Աբրահամ Խաշմանյան. «Չեմպիոնության մասին չէի բարձրաձայնում ֆուտբոլիստներին ավելորդ լարվածությունից զերծ պահելու համար»

«Ալաշկերտի» ֆուտբոլիստների համար արդեն հետևում են մնացել չեմպիոնության նվաճման հետ կապված ցնծություններն ու տոնակատարությունները: Նորընծա չեմպիոնն արդեն սկսել է նախապատրաստությունը չեմպիոնների լիգայի խաղարկությանը, որում «Ալաշկերտն» իր պատմության մեջ առաջին անգամ պետք ներկայացնի Հայաստանը:

Պատասխանատու այդ մրցաշարին ալաշկերտցիներն ամենայն լրջությամբ են նախապատրաստվում՝ ամենօրյա մարզումներ անցկացնելով «Ալաշկերտ» մարզադաշտում: Հենց այնտեղ էլ թիմի հերթական պարապմունքից հետո կայացավ մեր զրույցն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ:

Պարոն Խաշմանյան, առաջնության ընթացքում Դուք մշտապես խուսափում էիք չեմպիոնության մասին խոսելուց: Դա դիվանագիտակա՞ն քայլ էր, թե որոշակի մտավախություններ ունեիք:

– Առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո չեմպիոնության մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է, այն էլ հայկական ֆուտբոլում, որում ամեն ինչ կարող է շատ արագ փոփոխվել: Ձմեռային ընդմիջումից հետո հաճախ որոշ թիմեր նոր կազմով են ներկայանում առաջնության 2-րդ հատվածին: Կարծես երկու տարբեր առաջնություններ անցկացվեն: Վառ օրինակը «Միկան» էր, «Բանանցում» էլ զգալի փոփոխություններ կատարվեցին, որոնք դրական առումով ազդեցին թիմի մրցելույթների վրա: Այնպես որ այս ամենը հաշվի առնելով, շատ բան անկանխատեսելի է:

Բացի այդ էլ, լրագրողների հետ շփումներում չեմպիոնության մասին չէի խոսում, որպեսզի իմ ֆուտբոլիստներին զերծ պահեի ավելորդ լարվածությունից: 3-րդ շրջանից հետո արդեն պարզ էր, որ մենք գնում էինք չեմպիոնության և ոսկե մեդալները նվաճելու հիանալի հնարավորություն ունեինք: Բնական է, որ ֆուտբոլիստների առջև հստակ առաջադրանք էր դրված պայքարելու չեմպիոնության համար: Սակայն այդ մասին լրատվամիջոցներում երբեք չէի բարձրաձայնում: Դա հոգեբանություն է:

– Առաջնության գարնանային հատվածում «Ալաշկերտին» միավորներն ավելի դժվարությամբ տրվեցին, իսկ չեմպիոնության գրանցումը հետաձգվեց մինչև ավարտական տուր: Ինչո՞վ եք դա բացատրում:

– Առաջնության աշնանային հատվածում «Ուլիսը», «Միկան» ու «Բանանցը» թույլ էին: Իսկ ահա գարնանը «Միկան» ու «Բանանցը» զգալիորեն ուժեղացրին իրենց կազմերը: Դրա հետևանքով ոչ միայն «Ալաշկերտը», այլև մյուս թիմերը ևս միավորների կորուստներ ունեցան: Տեսեք «Բանանցը» գավաթի կիսաեզրափակչում մեզ սեփական հարկի տակ պարտվելուց հետո կարողացավ պատասխան խաղում հաղթել ու եզրափակիչ մտնել:

Առաջնության ավարտից 3 տուր առաջ բոլորն արդեն խոսում էին, որ «Ալաշկերտը» չեմպիոն է: Եվ ի՞նչ ստացվեց: Հենց ավելորդ լարվածությունն էր պատճառը, որ երբ չեմպիոնությունը գրանցելու համար ընդամենը 1 միավոր էր անհրաժեշտ, վերջնագծում 2 անընդմեջ պարտություն կրեցինք: «Արարատի» հետ խաղում բացահայտ առավելություն ունենալով, պարտվեցինք 0:1 հաշվով: Դա ես վերագրեցի բախտի գործոնին:

«Շիրակի» հետ մրցավեճում 2:2 հաշվի ժամանակ Արթուր Եդիգարյանը չկարողացավ նպաստավոր դիրքից գրավել դարպասը, իսկ գյումրեցիներն անցան հակագրոհի ու կորզեցին հաղթանակը և կրկին մեր չեմպիոնության գրանցումը հետաձգվեց:

Սակայն եթե ամբողջ առաջնությունը դիտարկենք, մենք շատ կայուն ելույթներ ենք ունեցել, վիճակագրությունն էլ փաստում է մեր առավելությունը մրցակիցների նկատմամբ: «Ալաշկերտը» բոլորից շատ հաղթանակներ տոնեց, առաջնության ամենաարդյունավետ թիմն է, միայն բաց թողած գնդակներով մի փոքր զիջեցինք «Փյունիկին»: Այսինքն դա ապացուցում է, որ «Ալաշկերտն» իրոք արժանիորեն նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Alashkert-2016-hayastani-chamion

– Թիմերից ու ֆուտբոլիստներից ու՞մ խաղն ավելի տպավորեց:

– Առաջնության աշնանային հատվածում չեմպիոնի տիտղոսի համար պայքարում մեր հիմնական մրցակիցը «Փյունիկն» էր: Իսկ ահա գարնանը շատ լավ տպավորություն թողեց «Շիրակը», որի շնորհիվ էլ առաջնությունում ինտրիգը մինչև վերջ պահպանվեց: Ճիշտ է, դեռ առաջնության ավարտից 5 տուր առաջ «Շիրակի» գլխավոր մարզիչը հայտարարում էր, որ գլխավոր խնդիրը Եվրոպա լիգայի ուղեգրի նվաճումն է, սակայն մի քանի հաղթանակներից ու մեր անհաջողություններից հետո արդեն սկսեցին խոսել չեմպիոնությունից: Այսպիսի անկանխատեսելի է ֆուտբոլը: «Միկայի» ու «Բանանցի» մասին արդեն նշել եմ:

Ֆուտբոլիստներից առաջին հերթին կառանձնացնեի առաջնության լավագույն ռմբարկուներ Միհրան Մանասյանին ու Հեբեր Արաուխոյին, մեր պաշտպանական ու կիսապաշտպանական գծերի խաղացողներին Գևորգ Կասպարովի գլխավորությամբ: Մյուս թիմերից կնշեի «Միկայի» դարպասապահ Արսեն Բեգլարյանին, գանձասարցիներ Դամիր Մեմովիչին ու Տիգրան Բարսեղյանին:

– Հուրախություն թիմի երկրպագուների, Դուք օրերս մեկ տարով երկարաձգեցիք պայմանագիրն ակումբի հետ, թեև հայտարարել էիք Հայաստանում մարզչական գործունեությունն ավարտելու մասին: Չկարողացա՞ք մերժել ակումբի նախագահին:

– Մեզ մոտ նախագահ-մարզիչ հարաբերություններն այլ հարթության վրա են: Գուցե դա բխում է այս երկու տարվա համատեղ աշխատանքից: Նախագահը երևի տեսել է կատարածս աշխատանքը, ես էլ տեսել եմ թիմի հանդեպ նրա հոգատարությունը: Որոշումս փոխելու հարցում որոշիչ եղավ այն, որ պարոն Նավոյանը հայտարարեց, որ եթե չհամաձայնվեմ, ապա չեմպիոնների լիգայի մրցաշարից հետո կհրաժարվի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից և առաջնությանը կներկայանա երիտասարդներով:

Այսինքն, կստացվեր, որ «Ալաշկերտն» առանց լուրջ հավակնությունների պարզապես կմասնակցի առաջնությանը: Մենք այնքան աշխատանք ենք կատարել, այնքան ուժ ու եռանդ եմ ներդրել այս կոլեկտիվի կազմավորման վրա, որ մարդկայնորեն պարզապես անհնար էր չհամաձայնվելը, տղաներին հուսախաբ անելը:

– Առջևում «Ալաշկերտին» նոր փորձություն է սպասում: Ինչպե՞ս է թիմը նախապատրաստվում չեմպիոնների լիգայի մրցաշարին, ի՞նչ խնդիր է դրված տղաների առջև:

– Մարզումները սկսել ենք հունիսի սկզբին, ամսի 15-ին ուսումնամարզական հավաքի կմեկնենք Հանքավան, որտեղ էլ նույն օրը ստուգողական հանդիպում կանցկացնենք «Շիրակի» հետ: Հունիսի 22-ին էլ մրցելու ենք «Փյունիկի» հետ: Ներկայումս թիմի հետ մարզվում են 4 լեգեոնականներ, որոնցից մեկը սերբ է, մյուսներն՝  ուկրաինացիներ: Սերբն ու մի ուկրաինացին պաշտպաններ են, մյուս երկուսը՝ կիսապաշտպաններ: Հնարավոր է, որ էլի մի քանիսը միանան թիմին: Նորեկների մասով որոշում կկայացնենք միայն ստուգողական խաղերից հետո:

Առայժմ նպատակը մեկն է՝ հաղթահարել առաջին փուլի արգելքը: Հաջորդ քայլերի մասին կմտածենք առաջին փուլից հետո:

– Հեբերը մարզվող ֆուտբոլիստների թվում չէ: Նրա թիմում մնալ-չմնալու հարցն ի՞նչ լուծում ստացավ:

– Նա արձակուրդից չի վերադարձել, տեղեկություն չունենք նրանից: Եթե նույնիսկ վերադառնա էլ, չի խաղա, քանի որ պատրաստ չի լինի: Իհարկե, նա մեծ ուժ է թիմի համար ու նրա բացակայությունը մեծ կորուստ կլինի «Ալաշկերտի» համար:

IMG_9765

– Հարձակման գծում Հեբերին ո՞վ է փոխարինելու: Երևի Մանասյանի հետ կրկին հարձակողական երկյակ կկազմի Նորայր Գյոզալյա՞նը, որն ավարտված առաջնությունում այդպես էլ գոլ չխփեց:

Գյոզալյանի հետ մենք միշտ էլ մեծ հույսեր ենք կապել, չնայած այս տարի նա սպասելիքները չարդարացրեց: Ինքը որակյալ ֆուտբոլիստ է, ռմբարկուի հատկանիշներով է օժտված: Հնարավոր է նաև, որ առջևում օգտագործենք ուկրաինացի հարձակողական ոճի կիսապաշտպանին: Տեսնենք, թե ոնց կստացվի:

– «Ալաշկերտում» շատ մեծ է մրցակցությունը, որի հետևանքով որոշ ֆուտբոլիստներ քիչ խաղաժամանակ ստացան: Նրանք ցանկություն չունե՞ն այլ թիմեր տեղափոխվելու:

– Նման հարցով մենք տարվա մեջ մի քանի անգամ դիմել ենք ֆուտբոլիստներին, որ ցանկության դեպքում չենք խոչընդոտի այլ թիմ տեղափոխվելուն, եթե նույնիսկ ակումբի հետ պայմանագիր ունեն: Սակայն թիմից հեռանալ ցանկացողներ չգտնվեցին:

Ունենք 24 ֆուտբոլիստներ, ինչն ապահովում է բարձր մրցակցություն: Դա չի թողնում, որ թիմն ու ֆուտբոլիստները լճանան, դա հոգեբանական մեծ գործոն է: Մեզ մոտ պրոֆեսիոնալ մոտեցում է դրսևորվում յուրաքանչյուրի հանդեպ առանց խտրականության: Բոլորն էլ գիտակցում են, որ ովքեր ֆունկցիոնալ լավ վիճակում են և տակտիկապես լավ են պատրաստված, նրանք էլ խաղում են: Հակառակ դեպքում կարող են նույնիսկ խաղի հայտացուցակում չընդգրկվել:

– Մեծ է հավանականությունը, որ բարձրագույն խմբի գալիք առաջնությունն անցկացվի ընդամենը 6 թիմով: Ինչպիսի՞ մրցակարգ կառաջարկեիք:

– Շատ ցավոտ թեմա է: Նման բան երևի միայն Հայաստանում է հնարավոր: Չգիտեմ, գուցե դա կազդի եվրոգավաթներում մեր թիմերի թվաքանակի վրա: Պարզապես ցավալի վիճակ է: Մշտապես ասել եմ, որ եթե ցանկանում ենք ֆուտբոլ ունենալ, առաջին հերթին պետք է առաջնության վրա ուշադրություն դարձվի: Հարկավոր է մտածել թիմերի քանակի ավելացման մասին, իսկ դրա համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, պետական մոտեցում պետք է ցուցաբերվի, բաժնետիրական ընկերություններ ստեղծվեն ակումբներին ֆինանսավորելու համար:

– Ի՞նչ սպասելիքներ ունեք Եվրոպայի առաջնությունից: Ո՞ր երկրի հավաքականին եք երկրպագում, ովքե՞ր են մրցաշարի ֆավորիտները:

– Բավական երկար տարիներ է արդեն, որ հանդիպումներին պրոֆեսիոնալ մարզչի աչքերով եմ նայում ու այս պարագայում ավելի ճիշտ կլինի խոսել ոչ թե ինչ-որ հավաքականի երկրպագելու, այլ համակրելու մասին: Փոքր տարիքում երկրպագել եմ Բրազիլիայի հավաքականին, հետո արգենտինացիներին՝ Մարադոնայի համար:

Իմ կարծիքով, ֆավորիտների թվին պետք է դասել ֆրանսիացիներին, իսպանացիներին, գերմանացիներին գումարած պորտուգալացիները կամ բելգիացիները: Սակայն գիտեք, որ ֆուտբոլն անկանխատեսելի է, ուստի հնարավոր է ասենք Ռումինիան Եվրոպայի չեմպիոն դառնա: Ամբողջ աշխարհում ֆուտբոլն առաջադիմում է, թիմերի խաղամակարդակը հավասարվում է: Այդ պարագայում արդեն որոշիչ է դառնում ֆուտբոլիստների անհատական վարպետությունը: Եվ իմ նշած հավաքականներում նման ֆուտբոլիստներն ավելի շատ են, քան մյուսներում:

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ