Ամենատիտղոսակիր մարզիչն Անդրանիկ Ադամյանն է

Թեև հանրապետության վաստակավոր մարզիչ, բանիմաց ու բազմափորձ մասնագետ Անդրանիկ Ադամյանը վաղուց է ավարտել մարզչական բեղմնավոր գործունեությունը, սակայն մինչ օրս հայկական ակումբներում աշխատած ամենատիտղոսակիր մարզիչն է:

1992-2004թթ. անփոփոխ գլխավորելով «Շիրակը», Ադամյանի օրոք գյումրեցիները 3 անգամ նվաճել են ՀՀ չեմպիոնի տիտղոսը, 5 անգամ արժանացել են արծաթե մեդալների, 2 անգամ դարձել են բրոնզե մրցանակակիրներ, 3 անգամ էլ պատվո շրջան են կատարել Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթով: Ընդհանուր առմամբ «Շիրակն» Ադամյանի օրոք 13 տիտղոս է նվաճել:

Փորձառու մարզչին իր սաների հետ միայն գավաթակիր դառնալու բախտ չի վիճակվել, թեև «Շիրակը» նրա գլխավորությամբ 3 անգամ եզրափակչում վիճարկել է պատվավոր մրցանակը:

Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ առաջին լուրջ հաջողությանը «Շիրակը» հասավ ազգային անդրանիկ առաջնությունում` 1992թ. ՀՄԸՄ-ի հետ հռչակվելով Հայաստանի չեմպիոն: Վերջին անգամ նրա օրոք շիրակցիները մրցանակակիր են դարձել 2003թ.` արժանանալով բրոնզե մեդալների: 2004թ. առաջնությունից հետո առողջական խնդիրների պատճառով Անդրանիկ Ադամյանն իր տեղը զիջեց Ժորա Բարսեղյանին` ստանձնելով թիմի գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ հետագայում ընդհանրապես հեռացավ իրեն հոգեհարազատ ակումբից, որում ժամանակին նաև երկար տարիներ խաղացել է:

Երկրորդ արդյունքն ունեցող Վարդան Մինասյանը յուրօրինակ ռեկորդակիր է չեմպիոնական տիտղոսների քանակով: Նրա գլխավորությամբ «Փյունիկը» 4 անգամ է արժանացել ոսկե մեդալների: Առաջին հաջողությանը Վարդան Մինասյանը հասավ 2004թ.: Մրցաշրջանի սկզբում նա թիմի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի օգնականն էր: Վերջինս առաջնության 8-րդ տուրից հետո հեռացավ «Փյունիկից»: Նրա փոխարեն թիմի ղեկը ստանձնած Վարդան Մինասյանի նորամուտը գլխավոր մարզչի պաշտոնում պարզապես գերազանց ստացվեց: «Փյունիկը» 9-րդ տուրից սկսած 16 անընդմեջ հաղթանակ տոնեց, ինչը ՀՀ առաջնություններում մինչ օրս չգերազանցված ռեկորդ է:

Մինասյանն առաջինն էր, ով չեմպիոնի տիտղոսին արժանացել էր թե որպես ֆուտբոլիստ, թե որպես գլխավոր մարզիչ: Հաջորդ 3 մրցաշրջաններում Վարդան Մինասյանը կրկին գլխավոր մարզիչների օգնականն էր: Իսկ ահա 2008թ. առաջնության 12-րդ տուրից փոխարինելով պաշտոնանկ արված Արմեն Գյուլբուդաղյանցին, Վարդան Մինասյանը գլխավոր մարզչի պաշտոնում չեմպիոնական 2-րդ բարձունքը նվաճեց: Այդ տարի «Փյունիկը» չեմպիոնի տիտղոսին արժանացավ «Արարատի» հետ բավականին թեժ մրցապայքարում` «ոսկե» խաղում հաղթելով 2:1 հաշվով:

Մինչև 2011թ. առաջնության ավարտը Մինասյանը գլխավորեց «Փյունիկը», որը ևս 2 անգամ չեմպիոն հռչակվեց, մեկ անգամ էլ բավարարվեց արծաթե մեդալներով: Բացի առաջնությունում գրանցած հաջողություններից, Մինասյանի գլխավորությամբ փյունիկցիները դարձել են նաև կրկնակի գավաթակիրներ ու քառակի սուպերգավաթակիրներ:

8

Ամենատիտղոսակիր մարզիչների լավագույն եռյակը եզրափակում է «Արարատի» և ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, ով «Բանանցում», «Ցեմենտում» և «Արարատում» աշխատելիս ընդհանուր առմամբ 10 անգամ իր սաներին տիտղոսակիր է դարձրել:

1992-1993թթ. նրա գլխավորությամբ «Բանանցն» արժանացել է բրոնզե մեդալների: 1998թ. Սուքիասյանի օրոք Արարատի «Ցեմենտը» չեմպիոն հռչակվեց: 2 տարի անց գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով Սամվել Պետրոսյանին ու 11-րդ տուրից կրկին գլխավորելով «Արաքս» վերանվանված Արարատի թիմը, Վարուժան Սուքիասյանն իր սաներին 2-րդ անգամ չեմպիոնական բարձունքին հասցրեց: 2008թ. նրա գլխավորած «Արարատը» «Փյունիկի» հետ չեմպիոնի տիտղոսի համար համառ մրցավեճում, միայն լրացուցիչ մրցախաղում ոսկե մեդալները զիջեց մրցակցին:

Վարուժան Սուքիասյանը յուրօրինակ ռեկորդակիր է Հայաստանի գավաթի մրցաշարում, որի գլխավորած թիմերը 4 անգամ նվաճել են պատվավոր մրցանակը (1992թ.` «Բանանց», 1998-1999թթ.` «Ցեմենտ», 2008թ.` «Արարատ»):

Անշուշտ, պետք է նշել նաև Խորեն Հովհաննիսյանին, ով «Փյունիկին» 3 անգամ չեմպիոն է դարձրել, մեկական անգամ էլ նրա օրոք թիմը նվաճել է Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը:

Տիտղոսակիր 4 թիմ է պատրաստել Սամվել Դարբինյանը: Առաջին լուրջ հաջողությանը նա հասել է «Արարատում» 1995թ.՝ իր սաների հետ նվաճելով ՀՀ գավաթը: 1997թ. առաջնությունում Դարբինյանը «Երևանին» հասցրեց չեմպիոնական բարձունքին: Մինչ այդ նրա գլխավորությամբ «Երևանը» 1995/96թթ. առաջնությունում բրոնզե մրցանակակիր էր դարձել: Ընդ որում Դարբինյանը 2-րդ շրջանի 2-րդ տուրից էր գլխավորել թիմը` փոխարինելով պաշտոնանկ արված Վաղարշակ Ասլանյանին:

2001թ., երբ երկամյա ընդմիջումից հետո կրկին վերակազմավորվեց «Փյունիկը», Սամվել Դարբինյանը 3-րդ տուրում փոխարինելով Լևոն Յաբլուկյանին, փյունիկցիների հետ ոսկե մեդալների արժանացավ: 2009թ. էլ փորձառու մարզիչը «Միկային» արծաթե մրցանակակիր դարձրեց: Այդ մրցաշրջանում էլ նա 6-րդ տուրից գլխավորեց «Միկան»` փոխարինելով Իվո Շուշակին: Հետաքրքիր է, որ առաջնության ավարտից մեկ տուր առաջ, երբ «Միկան» արդեն ապահովել էր մրցանակային 2-րդ տեղը, Դարբինյանը պաշտոնանկ արվեց:

Երիտասարդ սերնդի մարզիչներից մարզչական կարճատև գործունեության ընթացքում արդեն զգալի հաջողությունների են հասել Վարդան Բիչախչյանն ու Սարգիս Հովսեփյանը: Բիչախչյանի օրոք վերջին 4 մրցաշրջաններում շիրակցիներն արժանացել են հայկական ֆուտբոլում խաղարկվող բոլոր մրցանակներին: Սարգիս Հովսեփյանն էլ ընդամենը 2,5 մրցաշրջան աշխատելով «Փյունիկում», իր սաների հետ արդեն 5 տիտղոս է նվաճել:

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է ամենատիտղոսակիր 10 մարզիչների նվաճումները՝

Մարզիչներ Չեմպիոն 2-րդ տեղ 3-րդ տեղ Գավաթ Սուպերգավաթ Ընդ.
1.Անդրանիկ Ադամյան 3 5 2 3 13
2.Վարդան Մինասյան 4 1 2 4 11
3.Վարուժան Սուքիասյան 2 1 2 4 1 10
4.Վարդան Բիչախչյան 1 2 1 1 1 6
5.Արկադի Անդրեասյան 3 1 1 1 6
6.Խորեն Հովհաննիսյան 3 1 1 5
7.Սամվել Դարբինյան 2 1 1 1 5
8.Արմեն Սարգսյան 1 2 2 5
9.Սարգիս Հովսեփյան 1 1 2 1 5
10.Արմեն Ադամյան 1 1 2 1 5
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ