Արտակ Եդիգարյանն ու Արամ Հովսեփյանը համալրեցին քառակի սուպերգավաթակիրների շարքը

Թեև «Ալաշկերտն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը, սակայն թիմի ֆուտբոլիստներ Արտակ Եդիգարյանն ու Արամ Հովսեփյանը 4-րդ անգամ դարձան Հայաստանի սուպերգավաթակիրներ՝ այդ ցուցանիշով հավասարվելով յուրօրինակ ռեկորդակիրներ, գյումրեցիներ Հովհաննես Թահմազյանին ու Կարեն Ալեքսանյանին:

Թահմազյանը 3 անգամ (1996, 1999, 2003թթ.) սուպերգավաթակիր է դարձել «Շիրակում», 2006թ. էլ պատվո շրջան է կատարել «Միկայում»: Ի դեպ, նա սուպերգավաթակրի տիտղոսին արժանացած ամենատարեց ֆուտբոլիստն է: 2006թ. Թահմազյանն իր վերջին մրցանակը ստացել է 36 տարեկան 136 օրականում: Նրան մի փոքր զիջեց Գևորգ Կասպարովը, ով սուպերգավաթակիր դարձավ 36 տարեկան 61 օրականում:

Կարեն Ալեքսանյանը սուպերգավաթակրի տիտղոսին առաջին անգամ արժանացել էր 1999թ. «Շիրակի» կազմում: 2003թ. նա իր գյումրեցի թիմակիցների հետ 2-րդ անգամ էր պատվո շրջան կատարել, իսկ հաջորդ մրցաշրջանում արդեն «Փյունիկի» կազմում էր վայելել պատվավոր մրցանակը նվաճելու բերկրանքը: 2013թ. 33-ամյա Ալեքսանյանը կրկին գյումրեցի իր խաղընկերների հետ դարձել էր սուպերգավաթակիր:

Հիշեցնենք, որ Սուպերգավաթի մրցակարգի համաձայն, սուպերգավաթակրի կոչմանն են արժանանում հաղթող թիմի կազմում միայն հանդիպմանը հայտավորված 18 ֆուտբոլիստները:

Եդիգարյանի համար «Բանանցի» հետ Սուպերգավաթի խաղը 5-րդն էր: Այդ ցուցանիշով նա հավասարվեց Արթուր Մկրտչյանին, Աղվան Մկրտչյանին ու Գագիկ Պողոսյանին: Իսկ ռեկորդակիրը 6 խաղի մասնակցած Հովհաննես Թահմազյանն է: Նախկինում Եդիգարյանը սուպերգավաթակիր էր դարձել «Փյունիկում» 2008, 2010-2011թթ., իսկ ահա 2009թ. «Արարատի» հետ մրցավեճում նա իր թիմակիցների հետ անհաջողության էր մատնվել:

Արամ Հովսեփյանը Սուպերգավաթի մրցաշարում 4-րդ խաղն անցկացրեց: 2008թ. նա «Փյունիկի» կազմում հայտավորված էր «Բանանցի» հետ հանդիպմանը, սակայն թեև խաղադաշտ դուրս չեկավ, բայց արժանացավ սուպերգավաթակրի կոչմանը: Հաջորդ երեք մրցաշրջաններում նա «Փյունիկի» կազմում մասնակցեց Սուպերգավաթի հանդիպումներին և երկու անգամ (2010-2011թթ.) վայելեց հաղթանակի բերկրանքը՝  խփած մեկական գոլերով իր մեծ ներդրումն ունենալով թիմի հաջողություններում:

12

Սուպերգավաթի ընթացիկ խաղարկության հերոս դարձած Գևորգ Կասպարովը 3-րդ անգամ պատվո շրջան կատարեց մրցանակով: Նախկինում դա նրան հաջողվել էր «Փյունիկում» (2005թ.) և «Միկայում» (2012թ.): Փորձառու դարպասապահը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է սուպերգավաթակիր դառնալ 3 թիմում:

Կրկնակի սուպերգավաթակիրների շարքը համալրեցին Արթուր Եդիգարյանը, Վահագն Մինասյանը, Անդրանիկ Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանը և Գագիկ Դաղբաշյանը: Խաղին հայտավորված մնացած 10 ալաշկերտցիներն առաջին անգամ վայելեցին Սուպերգավաթի նվաճման բերկրանքը:

VivaroNews.am-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր 3 և ավելի անգամ սուպերգավաթակիր են դարձել՝ նշելով, թե երբ և որ թիմում է նվաճել մրցանակը:

Ֆուտբոլիստներ ՍԳ Ակումբներ
1.Հովհաննես Թահմազյան 4 «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ., «Միկա»՝ 2006թթ.
2.Կարեն Ալեքսանյան 4 «Շիրակ»՝ 1999, 2003, 2013թթ., «Փյունիկ»՝ 2004թ.
3.Արտակ Եդիգարյան 4 «Փյունիկ»՝ 2008, 2010-2011 թթ., «Ալաշկերտ»՝ 2016թ.
4.Արամ Հովսեփյան 4 «Փյունիկ»՝ 2008, 2010-2011 թթ., «Ալաշկերտ»՝ 2016թ.
5.Արարատ Հարությունյան 3 «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.
6.Ռայմոնդ Զադուրյան 3 «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.
7.Արթուր Հովհաննիսյան 3 «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.
8.Գագիկ Մարգարյան 3 «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.
9.Արթուր Մկրտչյան 3 «Փյունիկ»՝ 1997, 2002, 2004թթ.
10.Աղվան Մկրտչյան 3 «Փյունիկ»՝ 2002, 2004-2005թթ.
11.Վալերի Ալեքսանյան 3 «Փյունիկ»՝ 2002, 2005, 2007թթ.
12.Ալեքսանդր Թադևոսյան 3 «Փյունիկ»՝ 2004-2005թթ., «Միկա»՝ 2012թ.
13.Արտակ Անդրիկյան 3 «Փյունիկ»՝ 2005, 2007-2008թթ.,
14.Գագիկ Պողոսյան 3 «Փյունիկ»՝ 2010-2011, 2015թթ.
15.Տարոն Ոսկանյան 3 «Փյունիկ»՝ 2010-2011, 2015թթ.
16.Գևորգ Կասպարով 3 «Փյունիկ»՝ 2005թ., «Միկա»՝ 2012թ., «Ալաշկերտ»՝ 2016թ.
Լուսանկարները՝ «Ալաշկերտի» ֆեյսբուքյան էջի
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ