ հենց ընտրանու կազմում լավ հանդես գա:

World Cup 2018 Qualifiers Armenia 2-0 Kazhakhstan

Նա ղազախների հետ մրցավեճում արդեն խաղասկզբում մտավ փոխարինման, բայց խաղում էր ոչ այդքան հոգեհարազատ՝ ձախ կիսապաշտպանի դիրքում: Հաշվի առնելով աջ եզրում մեր հավաքականի խնդիրները՝ ավելի ճիշտ չի՞ լինի առաջիկա խաղերում հենց նրան փորձարկել այդ դիրքում:

-Ես հանդիպումը դիտել եմ մասնագետի աչքով և կարող եմ ասել, որ, իր դիրքում չխաղալով հանդերձ, մեծ օգուտ տվեց թիմին: Օդային պայքարում հաղթում էր, դիրքային ֆուտբոլում գրագետ էր, բայց մենք նրանից ավելին ենք սպասում:  Չպետք է մոռանալ, որ առաջին պաշտոնական խաղն էր հավաքականում, կար լարվածություն: Եթե մեծ օգուտ չտար թիմին, նրան կփոխարինեին: Ունենք խելացի մարզիչներ, ովքեր ամեն ինչ լավ են տեսնում: Աջ եզրում նա ավելի մեծ օգուտ կտա հավաքականին:

Սակայն, մարզիչը որտեղ դիրքավորեց ֆուտբոլիստին, նա պետք է ամեն ինչի, որ հենց այդտեղ իրեն լավ դրսևորի: Եթե մեր ամենալավ ֆուտբոլիստի դիրքն էլ փոխեն, ճիշտ է, կրկին մեծ օգուտ կտա թիմին, բայց նույն խաղը չի լինի, ինչ որ իր հաստիքային դիրքում: Տիգրանը երիտասարդ ֆուտոլիստ է, և ամեն ինչ առջևում է:

Տիգրանի առողջական խնդիրներն այլևս ամբողջովին անցյալո՞ւմ են:

-Այո: Սա այնպիսի խնդիր էր, որ այն երբ բուժվում է, այլևս երբեք չի անհանգստացնում: Երևի տեղյակ եք, Կրիշտիանու Ռոնալդուն 17 տարեկանում դրա բարդ տեսակն է ունեցել, բայց բուժվել է, և ամեն ինչ մոռացվել է: Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել «Վարդարի» ամբողջ անձնակազմին: Նրանք կարճ ժամանակում հասկացան Տիգրանի պոտենցիալը և միջոցներ չխնայեցին նրա ապաքինման համար, աջակցեցին բարոյապես՝ մշտապես ասելով, որ նա ոչ մի խնդիր չունի, կվերականգնվի ու կխաղա: Հիմա էլ Տիգրանը միշտ ասում է՝ պետք է խաղա այնպես, որ մարզիչներին ու ղեկավարներին, ովքեր իրեն շատ են սիրում, վարձահատույց լինի իր խաղով:

QrtNkod

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ