Արթուր Պետրոսյանի մարզական սխրանքը հաջողվել էր միայն Միխայ Ստոյկիցային

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանի ազգային հավաքականի ղեկը ստանձնած Արթուր Պետրոսյանին հաջողվեց իր սաների հետ առաջին 3 միավորը վաստակել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Պետրոսյանը կրկնեց ռումինացի Միխայ Ստոյկիցայի արդյունքը, ով 2003թ. մարտին փոխարինելով արգենտինացի Օսկար Լոպեսին, ընդամենը մեկ շաբաթ անց հաղթանակով նշեց նորամուտն ընտրական մրցախաղում:

ԱԱ 2018 Որակավորման փուլ. Հայաստան - Չեռնոգորիա

ԱԱ 2018 Որակավորման փուլ. Հայաստան – Չեռնոգորիա

Մարտի 29-ին ՀՀ հավաքականը Ստոյկիցայի գլխավորությամբ «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում հաղթեց Հս. Իռլանդիայի ընտրանուն: Հետաքրքիր է, որ մեր հավաքականին հաղթանակ պարգևեց ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի՝ խաղավարտից 4 րոպե առաջ խփած միակ գոլը: Մինչ այդ հավաքականն ընտրական մրցաշարի 2 հանդիպումներում ընդամենը 1 միավոր էր վաստակել:

Ի տարբերություն Ստոյկիցայի, Արթուր Պետրոսյանը հավաքականի ղեկը ստանձնել էր ավելի բարդ իրավիճակում, քանի որ Վարուժան Սուքիասյանի օրոք հավաքականը պարտվել էր մեկնարկային 3 հանդիպումներում էլ:

Արթուր Պետրոսյան

Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական 12 մրցաշարերից միայն 5-ում է Հայաստանի հավաքականը մեկնարկից մինչև վերջնագիծ հանդիպումներն անցկացրել միևնույն մարզչի գլխավորությամբ: Նման բախտի են արժանացել Խորեն Հովհաննիսյանը(1998թ. ԱԱ), Սուրեն Բարսեղյանը (2000թ. ԵԱ), Վարուժան Սուքիասյանը (2002թ. ԱԱ) և Վարդան Մինասյանը (2012թ. ԵԱ, 2014թ. ԱԱ):

Իսկ ահա ընտրական մյուս 7 մրցաշարերի ընթացքում հավաքականի մարզիչը փոխվել է: Ընտրական մրցաշարերի մեկնարկում բոլորից կարճ ժամանակահատված է հավաքականը գլխավորել արգենտինացի Օսկար Լոպեսը: 2004թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում նրա օրոք հավաքականը 2002թ. երկու հանդիպում է անցկացրել: Մեկնարկային խաղում մեր ընտրանին Երևանում ոչ-ոքի է (2:2) խաղացել ուկրաինացիների հետ, ապա հյուրընկալվելիս 0:2 հաշվով զիջել է հույներին:

2002թ. մրցաշրջանի ավարտից հետո Լոպեսը հեռացավ Հայաստանի հավաքականից և «Փյունիկից», որին արժանացրել էր ՀՀ չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսներին:

Հատուկ պետք է նշել շոտլանդացի Իան Պորտերֆիլդին: Եթե անբուժելի հիվանդությունը չընդհատեր նրա կյանքը, ապա Պորտերֆիլդը մինչև 2008թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը կգլխավորեր հավաքականը: Ցավոք, ընտրական մրցաշարի 8-րդ տուրում 2007թ. օգոստոսի 22-ին պորտուգալացիների հետ Երևանում կայացած մրցախաղը, որում գրանցվեց ոչ-ոքի (1:1), Պորտերֆիլդի համար վերջինն էր ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Պորտերֆիլդը լավ ժառանգություն էր թողել իր օգնական Թոմ Ջոնսին: Շոտլանդացի մասնագետի գլխավորությամբ ազգային հավաքականը վերջին 3 հանդիպումներում վերելքով էր հանդես եկել՝ վաստակելով 7 միավոր: Ուստի պատահական չէր, որ Թոմ Ջոնսի գլխավորությամբ մեր հավաքականն ընտրական հաջորդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի ավարտեց մրցավեճը սերբերի հետ:

Որքան էլ որ զարմանալի է, սակայն 2006թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը ձախողած ֆրանսիացի Բեռնար Կազոնին բավական երկար մնաց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Միայն ընտրական մրցաշարի 7-րդ տուրից հետո նա պաշտոնանկ արվեց:

VivaroNews.am-ը ներկայացնում է ընտրական մրցաշարի ընթացքում կատարված մարզչական փոփոխության ժամանակ նախկին մարզիչների ցուցանիշներն ու նոր մարզիչների գրանցած արդյունքներն ընտրական մրցաշարի իրենց առաջին խաղում:

ԸՄ Նախկին մարզիչ Խ Հ Ո Պ Գ Մ Նոր մարզիչ 1-ին խաղը Մրց.
1996 Էդուարդ Մարգարով 3 0 1 2 0:4 1 Սամվել Դարբինյան Իսպանիա՝ 0:2 ԵԱ
2004 Օսկար Լոպես 2 0 1 1 2:4 1 Միխայ Ստոյկիցա Հս. Իռլանդիա՝ 1:0 ԵԱ
2006 Բեռնար Կազոնի 7 1 1 5 4:15 4 Հենկ Վիսման Մակեդոնիա՝ 1:2 ԱԱ
2008 Իան Պորտերֆիլդ 8 2 2 4 4:8 8 Թոմ Ջոնս Սերբիա՝ 0:0 ԵԱ
2010 Յան Պոուլսեն 5 0 1 4 3:14 1 Վարդան Մինասյան Էստոնիա՝ 0:1 ԱԱ
2016 Բեռնարդ Շալանդ 4 0 1 3 3:6 1 Սարգիս Հովսեփյան Պորտուգալիա՝ 2:3 ԵԱ
2018 Վարուժան Սուքիասյան 3 0 0 3 1:8 0 Արթուր Պետրոսյան Չեռնոգորիա՝  3:2 ԱԱ

ՀՀ հավաքականը կրկնեց աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերի մեկնարկային 4 հանդիպումներում ցույց տված իր լավագույն արդյունքը: Մեր ընտրանին 4 խաղում 3 միավոր էր վաստակել նաև 1998 և 2014թթ. ընտրական մրցաշարերում:

1998թ. ընտրական մրցաշարում հավաքականը Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ մեկնարկային երկու հանդիպումներում ոչ-ոքի էր խաղացել պորտուգալացիների (0:0) և հյուսիսիռլանդացիների (1:1) հետ, այնուհետև պարտվել էր Գերմանիայի ընտրանուն (1:5) և կրկին ոչ-ոքի խաղացել ալբանացիների հետ (1:1):

2014թ. ընտրական մրցաշարը հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ սկսել էր հյուրընկալվելիս Մալթայի ընտրանու նկատմամբ տոնած նվազագույն հաշվով հաղթանակով, որին հաջորդել էին պարտությունները բուլղարացիների (0:1), իտալացիների (1:3) և չեխերի (0:3) հետ մրցախաղերում:

VivaroNews.am-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի ցուցանիշներն աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերի մեկնարկային 4 հանդիպումներում:

ԸՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1998 4 0 3 1 3:7 3
2002 4 0 2 2 5:7 2
2006 4 0 0 4 1:11 0
2010 4 0 0 4 1:12 0
2014 4 1 0 3 2:7 3
2018 4 1 0 3 4:10 3

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ