«Արարատ» – «Գանձասար-Կապան». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

«ԱՐԱՐԱՏ» – «ԳԱՆՁԱՍԱՐ  ԿԱՊԱՆ»

43 խաղ, +13=5-25, 41:61

13 մայիսի, ժ.17:00, Երևան, ՀՀ  ԿԱ ՊԵԿ մարզահամալիր

13.08.2016  «Գանձասար Կապան» – «Արարատ»՝  2:0 (2:0)

Կլաուդիր Մարինի (31), Գեղամ Հարությունյան (42):

25.09.2016  «Արարատ» – «Գանձասար Կապան»` 0:2 (0:1)

Լուբամբո Մուսոնդա (41), Արա Խաչատրյան (53` 11մ):

30.10.2016  «Գանձասար Կապան» – «Արարատ»՝  1:0 (0:0)

Գեղամ Հարությունյան (74):

03.12.2016  «Արարատ» – «Գանձասար Կապան»`  0:1 (0:1)

Կլաուդիր Մարինի (8):

08.04.2017  «Գանձասար Կապան» – «Արարատ»՝  2:1 (2:0)

Գեղամ Հարությունյան (6), Կլաուդիր Մարինի (43) – Անդրանիկ Քոչարյան (59):

Առաջնության բացահայտ հետնապահ «Արարատը» վերջին շրջանում զգալիորեն կարգավորել է իր խաղը և ամուր «ընկույզ» է դարձել մրցակիցների համար: Դրա վառ ապացույցը վերջին 3 հանդիպումներում «Փյունիկի» և «Բանանցի» նկատմամբ արարատցիների տոնած երկու հաղթանակներն են, այն էլ՝ «չոր» հաշվով:

Համեմատության համար նշենք, որ մինչ այդ առաջնության 23 հանդիպումներում «Արարատը» միայն մեկ հաղթանակ էր տոնել և ընդամենը երկու անգամ էր դարպասն անառիկ պահել: Սա ևս փաստում է «Արարատի» որոշակի առաջընթացի մասին: Այնպես որ փորձառու մասնագետ Արկադի Անդրեասյանի բեղմնավոր աշխատանքի առաջին պտուղներն արդեն առկա են:

Առաջնության գարնանային հատվածում գերազանց հանդես եկող «Գանձասար Կապանը», որի շնորհիվ չեմպիոնական մրցավազքում պայքարի լարվածությունը հասել էր գագաթնակետին, նախորդ տուրում իր համար չափազանց կարևոր խաղում պարտվեց «Ալաշկերտին» և ոսկե մեդալների համար մրցավեճում դժվարին կացության մեջ հայտնվեց:

Առաջնության ավարտից 4 տուր առաջ գանձասարցիներն արդեն 5 միավորով են զիջում «Ալաշկերտին», որը ևս վերելքով է հանդես գալիս: Հաշվի առնելով այս ամենը, կարելի է փաստել, որ չեմպիոնական մրցավազքն արդեն հանգուցալուծվել է:

17854747_1943714439180852_5349813393002210153_o

«Ալաշկերտից» կրած պարտությամբ ոչ միայն ընդհատվեց գանձասարցիների 9 անպարտելի խաղերի ռեկորդային շարքը, այլև զգալիորեն աճեց ինտրիգը արծաթե մեդալների համար մրցավեճում, քանի որ 3-րդ տեղում ընթացող «Շիրակն» ընդամենը 3 միավոր է զիջում կապանցիներին: Այնպես որ գանձասարցիների համար ավարտական խաղերում տոնած յուրաքանչյուր հաղթանակը եթե ոչ ոսկու, ապա արծաթի արժեք կունենա:

Ընթացիկ մրցաշրջանում գանձասարցիները բացարձակ առավելության են հասել արարատցիների նկատմամբ՝ շահելով 5 հանդիպումներն էլ, որոնցից 4-ը՝ «չոր» հաշվով: Արդեն տևական ժամանակ է, որ «Արարատին» չի հաջողվում առավելության հասնել գանձասարցիների նկատմամբ:

Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 9 հանդիպումներից 7-ում հաղթել են գանձասարցիները, 2-ում գրանցվել է ոչ-ոքի: Ընդ որում 6 խաղ շարունակ «Արարատին» չէր հաջողվում գրավել «Գանձասար Կապանի» դարպասը: Եվ միայն մրցակիցների 5-րդ շրջանի խաղում արարատցիներին վերջապես հաջողվեց խոցել Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը:

Իսկ մինչ այդ վերջին գոլը գանձասարցիներին «Արարատը» խփել էր 2015թ. նոյեմբերի 21-ին Երևանում կայացած խաղում (2-2): Գոլի հեղինակ էր դարձել Մոյսես Օրոզկոն՝ ավելացված ժամանակում թիմին փրկելով պարտությունից: Իսկ վերջին հաղթանակը գանձասարցիների նկատմամբ արարատցիները տոնել են 2015թ. մայիսի 30-ին Կապանում՝ 3-0:

Մրցակիցների մրցավեճում գանձասարցիներից արդյունավետ խաղով աչքի է ընկել Գեղամ Հարությունյանը՝ խփելով 6 գնդակ: Այդ գոլերից 3-ը նա իր օգտին է գրանցել ընթացիկ առաջնությունում: Արարատցիներից ամենաարդյունավետը Գևորգ Նռանյանն է՝  5 գոլ:

7-րդ զգուշացման պատճառով հանդիպումը բաց կթողնի արարատցի Արգիշտի Պետրոսյանը:

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ