«Արարատում» գոլային երաշտը շարունակվում է

4-րդ տուրում էլ «Արարատի» ֆուտբոլիստներին չհաջողվեց բացել գոլերի հաշիվը հոբելյանական առաջնությունում՝ «Փյունիկի» հետ մրցավեճում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ վաստակելով առաջին միավորը:

ՀՀ առաջնություններում առայժմ իր վերջին գնդակն «Արարատը» խփել է «Շիրակի» հետ կայացած նախորդ մրցաշրջանի ավարտական խաղի 58-րդ րոպեին: Գոլի հեղինակ է դարձել Բենիկ Հովհաննիսյանը, ով ներկայումս հանդես է գալիս «Ալաշկերտում»: Այսպիսով, արարատցիներն արդեն 392 րոպե շարունակ չեն կարողանում գրավել մրցակիցների դարպասը:

Գոլային երաշտի առումով «Արարատի» համար առայժմ ամենաանհաջողը 2009թ. առաջնության մեկնարկն էր: «Շիրակի» (0:1), «Կիլիկիայի» (0:2), «Միկայի» (0:2), «Փյունիկի» (0:2), «Բանանցի» (0:1), «Գանձասարի» (0:2) և «Ուլիսի» (0:1) հետ առաջին շրջանի հանդիպումներում արարատցիներին այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակիցների դարպասի բանալին:

 Եվ միայն 8-րդ տուրում, «Շիրակի» հետ հանդիպման 9-րդ րոպեին Սերգեյ Էրզրումյանին հաջողվեց վերջապես բացել թիմի գոլերի հաշիվն առաջնությունում՝ գրավելով Նորայր Աբրահամյանի պաշտպանած դարպասը:

Եթե հաշվի առնենք, որ մինչ այդ վերջին գոլն արարատցիները խփել էին «Փյունիկի» հետ նախորդ առաջնության «ոսկե» խաղի 69-րդ րոպեին (այդ խաղում լրացուցիչ ժամանակում հաղթել էր «Փյունիկը»), ապա «Արարատի» գոլային ընդհանուր երաշտը կազմում էր 689 րոպե:

Սակայն արարատցիների գոլային ամենաերկարատև երաշտը գրանցվել է 2011թ.  առաջնության 18-25-րդ տուրերում և տևել է 830 րոպե: Հետաքրքիր է, որ այն ժամանակ էլ «Արարատը» հանդես էր գալիս Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ, որին օգնում էր Ալբերտ Սաֆարյանը: Արարատցիները ոչ միայն 8 խաղ շարունակ չգտան մրցակիցների դարպասի բանալին, այլև պարտություններ կրեցին «Գանձասարի» (0:1, 0:2), «Ուլիսի» (0:5), «Փյունիկի» (0:1), «Շիրակի» (0:1), «Բանանցի» (0:1), «Միկայի» (0:2) և «Իմպուլսի» (0:2) հետ հանդիպումներում:

Եվ միայն «Ուլիսի» հետ մրցախաղի 26-րդ րոպեին Խորեն Վերանյանին հաջողվեց 11մ հարվածով ընդհատել 830 րոպե տևած գոլային երաշտը: Այն սկսվել էր «Իմպուլսի» հետ 17-րդ տուրի հանդիպման 5-րդ րոպեին Վահե Մարտիրոսյանի խփած գոլից հետո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ