Ինչո՞ւ էր հունվարը կարևոր ամիս մեր հավաքականի համար

Հին խնդիրներից ազատվելու անկարողությունից ճնշված հայ ֆուտբոլասերը այս տարի ավելի համեստ ու զգույշ է իր սպասելիքներում: Բացի այդ, մինչև պաշտոնական խաղերը 8 լրիվ ամիս կա դեռ՝ ի՞նչ իմանաս, թե ինչ կլինի մինչ այդ: Բայց հիմա արդեն պետք է փաստել, որ այս տարի հունվարը ամենակարևոր ամիսներից մեկն էր մեր հավաքականի համար:

Բազմիցս ենք համոզվել, որ մեր տղաների խաղը հավաքականում մեծապես կախված է նրանց ակումբային մարզավիճակից: Մինչդեռ մեր հավաքականի տղաներից քչերն էին, որ մշտական խաղային պրակտիկա ունեին իրենց ակումբներում: Խնդիրը ոչ միայն վատ մարզավիճակն էր, այլև հոգեբանական խնդիրները՝ անվստահությունը, մոտիվացիայի կորուստը, հազար ու մի այլ գործոններ: Այս ամենը իր հայելային արտացոլումն էր գտնում հավաքականում:

Բացառությամբ Հենրիխ Մխիթարյանի՝ մեր բոլոր առաջատար ֆուտբոլիստներն էլ այս մրցաշրջանում առանձնապես լավ չէին զգում իրենց ակումբներում: 2016թ. առաջին ամիսը թույլ է տալիս հուսալ, որ այդ ամենը փոխվելու է: Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների և թեկնածուների տրանսֆերային ամփոփումը:

3 տրանսֆերներ դեպի «հարմարավետության զոնա»

marcos-aras-yura

Յուրա Մովսիսյան – «Ռեալ Սոլթ Լեյք»

Յուրա Մովսիսյանը վերադարձը «Ռեալ Սոլթ Լեյք» ու ընդհանրապես MLS, շատ ավելի մեծ «իրադարձություն» էր ԱՄՆ-ում, քան նրա բոլոր նախկին տեղափոխությունները՝ թե՛ հայերիս, թե՛ ռուսների համար: Ամերիկացի վերլուծաբան Մայքլ Սիսայրը իր հոդվածում գրում է, որ Մովսիսյանի վերադարձը MLS մեծ իրադարձություն է ողջ լիգայի համար, քանի որ նա ամենևին էլ չի եկել կարիերան ավարտելու, իսկ դա նշանակում է, որ MLS-ը ևս մեկ քայլ առաջ է կատարում և իրեն ներկայացնում որպես ավելի մրցակցային լիգա: ԱՄՆ-ում Յուրային իսկապես մեծարում են, այլ ոչ թե միայն քննադատում, նրանից ոչ թե պահանջում են, այլ սպասում: Այո, բոլորս ենք տեսել, որ նա գրեթե կորցրել էր կիրքը ֆուտբոլի նկատմամբ, սակայն հենց այդպես կարելի է նրան հետ բերել ֆուտբոլ, այլ ոչ թե քննադատելով կամ երես թեքելով:

Մովսիսյանի հանդեպ վերաբերմունքը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ նա չփայլի էլ իր խաղով, իր հեղինակության ուժով գոնե 1-2 ամիս ստանալու է իր հնարավորությունները: Ինչպես ֆուտբոլիստն ինքն է նշում՝ նրան հազարավոր պահեր պետք չեն գոլերի համար, 1-2-ն էլ կհերիքի: Իսկ վստահության մթնոլորտը, հարազատ մշակույթը և կենցաղը նրան ժամանակ ու շանս կտան վերգտնելու իրեն: Այսինքն՝ այսուհետ ամեն ինչ կախված է լինելու հենց իրենից:

Արաս Օզբիլիզ – «Ռայո Վալեկանո»

Հանգիստ թողնենք թուրքական կիսալուսինն ու հասկանանք՝ Օզբիլիզը մոտակա 4 ամիսներին հանդես է գալու «Ռայո Վալեկանոյում»: Սա այն ակումբը չէ, որ հենց այնպես վարձակալության վերցնի ֆուտբոլիստի ու փողերը քամուն տա, եթե վերցրել են, ուրեմն կփորձեն առավելագույնը ստանալ նրանից: Սա շատ լավ հնարավորություն է Օզբիլիզի համար, իսպանական ֆուտբոլը հնարավոր տարբերակներից լավագույնն է նրա խաղաոճի տեսանկյունից, ուստի նրա դեպքում էլ՝ ամեն ինչ կախված է հենց իրենից:

Այս 4 ամիսների խաղով էլ նա կարող է ապահովել իր հետագա ճակատագիրը: Եթե Օզբիլիզը ցույց տա իրեն որպես օգտակար ու արդյունավետ ֆուտբոլիստ, ապա նրան հենց այդպես էլ կվերաբերվեն հետագայում, թե՛ «Բեշիքթաշում», թե՛ հնարավոր այլ ակումբներում: Նա պետք է կարողանա բարձրացնել իր տրանսֆերային գինը, իսկ Իսպանիայում դրա համար բավարար է միայն լավ խաղալը: Այդ դեպքում, եթե նույնիսկ հետագայում «Բեշիքթաշում» խաղալը խնդիրներ առաջ բերի, նրան վաճառելը կամ վարձակալության ուղարկելը թուրքական ակումբի համար կլինի և՛ շատ հեշտ, և՛ ձեռնտու: Մի խոսքով, Արասը ևս պետք է ամեն ինչ ցույց տա միայն խաղադաշտում:

Մարկոս Պիզելի – «Ալ Ռաեդ»

Տպավորությունն այնպիսին էր, որ Մարկոսը հոգնել էր տրանսֆերային քաշքշուկներից ու ընտրեց հենց առաջին հարմար տարբերակը: Իհարկե, բարձր մակարդակի ֆուտբոլ այնտեղ նա չի գտնելու, դե, Ղազախստանն էլ Եվրոպա չէր, մնում է՝ գոնե մարզավիճակ պահպանի մինչև ամառ: Իսկ ամռանը, շատ հնարավոր է, ավելի լավ տարբերակներ գտնի: Ամեն դեպքում, նա կարծես բնատուր կայունություն ունի իր մարզավիճակի հարցում, ուստի նրան դուրս գրելը շատ սխալ է:

Վերադարձ Հայաստան

collage

Արթուր Եդիգարյան – «Ալաշկերտ»

Բելառուսի փոխչեմպիոնը, ով մի քանի ամիս շարունակ գրեթե խաղաժամանակ չէր ստանում, դուրս մնաց Մինսկի «Դինամոյի» կազմից ու ստիպված եղավ վերադառնալ Հայաստան՝ համալրելով «Ալաշկերտը»: Եդիգարյանը Մինսկում իր «ամենալավ օրերին» հրավեր չստացավ հավաքականից, կկարողանա՞ արդյոք հայտնվել հավաքականում՝ խաղալով Հայաստանի առաջնությունում: Բացառված չէ:

Զավեն Բադոյան – «Բանանց»

Հայաստանի հավաքականում մի քանի ելույթ ունեցած կիսապաշտպանը այլևս հարմար տարբերակներ չուներ արտերկրում, Հայաստանում հանդես գալու տարբերակի հետ էլ կարծես չէր համակերպվում: Սակայն «Բանանցի» լուրջ ծրագիրը նրան էլ գայթակղեց: Տեսնենք՝ ի՞նչ կստացվի նրա ու «Բանանցի» մոտ:

Արտյոմ Խաչատուրով – «Արարատ»

Վարուժան Սուքիասյանը խոստացել էր ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին, ուստի «Արարատ» տեղափոխվելը միանգամից Սուքիասյանի տեսադաշտում հայտնվելու լավ տարբերակ է: Այնուամենայնիվ, բոլորիս էլ պարզ է, որ արտերկրից Հայաստան գալը «վերջին հույսի տրանսֆեր» է ֆուտբոլիստների համար:

2 տրանսֆեր՝ անորոշ հեռանկարներով

collage1

Վարդան Պողոսյան – «Դաչիա»

Մոլդովայի առաջնությունում «Շերիֆի» հետ չեմպիոնության համար պայքարող թիմ տեղափոխվելն, իհարկե, կարող է առաջընթաց համարվել մի երիտասարդ ֆուտբոլիստի համար, ով նույնիսկ «Փյունիկում» խաղալով հավաքականի հրավերներ էր ստանում: Սակայն երեկ նրա ակումբը մեկնել է Իսպանիա հավաքի, իսկ Պողոսյանը՝ ոչ: Պարզ չէ՝ ինչն է եղել խնդիրը, պարզ է, որ խնդիր կա: Սպասենք, Մոլդովայի առաջնությունը կվերսկսվի մարտին:

Ռուսլան Կորյան – «ԲՄԱ Էներգիա»

Հավաքականի մեկ այլ հարձակվող՝ Ռուսլան Կորյանը «Լուչ Էներգիան» փոխեց «ԲՄԱ Էներգիայով»: Միակ կարևոր փաստն այս տրանսֆերում այն է, որ նոր թիմի մարզիչը հայ է՝ Ալեքսանդր Գրիգորյանը: Իսկ մնացած ամեն ինչ նույնն է՝ նույն լիգան, գրեթե նույն հորիզոնականները, գրեթե նույն աշխարհագրական դիրքը, նույն «Էներգիան»:

3 ֆուտբոլիստներ, որոնց մասին չխոսվեց, և դա լավ է

gevor-artur-karlen-edgar

Գևորգ Ղազարյան – «Մարիտիմու»

Գևորգը առայժմ վերականգնվում է վնասվածքից, սակայն նրա թիմն այդ ընթացքում հասցրեց փոխել մարզչին: Նախկին մարզիչը վստահում էր հայ ֆուտբոլիստին և գրեթե միշտ տեղ գտնում նրա համար մեկնարկային կազմում, իսկ թե ինչ կլինի նոր մարզչի դեպքում՝ սպասել է պետք:

Արթուր Սարկիսով – «Վոլգա»

«Վոլգայում» ֆինանսական խնդիրները կարծես թե հետևում մնացին, ակումբը ուսումնամարզական հավաքներ է անցկացնում ու պատրաստվում մրցաշրջանի վերսկսմանը: Սարկիսովը մարզվում է, մասնակցում ստուգողական հանդիպումների:

Էդգար Մանուչարյան – «Ուրալ»

Առաջնության առաջին հատվածում հաջող խաղ ցուցադրելուց հետո Էդգարի դիրքերը եկատերինբուրգյան ակումբում ամուր են: Նա իր թիմի լավագույն ռմբարկուն է 6 գնդակով, ուստի գարնանային հատվածում էլ ամենայն հավանականությամբ կանոնավոր ելույթներ կունենա:

Կառլեն Մկրտչյան – «Անժի»

Կառլենի շուրջ նույնպես առայժմ լռություն է, նա կշարունակի ելույթները «Անժիում», եթե որևէ արտառոց բան չլինի:

3 ֆուտբոլիստներ, որոնց մոտ առայժմ անորոշություն է

arzumanyan-miranyan-hovsepyan

Ռոբերտ Արզումանյան – «Ամկար»

Արզումանյանին պահել «Ամկարը» կարծես թե չի ուզում, իսկ ամենալուրջ խոսակցությունը կապված էր ղազախական Կարագանդայի «Շախտյորի» հետ: Կանոնավոր ֆուտբոլ խաղալու համար դա ավելի հավանական տարբերակ է, իսկ 30 տարեկան ֆուտբոլիստին ավելի լավ ակումբներ դժվար թե հրավիրեն:

Ռումյան Հովսեփյան – «Ստալ»

Դժվար է ասել՝ արդյոք Ռումյան Հովսեփյանն այլևս պետք կգա Հայաստանի հավաքականին, թե ոչ, սակայն նրա ակումբային կարգավիճակն այժմ հայտնի չէ: Ավելի շուտ՝ հայտնի չէ նրա ակումբի ճակատագիրը: Մի պահ հայտարարություն տարածվեց, որ ակումբը խզել է նրա հետ պայմանագիրը, իսկ ապա պարզ դարձավ, որ ակումբում անորոշ վիճակ է, ու ամեն մի հայտարարության չէ, որ պետք է հավատալ:

Արթուր Միրանյան – առանց ակումբի

Մակեդոնական «Վարդարից» հեռացած Արթուր Միրանյանը, ում հետ ժամանակին մեծ հույսեր էին կապում, այժմ ակումբ չունի: Համացանցում տեղեկություններ կան նրա հանդեպ «Բենֆիկայից» հետաքրքրության վերաբերյալ, սակայն պարզ չէ՝ ինչքա՞ն լուրջ կարելի է վերաբերվել դրան:

Եվս մի քանի կարճ կետեր

  • Հավաքականի կորիզը կազմող «Փյունիկի» պաշտպաններից կրկին ոչ մեկը չկարողացավ տեղափոխվել արտասահմանյան որևէ ակումբ:
  • Գաել Անդոնյանը մեկ խաղում դուբլ գրանցելուց հետո մյուս խաղում կարմիր քարտ ստացավ և վերջին խաղերին չի հայտնվում թիմի հայտացուցակում:
  • Հովհաննես Համբարձումյանը երկարաձգեց պայմանագիրը «Վարդարի» հետ մինչև 2018թ. ու երջանիկ է զգում իրեն թիմում:
  • Նորայր Ասլանյանը վերջերս է ապաքինվել վնասվածքից:
  • Մ19 հավաքականի ֆուտբոլիստ Հայկ Գալստյանը տեղափոխվեց գերմանական 2-րդ Բունդեսլիգայում հանդես եկող «Բոխում»:

Կարեն Ռաֆայելյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ