Արա Խաչատրյանն ամենահավատարիմ ֆուտբոլիստների ցանկում

«Ալաշկերտի» հետ խաղում «Գանձասար Կապանի» փորձառու պաշտպան Արա Խաչատրյանի ֆուտբոլային կարիերայում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: Հարազատ թիմի մարզաշապիկով նա բարձրագույն խմբում 200-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ և ընդգրկվեց ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»: Խորհրդանշական այս ակումբի անդամ կարող են դառնալ ՀՀ առաջնություններում միևնույն թիմի կազմում 200 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստները: Արա Խաչատրյանը դարձավ այդ ակումբում «Գանձասար Կապանի» առաջին ներկայացուցիչը:

Հետաքրքիր է, որ «Ալաշկերտի» հետ այս տարվա մարտի 2-ին կայացած նախորդ առաջնության հանդիպումն էլ Արա Խաչատրյանի ֆուտբոլային կարիերայում հիշարժան էր: Այդ օրն Արան բարձրագույն խմբում գանձասարցիների կազմում 180-րդ խաղն անցկացնելով դարձել էր «Գանձասար Կապանի» ռեկորդակիրը՝ գերազանցելով թիմի նախկին ավագ Արմեն Տատինցյանի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս 2006-2013/14թթ. առաջնություններում գանձասարցիների կազմում 179 խաղ էր անցկացրել:

Բարձրագույն խմբում Արա Խաչատրյանը ֆուտբոլային կարիերան սկսել է 2005թ. «Բանանցում»: Հետաքրքիր է, որ 21-ամյա ֆուտբոլիստին առաջին անգամ թիմի հիմնական կազմում խաղադաշտ է դուրս բերել «Գանձասար Կապանի» ներկայիս գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը, ով իր հերթին առաջնության 8-րդ տուրում «Կիլիկիայի» հետ կայացած խաղում նորամուտն էր  նշում «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ փոխարինելով Հովհաննես Զանազանյանին:

2007թ. առաջնության ավարտից հետո Արա Խաչատրյանը տեղափոխվեց «Գանձասար», որը գլխավորում էր Սամվել Պետրոսյանը: Թիմի կազմում նորամուտն անհաջող դասավորվեց նրա համար: Ապրիլի 19-ին Գյումրիում «Շիրակի» հետ կայացած խաղում Արա Խաչատրյանի ինքնագոլը գանձասարցիների պարտության պատճառ դարձավ, ինչը շատ թանկ նստեց նրա վրա: Հաջորդ 9 հանդիպումներում նա այլևս խաղադաշտ դուրս չեկավ, որից հետո կրկին իր տեղը գտավ թիմի հիմնական կազմում: Այդ տարի Արա Խաչատրյանը թիմի կազմում դարձավ բրոնզե մրցանակակիր:

Հետագա տարիներին Արա Խաչատրյանը դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Ներկայումս 31-ամյա փորձառու պաշտպանը «Գանձասար Կապանի» հնաբնակներից մեկն է: 2008թ., երբ նա սկսեց ելույթները գանձասարցիների կազմում, թիմի ներկայիս ֆուտբոլիստներից կապանյան ակումբի պատիվն էր պաշտպանում միայն Ալեքսանդր Պետրոսյանը:

Արա Խաչատրյան Գանձասար-Կապան

ՀՀ առաջնությունների  ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում» ընդգրկված են ընդամենը 6 թիմերի՝ «Շիրակի», «Փյունիկի», «Արարատի», «Արաքսի», «Միկայի» և «Գանձասար Կապանի» ներկայացուցիչներ: Մրցակցությունից դուրս է «Շիրակը», որի 13 ֆուտբոլիստներ են տեղ զբաղեցնում ցանկում: Դա վկայում է հարազատ ակումբին գյումրեցիների հավատարմության մասին:

 Ընդ որում Գագիկ Մարգարյանը, Հենրիկ Բատիկյանը, Արթուր Պետրոսյանը, Հակոբ Արտոյանն ու Գևորգ Հովհաննիսյանը ՀՀ առաջնություններում հանդես են եկել միայն «Շիրակում»: Կարեն Գ. Խաչատրյանն ու Անդրանիկ Բարիկյանը մինչև «Շիրակում» ընդգրկվելը, ֆուտբոլային կարիերան սկսել են «Շիրակ-2-ում», որի կազմում 1998թ. մասնակցել են բարձրագույն խմբի առաջնությանը:

 Ռայմոնդ Զադուրյանն էլ բարձրագույն խմբում պաշտպանել է միայն «Շիրակի» դարպասը: Միայն մեկ մրցաշրջան` 2005թ. նա չի խաղացել շիրակցիների կազմում` պաշտպանելով առաջին խմբում հանդես եկած  «Երևան Յունայթեդի» դարպասը:

Ընդհանրապես գյումրեցիները շատ հազվադեպ են այլ թիմեր տեղափոխվել: Միայն ֆինանսական վիճակի վատթարացումը ստիպեց գյումրեցիներից ոմանց ժամանակավորապես փոխելու «գրանցումը»: Իսկ երբ վիճակը բարելավվեց, նրանք վերադարձան հարազատ կոլեկտիվ:

VivaroNews,am-ը ներկայացնում է Հայաստանի առաջնությունների  ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբի» ցանկը:

Ֆուտբոլիստ Խաղ Ակումբ  Թվական
1.  1.Հովհաննես Թահմազյան 378 «Շիրակ» 1992-2003, 2007-2011
2.Սարգիս Հովսեփյան 365 «Փյունիկ» 1992-1997, 2004-2012
3.Գագիկ Մարգարյան 295 «Շիրակ» 1992-2005
4.Արարատ Հարությունյան 295 «Շիրակ» 1995-2004, 2007-2012
5.Տիգրան Դավթյան 285 «Շիրակ» 2000-2004, 2009-2015
6.Անդրանիկ Բարիկյան 274 «Շիրակ» 2001-2015
7.Ռայմոնդ Զադուրյան 264 «Շիրակ» 1992-2004, 2006-2008
8.Արթուր Հ. Մինասյան 247 «Արարատ» 1999-2002, 2004, 2006-2009, 2011-2013
9.Կարեն Գ. Խաչատրյան 245 «Շիրակ» 1999-2011
10.Կարեն Ալեքսանյան 242 «Շիրակ» 1999-2003, 2011-2016
11.Գևորգ Հովհաննիսյան 234 «Շիրակ» 2005, 2007-2016
12.Ալեքս դա Սիլվա 230 «Միկա» 2006-2015
13.Հենրիկ Բատիկյան 222 «Շիրակ» 1997-2009
14.Նորայր Հոխոյան 215 «Արաքս» 1993-2000, 2003
15.Արթուր Պետրոսյան 214 «Շիրակ» 1992-2000
16.Արթուր Յուզբաշյան 214 «Փյունիկ» 2007-2016
17.Արսեն Ավետիսյան 208 «Փյունիկ» 1992-1998, 2006-2007
18.Ֆելիքս Խոջոյան 203 «Շիրակ» 1994-2000, 2007-2009
19.Գևորգ Պողոսյան 202 «Միկա» 2004, 2007-2015
20.Հակոբ Արտոյան 200 «Շիրակ» 1992-2000
21.Արա Խաչատրյան 200 «Գանձասար Կապան» 2006-2016

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ