«Արարատ» – «Շիրակ». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

«ԱՐԱՐԱՏ» – «ՇԻՐԱԿ»

75 խաղ, +20=22-33, 80:105

20 մայիսի, ժ.17:00, Երևան, ՀՀ ԿԱ ՊԵԿ մարզահամալիր

20.08.2016 «Շիրակ» – «Արարատ»՝ 1:0 (0:0)

Վահան Բիչախչյան (86):

01.10.2016 «Արարատ» – «Շիրակ»՝ 0:1 (0:0)

Ռումյան Հովսեփյան (50): 76-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը չիրացրեց 11մ հարվածը:

04.11.2016 «Շիրակ» – «Արարատ»՝ 2:0 (1:0)

Վիուլեն Այվազյան (17), Ղուկաս Պողոսյան (83):

05.03.2017 «Արարատ» – «Շիրակ»՝ 0:1 (0:1)

Վահան Բիչախչյան (29):

15.04.2017 «Շիրակ» – «Արարատ»՝ 1:0 (1:0)

Վահան Բիչախչյան (38):

Առաջնության բացահայտ հետնապահ «Արարատի» վերջին շրջանի ելույթներում որոշակի առաջընթաց է նկատվում: Այլ կերպ լինել չէր կարող, քանի որ Արկադի Անդրեասյանի գլխավորած մարզչական շտաբը զգալի աշխատանք էր կատարել և վաղ թե ուշ դա պետք է անդրադառնար թիմի ցուցադրած խաղի որակի և ցույց տված արդյունքների վրա:

Նախ արարատցիներն արդեն կարողանում են գոլեր խփել, ինչը նրանց համար չափազանց դժվարին խնդիր էր: Վերջին 4 հանդիպումներում արարատցիները դաշտից չեն հեռացել առանց գոլի, ինչն ընթացիկ առաջնությունում առաջին անգամ է պատահում:

Եվ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ «Արարատը» դժվարին մրցակից է դարձել և կարող է «փչացնել» ցանկացած թիմի ֆուտբոլիստների տրամադրությունը: Ասվածի վառ ապացույցը վերջին 4 հանդիպումներում «Փյունիկի» ու «Բանանցի» նկատմամբ տոնած հաղթանակներն են: Այնպես որ շիրակցիները պետք է չափազանց լրջորեն վերաբերվեն արարատցիներին:

Նախորդ տուրում հաղթելով «Բանանցին», «Շիրակը» ոչ միայն ապահովեց իր տեղը մրցանակային եռյակում, այլև հնարավորություն ստացավ միանալու չեմպիոնական մրցավազքին: Ճիշտ է, «Բանանցի» նկատմամբ «Ալաշկերտի» տարած հաղթանակից հետո ոսկե մեդալների համար պայքարում շիրակցիների հնարավորությունները գրեթե զրոյի հավասարվեցին: Իսկ ահա արծաթե մեդալների համար գյումրեցիները կարող են հարյուր տոկոսով պայքարել, քանի որ ընդամենը 3 միավորով են զիջում «Գանձասար Կապանին»:

Ընդ որում առաջնության վերջին երկու տուրերում «Շիրակը» մրցելու է իր գլխավոր հակառակորդների՝ «Ալաշկերտի» և «Գանձասար Կապանի» հետ: Եվ հենց այդ հանդիպումներն էլ վճռորոշ նշանակություն կունենան մեդալների վերջնական բաշխման հարցում:

ereq

«Շիրակն» ընթացիկ առաջնությունում բացահայտ առավելության է հասել «Արարատի» նկատմամբ՝ հաղթելով բոլոր 5 խաղերում էլ: Ընդ որում արարատցիներին չի հաջողվել գեթ մեկ անգամ գրավել գյումրեցիների դարպասը: Վերջին գոլն արարատցիները «Շիրակին» խփել են գրեթե մեկ տարի առաջ՝ անցյալ տարվա մայիսի 22-ին: Աչքի է ընկել Բենիկ Հովհաննիսյանը:

Իսկ վերջին հաղթանակը «Շիրակի» նկատմամբ արարատցիները տոնել են 2015թ. նոյեմբերի 8-ին Գյումրիում՝ 1:0: Այդ հաղթանակն ինչ որ չափով կարելի է պատմական համարել, քանի որ մինչ այդ ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև անցկացված նախորդ 17 հանդիպումներից 15-ում հաղթել էին գյումրեցիները, 2 խաղ ավարտվել էր ոչ-ոքի: Ընդ որում վերջին 6 հանդիպումներն էլ ավարտվել էին շիրակցիների հաղթանակով:

Այդ հաղթանակից հետո արարատցիների անհաջողությունները շիրակցիների հետ հանդիպումներում շարունակվեցին: Առաջնության վերջին 7 հանդիպումներից 6-ում հաղթել են շիրակցիները և միայն մեկն է ավարտվել ոչ-ոքի:

Ընթացիկ առաջնությունում «Արարատի» դեմ բավական արդյունավետ է գործել Վահան Բիչախչյանը՝ 3 հանդիպումներում դառնալով խփած միակ գոլի հեղինակը: Հենց «Արարատի» հետ առաջին շրջանի խաղում էլ Բիչախչյանը բացել է իր գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում:

Մրցակիցների միջև կայացած հանդիպումներում յուրօրինակ ռեկորդի հեղինակ է դարձել շիրակցի Անդրանիկ Բարիկյանը, ով 19 անգամ գրավել է արարատցիների դարպասը: «Արարատի» լավագույն ռմբարկուն Նշան Էրզրումյանն է, ով 10 գոլի հեղինակ է դարձել:

Արարատցիներից այս հանդիպումն էլ բաց կթողնի 7 դեղին քարտի արժանացած Արգիշտի Պետրոսյանը: 4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի նաև արարատցի Արթուր Ստեփանյանը:

Աշոտ Հայրապետյան

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ