Ալաշկերտցիները ցնծում են. նորընծա չեմպիոններն առաջին զգացողությունների մասին

Մայիսի 22-ի երեկոն դեռ երկար կմնա «Ալաշկերտի» ֆուտբոլիստների, մարզչական կազմի, ակումբի ղեկավարության և աշխատակիցների, թիմի երկրպագուների հիշողություններում: Երբ մրցավար Սուրեն Բալիյանն ազդարարեց «Միկայի» հետ հաղթական հանդիպման ավարտը, ծանր մրցախաղից հոգնած, բայց անչափ երջանիկ «Ալաշկերտի» ֆուտբոլիստները մեծ ոգևորությամբ ու բացականչություններով նետվեցին շնորհավորելու միմյանց չեմպիոնի տիտղոսին արժանանալու առթիվ՝  շտապ կարգով հագնելով հատուկ այդ իրադարձության համար նախատեսված «champions» մակագրությամբ դեղին մարզաշապիկները:

Հենց խաղադաշտում էլ բացվեցին շամպայնի առաջին շշերն ու ողողեցին երջանկությունից միմյանց գրկախառնված ալաշկերտցիներին, որոնց միացել էին նաև հարազատները , լրագրողներն ու երկրպագուները՝ շնորհավորելով նրանց: Ընդունված կարգի համաձայն թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն էլ ֆուտբոլիստների ջանքերով հայտնվեց օդում՝ իրեն արժանի բարձունքում:

Խաղադաշտից հանդիսությունը տեղափոխվեց հանդերձարան, որտեղ ևս շարունակվեց համընդհանուր ցնծությունը: Թիմի ֆուտբոլիստներին և մարզչական կազմին մեծ հաջողության առթիվ շնորհավորեց ակումբի սեփականատեր և նախագահ Բագրատ Նավոյանը՝ մաղթելով նորանոր հաջողություններ: Միանալով շնորհավորանքներին, ճեպազրույց ունեցանք ակումբի նախագահի և մի խումբ ֆուտբոլիստների հետ, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:

IMG_9724

Բագրատ Նավոյան – Այսօր ինձ համար շատ ուրախալի օր է, հաճելի իրադարձություն իմ կյանքում: Ճիշտ է, չեմպիոնության գրանցումը մի փոքր ձգձգվեց, ինչը երևի թե պայմանավորված էր հուզմունքի, ավելորդ լարվածության, արդյունքի շուտ հասնելու ձգտման հետ: Կարելի է ասել, որ ոչ մեկը չէր սպասում, որ ընդամենը 4 տարվա կենսագրություն ունեցող թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն: Հուսով եմ, որ հետագայում էլ ամեն ինչ նորմալ հունով կընթանա: Մի բան կարող եմ ասել, որ եվրոգավաթներում թիմի երկրպագուներին հուսախաբ չենք անի: Պետք է ապացուցենք, որ իրոք ուժեղ թիմ ունենք և հաջորդ մրցաշրջանում էլ պայքարելու ենք չեմպիոնության համար:

Գևորգ Կասպարով – 10-ամյա ընդմիջումից հետո 3-րդ անգամ եմ չեմպիոն հռչակվում, այն էլ 36 տարեկանում: Սա պարզապես ֆանտաստիկա է: Նախորդ երկու տուրերում մեզ չհաջողվեց գրանցել չեմպիոնությունը, ինչը մեզ համար գրեթե հավասարազոր էր դժբախտության: Բայց կարողացանք հավաքվել ու հաղթական վերջակետ դրեցինք մեզ համար այնքան հաջող դասավորված մրցաշրջանին: Դժվար խաղ էր, «Միկան» էլ առաջնությունում իր խնդիրն ուներ լուծելու: Մենք կամք դրսևորեցինք, ապացուցեցինք, որ նախորդ երկու խաղերում կրած անհաջողությունները պատահականություն էին: Բոլորին շնորհավորում եմ այս փառահեղ հաջողության առթիվ:

Գևորգ Պողոսյան – Առաջին անգամ եմ չեմպիոն դառնում և անչափ երջանիկ եմ: Այս հաջողության համար առաջինը շնորհակալ եմ Աստծուց: Սա թիմի համար առաջին հաջողությունն էր, թող վերջինը չլինի: Շնորհավորում եմ ակումբի ղեկավարությանը, մարզչական կազմին, ֆուտբոլիստներին ու թիմի երկրպագուներին: Բոլորից շնորհակալ եմ այս մեծ հաջողությանը հասնելու համար:

Արամ Հովսեփյան – Շատ ուրախ եմ, որ չեմպիոն դարձանք: Հուսով եմ, որ այս հաջողությունը շարունակական կլինի: Ամեն ինչ պետք է ներդնենք, որպեսզի հաջող ելույթներ ունենանք նաև չեմպիոնների լիգայի մրցաշարում:

Արարատ Առաքելյան – Ճիշտն ասած, մենք դեռ «Արարատի» հետ խաղում էինք որոշել նշել չեմպիոնի տիտղոսի նվաճումը, սակայն չստացվեց: Սակայն կարևորը վերջն էր, որ հասանք մեր նպատակին: Վնասվածքի պատճառով առաջին անգամ այս մրցաշրջանում հանդիպմանը հետևում էի տրիբունայից: Երբ դաշտում ես, այնքան էլ չես զգում լարվածությունը: Իսկ ահա տրիբունայում նոր ես պատկերացնում մարզչի հոգեվիճակը:

Թեև երկար տարիներ հանդես եմ գալիս Հայաստանի առաջնություններում, սակայն առաջին անգամ ինձ բախտ վիճակվեց վայելելու ոսկե մեդալների նվաճման բերկրանքը: Զգացողություններս չեմ կարող արտահայտել: Շնորհավորում եմ բոլորիս: Ակումբի ղեկավարությունից, մարզիչներից ու տղաներից գոհ ու շնորհակալ եմ: Բարձրագույն խմբում ընդամենը 3 մրցաշրջան անցկացրած թիմի համար սա աննախադեպ հաջողություն է: Թող այն շարունակական լինի: «Ալաշկերտը» դեռևս նախորդ տարի էր իրեն լավ դրսևորել եվրոգավաթներում, հույս ունեմ որ այս անգամ էլ հաջող կխաղանք:

IMG_9805

Միհրան Մանասյան – Շատ հաճելի զգացողություններ ունեմ, անչափ ուրախ եմ: Ռմբարկուական պայքարն էլ շատ լավ հանգուցալուծում ունեցավ: Մենք Հեբերի հետ դեռևս մրցաշրջանի ընթացքում էինք որոշել, որ հավասար ցուցանիշներով ավարտենք առաջնությունը: Թիմը 100 տոկոսով կատարեց իր առջև դրված խնդիրը, ես էլ Հեբերի հետ մեր նպատակին հասանք: Երկուսիս համար էլ ուրախ եմ: Ժամանակին մի քանի անգամ «Փյունիկում» չեմպիոն եմ հռչակվել, սակայն այն տարիներին թիմի կազմում քիչ հանդիպումների  էի մասնակցել: Իսկ ներկայիս հաջողությունն ինձ համար ավելի ծանրակշիռ է, քանի որ չեմպիոնի տիտղոսի նվաճման գործում ես ևս իմ ներդրումն եմ ունեցել:

Արտակ Եդիգարյան – Ճիշտ է, առաջին անգամը չէ, որ վայելում եմ չեմպիոնի տիտղոսի նվաճման բերկրանքը, սակայն հաճելի է նոր ակումբում ևս առաջին իսկ մրցաշրջանում նման հաջողության հասնելը: Հաճելի զգացողություններ ունեմ: Ճիշտ է, մի փոքր դժվարությամբ մեզ տրվեց այս հաջողությունը, սակայն փոխարենը շատ հետաքրքիր ու լարված վերջաբան ստացվեց: Սա ֆուտբոլ է, որում ամեն ինչ պատահում է: Կարևորը, որ ամեն ինչ մեզ համար բարեհաջող ավարտվեց:

Արթուր Ավագյան – Հաճելի զգացողություններ ունեմ առաջին անգամ չեմպիոնի տիտղոսին արժանանալու համար: Շնորհավորում եմ մեր բոլոր երկրպագուներին, ակումբի ղեկավարությանը, մարզչական կազմին ու խաղընկերներիս: Շնորհակալություն բոլորին քրտնաջան աշխատանքի և հաղթանակի համար: Ինձ համար էլ շատ հաջող ստացվեց «Ալաշկերտ» տեղափոխությունը: Առջևում չեմպիոնների լիգայի հանդիպումներն են: Պետք է ամեն ինչ ներդնենք այդ մրցաշարում ևս հաջող հանդես գալու համար:

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ