«Ալաշկերտը» 3 նոր ֆուտբոլիստների է հայտավորել ՉԼ-ում

Թբիլիսիի «Դինամոյի» հետ կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի հանդիպումներին «Ալաշկերտը» 3 նոր ֆուտբոլիստների է հայտավորել: Այդ հանդիպումներին կարող են մասնակցել դարպասապահ Արսեն Բեգլարյանը, կիսապաշտպաններ Սամվել Մելքոնյանն ու Իրակլի Կվեկվեսկիրին: Երեք ֆուտբոլիստներն էլ անցած մրցաշրջանում հանդես էին գալիս «Միկայի» կազմում: Ընդ որում վրացի ֆուտբոլիստը ձմռանը հեռացել էր թիմից և հանդես էր գալիս Լանչխութիի «Գուրիայի» կազմում:

Նշված ֆուտբոլիստներից եվրոգավաթների մասնակցության զգալի փորձ ունի 32-ամյա Սամվել Մելքոնյանը, ով «Սպարտակի», «Բանանցի» և «Գանձասարի» կազմում ընդհանուր առմամբ 15 խաղի է մասնակցել: Հարկ է նշել, որ Սամվել Մելքոնյանն իր նախկին թիմակից Արարատ Առաքելյանի հետ եվրոգավաթների մրցաշարերում անցկացրած 12 խաղով հանդիսանում է «Բանանցի» ռեկորդակիրը:

Արսեն Բեգլարյանը եվրոգավաթների մրցաշարերում պաշտպանել է «Գանձասարի», «Շիրակի» և «Ուլիսի» դարպասները՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 8 խաղ:

Քանի որ «Ալաշկերտի» կազմում ներկայումս չկան ակումբում աճեցրած կադրեր, ուստի գործող կարգի համաձայն Հայաստանի չեմպիոնն իրավունք ունի Չեմպիոնների լիգայի մրցաշարին հայտավորելու 21 ֆուտբոլիստի: Այդ պատճառով Թբիլիսիի «Դինամոյի» հետ կայանալիք հանդիպումների հայտացուցակից դուրս են մնացել դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանը, վնասվածք ունեցող պաշտպաններ Դմիտրի Խովբոշան ու Արարատ Առաքելյանը, ինչպես նաև կիսապաշտպաններ Արթուր Ավագյանն ու Արսեն Բալաբեկյանը: Որակազրկման պատճառով առաջիկա խաղին չի կարող մասնակցել նաև ռմբարկու Միհրան Մանասյանը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումն «Ալաշկերտը» կանցկացնի հուլիսի 12-ին Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անվան մարզադաշտում: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին և ուղիղ եթերով կհեռարձակվի Հանրային հեռուստատեսությամբ:

«Ալաշկերտն» այսօր ավտոբուսով ուղևորվել է Թբիլիսի, որտեղ կնախապատրաստվի առաջիկա հանդիպմանը: Ակումբի ղեկավարությունը ֆուտբոլասերների համար հուլիսի 12-ին ավտոբուսներով անվճար ուղևորություն է կազմակերպել դեպի Թբիլիսի՝ ապահովելով նաև հանդիպման տոմսերը: Այնպես որ Թբիլիսիում ևս «Ալաշկերտը» կզգա իր երկրպագուների աջակցությունը, որոնց թվում կլինեն նաև տեղի հայերը:

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ