Արմեն Պետիկյան. «Գավաթի նվաճման բերկրանքն աննկարագրելի զգացողություն է»

Մայիսի 4-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք գավաթի եզրափակիչ «Բանանց»-«Միկա» մրցախաղում կորոշվի պատվավոր մրցանակի հոբելյանական՝ 25-րդ խաղարկության հաղթողը: Թեև 2 թիմերն էլ 8-րդ անգամ են հանդես գալու գավաթի եզրափակչում, սակայն առայժմ միայն մեկ անգամ են վճռորոշ խաղում միմյանց հետ վիճարկել գավաթը: 2003թ. կայացած եզրափակիչ այդ հանդիպման ելքը վճռել էր «Միկայի» ներկայիս գլխավոր տնօրեն Արմեն Պետիկյանի խփած միակ գոլը: Վերջինս «Միկայի» կազմում դարձել է հնգակի գավաթակիր: Հետաքրքիր է, որ այդ խաղի մասնակիցներից այսօր ելույթները շարունակում է միայն Արարատ Առաքելյանը, ով այն ժամանակ իր 2-րդ մրցաշրջանն էր անցկացնում «Բանանցում»:

– Պարոն Պետիկյան, 13 տարի առաջ կայացած եզրափակչում Ձեր խփած միակ գոլի շնորհիվ «Միկան»  հաղթեց «Բանանցին»  ու դարձավ եռակի գավաթակիր, իսկ Դուք որպես թիմի ավագ առաջինը հպվեցիք գավաթին: Ինչպիսի՞ հիշողություններ են կապված այդ հանդիպման հետ:

– Հիշողությունները շատ վառն են: Շատ լարված ու դրամատիկ, սակավաթիվ գոլային պահերով հանդիպում էր: Ամենաիրական գոլային պահը մենք ունեցանք: 2-րդ խաղակեսում մրցակցի դարպասապահ Դմիտրի Վորոբյովը դարպասից դուրս գալիս սխալվեց, Մարատ Մկրտչյանը փորձեց սուր անկյան տակ գրավել դարպասը, սակայն այնտեղ հայտնված պաշտպան Աշոտ Գրիգորյանը փրկեց դրությունը:

87-րդ րոպեին «Բանանցի» ներկայիս մարզիչ Արամ Ոսկանյանի նկատմամբ մրցակիցը խախտեց կանոնները և մենք դարպասից  մոտ 20-22 մետր հեռավորության վրա տուգանային հարվածի իրավունք ստացանք: Ինձ հաջողվեց շատ գեղեցիկ և ամենակարևորը վճռորոշ գոլի հեղինակ դառնալ: Խաղից հետո որպես թիմի ավագ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որի համար այդ պաշտոնում գավաթի առաջին եզրափակիչն էր, ինձ հանձնեց պատվավոր մրցանակը: Ուրախությունն անսահման էր:

– Առաջին անգամ որպես թիմի ավագ գավաթը ստացել եք 2001թ., երբ հետխաղյա 11մ հարվածներով հաղթեցիք «Արարատին»: Ընդ որում վերջին, վճռորոշ հարվածը կրկին Դուք կատարեցիք: Հավանաբար դա Ձեզ համար ամենադժվարին ու դրամատիկ եզրափակիչն էր:

– Այո: Այն նախ հիշարժան էր նրանով, որ վերակառուցումից հետո «Հանրապետական» մարզադաշտում կայացած գավաթի առաջին եզրափակիչն էր, որին մեծ թվով հանդիսականներ էին ներկա: Մրցակիցն էլ՝ «Արարատը», շատ ուժեղ էր, որը խաղային առավելություն ուներ, թեև գոլային շատ պահեր չկարողացավ ստեղծել, քանի որ մենք հմտորեն էինք պաշտպանվում: Հաշիվն էլ 2-րդ խաղակեսի սկզբում Սամվել Նիկոլյանի հարվածից հետո բացեց «Միկան», սակայն 3 րոպե անց Տիգրան Եսայանը վերականգնեց հավասարակշռությունը: Վերջինս լրացուցիչ ժամանակում կարող էր հաղթանակ պարգևել «Արարատին», սակայն չիրացրեց գոլային պահը: Իսկ 11մ հարվածաշարի ժամանակ մենք ավելի սառնասիրտ գտնվեցինք ու հաղթեցինք:

Հիշում եմ, որ առաջինը 11մ հարված կատարեց արարատցի Ալեքսանդր Թադևոսյանը, որը բարձր ստացվեց: Մեր թիմից միակ վրիպումը թույլ տվեց Կարեն Մուրադյանը. գնդակը դիպավ դարպասաձողին: Իսկ ահա մեր դարպասապահ Տիգրան Ասլանյանը հետ մղեց Հովակիմ Հովակիմյանի հարվածը, ինչը հոգեբանորեն մեզ վստահություն հաղորդեց: Ես վերջինը պետք է իրացնեի 11մ հարվածը: Այդ ժամանակ հարվածաշարի հաշիվը 3:3 էր: Գավաթի ճակատագիրն իմ ձեռքում էր: Բարեբախտաբար, ինձ հաջողվեց  դիպուկ հարվածով վճռելու մրցակցության ելքը: Իսկ երբ խաղից հետո մոտենում էի այն ժամանակվա ֆեդերացիայի նախագահ Սուրեն Աբրահամյանին՝ ստանալու գավաթը, մեծ ուրախություն ու հպարտություն էի զգում:

mika-2000

Նորաստեղծ «Միկայի» առաջին գավաթը՝ 2000թ.

– Գավաթի նվաճման բերկրանքն առաջին անգամ վայելել եք 2000թ. նորաստեղծ «Միկայում»: Անշուշտ, այն ժամանակ զգացողությունները բոլորովին այլ էին:

– Որպես ֆուտբոլիստ ինձ մոտ գավաթակիր դառնալու գերխնդիր կար: 1992թ.-ից մասնակցելով ՀՀ առաջնություններին ու ներկա գտնվելով գավաթի եզրափակիչ հանդիպումներին, մշտապես բարի նախանձով էի նայում գավաթակիր դարձած ֆուտբոլիստներին: Գավաթակիր դառնալու առաջին հնարավորությունն ունեի դեռևս 1998թ. «Երևանի» կազմում, թեև դեղին քարտի պատճառով չմասնակցեցի «Ցեմենտի» հետ եզրափակիչ հանդիպմանը: Սակայն պարտվեցինք 1:3 հաշվով:

2000թ. նորաստեղծ «Միկայի» եզրափակիչ դուրս գալն իսկական անակնկալ էր բոլորի համար: Գավաթային հանդիպումներից հատկապես հիշարժան էր պատվավոր մրցանակի նախորդ երկու խաղարկությունների հաղթող «Ցեմենտի» հետ քառորդ եզրափակիչ մրցավեճը: Առաջին խաղում սեփական հարկի տակ պարտվեցինք 0:1 հաշվով, սակայն Արարատում հերոսաբար պայքարեցինք ու 2 անպատասխան գնդակ խփելով, մտանք հաջորդ փուլ:

Գավաթի եզրափակչում էլ մեզ բավական ուժեղ մրցակից էր բաժին հասել հանձինս «Զվարթնոցի»: Աբովյանում կայացած այդ խաղում հաղթեցինք 2:1 հաշվով ու իմ երազանքներից մեկը վերջապես իրականացավ: Ուրախությունն անսահման էր: Այդ պահին նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ հետագայում ինձ ևս 4 անգամ բախտ կվիճակվի վայելելու գավաթի նվաճման բերկրանքը, որը բոլորովին այլ, աննկարագրելի զգացողություն է:

– 2006թ. գավաթի եզրափակիչն էլ պետք է որ լավ հիշեք, քանի որ վնասվածքի պատճառով խաղում էիք վիրակապով:

– «Փյունիկի» հետ մայիսի 9-ին կայացած եզրափակիչը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ուներ: Մայիսի 3-ին վթարի էր ենթարկվել «Արմավիայի» Երևան-Սոչի չվերթի ինքնաթիռը: Բոլորս էլ հասկանում էինք, որ նման իրավիճակում իրավունք չունեինք պարտվելու, որ պետք է ձգտեինք հաղթել և ինչ-որ կերպ սփոփել «Արմավիայի» և «Միկայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին:

«Փյունիկը» Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ շատ հաջող էր մեկնարկել առաջնությունում՝ 3 խաղերն էլ շահելով միևնույն 3:0 հաշվով, այդ թվում հաղթելով նաև մեզ: Կարծում եմ, որ բոլորն էլ համոզված էին, որ «Փյունիկը» կհաղթի: Սակայն մենք շատ լավ խաղ ցուցադրեցինք, համախմբված գործեցինք, գերազանցեցինք մրցակցին, որն այդպես էլ չկարողացավ գոլային պահ ստեղծել: Իսկ Արմեն Շահգելդյանն իր անհատական վարպետության շնորհիվ դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ՝ վճռելով գավաթի բախտը: Այդ հաղթանակը նվիրեցինք մեր ակումբի սեփականատիրոջն ու ավիավթարից զոհվածների հիշատակին:

Ինձ համար հանդիպումը կրկնակի հիշարժան էր, քանի որ առաջին խաղակեսում վնասեցի ձեռքս, իսկ խաղավարտից 15 րոպե առաջ բախվելով Գևորգ Ղազարյանի հետ, նաև գլխի վնասվածք ստացա: Երկու դեպքում էլ ինձ ցանկանում էին փոխարինել, սակայն հրաժարվեցի լքել ասպարեզը և այդպես էլ ձեռքս ու գլուխս վիրակապած ավարտեցի հանդիպումը:

Խաղից հետո, երբ պատրաստվում էին գավաթը հանձնել մեզ, տղաներն ինձ առաջ մղեցին թիմի ավագ Արտաշես Ադամյանի փոխարեն ստանալու մրցանակը: Դա մի տեսակ երախտագիտության դրսևորում էր և ես միայն մեկ ձեռքով կարողացա վերցնել գավաթը:

mika-2006-1

«Միկայի» գավաթային հաջողությունը 2006թ.:

– Իսկ ահա 2005թ. եզրափակիչ խաղից հետո Դուք առանձնապես ուրախ չէիք, քանի որ այդպես էլ Արմեն Ադամյանը Ձեզ խաղադաշտ դուրս չբերեց: Իսկ հանդերձարանում, երբ զրուցում էի Ձեր հետ, ասացիք, որ կարծես գավաթը գողացան ինձնից:

– Ինձ համար շատ անհասկանալի պատճառով «Կիլիկիայի» հետ եզրափակչին հետևեցի պահեստայինների նստարանից ու այդպես էլ խաղադաշտ դուրս չեկա: Հետո, իհարկե, զրուցեցի Ադամյանի հետ, կարծում եմ ինքն էլ հասկացավ, որ սխալ էր ինձ խաղադաշտ չմտցնելը: Մնացածը պարզապես էմոցիաներ էին: Կարևորն այն էր, որ կրկին հաղթեցինք:

– 2011թ. առայժմ վերջին անգամ «Միկան» դարձավ գավաթակիր: Դուք արդեն ավարտել էիք  ֆուտբոլիստի կարիերան, սակայն որպես ակումբի մարզական տնօրեն Ձեր ներդրումն ունեցաք թիմի հերթական հաջողությունում:

– Այդ տարի գավաթի մրցաշարում «Միկան» շատ դժվարին ճանապարհ անցավ: Կիսաեզրափակչի առաջին խաղում սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջում էինք «Բանանցին», սակայն կարողացանք ավելացված ժամանակում խուսափել պարտությունից: Իսկ պատասխան խաղում հյուրընկալվելիս հաղթեցինք Աղվան Մկրտչյանի խփած միակ գոլի շնորհիվ ու մտանք եզրափակիչ, որտեղ մրցակիցը «Շիրակն» էր: Վերջինս նոր սեփականատեր ուներ, Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ էլ բավականին ուժեղ թիմ էր կազմավորվել: Գյումրիից հազարավոր ֆուտբոլասերներ էին տեղ զբաղեցրել «Հանրապետականի» տրիբունաներում և ակտիվորեն աջակցում էին շիրակցիներին:

Սակայն մենք էլ շատ լավ թիմ և ամբիցիոզ երիտասարդ մարզիչ ունեինք ի դեմս Արմեն Շահգելդյանի, ով «Միկայում» աշխատելու կարճ ժամանակահատվածում մարտունակ կոլեկտիվ էր ստեղծել: Նա որպես ֆուտբոլիստ մեկ անգամ չէ, որ վայելել էր գավաթի նվաճման բերկրանքը և այդ խաղում ուրախությունը կիսեց իր սաների հետ, որոնք 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարան: «Միկան» դարձավ վեցակի գավաթակիր, ինչն այն ժամանակ ռեկորդային արդյունք էր հայկական ֆուտբոլում:

– Մայիսի 4-ին «Միկան» եզրափակչում գավաթը կվիճարկի «Բանանցի» հետ: Ինչպիսի՞ եզրափակիչ եք ակնկալում:

– Որպես կանոն գավաթի եզրափակիչները բարդ ու անկանխատեսելի են, որտեղ ֆավորիտներ չեն լինում: Սա հատկապես վերաբերում է առաջիկա եզրափակչին, քանի որ ՀՀ առաջնության մասնակից 7 թիմերն էլ հավասարազոր են և ցանկացած թիմ ունակ է մրցակցին հաղթել: «Բանանցը» նույնպես բացառություն չէ: Եզրափակչում հաղթելու թիմերի հնարավորությունները հավասար եմ գնահատում: Իհարկե, լավ գիտակցում ենք, որ հաղթանակը 2 թիմերի համար էլ օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որը ճանապարհ է բացում դեպի Եվրոպա լիգա, քանի որ առաջնությունում մրցանակային տեղերին չենք հավակնում: Գավաթի մրցաշարում «Միկան» դժվարին ճանապարհ է անցել՝ «Շիրակին» և «Գանձասար Կապանին» հաղթելով հյուրընկալվելիս: Եզրափակչում դիտարժան խաղ եմ ակնկալում, թող հաղթի ուժեղագույնը: Օգտվելով առիթից, ֆուտբոլասերներին հրավիրում եմ ներկա գտնվելու եզրափակչին, որպեսզի ֆուտբոլիստներին էլ հաճելի լինի մրցակցելը:

mika-2001

«Միկան» տոնում է 2001թ. Հայաստանի գավաթի նվաճումը

– Սամվել Մելքոնյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց վերջին 5 հանդիպումներին: Ինչպիսի՞ն է նրա վիճակը, կհասցնի՞ վերականգնվել մինչև եզրափակիչը:

– Ցավոք, Մելքոնյանը վնասվածքների և հիվանդության պատճառով երկար բացակայեց: Նա արդեն սկսել է մարզվել: Բնականաբար, նա դեռևս ֆունկցիոնալ առումով լրիվ պատրաստ չէ: Սակայն դեռ ժամանակ կա, եթե վիճակը նորմալ լինի, մարզչական կազմը որոշում կկայացնի: Իհարկե, ուրախ կլինենք, որ Սամվելը պատրաստ լինի խաղին: Նա փորձառու  ֆուտբոլիստ է, եզրափակիչների մասնակցության փորձ ունի և նրա մասնակցությունն ու փորձառությունը մեզ շատ օգտակար կլինեն:

– Երբ ձմռանը Սերգեյ  Յուրանը գլխավորեց «Միկան»,  շատերը թերահավատորեն էին վերաբերվում թիմի հաջող մրցելույթներին: Եթե անկեղծորեն, Դուք հավատու՞մ էիք, որ թիմն առաջնության գարնանային հատվածում հաջող հանդես կգա ու գավաթի եզրափակչի ուղեգիր կնվաճի:

Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ հենց նման արդյունք էլ կանխատեսում էի: Սակայն, եթե արտերկրից մարզիչ ու մեծ թվով ֆուտբոլիստներ ենք հրավիրել, ապա նորմալ արդյունք պիտի ակնկալեինք: Վրաստանում անցկացրած հավաքների և հանդիպումների ժամանակ այնքան էլ տպավորված չէինք թիմի խաղից ու որոշ ֆուտբոլիստների խաղային որակներից: Սակայն հասկանում էինք, որ ֆուտբոլիստները ֆունկցիոնալ տարբեր պատրաստություն ունեն, որոշները բավական ժամանակ խաղային պրակտիկա չէին ունեցել: Բայց մենք զգում էինք նրանց ներուժը, ուստի ինչ-որ տեղ նույնիսկ ռիսկի դիմեցինք ու պայմանագիր կնքեցինք: Շատ ուրախ եմ, որ ժամանակի ընթացքում նրանք լավ մարզավիճակ ձեռք բերեցին, բարելավեցին խաղային որակները: Մեր առաջնության կտրվածքով նրանք միջինից բարձր որակով լեգեոնականներ են: Իսկ ամենակարևորը խաղադաշտում նրանց դրսևորած նվիրվածությունն է: Այլ հարց է, որ տեխնիկատակտիկական առումով ֆուտբոլիստների մոտ դեռ ամեն ինչ չէ, որ ստացվում է: Թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանին էլ հաջողվեց ֆուտբոլիստներից քաղել առավելագույնը: Այնպես որ թիմի ներկայիս արդյունքից դժգոհ չեմ: Հավատում եմ, որ մենք կհասնենք մեր նպատակին:

– Ակումբի հետ Սերգեյ  Յուրանի պայմանագրի ժամկետը մինչև մրցաշրջանի ավարտն է: Արդեն կողմնորոշվե՞լ եք նրա հետագա ճակատագրի հարցում:

– Կարծում եմ, որ դեռ ժամանակը չէ այդ հարցին անդրադառնալը թե ակումբի, թե մարզչի կողմից: Շտապելու կարիք չկա, երևի թե մայիսի 20-ից հետո այդ հարցին կանդրադառնանք:

– «Միկայում» այսօր գերակշռում են լեգեոնականները: Հաջորդ մրցաշրջանու՞մ էլ պահպանվելու է այդ միտումը:

– Առաջնության գարնանային հատվածի ավարտից հետո տված հարցազրույցում նշել էի, որ ակումբի քաղաքականությունը փոխվելու է և ձմռանը փորձելու ենք թիմի կազմն առավելագույնս համալրել տեղացի ֆուտբոլիստներով: Սակայն մի քանի հայ ֆուտբոլիստների հետ բանակցելուց պարզվեց, որ նրանք ներկայումս թիմում հանդես եկող լեգեոնականներից մի քանի անգամ բարձր աշխատավարձ են պահանջում, ինչի հնարավորությունը մենք չունենք:  Ֆուտբոլիստների մի մասն էլ իրենց ակումբների հետ պայմանագրեր ունեին, ուստի հնարավոր չէր նրանց հրավիրել: Կփորձենք մրցաշրջանի ավարտից հետո կրկին զբաղվել հայ ֆուտբոլիստներով թիմի համալրման խնդրով:

Աշոտ Հայրապետյան
Լուսանկարները՝ «Միկա» ակումբի մամլո ծառայության

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ