Աբրահամ Խաշմանյանի մարզչական կարիերայի ամենամեծ նվաճումը

Աբրահամ Խաշմանյանը մարզչական երկարատև բեղմնավոր գործունեության ընթացքում հասավ իր ամենամեծ նվաճմանը: Նրա գլխավորությամբ ընդամենը քառամյա կենսագրություն ունեցող «Ալաշկերտը» նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Աբրահամ Խաշմանյանը դարձավ 16-րդ մարզիչը, ում հաջողվեց իր սաներին հասցնել չեմպիոնական բարձունքին:

49-ամյա հմուտ մասնագետը մարզչական գործունեությունը սկսել է «Միկայում» որպես Սուրեն Բարսեղյանի օգնական, այնուհետև նրա հետ աշխատել է «Արարատում» (2006թ.) և «Գանձասարում» (2007թ.): 2 թիմերում էլ նրան բախտ է վիճակվել Սուրեն Բարսեղյանի պաշտոնանկությունից հետո կարճ ժամանակահատվածում կատարել գլխավոր մարզչի պարտականությունները:

2008թ. Աբրահամ Խաշմանյանը «Կիլիկիայում» Էդուարդ Մարգարովի օգնականն էր, իսկ հաջորդ մրցաշրջանում արդեն գլխավորում էր թիմը: 2011թ. ստանձնելով Կապանի «Գանձասարի» գլխավոր մարզչի պաշտոնը, Խաշմանյանը մարզչական իր գործունեության ընթացքում առաջին պարգևը ստացավ՝ թիմին դարձնելով բրոնզե մրցանակակիր:

«Արարատում» ևս Աբրահամ Խաշմանյանին հաջողվել էր մարտունակ կոլեկտիվ ձևավորել, որը 2013/14թթ. մրցաշրջանում հավակնում էր չեմպիոնի տիտղոսին: Սակայն անհասկանալի պատճառներով ակումբի ղեկավարությունն առաջնության ավարտից 4 տուր առաջ հրաժարվեց Խաշմանյանի ծառայություններից, որի արդյունքում արարատցիները նույնիսկ մրցանակակիր չդարձան:

Աբրահամ Խաշմանյանի մարզչական գիտելիքներն ու հմտությունները լիովին դրսևորվեցին «Ալաշկերտում»: Նախորդ առաջնության 6-րդ տուրից ստանձնելով թիմի ղեկը, Խաշմանյանը կարճ ժամանակահատվածում մարտունակ կոլեկտիվ կազմավորեց՝ հետնապահից վերածելով մրցաշարի առաջատար թիմերից մեկի, որը զբաղեցրեց 4-րդ տեղը ու հաջող հանդես եկավ Եվրոպա լիգայի մրցաշարում: Իսկ ընթացիկ մրցաշրջանում ալաշկերտցիները պարզապես գերազանցեցին բոլոր սպասելիքները, 5-րդ տուրից գլխավորեցին մրցաշարային աղյուսակը և մինչև վերջ չզիջելով առաջատարի դիրքը, արժանիորեն նվաճեցին ոսկե մեդալները:

Ափսոս միայն, որ այդքանից հետո Աբրահամ Խաշմանյանը որոշել է ավարտել մարզչական հարուստ կարիերան Հայաստանում և եթե արտերկրից հրավերներ չլինեն, զբաղեցնելու է «Ալաշկերտի» փոխնախագահի պաշտոնը:

Խորեն Հովհաննիսյանից, Վարդան Մինասյանից, Սևադա Արզումանյանից և Սարգիս Հովսեփյանից հետո Աբրահամ Խաշմանյանը դարձավ 5-րդ անձը, ով Հայաստանի չեմպիոնի տիտղոսին արժանացել է թե որպես ֆուտբոլիստ, թե որպես գլխավոր մարզիչ: Ֆուտբոլիստի կարիերայում Խաշմանյանը 2 անգամ է վայելել չեմպիոն դառնալու բերկրանքը՝  ոսկե մեդալների արժանանալով «Շիրակում» (1992թ.) և «Երևանում» (1997թ.):

Չեմպիոնական տիտղոսների քանակով մարզիչներից յուրօրինակ ռեկորդակիրը Վարդան Մինասյանն է: Նրա գլխավորությամբ «Փյունիկը» 4 անգամ է արժանացել ոսկե մեդալների: Առաջին հաջողությանը Վարդան Մինասյանը հասավ 2004թ., 30 տարեկանում՝ դառնալով Հայաստանի չեմպիոն թիմ պատրաստած ամենաերիտասարդ մարզիչը: Այդ ցուցանիշը մինչ օրս չի գերազանցվել:

Մեր փորձառու մարզիչներից մեկը` Անդրանիկ Ադամյանը 1992-2004թթ. անփոփոխ գլխավորելով «Շիրակը», թիմին 3 անգամ չեմպիոնական բարձունքին է հասցրել: Նրա օրոք շիրակցիները նաև 5 անգամ արժանացել են արծաթե մեդալների, 2 անգամ դարձել են բրոնզե մրցանակակիրներ: Նվաճած պարգևների քանակով Անդրանիկ Ադամյանն ինքնատիպ ռեկորդի հեղինակ է:

Ներկայացնում ենք այն մարզիչների ցանկը, որոնց գլխավորած թիմերը նվաճել են Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

Մարզիչներ Չեմպիոն Ակումբ Մրցաշրջան        
1.Վարդան Մինասյան 4 «Փյունիկ» 2004, 2008-2010թթ.
2.Անդրանիկ Ադամյան 3 «Շիրակ» 1992, 1994, 1999թթ.
3.Խորեն Հովհաննիսյան 3 «Փյունիկ» 1992, 1995/96, 1996/97թթ.
4.Սամվել Դարբինյան 2 «Երևան», «Փյունիկ» 1997թ., 2001թ.
5.Վարուժան Սուքիասյան 2 «Արաքս» 1998, 2000թթ.
6.Արմեն Սարգսյան 1 «Արարատ» 1993թ.
7.Օսկար Լոպես 1 «Փյունիկ» 2002թ.
8.Միխայ Ստոյկիցա 1 «Փյունիկ» 2003թ.
9.Հենկ Վիսման 1 «Փյունիկ» 2005թ.
10.Սամվել Պետրոսյան 1 «Փյունիկ» 2006թ.
11.Արմեն Գյուլբուդաղյանց 1 «Փյունիկ» 2007թ.
12.Սևադա Արզումանյան 1 «Ուլիս» 2011թ.
13.Վարդան Բիչախչյան 1 «Շիրակ» 2012/13թթ.
14.Ժոլտ Հոռնյակ 1 «Բանանց» 2013/14թթ.
15.Սարգիս Հովսեփյան 1 «Փյունիկ» 2014/15թթ.
16.Աբրահամ Խաշմանյան 1 «Ալաշկերտ» 2015/16թթ.
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ