Արթուր Յուսպաշյան. «Ամեն ինչ անում եմ, որպեսզի կրկին հրավիրվեմ Հայաստանի հավաքական»

Արթուր Յուսպաշյանը ձմռանն է համալրել «Գանձասար-Կապանի» կազմն այն բանից հետո, երբ հեռացավ Կիպրոսի «Անագենիսի» ակումբից այնտեղ կես մրցաշրջան անցկացնելուց հետո: Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուն շատ լավ մարզավիճակ է հավաքել և կապանյան թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է:

27-ամյա Յուսպաշյանը մինչ Կիպրոս տեղափոխվելը մշտապես հանդես է եկել «Փյունիկի» կազմում՝ նրա կազմում 4 անգամ դառնալով Հայաստանի չեմպիոն, 5 անգամ՝ գավաթակիր, ևս 3 անգամ նվաճել Հայաստանի Սուպերգավաթը:

«Արարատի» նկատմամբ այսօր տոնած հաղթանակից հետո (2-1) Արթուր Յուսպաշյանը պատասխանել է VivaroNews.am-ի հարցերին:

Ի՞նչ տպավորություններ ունեք հանդիպումից: 

-Ամենակարևորն այն է, որ կարողացանք հաղթանակ տոնել: Ինչ վերաբերում է խաղի ընթացքին, ապա մի փոքր խնդիրներ ունեցանք, չէինք կարողանում մեր ցանկացած ֆուտբոլը խաղալ, քանի որ խաղադաշտը շատ չոր էր: Բայց կարևորն արդյունքն է, ուստի ամեն ինչ նորմալ է:

«Գանձասար-Կապանը» վերջնամասում՝ 2-1 հաշվով հաղթելու ժամանակ մի փոքր անվստահ տեսք ուներ: Դա ինչի՞ հետ էր կապված:

-Այնպես չէ, որ մրցակիցը ճնշել էր իր գրոհներով: Պարզապես երբ հաղթում ես 2-0 հաշվով և խաղի վերջնամասն է, ցանկություն ես ունենում պահպանելու այդ հաշիվը՝ խաղալով խորքից: Պատճառը դա էր, այլ ոչ թե այն, որ նրանք առավելություն ունեին մեր նկատմամբ:

Չեմպիոնության համար պայքարում Ձեր թիմի գլխավորած մրցակիցը՝ «Ալաշկերտը», միավորներ է կորցրել և այժմ թիմերի միջև միավորների տարբերությունը հասել է 3-ի: Չեմպիոնական պայքարը նոր թա՞փ է ստանում:

-Չեմ կարող ասել, թե որն է եղել «Ալաշկերտի» սայթաքման պատճառը: Մենք մեր առջև միայն հաղթանակի խնդիր ենք դնում, իսկ թե մրցակցի խաղերն ինչպես կավարտվեն, դա արդեն երկրորդական է:

Աշոտ Բարսեղյանը միշտ նշում է, որ Դուք մեծապես ուժեղացրել եք թիմի խաղը: Այսպիսի մարզավիճակի պարագայում իրատեսակա՞ն եք համարում ուշադրության արժանանալու ազգային հավաքականի մարզիչների կողմից:

-Ես ամեն խաղում ներդնում եմ ամբողջ ուժերս: Ինչ վերաբերում է հավաքականին, ապա մարզիչները կնայեն և կորոշեն: Ինքս ամեն ինչ անում եմ, որպեսզի կրկին հրավիրվեմ հավաքական: Դա բոլոր ֆուտբոլիստների նպատակն է:

Ապագայի պլանները կապված են «Գանձասար-Կապանի» հե՞տ, թե՞ գուցե կրկին տարբերակ լինի տեղափոխվելու արտերկիր:

-Կոնկրետ այս պահին կարող եմ ասել, որ գուցե տեղափոխվեմ, գուցե՝ ոչ: Դա ժամանակի խնդիր է:

Դրա վրա կազդի՞ թիմի՝ եվրագավաթներին մասնակցելու գործոնը: 

-Անպայման մասնակցելու եմ այդ հանդիպումներին: Իսկ հետագայում ամեն ինչ պարզ կդառնա: Եթե լավ առաջարկ լինի, տեղափոխությունը կկայանա: Այստեղ այնպես է, որ արտասահմանից լավ առաջարկների դեպքում հեռանալու համար խնդիրներ չեն առաջանում:

Կես տարի անցկացրիք Կիպրոսի առաջնությունում և վերադարձաք: Դրական կամ բացասական տեղաշարժ նկատո՞ւմ եք Բարձրագույն խմբի առաջնության և թիմերի խաղամակարդակում:

-Կարծում եմ՝ թիմերի մակարդակը բարձրացել է: Ճիշտ է, մնացել է 6 թիմ, բայց միմյանց միջև պայքարը միշտ կա: 4 թիմեր դուրս են գալիս եվրագավաթներ, և այդ ուղեգրերի համար միշտ թեժ մրցակցություն է ընթանում: Դրանից էլ առաջնությունն ավելի հետաքրքիր է դառնում: Շատ թիմերի դեպքում ուժեղներն ու թույլերն ավելի ակնհայտ են երևում, իսկ այսպես ամեն ինչ շատ «խառն» է: Չգիտես՝ ով կլինի առաջինը, երկրորդը… Չորրորդ տեղի թիմը կարող է բարձրանալ առաջին հորիզոնական, կամ՝ հակառակը:

QrtNkod

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ