«Հրազդան» մարզադաշտի 5 խաղերը

Նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ռեկորդային կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը 11 ամսում կառուցված «Հրազդան» մարզադաշտը խորհրդային տարիներին եղել է Երևանի «Արարատի» գլխավոր մրցաբեմը, թիմի բազում հաղթանակների անխոս վկան: Հայաստանի անկախացումից հետո էլ մինչև 2000թ. «Հրազդանը» երկրի ազգային հավաքականի գլխավոր մրցասպարեզն էր:

Ցավոք, արդեն կես տարի է, ինչ «Հրազդանի» տրիբունաները լուռ են, մարզադաշտում ոչ մի միջոցառում չի անցկացվել: Պատճառը 2015թ. հունիսին  դատարանի կայացրած որոշումն է, որով «Հրազդանը» սնանկ է ճանաչվել:

«Վիվառո Նյուզն» առանձնացրել է «Հրազդանում» կայացած բազում հանդիպումներից 5-ը:    

Առաջին  գոլը  «Հրազդանում»

19.05.1971   «Արարատ»-«Կայրաթ»՝ 3:0 (0:0)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ, 75 հազար հանդիսական:
Կովալենկո (58), Զանազանյան (74՝ 11մ), Ղազարյան (77):     

ARARAT-KAYRAT Ալմա Աթայի «Կայրաթի» հետ առաջնության 9-րդ տուրի հանդիպումն առանձնահատուկ էր նրանով, որ «Արարատն» առաջին անգամ իր մրցակցին հյուրընկալել էր նորակառույց «Հրազդան» մարզադաշտում:

1971թ. մրցաշրջանն «Արարատը» նոր գլխավոր մարզիչ Նիկոլայ Գլեբովի գլխավորությամբ հաջող էր սկսել: 8 տուրից հետո արարատցիները 11 միավորով ընթանում էին 2-րդ տեղում՝ ընդամենը 2 միավորով զիջելով առաջատար Կիևի «Դինամոյին»: Հաջող մրցելույթներին նպաստել էր նաև Բաքվի «Նևթչիից» ռմբարկուի հատկանիշներով օժտված 29-ամյա կենտրոնական հարձակվող Էդուարդ Մարգարովի տեղափոխությունը «Արարատ», որի կազմում անվանի ֆուտբոլիստն իրեն հիանալի դրսևորեց՝ 14 գնդակով ճանաչվելով թիմի լավագույն ռմբարկուն:

Նորակառույց մարզադաշտի տրիբունաները լեփ լեցուն էին ֆուտբոլասերներով, որոնք եկել էին սիրելի  թիմի հերթական հաղթանակը տոնելու ակնկալիքով: Արարատցիներն էլ ամեն ինչ ներդրեցին մարզադաշտի բացման արարողությունը գեղեցիկ խաղով ու վստահ հաղթանակով նշելու համար: Արագ արդյունքի հասնելու արարատցիների ձգտումը նրանց գործողություններում որոշակի շտապողականություն էր մտցրել, ինչն էլ խանգարում էր նրանց բացելու հաշիվը:

Ընդմիջումից հետո «Հրազդան» մարզադաշտում վերջապես գրանցվեց առաջին գոլը: 58-րդ րոպեին «Արարատը» տուգանային հարվածի իրավունք ստացավ: Ալեքսանդր Կովալենկոյի հուժկու հարվածից հետո մրցակցի դարպասապահ Շվեդկովը հետ մղեց գնդակը, որը կրկին հայտնվեց «Արարատի» կենտրոնական պաշտպանի մոտ, ով 2-րդ հարվածով գրավեց դարպասը՝ ցնծության ալիք առաջացնելով տրիբունաներում:

Խփած գոլը ոգևորեց արարատցիներին, որոնք մինչև խաղավարտ ևս 2 անգամ գրավեցին «Կայրաթի» դարպասը: Նախ Զանազանյանը հստակ իրացրեց 11մ հարվածը, որը նշանակվել էր Ղազարյանին վայր գցելու համար, ապա վերջինս մեն մենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, գրավեց դարպասը:

Ոսկեբեր մրցաշրջանի վերջին ակորդը  

28.10.1973   «Արարատ» –«Զենիթ»՝  3:2 (1:0)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ, 75 հազար հանդիսական:
Զանազանյան (27), Մարգարով (47, 59) – Նիկոլաև (48), Զինչենկո (52):

ARARAT-ZENIT (1)

Այս հանդիպումն «Արարատի» համար ոսկեբեր մրցաշրջան-73-ի վերջին ակորդն էր, որում մեր ֆուտբոլիստները պետք է պաշտոնապես գրանցեին իրենց չեմպիոնությունը: Ավարտական խաղից 4 օր առաջ Մոսկվայում Լևոն Իշտոյանի խփած միակ գոլի շնորհիվ «Արարատն» անչափ կարևոր հաղթանակ էր տոնել ԲԿՄԱ-ի նկատմամբ և գործնականում վճռել էր ոսկե մեդալների հարցը: 29 խաղում վաստակած 37 միավորով «Արարատը» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով գերազանցելով Կիևի «Դինամոյին», որը մեկ խաղ պակաս էր անցկացրել:

Ստացվեց այնպես, որ «Զենիթի» հետ հանդիպումն «Արարատը» սկսեց արդեն որպես ԽՍՀՄ նորընծա չեմպիոն, քանի որ Կիևի «Դինամոն» այդ օրն Ալմա Աթայում հետխաղյա 11մ հարվածներով (խաղի հիմնական ժամանակում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի) 3:5 հաշվով զիջել էր «Կայրաթին», որին մարզում էր «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Արտյոմ Ֆալյանը: Ասում են, թե տեղեկանալով այդ մասին, Նիկիտա Սիմոնյանը խնդրել էր արարատցիներից գաղտնի պահել դինամոյականների պարտության լուրը: Ուստի միայն խաղավերջում, երբ հանդիպման ելքն արդեն վճռված էր, մարզադաշտի ռադիոհանգույցով տեղեկացրին «Դինամոյի» պարտության մասին, որը մեծ ցնծություն առաջացրեց տրիբունաներում:

«Զենիթի» նկատմամբ հաղթանակի հիմքը դրեց թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը, որի հեռահար հուժկու հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասի վերին ձախ անկյունում: Այդ գոլը կրկնակի հոբելյանական էր՝ 50-րդն այդ առաջնությունում ինչպես «Արարատի», այնպես էլ Զանազանյանի համար ԽՍՀՄ բարձրագույն խմբում: «Արարատի» ավագը թիմի ֆուտբոլիստներից առաջինն էր, ում հաջողվեց նման արդյունքի հասնել: Նա կրկին դարձավ «Արարատի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն:

Ընդմիջումից անմիջապես հետո Նազար Պետրոսյանի սրընթաց անցումից և ճշգրիտ փոխանցումից հետո Էդուարդ Մարգարովը գլխի հարվածով կրկնապատկեց հաշիվը: Թվում էր, թե հանդիպման ելքը վճռված է: Սակայն հաջորդ 5 րոպեների ընթացքում հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Բայց հավասարակշռությունը պահպանվեց ընդամենը 7 րոպե: Զանազանյան-Անդրեասյան-Մարգարով եռաքայլ կոմբինացիան դիպուկ հարվածով ավարտեց թիմի կենտրոնական հարձակվողը՝ հաղթական վերջակետ դնելով հանդիպմանը:

ARARAT-ZENIT MARKAROVI GOL Երբ հնչեց վրաց մրցավար Գեորգի Բաքանիձեի եզրափակիչ սուլոցը, ֆուտբոլասերները հոտնկայս, երկարատև ծափահարություններով ու բացականչություններով ողջունեցին հոգնած, բայց երջանկությունից ժպտացող արարատցիներին: Նրանք ԽՍՀՄ գավաթով պատվո շրջան կատարեցին «Հրազդանում», որտեղ քիչ անց իսկական տոնախմբություն սկսվեց: Պարային համույթներին միացել էին նաև խաղադաշտ ներխուժած հանդիսականները, որոնք ձեռք ձեռքի տված պար էին բռնել, երգում էին, հուզվում, հպարտության հաճելի պահեր ապրում: Մարզադաշտով մեկ թնդում էր երգն ու երաժշտությունը, իսկ տրիբունաներում ֆուտբոլասերները վանկարկում էին «Ա-րա-րատ», «Ա-րա-րատ» …

Բերկրանքն անսահման էր: Արարատցիներն իրոք մարզական սխրանք էին գործել, մի նոր պայծառ ու անկրկնելի էջ էին գրել հայկական ֆուտբոլի տարեգրությունում՝ նվաճելով ԽՍՀՄ չեմպիոնի ու գավաթակրի տիտղոսները: Տարբեր խառնվածքի ու բնավորության տեր տղաները, որոնց միավորում էր մի վեհ նպատակ, խորհրդային ֆուտբոլի անվանի մասնագետ Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ կրկնակի հաղթանակով նշանավորեցին թիմի անվանափոխության 10-ամյա հոբելյանը: Իրականացավ թիմի անվան հեղինակ Արտավազդ Խաչիկյանի այն կանխատեսումը, որ տարիներ անց «Արարատն» իր անվանն արժանի բարձունքում կլինի:

«Արարատը»  միակն էր,  որ հաղթեց «Բավարիային»

19.03.1975     «Արարատ» – «Բավարիա»՝ 1:0 (1:0)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ, 75 հազար հանդիսական:
Անդրեասյան (34):

ARARAT-BAVARIA (1)

1973թ. նվաճելով ԽՍՀՄ չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները, «Արարատն» իր պատմության մեջ առաջին անգամ իրավունք էր ստացել մասնակցելու չեմպիոնների գավաթի խաղարկությանը: Արարատցիները շատ վստահ անցկացրին գավաթի 1/16 և 1/8 եզրափակչի հանդիպումները՝ հաջորդաբար պայքարից դուրս մղելով Նորվեգիայի չեմպիոն «Վիկինգին» (2:0, 4:2) և իռլանդական «Սելթիկին» (2:1, 5:0):

Քառորդ եզրափակչում «Արարատին» բաժին էր հասել ահեղ մրցակից՝ չեմպիոնների գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան», որը ԳՖՀ-ի ակումբներից առաջինն էր, ում հաջողվել էր նվաճել պատվավոր մրցանակը: Եզրափակչում «Բավարիան» Ուլի Հյոնեսի և Գերդ Մյուլլերի խփած 2-ական գոլերի շնորհիվ 4:0 հաշվով ջախջախել էր Մադրիդի «Ատլետիկոյին»:

Որպես գործող գավաթակիր «Բավարիան» պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից՝ 2 հանդիպումներում էլ հաղթելով ԳԴՀ-ի «Մագդեբուրգին» (3:2, 2:1): 1975թ. մարտի 5-ին Մյունխենի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բավարիան» մեծ դժվարությամբ կարողացավ հաղթել «Արարատին»: Մինչև 78-րդ րոպեն արարատցիները հաջողությամբ դիմագրավում էին մրցակցին, սակայն չդիմացան ճնշմանը և Հյոնեսին ու Տորստենսոնին հաջողվեց 2 անգամ խոցել Ալյոշա Աբրահամյանի պաշտպանած դարպասը:

Մարտի 19-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք պատասխան հանդիպումը հսկայական հետաքրքրություն էր առաջացրել ֆուտբոլասերների շրջանում: Եվ դա բնական էր, քանի որ հայկական ֆուտբոլի տարեգրության մեջ դեռևս նման ուժեղ ու հզոր մրցակից չէր հյուրընկալվելու Երևանում: «Բավարիայի» 5 ֆուտբոլիստներ՝ Զեպ Մայերը, թիմի և ազգային հավաքականի ավագ Ֆրանց Բեկենբաուերը,  Հանս-Գեորգ Շվարցենբեկը, Ուլի Հյոնեսը և գերմանական ֆուտբոլի հանրահայտ ռմբարկու Գերդ Մյուլլերը 1974թ. ամռանը ԳՖՀ-ի հավաքականի կազմում դարձել էին աշխարհի չեմպիոններ:

zanazanyan-bekenbauer (1)

Արարատցիների համար իրավիճակը բարդ էր նաև այն առումով, որ ԳՖՀ-ի առաջնությունն ընթացքի մեջ էր և «Բավարիան» լավ մարզավիճակում էր, իսկ «Արարատը» նոր գլխավոր մարզիչ Վիկտոր Մասլովի գլխավորությամբ շարունակում էր նախապատրաստությունն ապրիլին մեկնարկելիք ԽՍՀՄ առաջնությանը: Նոր մրցաշրջանի պաշտոնական առաջին հանդիպումն «Արարատը» պետք է անցկացներ մարտի 23-ին՝ ԽՍՀՄ գավաթի 1/16 եզրափակչում հյուրընկալելով Կույբիշևի «Կռիլյա Սովետովին»:

75 հազար նստելատեղ ունեցող մարզադաշտը չէր կարող տեղավորել բոլոր ցանկացողներին: Տոմսերի վաճառքը հայտերով էր: Մոտ 1մլն հայտ էր ստացվել ոչ միայն Հայաստանում, այլև ԽՍՀՄ մյուս հանրապետություններում բնակվող հայ ֆուտբոլասերներից: Եվ նրանք, ում բախտ վիճակվեց այդ օրը տեղ զբաղեցնել գեղեցկատես «Հրազդանի» լեփ լեցուն տրիբունաներում, ականատես եղան ֆուտբոլային մի հիասքանչ ներկայացման, որի գլխավոր դերակատարներն արարատցիներն էին:

Հանդիպման հենց մեկնարկից խիստ հսկողության տակ առնելով Մյուլլերին և Հյոնեսին, արարատցիները նետվեցին գրոհի՝ ստիպելով հյուրերին հիմնական ուշադրությունը դարձնել սեփական դարպասի պաշտպանությանը: «Արարատը» խաղային և տարածքային առավելություն ուներ և կարողացավ այն վերածել գոլի:

ARARAT-BAVARIA GOL (1) Հանդիպման 34-րդ րոպեին հերթական գրոհի ժամանակ Լևոն Իշտոյանն աջ թևից գնդակը երկար փոխանցումով բարձրից հասցեագրեց հակադիր թևում գտնվող Նիկոլայ Ղազարյանին: Վերջինս գլխով գնդակը փոխանցեց «Բավարիայի» տուգանային հրապարակ, որտեղ Արկադի Անդրեասյանը հաղթող դուրս գալով Ֆրանց Բեկենբաուերի հետ օդային պայքարում, գրավեց Զեպ Մայերի պաշտպանած դարպասը: Հետագայում ևս արարատցիներն ունեցան գոլային լավ պահեր, սակայն հաշվի մեջ նոր փոփոխություն մտցնել նրանց չհաջողվեց:

Խաղից հետո «Բավարիայի» գլխավոր մարզիչ Դիտմար Կրամերը շատ դիպուկ էր մեկնաբանել մրցավեճի ընթացքը. «Մենք բարոյական իրավունք չունենք նշելու ընդհանուր հաղթանակը: Մեզ սեղմել էին սեփական դարպասին: Մրցակիցը դրսևորեց իր առավելությունը գնդակին տիրելու հարցում, մեզ գերազանցեց շարժունակությամբ: Երկու շաբաթվա ընթացքում «Արարատը» ոտքի կանգնեց, իսկ մենք կարծես ծնկի էինք իջել»:

Թեև «Արարատին» չհաջողվեց հաղթահարել «Բավարիայի» արգելքը, սակայն արժանի հաղթանակ տոնեց ուժեղ մրցակցի նկատմամբ: Այդ պատմական հաղթանակն ավելի է արժևորվում, եթե նկատի ունենանք, որ Երևանում կրած պարտությունը «Բավարիայի» համար միակն էր չեմպիոնների գավաթի մրցաշարում: Կիսաեզրափակչում առավելության հասնելով ֆրանսիական «Սենտ Էթիենի» նկատմամբ (0:0, 2:0), «Բավարիան» մտավ եզրափակիչ, որտեղ 2:0 հաշվով հաղթելով անգլիական «Լիդսին», 2-րդ տարին անընդմեջ նվաճեց չեմպիոնների գավաթը:

Հետաքրքիր է, որ Էդուարդ Մարգարովը Գերդ Մյուլլերի հետ 5 գնդակով դարձավ չեմպիոնների գավաթի 1974/75թթ. խաղարկության լավագույն ռմբարկուն:

ՀՀ նախագահի գաղտնի զրույցը

06.09.2008   Հայաստան-Թուրքիա՝  0:2(0:0)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ, 30 հազար հանդիսական:
Շանլի (61), Շենթյուրք (77):

2010թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային հանդիպումը մեծ հետաքրքրություն ու աժիոտաժ էր առաջացրել ֆուտբոլասերների շրջանում, ուստի որոշվել էր խաղն անցկացնել յարուսի հիմնովին վերանորոգումից հետո 55 հազար նստելատեղ ունեցող «Հրազդան» մարզադաշտում: Հանդիպմանը ներկա էր գտնվելու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով ընդունել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ խաղը Երևանում միասին դիտելու հրավերը:

Սեպտեմբերի 4-ի կեսօրին «Հրազդանում» այսպես կոչված «բաց դռների» օր էր հայտարարված: 15 րոպե լրագրողներին տրամադրվել էր ֆուտբոլիստների հետ զրուցելու, 30 րոպե էլ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենին հարցեր ուղղելու համար: Պոուլսենը նշեց, որ հավաքականը թուրքերի հետ հանդիպմանն իրատեսորեն է վերաբերվում՝ հաշվի առնելով ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում մրցակիցների զբաղեցրած դիրքը. թուրքերը 10-րդ տեղում էին, իսկ ՀՀ հավաքականը զբաղեցնում էր 98-րդ հորիզոնականը: Սակայն, ըստ Պոուլսենի, դա բնավ էլ չի վախեցնում իրենց: Ֆուտբոլիստները լավ են հասկանում իրենց վրա դրված պատասխանատվությունը, մարտականորեն են տրամադրված և ձգտելու են լավ խաղ ցուցադրել ու ամեն ինչ ներդնելու են հաղթանակի համար: Հարկավոր է ապացուցել, որ ուժեղ մրցակիցների հետ կարող ենք լավ ֆուտբոլ ցուցադրել:

Ինչ վերաբերում է հոգեբանական ճնշմանը, ապա Պոուլսենի կարծիքով, ավելի ծանր բեռի տակ Թուրքիայի հավաքականն էր, քանի որ թիմի երկրպագուներն ակնկալում են հաղթանակ: Իսկ մեր ֆուտբոլիստներին խաղին լրացուցիչ տրամադրելու հարկ չկա, ավելորդ լարվածություն էլ չի զգացվում:

turkey-vs-armenia-world-cup-qualifier-2009

Սեպտեմբերի 4-ի երեկոյան հավաքականի նախախաղային մարզման ժամանակ մարզադաշտ այցելեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա մոտեցավ ֆուտբոլիստներին ու զրույցի բռնվեց նրանց հետ: Նախագահի այցը լուսաբանելու համար մարզադաշտում հավաքված լրագրողները փորձեցին մոտենալ նրանց՝ տեղեկանալու զրույցի մասին, սակայն թիկնապահները չթույլատրեցին: Իսկ զրույցն ավարտելուց հետո, լրագրողներին ոչինչ չասելով, Սերժ Սարգսյանը հեռացավ մարզադաշտից: Այդպես էլ լրագրողներին հայտնի չդարձավ, թե ինչ էր խոսել նախագահը ֆուտբոլիստների հետ:

Հայաստանի և Թուրքիայի հավաքականների այնքան երկար սպասված մրցավեճը խորը հիասթափություն և մեծ ցավ պատճառեց ֆուտբոլասերներին: Հանդիպումը ցույց տվեց, որ մեր ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց թոթափել ավելորդ լարվածությունը, գործել անկաշկանդ, իրենց հատուկ գրոհային ոճով ու բարձր արագությամբ:

Ցավոք, Հայաստանի հավաքականում չգտնվեց մեկը, որ կազմակերպեր խաղընկերների գործողությունները, նրանց գրոհի առաջնորդեր: Թերևս կարելի է գովեստի խոսքեր հղել Ռոման Բերեզովսկու հասցեին, որի հուսալի խաղի շնորհիվ հավաքականը փրկվեց խոշոր հաշվով խայտառակ պարտություն կրելուց, թեև թուրքերի պարագայում 0:2 հաշիվն էլ խայտառակություն էր:

Միակ մխիթարանքը Հենոյի գոլն էր Բուֆոնի դարպասը

12.10.2012   Հայաստան-Իտալիա՝ 1:3 (1:1)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ, 32 հազար հանդիսական:
Մխիթարյան (27) – Պիռլո (11՝ 11մ), Դե Ռոսի (64), Օսվալդո (81):

Թուրքերի հետ խաղից 4 տարի անց ՀՀ հավաքականն ընտրական մրցախաղում կրկին մրցակցին հյուրընկալեց «Հրազդանում»: Հանդիպման նկատմամբ հետաքրքրասիրությունը չափազանց մեծ էր: Պատահական չէր, որ «Զվարթնոց» օդանավակայանում հոկտեմբերի 10-ի երեկոյան իտալացիներին դիմավորել էր երկրպագուների հոծ բազմություն, որոնցից շատերը եկել էին «Յուվենտուսի» մարզաշապիկներով ու ցուցապաստառներով:

Իտալացիների հետ խաղում որակազրկման պատճառով բացակայում էին հավաքականի առանցքային ֆուտբոլիստներ Սարգիս Հովսեփյանը, Մարկոս Պիզելին և Գևորգ Ղազարյանը: Այդ խաղում առաջին անգամ իր թիմակիցներին խաղադաշտ ուղեկցեց 38-ամյա Ռոման Բերեզովսկին, ով հավաքականում ունեցած ներդրումով վաստակել էր ավագի թևկապը կրելու իրավունքը:

Մեր ֆուտբոլիստները ստեղծած գոլային մի քանի հիանալի պահերից միայն մեկն օգտագործեցին: Իր անհատական բարձր վարպետությամբ պարզապես փայլեց մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, որը գրեթե դաշտի կենտրոնից սլացիկ անցումով շրջանցեց մրցակցի պաշտպանին ու գրավեց անխոցելի Բուֆոնի դարպասը: Տրիբունաներում մեծ ցնծություն սկսվեց այս գոլից հետո, որը, ցավոք, երկար չտևեց: Իտալացիներն օգտվելով մեր պաշտպանների կոպիտ սխալներից, վստահ հաղթանակ տոնեցին: Այնուամենայնիվ, Մխիթարյանի գոլն առայժմ շարունակում է «Հրազդանի» համար մնալ վերջին երջանիկ վայրկյանները պատմության մեջ:

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ