Առաջամարտիկը. Հարություն Մերդինյան

2011թ. Բեռլինում կայացած Եվրոպայի առաջնությունում 32 տարվա ընդմիջումից հետո հայ մարմնամարզիկի կրծքին կրկին շողաց մեդալ, թեկուզ ոչ այնքան փայլուն՝ բրոնզե: «Դժվար առաջինից» հետո անկախ Հայաստանի մարմնամարզությունը սկսեց շատ արագ համալրել մեդալների հավաքածուն: Աշխարհի գավաթում ու Եվրոպայի առաջնությունում հաջողությունները սկսեցին պարբերական դառնալ, իսկ արդեն 2015թ. Հայաստան հասավ առաջին մեդալը նաև Աշխարհի առաջնությունից՝ կրկին բրոնզե:

Գրեթե բոլոր մրցաշարերում երկար սպասված առաջին հաջողությունը տրվել է նժույգաթափերի վրա հանդես եկող Հարություն Մերդինյանին: 31-ամյա մարզիկը վստահ է, որ մարմնամարզությունը ևս թիմային մարզաձև է, ուստի առջևից գնալու և ճանապարհը բացելու դժվար գործը նրան էլ ավելի է ոգևորում ու առաջ մղում դեպի Օլիմպիական խաղեր:

Հարություն Մերդինյանը VMag ամսագրի փետրվարյան համարի հերոսն էր, իսկ օրեր առաջ նա Դոհայում դարձավ Աշխարհի գավաթակիր: Այդ առթիվ ներկայացնում ենք մարզիկի հարցազրույցը VMag-ին:

-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել մարմնամարզությամբ:

-Հայրս է սիրել մարմնամարզություն, սակայն նրա կարիերան ինչ-ինչ պատճառներով չի ստացվել: Որոշել է, որ ես անպայման պետք է մարզվեմ ու բերել է մարզադպրոց: Իր երազանքներից մեկն է եղել, որ իր որդին զբաղվի այս մարզաձևով:

-2001թ-ից մասնակցում եք մեծահասակների մրցումների, իսկ հաջողությունը եկավ միայն 2011թ.: Ինչպե՞ս դիմացաք այդքան երկար:

-Մարմնամարզությունն ինքնին այնպիսի մարզաձև է, որտեղ չես կարող մեկ կամ երկու տարի, թեկուզ՝ չորս տարի մարզվելով լուրջ արդյունքի հասնել: Դրա համար պետք է մանուկ հասակից քրտնաջան մարզվել, չարչարվել ու քրտինք թափել մարզիչների հետ, որպեսզի ինչ-որ արդյունքի հասնես 10-15 տարի անց: Գուցե այս մարզաձևը հենց դրանով է դժվար, որ երկար տարիների քրտնաջան է պահանջում:

2006թ. Աշխարհի գավաթում գրավեցի առաջին տեղը: Երկար ժամանակ միջազգային լուրջ մրցաշարում մեդալ չէինք ունեցել: Երկու ամիս անց մասնակցեցի Աշխարհի գավաթի Ա խմբի առաջնությանը Ֆրանսիայում և գրավեցի 2-րդ տեղը: Դրանից հետո մեր սխալներն ուղղելով ու ավելի շատ աշխատելով սկսեցինք առաջ շարժվել: 2008թ. Եվրոպայի առաջնությունում եզրափակիչ հասա, որը կրկին նվաճում էր, քանի որ երկար ժամանակ մենք ներկայացուցիչ չէինք ունեցել: Երևի, իմ ամեն մի մեդալ ամենաքիչը 10-15 տարվա պատմություն ունի: 2010թ. Աշխարհի առաջնությունում եզրափակիչ հասա, 2011թ. Եվրոպայում վերջապես առաջին մեդալներն եկան:

30/10/15.. HYDRO - GLASGOW World Gymnastic games. mens womens apparatus final  Pomell podium

-Անկախ Հայաստանին առաջին մեդալները գրեթե միշտ Դուք եք բերել: Ինչպիսի՞ն էր զգացողությունը, որ մտաք պատմության մեջ:

-Շատ լավ զգացողություն է, հատկապես այն բանի համար, որ փորձում ենք վերականգնել հին ավանդույթները: Դա միայն ինձ չի վերաբերում, իմ թիմակիցները ևս, օրինակ՝ Արթուր Դավթյանը, ով Եվրոպայի առաջնությանը բրոնզե մեդալ նվաճեց ու շատ ուժեղ բազմամարտիկ է, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և այլոք: Մենք թիմ ենք, փորձում ենք ամեն մեկս մեր գործն այնպես անենք, որ առաջին հերթին մենք ինքներս մեզնից գոհ լինենք և լավ զգանք, ու կարողանանք շարունակել ավանդույթները: Լինեն շատ մեդալներ, ոչ թե ամեն մի հաջողության սպասենք 32 տարի, այլ տարին տարվա վրա նվաճումներ ունենանք:

-Ձեր տարիքը իմանալիս շատերն են զարմանք ապրում: Մի՞թե այն մեծ չէ այս մարզաձևի համար:

-Չեի ասի որ մեծ է, բայց բավական է, կասեի՝ արդեն ժամանակն է: Կան մարմնամարզիկներ, որ մարզվում են մինչև 38 տարեկան: Ամեն ինչ օրգանիզմից է գալիս: Եթե քեզ լավ ես զգում, ու ոչ մի խանգարող հանգամանք չկա, ապա կարող ես շարունակել: Տարիների փորձն էլ օգնում է, ավելի հմուտ ես լինում, եթե դրա հետ մեկտեղ նաև ուժերիդ վստահ ես, ապա ոչ մի խնդիր չկա շարունակելու: Ինձ մոտ այս պահին ամեն ինչ հիանալի է:

-Ելնելով տարիքից՝ գուցե Ձեր առաջին ու վերջին Օլիմպիադան լինի:

-Եթե իմ վրա դրված առաջադրանքը կատարեմ, երևի լքեմ սպորտը, իսկ եթե ոչ՝ չեմ կարող ասել: Մարզիչների հետ զրուցել եմ, եթե և՛ ես գոհ մնամ ելույթներիցս, և՛ նրանք, ապա շատ հնարավոր է, որ վերջացնեմ: Դրանք դեռևս մտքեր են, հիմա շատ չեմ էլ մտածում դրա մասին, ինչպես ասում են՝ «Օրը գա, բարին հետը»: Եթե շարունակեմ, բնականաբար մտածելու եմ հաջորդ Օլիմպիադայի մասին, նպատակը միանշանակ դա է լինելու:

– Ինչպե՞ս եք հաղթահարելու լարվածությունը:

-Իհարկե, հնարավոր է լարվածություն լինի: Օլիմպիադան ինքնին արդեն շատ լուրջ է, բայց աշխատում եմ նման բաների մասին ընդհանրապես չմտածել: Ուղղակի կատարեմ իմ առջև դրված առաջադրանքը, որ և՛ ես գոհ լինեմ, և՛ մարզիչներս: Այսքան տարվա աշխատանքս հենց այդտեղ եմ ցույց տալու, հասել եմ գագաթնակետին, ուստի լարվելն ավելի շատ կխանգարի:

-Ընդհանրապես, Ձեր մարզաձևում հավասարապես կարևոր է կառավարել թե՛ մարմինը, թե՛ ուղեղը: Առաջինը պարզ է, իսկ ինչպե՞ս եք մարզում երկրորդ հատկությունը:

-Իհարկե, լինում է շատ դեպքեր, երբ արագ կողմնորոշվել է պետք, արագ հասկանաս, թե ինչ պետք է անես հենց այդ պահին: Ամեն ինչ շատ արագ է կատարվում, թեկուզ՝ եթե ինչ-որ տարր սխալ ես արել, պետք է շատ արագ ուղղես կամ փոխարինես այլ տարրով: Մի րոպեի ընթացքում 10 տարր ես կատարում, պատկերացրեք ինչ արագ է, պետք է հասցնես: Դե, փոքր տարիքից միշտ դա ես լսում մարզիչից, հասկանում ես մարզաձևը և ժամանակի ընթացքում աստիճանաբար արմատավորվում է քո մեջ: Մարզիչներն էլ շատ օգնում են:

-Ինչպես եք պատկերացնում կյանքը օլիմպիադայից հետո:

-Երևի մարզչական գործի մեջ փորձեմ ուժերս: Իմ մարզիչներն էլ կօգնեն: Եթե մարզիչ էլ չլինեմ, ինձ այս դահլիճից կամ մարմնամարզությունից դուրս չեմ պատկերացնում: Ինչով էլ զբաղվեմ, համատեղելու եմ մարմնամարզության հետ: Հնարավոր չէ ապրելակերպդ միանգամից փոխես ու ուրիշ գործ սկսես, էլի երկար տարիներ են պահանջվելու, որ ինչ-որ արդյունքի հասնես:

harutyun-merdinyan

-Ինչո՞ւ զբաղվել հենց սպորտային մարմնամարզությամբ:

-Մարմնամարզությունն առաջին հերթին կարգուկանոն է սովորեցնում: Այս մարզաձևում մարմնի յուրաքանչյուր մկանը աշխատում է յուրահատուկ ձևով, ճկունություն է տալիս, արագ մտածելու ու կողմնորոշվելու ունակություն: Մարմնամարզությունից հետո բոլոր այլ մարզաձևերում էլ կարող ես բարձունքների հասնել:

Բացի այդ, մեր դահլիճում իսկական ընտանիք է, թիմային մթնոլորտ է: Կան մարզաձևեր, որտեղ մարզիկները կփորձեն խանգարել միմյանց, մեր դեպքում ամեն կերպ օգնում ենք իրար: Ճանաչելով միմյանց՝ հասկանում ենք, թե ում տվյալ պահին ինչ է պետք, լարվա՞ծ է, թե՞ ոչ, ինչ հանգստի կարիք ունի: Բոլորս ճանաչում ենք իրար, հասկանում ենք՝ արդյո՞ք պետք է զրուցել, ում տվյալ պահին ինչ է պետք ասել: Մարզիչներն են շատ օգնում՝ թե՛ դահլիճում, թե՛ դահլիճից դուրս: Մենք իրար ճիշտ հասկանում ենք ու համատեղ աշխատում ենք, փորձում իրար կողքի լինել, թիմային ոգի կա:

-Դուք ամուսնացած չեք, ի՞նչ եք մտածում այդ ուղղությամբ:

-Կամաց-կամաց մտածում եմ (ժպտում է՝ խմբ.): Դե դժվար է, որովհետև երբ սպորտի մեջ ես, ուղեղդ ուրիշ ուղղությամբ է շարժվում, մտածում ես մրցումների ու վարժությունների մասին: Բայց ընթացքում կլինի, ճիշտ է՝ թեկնածու էլ չունեմ, բայց դա ժամանակի հարց է, կլինի:

-Ինչո՞վ եք զբաղվում մարզադահլիճից դուրս:

-Դե քիչ ժամանակ է լինում, բայց սիրում եմ լողալ, փորձում եմ անպայման հասցնել գնալ լողավազան: Սիրում եմ նաև ընկերներիս հետ ժամանակ անցկացնել՝ կարևոր չէ, թե ինչով կզբաղվենք: Դա արդեն բավական է, որ շփվես, կիսվես, չկտրվես քո ընկերներից, ու դրանից ավելի լավ հանգիստ հնարավոր չէ պատկերացնել: Շատ բաներ կան, որոնք հնարավորության դեպքում կցանկանայի անել, սակայն այս պահին առաջնայինը սպորտն է:

Զրուցեց՝ Կարեն Ռաֆայելյանը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ