Աբրահամ Խաշմանյանը բոլորից երկար դիմացավ «Ալաշկերտում»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկի» հետ ՀՀ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումից հետո «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի պահանջով հրաժարական էր տվել:

Իր խստապահանջությամբ, շուտ արդյունքի հասնելու ցանկությամբ աչքի ընկնող Բագրատ Նավոյանը շատ ցավալի է ընդունում թիմի յուրաքանչյուր անհաջողությունը և որոշ դեպքերում պահի ազդեցության տակ կտրուկ միջոցների է դիմում՝ պաշտոնանկ անելով գլխավոր մարզչին: Դա է պատճառը, որ ընդամենը 4-րդ մրցաշրջանը բարձրագույն խմբում հանդես եկող «Ալաշկերտում» հաճախակի են տեղի ունեցել մարզչական փոփոխություններ:

Աբրահամ Խաշմանյանը թիմում աշխատած մարզիչներից բոլորից երկար դիմացավ «Ալաշկերտում»: Նա թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2014թ. սեպտեմբերին, առաջնության 6-րդ տուրում «Շիրակի» հետ կայացած խաղում՝ փոխարինելով 4-րդ տուրից հետո պաշտոնանկ արված Արմեն Գյուլբուդաղյանցին (5-րդ տուրում գլխավոր մարզչի պարտականությունները կատարել էր Ստեփան Բաղդասարյանը), որի օրոք «Ալաշկերտը» մեկնարկային 4 հանդիպումներում նույնքան միավոր էր վաստակել:

Նշենք, որ մինչ այդ Աբրահամ Խաշմանյանն «Ալաշկերտի» մարզական տնօրենն էր: Փորձառու մարզչի գլխավորությամբ «Ալաշկերտը» հաջող ելույթներ ունեցավ 2014/15թթ. առաջնությունում՝ զբաղեցնելով 4-րդ տեղը, որի շնորհիվ Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց: Եվրոպական ասպարեզում էլ ալաշկերտցիներն իրենց վատ չդրսևորեցին՝ սեփական հարկի տակ հաղթելով շոտլանդական «Սենթ Ջոնսթոնին» և ղազախական «Կայրաթին»:

Իսկ անցած մրցաշրջանը լավագույնն էր թե «Ալաշկերտի», թե Աբրահամ Խաշմանյանի մարզչական կենսագրությունում: Թիմը նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, իսկ բոլորովին վերջերս դարձավ նաև սուպերգավաթակիր:

Alashkert-2016-hayastani-chamion

Հիշեցնենք, որ չեմպիոնական մրցաշրջանի ավարտից հետո Աբրահամ Խաշմանյանը որոշել էր հեռանալ «Ալաշկերտից» ու Հայաստանում այլևս մարզչական գործունեությամբ չզբաղվել՝ հնարավորության դեպքում աշխատել արտերկրում: Սակայն Բագրատ Նավոյանը խնդրել էր մարզչին ևս մեկ մրցաշրջան մարզել թիմը՝ հակառակ դեպքում սպառնալով «Ալաշկերտից» հեռացնել փորձառու բոլոր ֆուտբոլիստներին ու առաջնությունում հանդես գալ երիտասարդ խաղացողներով: Եվ Խաշմանյանը չէր կարողացել մերժել ակումբի նախագահի խնդրանքը:

Նշենք, որ մինչև Աբրահամ Խաշմանյանի կողմից «Ալաշկերտի» ղեկը ստանձնելը թիմում հաճախակի էին մարզչական փոփոխությունները: Բարձրագույն խմբում իր առաջին մրցաշրջանում՝ 2013/14թթ. առաջնությունում արդեն 8-րդ տուրից հետո ակումբի նախագահը պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանին, որի գլխավորությամբ էր «Ալաշկերտը» բարձրագույն խմբի ուղեգիր նվաճել: Նրա օրոք «Ալաշկերտը» 8 հանդիպումներից 3-ն ավարտել էր ոչ-ոքի, կրել էր 5 պարտություն:

Որքան էլ որ զավեշտալի է, սակայն առաջնության հաջորդ երկու հանդիպումներում պաշտոնապես թիմի գլխավոր մարզիչը հենց ակումբի նախագահն էր, որի գլխավորությամբ ալաշկերտցիները պարտվեցին «Փյունիկին» (0:5) և «Ուլիսին» (1:2): Միայն դրանից հետո թիմի ղեկը ստանձնեց Արմեն Գյուլբուդաղյանցը, որին ևս չհաջողվեց շտկել իրավիճակը: Բարձրագույն խմբի նորեկն առաջնությունն ավարտեց վերջին տեղում:

Աբրահամ Խաշմանյանի պաշտոնանկությունն արդեն 2-րդն է ընթացիկ առաջնությունում: Ամենայն հավանականությամբ նրան կփոխարինի Արմեն Ադամյանը, ով մրցաշրջանի մեկնարկում ընդգրկվեց թիմի մարզչական շտաբում:

VivaroNews.am-ը ներկայացնում է «Ալաշկերտի» մարզիչների ցուցանիշները:

Մարզիչներ Խ Հ Ո Պ Գ Մ %
  1.Աբրահամ Խաշմանյան 58 27 18 13 87:59 99 56,8
2.Արմեն Գյուլբուդաղյանց 22 7 4 11 30:39 25 37,8
3.Արմեն Սանամյան 8 0 3 5 10:28 3 12,5
4.Ստեփան Բաղդասարյան 1 0 0 1 0:2 0 0
5.Բագրատ Նավոյան 2 0 0 2 1:7 0

0

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ